Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ՝ ՀԵՐՈՍԻ ՊԵՍ...
ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ՝ ՀԵՐՈՍԻ ՊԵՍ…

Դեռևս օրերով է հաշվվում Վաղինակի մահը… Նա ընկավ մարտական դիրքերում՝ զենքը ձեռքին, հերոսաբար… Ընկավ՝ 19-ը չբոլորած… Զինվորի հուղարկավորությանը պատվո պահակ կանգնեցին ծառայակից ընկերները…

-Երբ Վաղինակս փոքր էր՝ 2-3 տարեկան, տարել էի մանկական պոլիկլինիկա՝ կոնսուլտացիայի,- հիշում է Վաղինակ Բաղդասարյանի մայրը՝ տիկին Նազիկը։ -Բժշկուհու հարցին՝ նկարել գիտե՞ս, երեխաս գլխով արեց ու սկսեց ինչ-որ բան խզբզել թղթի վրա։ Բժշկուհին հետաքրքրվեց՝ ի՞նչ ես նկարել, Վաղինակս պատասխանեց՝ զենք։ Բժշկուհին ծիծաղեց ու հետո էլ հարցրեց՝

Որ մեծանաս՝ ի՞նչ ես դառնալու։

-Զինվոր,- պատասխանեց երեխաս։

Տիկին Նազիկը այս պատմությունը հիմա արդեն պատմում է տխուր, շատ տխուր ժպիտով. «Այդպես էլ եղավ՝ երեխաս զենքը ձեռքին զոհվեց, զոհվեց որպես զինվոր»։ Նույն տխուր ժպիտը երեսին լսում է նաև որդու ուսուցչուհու՝ տիկին Էլմիրա Մարտիրոսյանի խոսքերը. «Պարզ ու անմիջական էր, բարեխիղճ… Բնավորության այդ գծերը պետք է դրսևորվեին նաև զինվորական ծառայության մեջ և դրսևորվեցին։ Ափսոս, որքան նվիրական երազանքներ այդպես էլ չիրագործված՝ անկատար մնացին։ Մենք կորցրինք հոգատար զավակի և օրինակելի զինվորի։ Նա պատվով կատարեց իր վերջին՝ զինվորի պարտքը»։

Ձեռքիս Վաղինակ Բաղդասարյանի բանաստեղծությունն է, որով նա շնորհավորել է մոր ծնունդը։ Բանաստեղծության ամեն տողը սկսվում է «Ներիր մայրիկ» սրտառուչ ու անկեղծ խոսքերով։ Զինվորը մորից ներողություն է հայցում, որ զինվորական պարտականությունները թույլ չեն տալիս տուն գալու, մորը գրկելու ու շնորհավորելու։

Ներիր մայրիկ, որ ծնունդիդ ներկա լինել չեմ կարող,

Ներիր մայրիկ, որ ծնունդիդ վարդեր բերել չեմ կարող,

Ներիր մայրիկ, որ ծնունդիդ ոչինչ անել չեմ կարող,

Ընդամենը կասեմ՝ մայր իմ, ծնունդդ շնորհավոր…

Տիկին Նազիկին՝ պինդ ու ամուր այս հայուհուն, լավ են ճանաչում հարևան ու բարեկամ։ Սակայն նրա ոգու արիության ականատեսը եղան նրա կյանքի ամենածանր պահին՝ զինվոր որդու հոգեհանգստյան արարողության ժամանակ, երբ նա վեր կացավ ու իր թաշկինակով սրբեց պատվո պահակ կանգնած զինվորի աչքերից ու այտերից առատորեն հոսող արցունքները…

Հերոս զինվորի հիշատակին այն վայրում, որտեղ ծառայել է Վաղինակը, բացվել է հուշանկյուն։

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Վաղինակ Բաղդասարյանը (հետմահու) պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հավերժ փառք այն բոլոր հայորդիներին, որոնք իրենց մատաղ կյանքը դրեցին հայրենիքի զոհասեղանին։

ԶԱՐՈՒՀԻ ՄԽԻԿՅԱՆ