Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԳԵՐԻ



Ավստրիացի հայտնի գիտնական Կոնրադ Լորենցը (1903-1989) էթոլոգիայի՝ կենդանիների վարքագիծն ուսումնասիրող գիտության հիմնադիրներից է։ Ծնվել է հայտնի բժշկի ընտանիքում։ Ստացել է հիմնավոր կրթություն։ Բացի Վիեննայի համալսարանի կենդանաբանական ֆակուլտետից, ավարտել է նաև փիլիսոփայության և բժշկության ֆակուլտետները։ Նրա գիտական գործունեությունն արժանացել է համաշխարհային ճանաչման։ Աշխատելով որպես Զեևիզենի (Գերմանիա) համեմատական ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն՝ Լորենցն ընտրվել է ամերիկյան և դանիական թռչնաբանական ընկերությունների, Հնդկաստանի կենդանաբանական ակադեմիայի, Շվեյցարիայի գիտությունների ակադեմիայի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ։

1973թ. արժանացել է գիտական բեղմնավոր գործունեության համար տրվող բարձրագույն պարգևներից մեկին՝ Նոբելյան մրցանակին։ Նրա գրած գիտահանրամատչելի գրքերը («Սողոմոն թագավորի մատանին», «Մարդը գտնում է իր բարեկամին» և այլն) այսօր էլ կարդացվում են մեծ հետաքրքրությամբ։ Սակայն Լորենցի կյանքում միշտ չէ, որ ամեն ինչ հարթ ու սահուն է ընթացել։

…1940թ. Քյոնիգսբերգի համալսարանի դասախոսական կազմը չափազանց զայրացած ու զարմացած էր։ Պատճառը բնավ էլ այն չէր, որ նորանշանակ պրոֆեսորը նացիստական կուսակցության անդամ էր, այդօրինակ երևույթներին գերմանական համալսարանում արդեն վարժվել էին, բայց ա՛յ ոչ ոք չէր կարող ենթադրել, որ Պրուսիայի հնագույն համալսարանի հոգեբանության ամբիոնը կարող է գլխավորել… կենդանաբանը։ Լորենցի մուտքը համալսարան սվիններով ընդունվեց։ Քչերը միայն հասկացան, որ համալսարան է եկել ոչ թե նացիստական հերթական դրածոն, այլ 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկը։ Սակայն Լորենցի «փառքի այս ճամփան» երկար չտևեց։ 1941թ. պրոֆեսորին զորակոչեցին վերմախտի շարքերը (այս կտրուկ շրջադարձի պատճառը մինչ օրս էլ պարզաբանված չէ)։ Այդ ժամանակ Ռեյխն այնքան էլ աղետալի վիճակում չէր, որ ճարահատ, առանց խտրականության բոլորին զորակոչեր բանակ։ Եվ ահա 1942թ. երեկվա մեծահամբավ պրոֆեսորը հայտնվեց արևելյան ճակատի թիկունքային հոսպիտալներից մեկի նյարդային բաժանմունքի կրտսեր բժշկի ստորակարգ պաշտոնում։ Սակայն ոչ մի ստորացում, ոչ մի աստիճանազրկում չէր կարող խանգարել գիտության նվիրյալին։ Նա աշխատանքից ազատ ժամանակ ուսումնասիրում էր մարդկային հոգեբանության պաթոլոգիաները։ Բայց ճակատագրի փշոտ անակնկալները դեռ առջևում էին։ 1944թ. Լորենցին տեղափոխեցին Վիտեբսկի դաշտային հոսպիտալ։ Երկու ամիս անց հետևեց Կարմիր բանակի հարձակումը, և Կոնրադը վիրավոր վիճակում գերի ընկավ։ Առաջին ճամբարը, ուր նա հայտնվեց, Սմոլենսկում էր, որտեղ բազմաթիվ վիրավոր գերիներ կային, իսկ բժիշկները քիչ էին։ Հենց այստեղ էլ նա սկսեց վիրահատել գերիներին՝ կատարելագործելով փորձն ու հմտությունը։

Շուտով ռազմագերի Լորենցին տեղափոխեցին Հայաստան։ Երևանում ալյումինի գործարանի շինարարական աշխատանքներն էին ընթանում։ Եվ ավստրիացի ռազմագերին այստեղ բարեխղճորեն կատարում էր բժշկի պարտականությունները, միաժամանակ սովորում ռուսերեն, կանոնավոր կերպով հաճախում «հակաֆաշիստական վերադաստիարակմանը» վերաբերող դասախոսություններին։ Ինքն էլ էր գիտահանրամատչելի դասախոսություն կարդում կենդանիների վարքի մասին, ռազմագերիների շրջանում անցկացնում խմբային հոգեթերապիա, հոգեբանական մոտեցում ցուցաբերելով՝ հարթում էր դաժան վեճերը, թատերական ներկայացումներ բեմադրում։ Ռազմագերիներից շատերը հետագայում կխոստովանեն, որ հենց Լորենցի շնորհիվ ճամբարային տաղտկալի կյանքը հետաքրքիր էր անցնում։

Հետպատերազմյան Հայաստանում ծանր վիճակ էր, սնունդը՝ քիչ։ Լորենցը ճամբարային սննդաբաժինը բազմազան դարձնելու նպատակով որսում էր թունավոր կարիճներ (հեռացնում էր թույնը), խաղողի խխունջ, թմբլիկ սարդեր և… ուտում՝ նույնը խորհուրդ տալով մյուս ռազմագերիներին և իրեն ապշահար ու քարացած հայացքով հետևող պահակներին` բացատրելով, որ այդ կերպ կլրացվի վիտամինի պակասը։ Բայց դե, նրա տարօրինակ սննդատեսակներից ոչ ոք չէր օգտվում (դեռ մանկուց Կոնրադը հետևել էր, թե ինչ հաճույքով են թռչուններն ուտում միջատներ, փորձել էր ինքը ևս համտեսել ու հավանել էր։ Այնպես որ՝ մանկության փորձը նրան օգտակար եղավ գերության ժամանակ)։

Լորենցին հարգանքով էին վերաբերվում շրջապատում և կոչում էին Պրոֆեսոր։ Նա ազատ շրջում էր քաղաքում, հետևում կենդանիներին, համեմատական եզրեր փնտրում մարդկանց և կենդանիների վարքագծում։ Ուսումնասիրությունները, նկատառումները գրառում էր։ Գրում էր մեխով՝ թաթախելով ինքնաշեն թանաքի՝ մանգանակալիական լուծույթի մեջ, իսկ որպես թուղթ ծառայում էին ցեմենտի պարկերից պոկված կտորտանքները, որոնք Լորենցը ջանասիրաբար հարթում էր ու գրում, գրում…:

♦♦♦

Պատերազմն ավարտվել էր։ Զանգվածային հայրենադարձի ժամանակաշրջանն էր։ Ծանոթ հայ բժշկի խորհրդով Լորենցը նամակով դիմում է ակադեմիկոս Լևոն Օրբելուն՝ խնդրելով միջնորդել Ստալինի մոտ՝ իրեն գերությունից ազատելու։ Հակառակորդի գիտնականի համար ամեն մարդ չէ, որ կհանդգներ բարեխոսել, այն էլ՝ Ստալինի նման անկանխատեսելի ղեկավարի մոտ։ Օրբելին օգնում է Լորենցին։ Վերջապես Լորենցը պետք է վերադառնար հայրենիք, պաշտոնապես թույլտվություն է խնդրում իր հետ վերցնելու ձեռագրերը։ Նրան առաջարկում են երկու օրինակով տպել ձեռագրերը, եւ եթե գրաքննիչը թույլ տա, ապա մեկ օրինակը կարող է վերցնել։ Տպագիր մեկ օրինակը Լորենցն ուղարկում է գրաքննության, սակայն պատասխանն ուշանում է։ Այդժամ ճամբարի պետը, իր վրա մեծ պատասխանատվություն վերցնելով, թույլ է տալիս Լորենցին վերցնելու բնօրինակը՝ ցեմենտի պարկի կտորտանքների վրա գրածները, միայն մի պայմանով. նա պետք է խոստանա, որ ձեռագրում քաղաքական բնույթի գաղափարներ չկան, և այդ ամենը սոսկ գիտություն է։ Հետագայում ավստրիացի գիտնականը կխոստովանի, որ իրեն ապշեցրել էր անծանոթ մարդու անասելի մեծահոգությունը։

Կ. Լորենցին մեծ ճանաչում բերեցին «Քաղաքակիրթ մարդկության 8 մահացու մեղքերը» և «Էթոլոգիայի ներածությունը»։ Վերջինս ավստրիացի գիտնականն անվանում էր «Ռուսական ձեռագիր»։ Պարզվում է, որ «Էթոլոգիայի ներածության» հիմքում ընկած են խորհրդային գերության ժամանակահատվածում և հատկապես Հայաստանում ցեմենտի պարկերի կտորտանքների վրա արված գրառումները, որոնք վերամշակելով՝ գիտնականը դարձրեց լուրջ և ծավալուն աշխատություն։ Ի դեպ, հենց Հայաստանում Լորենցը հետևելով կիսավայրի այծերի վարքին ամպրոպի ժամանակ, կատարել էր իր կարևոր հայտնագործություններից մեկը։ Այնպես որ՝ կեսկատակ-կեսլուրջ կարելի է նշել, որ հայկական ֆաունայի ներկայացուցիչները «օգնեցին» Նոբելյան մրցանակակրին բացահայտելու կենդանական աշխարհի որոշ գաղտնիքներ։ Իսկ Լորենցի գրառումների տպագիր օրինակը նրան պատկանող այլ իրերի հետ պահպանվում է Ռուսաստանի պետական զինվորական արխիվում։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #47 (963) 2911.2012 – 5.12.2012, Պատմության էջերից


05/12/2012