Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԻՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ



Բժշկության արհեստով զբաղվող մարդկանց մասին առաջին անգամ հիշվում է բաբելոնյան ձեռագրերում (մ.թ.ա 18-րդ դար) և հին եգիպտական պապիրուսներում (մ.թ.ա. 17-րդ դար)։ Այդ ժամանակներում բժշկությունը սահմանափակվում էր արյունառությամբ և ստամոքսի լվացումներով։ Բայց կան նաև տվյալներ վիրաբուժական միջամտության մասին։

♦♦♦

Շուրջ 2000 տարի առաջ հին հռոմեական բանակում ստեղծվեց ռազմաբժշկական ծառայություն։ Ամեն մի լեգեոն ուներ մոտավորապես 40 բժիշկ։ Վիրավոր և հիվանդ զինվորներին բուժելու համար ստեղծվեցին 200 մահճակալով բուժական «հիմնարկներ»։

♦♦♦

900 տարի առաջ Կիլիկյան Հայաստանի զինված ուժերին սպասարկող անձնակազմում ընդգրկվեցին նաև զինվորական բժիշկներ։

♦♦♦

1545թ. ֆրանսիացի վիրաբույժ Ա.Պարեն հրապարակեց հրազենի, նետի, նիզակի պատճառած վերքերի բուժմանը նվիրված անդրանիկ աշխատությունը։ Նա առաջինը նկարագրեց ազդրոսկրի բարդ կոտրվածքներն ու բուժումը։ Վիրավորների արյունահոսությունը դադարեցնելու նպատակով արյունատար անոթների խարանման նախկին մեթոդը փոխարինեց անոթակապով, հրաժարվեց եռացող յուղով վերքերը դաղելու հիպոկրատյան մեթոդից, փոխարենը կիրառելով քսուքային վիրակապ։ 1593թ. նա հրապարակեց «Վիրավորներին օգնելու կանոնակարգ» աշխատությունը, որը երկար տարիներ հիմնական ուղեցույց էր ռազմական վիրաբուժության բնագավառում։

♦♦♦

Փենսիլվանիա նահանգի համալսարանի հետազոտողները ամերիկյան բանակի 4000-ից ավելի զինվորների հետազոտելուց հետո եկան այն եզրակացության, որ տղամարդու ագրեսիվության և նրա ընկալունակության համակարգի միջև դիտվում է ցայտուն կապ։ Մարտականորեն տրամադրված զինվորների արյան մեջ շատ են լեյկոցիտները, որոնք ոչնչացնում են մարմին ընկած մանրէները։

♦♦♦

1903թ. Ֆիլադելֆիայում Միհրան Գասապյանը (մահացել է ճառագայթումից) հիմնադրեց ԱՄՆ առաջին ռենտգենյան լաբորատորիան։

♦♦♦

Պրոֆեսոր Վարազդատ Գազանճյանը պլաստիկ վիրաբուժության (դեմքի և ծնոտի) առաջին մասնագետներից է ԱՄՆ-ում։ Նա Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ամերիկայի կողմից մեկնել է ռազմաճակատ, որտեղ 2000 վիրահատություն է կատարել։

♦♦♦

Միհրան Կյուլյանը Նոբելյան մրցանակի դափնեկիր Արթուր Քորնբերգի և Ռոբերտ Սինշեյների հետ միասին 1967թ. Չիկագոյի համալսարանի լաբորատորիայում ստացավ ԴՆԹ։

Խորագիր՝ #46 (962) 22.11.2012 – 28.11.2012, Պատմության էջերից


28/11/2012