Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԶԲԱՂՎՈՒՄ ԵՄ ՍԻՐԱԾՍ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ»
«ԶԲԱՂՎՈՒՄ ԵՄ ՍԻՐԱԾՍ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ»

Ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքի ավագ օրդինատոր, բուժծառայության կապիտան Աիդա Խիթարովան արդեն երկար տարիներ աշխատում է Երևանի զինվորական կայազորային հոսպիտալում։ Իր բարեխիղճ և նվիրված աշխատանքի շնորհիվ վայելում է կոլեկտիվի հարգանքն ու սերը։

-Տիկին Խիթարովա, շնորհավորում եմ Ձեզ Բուժծառայողի օրվա կապակցությամբ։ Կխնդրեի պատմեիք Ձեր մասին, Ձեր ազգանունը հայկական չէ, բայց Դուք վատ չեք խոսում հայերեն։

-Ծնվել եմ Թումանյանի շրջանի Ախթալա գյուղում։ Մայրս հայուհի է, հայրս՝ հույն։ Հույներն Ախթալայում վաղուց են հաստատվել։ Ժամանակին հույներին հրավիրել էին Հայաստան՝ պղնձարդյունաբերությունը զարգացնելու նպատակով։ Հայրս նրանց ժառանգներից է, այստեղ է ծնվել։ Երկար տարիներ Ախթալայում գլխավոր էներգետիկ է աշխատել։ Աշխատել է սիրով և նվիրումով, մեծ վաստակ, հարգանք ու ճանաչում ունի։ Նա անչափ սիրում է Հայաստան երկիրը։ Խորհրդային Միության փլուզումից հետո Հունաստանի կառավարությունը հույներին հնարավորություն ընձեռեց վերադառնալու իրենց պատմական հայրենիք։ Սակայն հայրս չգնաց. «Այստեղ ամեն ինչ ինձ համար չափից ավելի հոգեհարազատ է։ Չեմ կարող լքել այս հողը, ջուրը, այս երկիրը։ Այստեղ է իմ պատմությունը, այստեղ իմ շունչն է…» Ծանոթ-բարեկամներից շատերը գնացին,- շարունակում է բժշկուհին,- ինձ ևս առաջարկեցին գնալ-հաստատվել Հունաստանում։ Հայաստանը ծանր տնտեսական վիճակում էր՝ երկրաշարժ, շրջափակում, ազգային բախումներ, լույս չկար, խանութները դատարկ, բայց, միևնույն է, մնացի։ Երբեմն ինքս ինձ մտորում եմ՝ ի՞նչը ինձ պահեց այն ժամանակ, գուցե ծնողական պատասխանատվությունը, որ վեր է ամեն ինչից. երեխաներս փոքր էին, ու ես համարձակ քայլեր կատարելու իրավունք չունեի։ Գուցե ինձ հետ պահեց անորոշությո՞ւնը. ես հստակ չէի պատկերացնում օտար հողում, օտար միջավայրում ինչպե՞ս կդասավորվեր մեր կյանքը, երեխաներիս ապագան։ Իսկ Հայաստանում, թեև անասելի դժվար էր ապրելը, բայց գոնե կողքիս իմ ծնողներն էին, հարազատներս, ու մեկմեկու նեցուկ լինելով, թիկունք ու ապավեն լինելով, հաղթահարում էինք ծագած խնդիրները (ամեն դժվարություն հաղթահարելի է, երբ շրջապատված ես հարազատներիդ ջերմությամբ)։ Տարիներ հետո եղա Հունաստանում։ Գեղեցիկ, հրաշալի երկիր է, բայց, միևնույն է, չեմ ափսոսում, որ այն ժամանակ չգնացի։ Զավակներս արդեն մեծացել են, լիարժեք կրթություն ստացել։ Ավագ որդիս ֆրանսիական համալսարանն է ավարտել, փոքրը՝ Յուտայի համալսարանը։ Ես զբաղվում եմ իմ սիրած մասնագիտությամբ։

-Բժշկուհի դառնալը Ձեր մանկության երազա՞նքն էր։

-Բոլորովին։ Մինչև 9-րդ դասարան երազում էի երգչուհի դառնալ, մեծ բեմերում երգել։ Հայրս էր շատ ցանկանում, որ ընտրեի բժշկի մասնագիտությունը։ Բժիշկ մի բարեկամ ունեինք, թողեց ամեն հարմարավետություն, բարեկեցություն, գնաց-հասավ աշխարհի ծայրը՝ Հեռավոր Արևելք, այնտեղ նյարդավիրաբուժական բաժանմունք ստեղծեց և բուժում էր մարդկանց։ Ինձ այն ժամանակ ապշեցրեց մարդկային անսահման նվիրումը, սերը մասնագիտության նկատմամբ, որ պատրաստ է ամեն զոհողության։ Մի ժամանակ բժիշկ բարեկամիս մասին տպագրված բոլոր նյութերը հավաքում էի ու ներքուստ հպարտանում նրա հաջողություններով։ Բժշկությունն ինձ էլ գրավեց։ Սկզբում գործերս հանձնեցի Աստրախանի բժշկական ինստիտուտ, սակայն մեկ միավոր չհերիքեց։ Հետո ընդունվեցի Երևանի պետական բժշկական ինստիտուտ։ Բուհն ավարտելուց հետո աշխատել եմ Կիրովականում, Չարենցավանում։ 1991թ. աշխատանքի անցա թիվ 2 բուժսանմասում, որն արդեն 93-ին դարձավ զինվորական հոսպիտալ։ 1997թ. ստացա զինվորական կոչում՝ ավագ լեյտենանտ և մինչ օրս աշխատում եմ։

-Դժվա՞ր է բժշկի աշխատանքը։

-Բժշկի մասնագիտությունը պահանջում է ծայրաստիճան պատասխանատվություն, քանի որ նրան է վստահվում ամենաթանկը՝ մարդու կյանքը։ Բժիշկը ազնիվ պետք է լինի, անշահախնդիր ու բարեխիղճ։ Մեզ մոտ բոլորն էլ մեծ նվիրումով են աշխատում։ Երբեմն-երբեմն հիշում եմ այն տարիները, երբ քաղաքի մի ծայրից մյուսը ոտքով կտրում-անցնում էինք աշխատանքի գալու համար ու չէինք տրտնջում։

-Ի՞նչ կմաղթեիք Ձեզ և Ձեր գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ։

-Առաջին հերթին՝ առողջ լինեն և երջանիկ, գնահատված։ Գնահատանքը թև է տալիս։ Բժշկի հանդեպ, ցավոք, այսօր վերաբերմունքը մի փոքր փոխվել է։ Ուսանողական տարիներին հաճախ կատակով ասում էինք՝ « Врач-это звучит гордо »։ Ուզում եմ, որ միշտ հպարտ լինեն իրենց վեհ կոչումով և հասնեն մեծ հաջողությունների և՛ ընտանիքում, և՛ մասնագիտության մեջ։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ