Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ



Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանել է «Ժամանակ» թերթում փետրվարի 22-ին տպագրված «Բանակում կրակել են իրար վրա» հոդվածը։
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ այս լրատվամիջոցի որդեգրած` ամեն գնով հայկական բանակը վարկաբեկելու քաղաքական ուղեգիծը»,- ասվում է մեկնաբանության մեջ:- Բնավ պետք չէ զարմանալ, որ լրատվամիջոցի տպագիր և էլեկտրոնային տարբերակում աղմկահարույց վերտառությամբ հայտնվում է «Գորիսում տեղակայված զորամասերից մեկում հերթական միջադեպի» գրանցման մասին լուրը: Սա, կարծում եմ, բացի ավանդական` բանակը ամեն գնով, հիմնականում չճշտված տեղեկություններով, ստվերելու գործելակերպից, նաև միջոց է` «փրկելու» հակառակորդի վարկաբեկված բանակի «հեղինակությունը»: Ընդամենը նախօրեին լրատվամիջոցների գլխավոր թեման ադրբեջանական բանակում ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հետևանքով արձանագրված տասնյակից ավելի զոհերն ու վիրավորներն էին: Դա հավանաբար ծանր են տարել հակառակորդի ռազմատնտեսական ձեռքբերումների մասին առաջինը աղաղակող լրատվամիջոցում: Ուրեմն` հարկ է պատմություն հորինել, կամ էլ` փաստերը խեղաթյուրել, որպեսզի հանկարծ հայ հանրության շրջանում այդ լուրերը բացասական ազդեցություն չթողնեն: Ապատեղեկատվությունն էլ հարկավոր է այնպես շարադրել, որ արժանահավատ թվա:
Իրականում կատարվել է այն, ինչը հաճախ է պատահում աշխարհի բոլոր բանակներում` հրաձգարանում, մարտական հրաձգության ժամանակ. առավել ևս այն բացառված չէ հայկական բանակում, որտեղ իրականացվում են հրաձգության ինտենսիվ վարժանքներ: Զինծառայողը խախտել է զենքի օգտագործման անվտանգության կանոնները` իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված պատահական կրակոցից ստանալով դաստակի 5-րդ մատի միջանցիկ հրազենային վիրավորում: Կատարվում է հետաքննություն:
Մեկ անգամ ևս արձանագրելով այս լրատվամիջոցի կողմից բանակի վերաբերյալ նպատակաուղղված վարկաբեկիչ հրապարակումը` հարկ կլինի արդեն հետաքննությունում համապատասխան կարգով ներգրավել նաև լրատվամիջոցը կամ «տեղեկությունների աղբյուրը» և պարզել` թե ինչպես է այն առաջինը «գրանցում» բանակային միջադեպը` օպերատիվ կերպով խեղաթյուրելով իրականությունը»:

Խորագիր՝ Նորություններ


22/02/2011