Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեղի ունեցավ «Զորամիավորումը պայմանագրային զինծառայողներով համալրելու ընթացքը, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով հավաք-խորհրդակցություն, որին մասնակցում էին զորամիավորման շտաբի պետ գնդապետ Տ. Փարվանյանը, զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Պ. Պողոսյանը, ՀՀ ԶՈՒ կազմզորահավաքային վարչության պետ գնդապետ Ա. Մատիկյանը, Սյունիքի փոխմարզպետ Արայիկ Դոլունցը, մերձակա շրջանների զինկոմներ, զորամասերի հրամանատարներ, համալրման բաժանմունքների պետեր, պայմանագրային զինծառայողներ:

Բացման խոսքով հանդես եկավ գնդապետ Ա.Մատիկյանը։

Զորամասերը շարքային կազմի պայմանագրային զինծառայողներով համալրելու գործընթացի, զինվորական ծառայության կազմակերպման ընթացքի, հուզող հարցերի շուրջ ելույթներով հանդես եկան շտաբի պետ գնդապետ Տ. Փարվանյանն ու գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը:

Իր ելույթում գնդապետ Տ. Փարվանյանը նշեց, որ զորամիավորումում պայմանագրային զինվորական ծառայությունը կազմակերպվում է «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի հրամանների, հրահանգների և դիրեկտիվների պահանջների համաձայն:

– Պահեստազորից պայմանագրային ծառայության ընդունվելու ներկայացումները զորամասից ԲԿ և ԲԿ-ից ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչություն հիմնականում ներկայացվել են սահմանված ժամկետում, – ասաց նա:

Գնդապետ Տ.Փարվանյանը ներկայացրեց պայմանագրային ծառայության կազմակերպման վերաբերյալ մարզի, համայնքների ղեկավարության, ԲԿ կայազորի զինկոմիսարիատների հետ համատեղ կատարված աշխատանքների, հեռուստաալիքներով բնակչության շրջանում պայմանագրային զինծառայության անցնելու քարոզչական, տեղեկատվական լուսաբանումների, պայմանագրային զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

– Հրամանատարությունը և մարզի ղեկավարությունը խիստ հսկողության տակ են վերցրել պայմանագրային զինծառայողների համալրման գործընթացը, աշխատանքներ են տարվում ենթակա զորամասերում նրանց համալրվածությունն առավելագույնս բարձրացնելու ուղղությամբ, – ասաց գնդապետը:- Եվ դրա լավագույն ապացույցն այն է, որ պայմանագրային զինծառայողների պլանավորված թվաքանակը 2012թ. 10 ամիսների վերլուծությամբ նախատեսվածից ավելին է կազմել, քանի որ բոլոր պայմանագրայինների ժամկետները երկարացվել են:

Այնուհետեւ շտաբի պետն անդրադարձավ ենթակա զորամասերում պայմանագրային զինծառայողների հաստիքների տոկոսային համալրվածությանը, վաղաժամկետ զորացրման պատճառներին, խնդիրներին:

Արվեցին առաջարկություններ:

Ելույթներով հանդես եկան նաև Սյունիքի փոխմարզպետ Ա. Դոլունցը, զորամասերի հրամանատարներ, պայմանագրային զինծառայողներ, որոնց առաջ քաշած հարցերի, դրանց լուծման առաջարկությունների շուրջ տեղի ունեցան քննարկումներ:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ