Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԱՐԺԱՆՔՆԵՐՈՒՄ ԿՌՈՒՄ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ՎԱՐԺԱՆՔՆԵՐՈՒՄ ԿՌՈՒՄ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Սովորաբար տարվա այս ժամանակաշրջանում ուսումնական զորամասերում ավարտվում են քննությունները, և մասնագիտական որակավորում ու կրտսեր հրամանատարական կոչումներ ստանալով՝ կուրսանտները համալրում են մարտական զորամասերը։ Այս անգամ, սակայն, իրավիճակն այլ է, զորամասերում դեռևս շարունակվում է ուսման գործընթացը։ Մանրամասները պարզաբանեց ուսումնականների մեջ լավագույնը ճանաչված, գնդապետ Ա. Հարությունյանի հրամանատարությամբ գործող զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ա. Բալայանը։

-Հոկտեմբերի վերջերին մենք ավարտեցինք ուսումնական ծրագրի իրականացումը։ Կուրսանտներն արդեն պատրաստ էին հանձնելու ստուգարքներն ու քննությունները, սակայն ուսումնական ժամանակաշրջանը մեկ ամսով երկարացնելու հրաման ստացանք, այժմ կատարում ենք անցածի կրկնություն, գիտելիքների ամրապնդման աշխատանքներ։ Ճիշտ է, պարապմունքներն սկսվել էին մի փոքր ուշ, հուլիսի կեսերին, բայց, կրկնում եմ, հոկտեմբերի վերջին կուրսանտներն արդեն պատրաստ էին քննություններին։ Պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս փուլի կուրսանտները, հիմնականում, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած տղաներ են, որոնք մատուցվող նյութը շատ արագ են յուրացնում։ Ասեմ նաև, որ մենք գոհ ենք զորամաս գործուղված տղաներից, ընտրությունը լավ էր կատարված, բոլոր զորամասերն էլ նախապատվությունը տվել էին բուհերի շրջանավարտներին, այսինքն՝ օրենքի պահանջը կատարվել էր։ Եղան շատ քիչ թվով զինվորներ, որոնց առողջական վիճակը չէր համապատասխանում մեր պահանջներին, ու նրանց վերադարձրինք։ Կարծում եմ՝ նման դեպքերը տեղերում շտապողականության կամ փորձի պակասի հետևանք են և հետագայում չեն կրկնվի։

Փոխգնդապետ Ա. Բալայանը նաև նշեց, որ առաջիկայում էլ կպահպանվի ուսումնականները զորամասերից համալրելու կարգը, և նորակոչիկները սովորելու կգան իրենց զորամասերում զինվորական երդում ընդունելուց հետո։

Խոսելով ավարտին մոտեցող ուսումնական փուլի մասին՝ հրամանատարի տեղակալն ասաց.

-Միմյանց հաջորդող տեսական ու գործնական պարապմունքների արդյունքում՝ կուրսանտները ժամանակին յուրացնում ու տիրապետում են զենքի օգտագործման նրբությունները, իսկ սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին անցկացվել է ճամբարային հավաք մարշալ Հովհ. Բաղրամյանի անվան զորավարժարանում, որի ընթացքում հատկապես կարևորվել են գործնական պարապմունքները ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին։ Ճամբարային հավաքն ավարտվել է ստորաբաժանումների մարտական կրակով։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ

Ամեն ինչ արվում է տեղը տեղին՝ պահանջված ամենաբարձր մակարդակով։ Մշտապես բարելավվում, կատարելագործվում են պարապմունքների պայմանները։ Այս անգամ էլ նկատեցինք, որ ընդլայնվել ու նորովի է կահավորվել մարտավանը, պատրաստվել են նոր խրամուղիներ, կառուցվել են հանգստի տաղավարներ, տեղադրվել են ցայտաղբյուրներ, ստեղծված ոռոգման ցանցի շնորհիվ տարածքը ծառատնկվում, կանաչապատվում է։ Այս ամենը, անշուշտ, նպաստելու է պարապմունքների արդյունավետության բարձրացմանը, մանավանդ՝ ամառային շոգ եղանակին։

Շարահրապարակում, բոլոր ուսումնական կետերում ու տեղամասերում վաղ առավոտից սկսված պարապմունքները շարունակվում էին։ Փոխգնդապետ Բ. Մարտիրոսյանի հրետանային դիվիզիոնի մարտկոցի կուրսանտները մեկուկես կիլոմետր վազքի պարապմունքը վերածել էին մրցման, և յուրաքանչյուրն ուզում էր հաղթել կամ բարելավել իր նախորդ արդյունքը։

-Երևում է, որ տղաների տրամադրությունը բարձր է,- ասացի պարապմունքի ղեկավար մայոր Տ. Ալեքսանյանին։

-Տղերքս լավն են, գործը հաճույքով են անում, նաև շաբաթվա վերջին ազատականներ ստանալու հարց կա,- պատասխանեց Տ. Ալեքսանյանը։

♦♦♦

Փոխգնդապետ Բագրատ Ասատրյան. ծնվել է Քասախում։ 1998թ. ընդունվել Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Ստանալով սպայական կոչում, ծառայության է նշանակվել առաջնագծում տեղակայված զորամասերից մեկում։ 2008թ. տեղափոխվել է ուսումնական զորամաս և ավելի ուշ՝ նշանակվել դիվիզիոնի հրամանատար։ Պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Անդրանիկ Օզանյան», «Անբասիր ծառայության» առաջին և երկրորդ աստիճանի, ինչպես նաև Ազգային բանակի 20-ամյակի հոբելյանական մեդալներով։ Նրա հրամանատարությամբ գործող դիվիզիոնը լավագույնն է զորամասի կազմում։

-Մենք պատրաստում ենք հրետանային հետախույզներ և հակատանկային միջոցների մասնագետներ, ջոկերի (հաշվարկների) հրամանատարներ և ավագ օպերատորներ։ Կուրսանտների որակը բավարար է, սովորում են, թույլ կուրսանտ չունենք։ Գործնական պարապմունքները, ճամբարային հավաքները ցույց են տալիս, որ նրանք արդեն լավ գլուխ են հանում զենքերից ու զորամասերում էլ բնականաբար ավելի կաճեն, բարձրակարգ մասնագետներ կդառնան։ Ընդհանրապես, ես ուսումնական փուլերի արանքում այցելում եմ տարբեր զորամասեր և հետաքրքրվում, թե մեզ մոտ սովորած տղաներն իրենց ինչպես են դրսևորում, և կարող եմ ասել, որ մանավանդ վերջին տարիների մեր շրջանավարտներից շատ գոհ են։ Ուզում եմ անպայման նշել,- շարունակեց դիվիզիոնի հրամանատարը,- դասակների հրամանատարներ կապիտաններ Տարոն Գրիգորյանի, Վահագն Քեշիշօղլյանի, Հրանտ Գալստյանի, Սամվել Վարդանյանի ներդրումը ուսման որակի բարձրացման գործում։ Կապիտան Ս. Վարդանյանը շատ մեծ նվիրումով է աշխատում։ Զգալի է նաև մարտկոցների հրամանատարներ մայոր Վ. Հարությունյանի և Տ. Ալեքսանյանի ավանդը։ Դիվիզիոնը լավագույնի կոչումը վաստակել է կոլեկտիվ աշխատանքի, այս սպաների համատեղ ջանքերի շնորհիվ։

Փոխգնդապետ Ա. Բալայանի առաջարկությամբ, զրուցեցինք նաև մայոր Ալեքսան Գևորգյանի հետ։ Նա ծնվել է Երևանում, 1998թ. ընդունվել է ՌԴ բարձրագույն հրթիռահրետանային ուսումնական հաստատություններից մեկը։ Ավարտելուց հետո՝ ծառայության է նշանակվել սահմանամերձ զորամասում, իսկ 2008թ. տեղափոխվել է հրետանային ուսումնական զորամաս։

-Թեպետ ուսումնական փուլն սկսվեց նախորդ տարիների համեմատ մի փոքր ուշ՝ հուլիսի կեսերին, այնուամենայնիվ, հասցրինք ծրագիրն ամբողջությամբ կատարել և այժմ, ունենալով մոտ մեկ ամիս ժամանակ, կրկնության միջոցով կատարում ենք գիտելիքների, հմտությունների հղկմանն ուղղված պարապմունքներ։ Կուրսանտները տարբեր բուհերի շրջանավարտներ են, ինչը օգտակար է զորամասի համար։ Մենք նրանց ըստ մասնագիտությունների ընդգրկում ենք հասարակական ակտիվներում։ Օրինակ՝ իրավագիտական կրթություն ունեցողները համալրում են համապատասխան ակտիվը, ֆիզկուլտուրայի ինստիտուտի շրջանավարտները, որոնք հիմնականում որոշակի հաջողությունների հասած մարզիկներ են, նշանակվում են սպորտհրահանգիչներ, ունենք բանասիրության և ժուռնալիստիկայի ֆակուլտետների շրջանավարտներ, պարողներ, կինոյի մասնագետներ, որոնք էլ նախաձեռնում և կազմակերպում են մարզական-մշակութային միջոցառումներ, թողարկում են պատի թերթ, անցկացնում են քաղտեղեկատվության պարապմունքներ։ Ճամբարային հավաքի ժամանակ մենք տարբեր զորամասերի, զինծառայողների, ինչպես նաև զորահավաքի միջոցով պահեստազորից եկածների հետ ապրում էինք նույն վրանային ավանում, և մեր զինվորներն առանձնանում էին իրենց օրինակելի վարքով ու ազատ ժամանակն արդյունավետ, հետաքրքիր դարձնելու նախաձեռնությամբ։ Դիվիզիոնի հրամկազմը մեծ ուշադրություն է դարձնում հրամանատարական պատրաստությանը։ Պարապմունքներից առաջ մենք ստուգում, ճշտում ենք, թե սպաներն ինչպես են նախապատրաստվել։

-Ազատականներ տրամադրելիս ձգտում ենք պահպանել արդարության սկզբունքը,- ասաց զրույցին մասնակցող դիվիզիոնի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ մայոր Վրեժ Հովհաննիսյանը։ -Մայրաքաղաք, մանավանդ Ծիծեռնակաբերդ, Մատենադարան այցերի ժամանակ նախապատվությունը տալիս ենք մարզերում մեծացած տղաներին, իսկ ընդհանրապես հաշվի ենք առնում առաջադիմությունը, շաբաթվա ընթացքում ցույց տված արդյունքները։ Լինում են կուրսանտներ, որոնք հրաժարվում են ազատականներից, պատճառաբանելով, որ մարզերից են և մայրաքաղաքում հարազատ-բարեկամ չունեն։ Նման դեպքերում մենք նրանց ազատական ենք տալիս երևանցի տղաների հետ, որպեսզի վերջիններս այդ տղաներին իրենց տուն տանեն։ Զորամասում էլ միջոցառումներ քիչ չեն լինում։ Հաճախ ենք հյուրընկալում հայտնի մշակութային գործիչների, երգիչների, իսկ վերջին շաբաթ օրը զորամաս էին այցելել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը և երեք դասախոս, որոնք անձնակազմի համար հետաքրքիր դասախոսություններ կարդացին։

ԻՍԱՋԱՆՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

Դավիթ և Տիգրան Իսաջանյան եղբայրները Երևանից են։ Մեծը Տիգրանն է, ծնվել է 1991թ., իսկ Դավիթը եղբորից երեք տարով փոքր է։ Նրանք այստեղ են գործուղվել գնդապետ Կ. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասից։

-Ո՞ր դպրոցն է ձեզնով հպարտանում,- միանգամից հարցրի եղբայրներին։

-Երկուսս էլ սովորել ենք Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում,- ասաց Տիգրանը և շարունակեց,- ես դպրոցն ավարտել եմ 2008թ. և միանգամից ընդունվել ԵՊՀ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը, ավարտել եմ բակալավրիատը և զորակոչվել։ Զորացրվելուց հետո սովորելու եմ մագիստրատուրայում, այնուհետև՝ ասպիրանտուրայում։

-Ես 2010-ին՝ դպրոցից հետո ընդունվեցի պետական տնտեսագիտական համալսարան, երրորդ կուրսից հետո զորակոչվեցի Տիգրանի հետ,- եղբոր խոսքը շարունակեց Դավիթը։

Հետո զրույցը շարունակվեց հրետանային ինքնագնացի շուրջ։ Տղաները բացատրեցին, թե ո՞ր դեպքում է նպատակահարմար այն կիրառել, ի՞նչ հեռահարությամբ է կրակում, որքա՞ն արկ է վերցնում և այլն։ Պարզ էր, որ տղաների համար գաղտնիքներ չկան։

ԱԿԱՆԱՆԵՏԱՅԻՆ ԴԱՍԱԿԸ

Կապիտան Գևորգ Գասպարյանի ականանետային դասակը տարբեր խմբերի բաժանված 82 մմ ականանետի նորմատիվներն էր կրկնում։ Հարևան ուսումնական տեղամասում էլ 120 մմ ականանետին վերաբերող մասնագիտական պարապմունք էին կատարում կապիտան Ս. Բաղդասարյանի դասակի կուրսանտները։ Նրանցից Արտաշես Ուստյանը «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշան էր կրում։

-Հրետանու օրվա առիթով է ստացել,- պարզաբանեց փոխգնդապետ Ա. Բաբայանը։

Ի դեպ, մասնագիտական հարցերին լիարժեք պատասխաններ տվեցին կուրսանտներ Սասուն Խաչատրյանը, Խաչիկ Նազարեթյանը, Գրիշա Բաբայանը, Արմեն Նիկողոսյանը, Վազգեն Վարդանյանը։ Դասակի ստորաբաժանումներից մեկն էլ ականանետի նշանառության, կրակի հնարավորություններն էր ուսումնասիրում։

♦♦♦

Մայոր Սարգիս Գրիգորյանի մարտկոցի ստորաբաժանումներից մեկի պարապմունքները՝ 82 մմ ականանետ, վարում էր դասակի հրամանատարի տեղակալ սերժանտ Գևորգ Զախարյանը։ Նա կրծքին ուներ «Հայոց բանակի գերազանցիկ» և «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանները։ Նկատելի էր պարապմունքն անցկացնելու սերժանտի հմտությունը։ Զրուցեցինք, ասաց, որ Գավառից է և շուտով զորացրվելու է։

♦♦♦

Ուսումնական կետերը հաջորդում են իրար։ Կապիտան Արթուր Աբաջյանի ականանետային դասակի հաշվարկները մասնագիտական պարապմունքից նախապատրաստում են մարտական աշխատանքը փակ կրակային դիրքում։ Դադարի պահին զրուցում ենք կուրսանտներից մի քանիսի հետ։

-Ես փոխգնդապետ Իշխանյանի զորամասից եմ,- ասաց Պետիկ Ավետիսյանը։

-Ես նույնպես,- ավելացրեց Արա Գրիգորյանը։

-Կարո՞ղ եք առանց փորձառու սերժանտի կամ սպայի կիրառել ականները։

-Կարող ենք,- վստահ պատասխանեցին տղաները։

-Ես էլ գնդապետ Մելքոնյանի հրամանատարությամբ գործող զորամասի զինվոր եմ,- ասաց կուրսանտ Խաչիկ Նազարյանը։

-Իսկ ես՝ փոխգնդապետ Գևորգյանի, կարող եմ զենքն ու կիրառման կարգն ամբողջությամբ ներկայացնել,- վրա բերեց Լևոն Աբրահամյանը։

♦♦♦

Պարապմունքներն ուսումնական դաշտում շարունակվում էին։ Մարզավանում Դ-20-ի դասակներից մեկը ուժային վարժություններ էր կատարում կապիտան Դավիթ Վարդանյանի ղեկավարությամբ, մեկ այլ տեղ «գրադի» կուրսանտներն էին։ Զորամասի հրամանատար գնդապետ Ա. Հարությունյանը հետևում էր պարապմունքների ընթացքին։

ԿՈՒՐՍԱՆՏ ՀԵՆՐԻԽ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

-Երևի Հայաստանում չես ծնվել, որ անունդ Հենրիխ են դրել,- հարցրի նրան։

-Չէ, ծնվել եմ Հայաստանում, բայց որոշ ժամանակ ընտանիքով ապրել ենք Մոսկվայում, այնտեղ էլ առաջին դասարան եմ գնացել,- ասաց նա։

Հենրիխը քսան տարեկան է։ Նա սովորել է Երևանի օտար լեզուների «Մաքսեդան» դպրոցում, որից հետո՝ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում։ Ավարտել է ու զորակոչվել գնդապետ Մելքոնյանի հրամանատարությամբ գործող զորամաս։

-Բանակը դուրդ գալի՞ս է,- հարցրի։

-Իմ պատկերացրածից հազար անգամ լավ է,- ասաց։

-Նախասիրություններ ունե՞ս։

-Մինչ բանակ գալս աշխատել եմ Հ1 (հանրային), «Շողակաթ» հեռուստաընկերություններում, որպես հաղորդավար, միաժամանակ լրագրողական աշխատանք եմ կատարել «Ինտերնյուսի» համար, իսկ ընդհանրապես, սիրում եմ մոնտաժային աշխատանքը։ Լիովին տիրապետում եմ Final Cut ծրագրին, որով էլ երաժշտություն եմ մոնտաժում։ Ասեմ նաև, որ ընկերոջս հետ հիմնել ենք մի հասարակական կազմակերպություն, որպեսզի հատուկ աշխատանք տանենք ծնողազուրկ, անապահով ընտանիքների երեխաներին օգնելու համար։

-Բանակային կյանքին մինչ զորակոչվելդ առնչվե՞լ ես։

-Այո, մասնակցել եմ կիրակնօրյա զինուժի աշխատանքներին։ Երեք հաղորդում եմ մոնտաժել։

Կուրսանտ Հ. Եղիազարյանը նաև օպերատորական աշխատանք է կատարում, նկարահանում է զորամասում տեղի ունեցող կարևոր միջոցառումները։ Նրա ծառայության մեծ մասը դեռ առջևում է, և դեռ շատ պատասխանատու առաջադրանքներ կկատարի մարտական զորամասում։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ