Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ԿԻՍՈՒՄ ԵՍ ՑԱՎԸ



Ներկայացնում ենք Երեւանի կայազորային զինվորական հոսպիտալի պետի բուժ. գծով տեղակալ-բուժական մասի պետ, բուժծառայության մայոր ԳՈՀԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ խոհերը։

Ծնողներս եղեռնից փրկված և որբանոցում մեծացած գաղթականների զավակներ են։ Հովսեփ պապս պատմում էր ու պատմում՝ ասես փորձելով ազատվել մղձավանջային պատկերներից, հիշողություններից, ցավից, կարոտից… Ես նրա հետ անցնում էի գաղթի ճամփաներով՝ քայլ առ քայլ, հույզ առ հույզ… Մանրամասն պատմում էր, թե որ հարազատին որտեղ թողեցին, ում որտեղ կորցրին… Որքան էլ զարմանալի թվա, այս ցավի, տառապանքի ու կորուստների մեջ ամենահուզիչը պապիս կարոտն էր։ Ես առաջին անգամ պապիցս եմ լսել հայրենիք բառը։ Պապիս հայրենիքը Մշո Խաս գյուղն էր, որ այդ հայրենիքը ամենագեղեցիկն էր, ամենահրաշալին, ամենաթանկը, ամենահարազատը։ Սերը բոլոր առաքինությունների մայրն է։ Սերն է ծնում բարություն, կարեկցանք, ուրիշի ցավը ամոքելու մղում… Պապիս պատմություններից ավելի շատ սեր էր ծնվում տառապող մարդկանց հանդեպ, քան ատելություն՝ թշնամիների։ Անկեղծ ասած, իմ մեջ թշնամու կերպար չձևավորվեց, ատելությունը մնաց անկատար, թերի՝ որպես ներքին անհարմարություն, որովհետև տառապող մարդու հանդեպ սերն այնքան մեծ էր, որ ոչ մի ուրիշ ապրումի տեղ չէր թողնում։

Մանկությունը իր յուրահատկությունը, իր չգրված օրենքներն ունի, ու օրինաչափությունից դուրս կլիներ, եթե ես հաշտվեի կորուստների ու ցավի հետ, եթե իմ հեքիաթը ավարտվեր նույնքան իրական, որքան իրական էր նրա դաժանությունն ու ցավը։ Եթե հեքիաթը չշարունակվեր իմ մեջ, ու չծնվեր մարդկանց ցավերը ամոքող բարի կախարդի կերպարը։ Դա ես էի՝ բժշկի սպիտակ խալաթով, սրսկիչներով, դեղերով ու բարի խոսքով։ Բժշկության հանդեպ սերս վերածվել էր մոլուցքի։ Այստեղից այնտեղից դեղեր էի թռցնում։ Իմ «դեղատունը» ունեի։ Ժամերով կանգնում էի դպրոցի բուժկետի դռան մոտ ու նայում, թե ինչպես է բուժքույրը վիրակապում աշակերտների քերծված ոտքը, կամ ինչպես է սրսկում։ Նույնիսկ մի անգամ դեղ էի տվել թաղի փոքրիկներից մեկին… Երեխան թունավորվել էր…

Չորրորդ դասարանում հիվանդացա դեղնախտով… հայտնվեցի հիվանդանոցում։ Դա մի ուրիշ վայելք էր. հիվանդանոցի հոտը, համատարած ճերմակությունը, դեղերի առատությունը, եռացող սրսկիչները, սպիտակ խալաթավոր մարդիկ… Ես 40 օր վայելեցի այդ ամենը։ Երբ դուրս էի գրվում, մի քանի սրսկիչ «վերցրի» հետս ու այն դեղերը, որոնք հաջողացրել էի չխմել։ Տարիներ հետո, երբ այդ ամենը դարձավ բառացիորեն իմ կյանքը, ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ բժշկությունը սոսկ մասնագիտություն ու աշխատանք չէ ինձ համար, այլ ապրելու, ինքնարտահայտվելու իմ՝ ի վերուստ տրված ճանապարհը։ Սա տարերք է, ներշնչանք, որ երբեք չի մարում, չի դառնում առօրյա, անհույզ զբաղմունք ու պարտականություն։

Բժշկական բուհում սովորելու տարիներին ես շատ լավ դպրոց անցա։ Ու խոսքը չի վերաբերում միայն մասնագիտական գիտելիքներին, այլ ավելի շատ բժշկի բարոյահոգեբանական որակներին, բարեխղճությանը, պարտքին ու կերպարին։ Իմ ուսանողական տարիներին և՛ բուհում, և՛ բուհի պատերից դուրս կային ճանաչված, հեղինակավոր դեմքեր, որոնք իրենց վարքով ու նկարագրով ամբողջացնում էին հայ բժշկի կերպարը, ու մենք բուհում դաստիարակվում էինք նրանց օրինակով, և ենթատեքստում ամենագլխավորը բժշկի սերն ու հոգատարությունն էր հիվանդի հանդեպ, բժշկի նվիրումը։

Առեղծվածային է բժշկի ու հիվանդի կապը։ Հիշում եմ ապրումներս, երբ առաջին անգամ մնացի հիվանդի հետ մենակ… Թերևս հենց այդ պահին սկսվեց բժշկի իմ կենսագրությունը՝ հիվանդի ճակատագրի հանդեպ ահռելի պատասխանատվությամբ, հիվանդի ցավը ամոքելու մեծ ցանկությամբ, լավագույն բուժումը գտնելու պարտականությամբ… Բժշկի հաջողության առաջին գրավականը, առաջին խթանը կարեկցանքն է հիվանդի հանդեպ։ Հիվանդը զգում է, երբ հաղորդակցվում ես իր ցավին, բառացիորեն կիսում ես ցավը… Եվ հիվանդը վստահաբար ապավինում է քեզ։ Եվ հիվանդը հոգեբանորեն թոթափում է ցավը, երբ բժշկի հանդեպ հավատը ծնում է լավատեսություն ու հիվանդությունը հաղթահարելու ներքին կամք ու էներգիա։

ՍԻՐԵՑԻ ԶԻՆՎՈՐԻՆ

Երբեք մտքովս չէր անցնի, որ կարող եմ զինվորական դառնալ։ Բուհն ավարտելուց հետո վերադարձա Գյումրի, իսկ պատերազմի դաժան տարիներին ու բանակաշինության սկզբնական փուլում մեկ անգամ չէ, որ առիթ ունեցա բուժօգնություն ցուցաբերելու վիրավոր ազատամարտիկներին, զինվորներին։ Լինելով քաղաքացիական բուժծառայության աշխատող՝ գործուղվում էի զորամասեր։ Հենց այդ տարիներին էլ կապվեցի բանակին։ Մի ուրիշ սեր ու կարեկցանք ունեի հիվանդ զինվորի հանդեպ, որը հեռու է ընտանիքից, մենակ է ու ամոքող խոսքի, սիրո, ջերմության կարիք ունի։ Ինքնաբավարարվածության մի անպատմելի զգացում էի ունենում, երբ տեսնում էի զինվորի հավատով լի աչքերը, երբ բռնում էի նրա ձեռքը, երբ վստահեցնում էի, որ բուժվելու է, երբ մայրաբար խնամում էի նրան։ Գեղեցիկ, սիրով ու բարությամբ, նվիրումով ու խանդավառությամբ լի տարիներ էին։ Պատահում էր տնից հագուստ էի տանում հիվանդ զինվորի համար, որ չմրսի։ Օրերով տուն չէի գալիս, մինչև զինվորի կյանքին սպառնացող վտանգն անցներ, մինչև իրեն լավ զգար։

Մենք կարողացանք հաղթահարել այդ տարիների զրկանքը, թշվառությունը, դժվարությունները միմիայն մեր անձնվեր սիրով յուրայինի հանդեպ… Ես հասկացա, որ բանակում ծառայելով՝ կարող եմ ավելի օգտակար լինել զինվորին… Ես սիրեցի բանակը, ես սիրեցի զինվորին։ Երբ ծառայության անցա ռազմաբժշկական վարչությունում, որպես վարակաբան ավելի հաճախ զորամասերում էի լինում, քան վարչությունում։ Դա մի ժամանակահատված էր, երբ չէինք կարողանում խուսափել համաճարակներից։ Օրերով մնում էի զորամասերում, մինչև վերջին հիվանդի ապաքինումը, բռնկման ավարտը։ Այնքան երջանիկ եմ, որ ժամանակին ճիշտ որոշում եմ կայացրել… որ եկել եմ բանակ ու կարողացել եմ բուժել հազարավոր զինվորների, շարք վերադարձնել նրանց։ Ունեցել եմ փոքրիկ ներդրում բանակաշինություն կոչվող փառահեղ ու սխրալից գործում։

Հիմա ես նույնպիսի հպարտությամբ եմ կրում զինվորական համազգեստս, ինչպիսի հպարտությամբ կրում եմ սպիտակ խալաթս, որովհետև վաստակել եմ այդ համազգեստ կրելու իրավունքը։ Հիմա իմ աշխատանքը մարդուն բժշկելուց զատ ունի մեկ ուրիշ կարևոր ու պարտավորեցնող խորհուրդ՝ բանակի մարտունակությունը ապահովելու պարտավորությունը։ Զինվորը սոսկ անհատ չէ, այլ բանակի, ասել է թե՝ երկրի պաշտպանության մասնիկը, և բժշկի աշխատանքը այս դեպքում ոչ միայն հիվանդի հանդեպ ունեցած պարտականություն է, այլ ծառայություն հայրենիքին։ Իմ ամենօրյա փոքրիկ ուրախությունն այն է, որ յուրաքանչյուր ոք բավարարված դուրս գա իմ աշխատասենյակից։ Ես չեմ սիրում մարդուն «ոչ» ասել, ես ամեն ինչ անում եմ, որ չմերժեմ մարդուն, իմ օրը փչանում է, երբ ստիպված եմ լինում մերժել որևէ մեկին։

ՀՈՐՍ ԸՆՏԱՆԻՔԸ ԿԱՏԱՐԵԼԱՏԻՊ ԷՐ

Իմ կյանքը բաղկացած է երկու իրողությունից՝ ծառայություն և ընտանիք։ Ամբողջ կյանքում ես փորձել եմ կառուցել, կրկնել հորս ընտանիքի մոդելը։ Հորս ընտանիքը կատարելատիպ է ինձ համար։ Հայրս խստապահանջ մարդ էր, նա ինժեներ էր, պատասխանատու աշխատանք ուներ… Հարգված էր, հեղինակավոր։ Շատ ընկերներ ուներ։ Հյուրասեր էր, առանց հյուրերի սեղան չէր նստում։ Հորս խստությունը հավասարակշռվում էր մորս մեղմությամբ։ Մայրս հայ կնոջ տիպար էր՝ իր անձնվեր սիրով ամուսնու հանդեպ, խնամքով, քնքշությամբ եւ մեծ նվիրվածությամբ երեխաների նկատմամբ։ Առավոտից իրիկուն ոտքի վրա էր, որպեսզի տանը ամեն ինչ իդեալական լինի, ու երբեք չէր տրտնջում, երբեք չէր ասում, որ հոգնել է։ Հորս հարազատները պաշտում էին նրան, շատ էր կապված սկեսրոջ հետ։ Մայրս մեզ սովորեցրել է՝ իրապես հարգել մեծերին։ Մայրս առավոտյան գնում էր դպրոց (ուսուցչուհի էր), հետո զբաղվում էր կենցաղային անհատնում գործերով, իսկ գիշերը անքուն անտրտունջ խնամում էր հիվանդ հորս։ Մայրս մարդկային մեծ սիրո ու անմնացորդ նվիրումի օրինակ էր ինձ համար։ Մինչև 70 տարեկանը աշխատեց դպրոցում։ Անհնար է պատկերացնել, թե ինչպես էր կապված աշակերտների հետ, թե ինչ մտերմություն ու հարազատություն կար ուսուցչուհու և աշակերտների միջև։ Մինչև օրս աշակերտներն այցելում են նրան, աշխարհի տարբեր ծայրերից զանգում են, հարցնում են որպիսությունը։ Մայրս ամբողջ կյանքում սեր է բաժանել… ու այսօր այդ սերը վերադառնում է նրան։

Հորս ու մորս հարաբերությունները բացառիկ էին։ Նրանք երբեք չեն վիճել, նրանք ապրում էին փոխադարձ հարգանքի, սիրո ու ներդաշնակության մթնոլորտում։

…Ես կարծում էի, որ ընտանիքը կարող է դառնալ երեխայի դաստիարակության միակ օջախը, սակայն հետագայում հասկացա, որ ժամանակը, միջավայրը, ընդհանուր կոլորիտը իրենց էական ազդեցությունն ունեն երիտասարդ մարդու մտածելակերպի ու հոգեբանության վրա։ Ես երկու երեխա ունեմ, թոռնիկ… Երիտասարդ սերունդը իր կերպարը, իր նկարագիրն է ձևավորել՝ նոր ժամանակներին հարիր, իր առավելություններով ու թերություններով, երբեմն՝ հակառակ մեր պատկերացումներին։ Բարձրացել է մի սերունդ, որը խելացի է, ուժեղ ու մեծ պահանջներ ունի կյանքից։ Որը հաշվենկատ է (լավ առումով), պրագմատիկ… Որը գուցե չունի մեր ռոմանտիզմը ու խանդավառությունը, բայց հաստատակամ է կառուցելու իր ապագան ու երաշխավորելու իր վաղվա օրը։ Անչափ կարևոր է ավագ սերնդի օրինակը։ Վաղը մենք ապրելու ենք նրանց կառուցած Հայաստանում, ինչպիսին կլինի այդ Հայաստանը՝ մթնոլորտը, բարքերը, արժեքները, բարոյականությունը, նաև մեզանից է կախված։ Պիտի այնպես անենք, որ վաղվա Հայաստանում լինի սեր, հանդուրժողականություն ու նվիրում…

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #47 (963) 2911.2012 – 5.12.2012, Ազգային բանակ


05/12/2012