Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅԵՐԸ ԱՄՆ-ՈՒՄ

Հայերը Հյուսիսային Ամերիկայում հաստատվել են 17-րդ դարի առաջին տասնամյակներում։ Վիրջինիա նահանգի գաղթականության ցուցակում հիշատակվում է (1618) առաջին հայի անունը՝ Ջոն Մարտին (Martin the Armenian)՝ Հովհաննես Մարտիկյան։ Վերջինս զինվորական է եղել։ Կա նաև ենթադրություն, որ նրան Ամերիկա է հրավիրել մի ամերիկացի` ծխախոտագործությունը զարգացնելու նպատակով։

♦♦♦

1653-54թթ. Վիրջինիայի կառավարիչի հրավերով Ամերիկա են եկել երկու շերամաբույծ վարպետներ՝ շերամաբուծությունը զարգացնելու նպատակով։ Նրանք Ամերիկայում թթենիներ են տնկել, ստեղծել մեծ տնտեսություն։ Հայ շերամաբույծները Ամերիկայում իրենց ստացած առաջին մետաքսից դրոշակ են պատրաստել և որպես նվեր ուղարկել Էջմիածին։ Հետագայում այդ դրոշակի տեղը հայտնի է դարձել Թուրքիայում ԱՄՆ դեսպանին, որը 1898թ. հունվարի 16-ի մի գրությամբ դիմել է Էջմիածին և խնդրել դրոշակն ուղարկել Ամերիկա` որպես ազգային հնագույն և պատմական արժեք։

♦♦♦

19-րդ դարի 30-ական թվականներին հայերի մեծ հոսք է նկատվում ԱՄՆ, որը հետևանք էր Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում ամերիկյան միսիոներների քարոզչական գործունեության։

♦♦♦

1870թ. վերջերին Նյու Յորքում, Վուսթերում, Փրովիդենսում սկսեցին ձևավորվել հայ առաջին համայնքները։ 1891թ. Վուսթերում կառուցվեց ԱՄՆ-ում հայկական առաջին եկեղեցին (Սուրբ Փրկիչ)։

♦♦♦

ԱՄՆ գաղթած հայերի թիվը ստվարացավ հատկապես 1894-96թթ. համիդյան ջարդերից հետո։ Այդ ժամանակահատվածում ԱՄՆ ֆիլանտրոպիական (բարեգործական-մարդասիրական) շրջանակները սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել հայերի և Հայաստանի նկատմամբ, ստեղծվեց «Հայաստանի բարեկամներ» ընկերությունը, նախագահ՝ Ի. Բորրուոս, քարտուղար՝ Ա. Բլեքուել։ Նրանք բողոքի ցույցեր կազմակերպեցին հայկական ջարդերի դեմ, հանգանակություններ կատարեցին հօգուտ տուժածների։

♦♦♦

ԱՄՆ-ի գիտության և տեխնիկայի զարգացման մեջ իրենց ավանդն ունեն ամերիկահայ գիտնականները։ Դեռևս 1840թ. Յելիի համալսարանում ուսանած քիմիկոս Խաչատուր Սերոբյանի ամերիկյան թղթադրամի (դոլարի) ներկի գյուտը հնարավորություն տվեց կանխելու դրամի կեղծումը։

♦♦♦

Զինվորական ասպարեզում հայերը ևս հետ չէին մնում։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Միացյալ Նահանգների բանակի ամենաբարձր կոչում ունեցող հայազգի զինվորականը գեներալ Հայկ Շեքերջյանն էր, որը 1942թ. այդ կոչմանն է արժանացել նախագահ Ռուզվելտի կողմից։ Ամերիկահայ բարձրաստիճան զինվորականների շարքում իրենց քաջությամբ և խիզախությամբ փայլել են նաև ամերիկյան բանակի հրամանատար Ջեք (Սիրակ) Հանիկյանը, գնդապետներ Քըրք Բուչախը և Սարգիս Զարդարյանը, ծովակալ Ռոբերտ Իգնատիոսյանը։ Միացյալ Նահանգների բացառիկ և ամենաբարձր պարգևին՝ Կոնգրեսի պատվո շքանշանին (որով ամերիկյան բանակից պարգևատրվել է ընդամենը 87 մարդ) արժանացել է ամերիկյան հերոս ավագ լեյտենանտ Էռնեստ Դերվիշյանն իր անօրինակ խիզախության համար. մեն-մենակ հայտնվելով թշնամական շրջափակման մեջ` կարողացել է գերել հակառակորդի 45 զինվորի, խլել 3 գնդացիր և 10 ատրճանակ։ Պատերազմից հետո նա զբաղեցրել է ռազմական բարձր պաշտոններ, եղել է Ամերիկյան ազգային լեգեոնի փոխհրամանատար, ռազմական և պետական տարբեր հարցերով խորհրդական։

♦♦♦

Հայ գործիչներ կան ԱՄՆ կառավարական շրջանակներում, Կոնգրեսում, առանձին նահանգների օրենսդիր և գործադիր մարմիններում։ Երկար ժամանակ Կալիֆորնիայի նահանգապետ էր Ջորջ Դոքմեջյանը, որի աջակցությամբ 1985թ. (Հայոց ցեղասպանության 70-ամյակի նախօրյակին) ապրիլի 24-ը նահանգում հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր։