Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԵՆ ՏՎԵԼ ԵՎ ՉԵՆ ԷԼ ԿԱՐՈՂ ՏԱԼ»



Օրերս ԼՂՀ պաշտպանության բանակ լրատվամիջոցների ներկայացուցիչների հերթական այցի ավարտին կայացավ լրագրողների հանդիպումը Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ։ Հանդիպման սկզբում նախարարը լրագրողներին հորդորեց միայն բանակին առնչվող հարցեր տալ և խոստացավ բոլոր հարցերին պատասխանել անկեղծ։

Լրագրող- Այս տարի մահացության ի՞նչ ցուցանիշ է արձանագրվել ՊԲ շարքերում ինչպես հակառակորդի, այնպես էլ այլ պատճառով:

Նախարար- Մահերի թվով բանակային նախորդ տարիների համեմատ 2011 թվականին ամենացածր ցուցանիշն ենք ունեցել, իսկ այս տարի անցած տարվա համեմատ դարձյալ նվազում է արձանագրվել։ Էապես պակասել է հակառակորդի կրակից զոհվածների թիվը` երեք դեպքով։ Երկուսով աճել է ինքնասպանությունների թիվը։ Անցյալ տարի դիտավորյալ սպանության երեք դեպք է արձանագրվել, այս տարի` մեկ, բռնարարքի հետևանքով նախորդ տարի մահվան երկու դեպք ենք ունեցել, այս տարի չունենք, դժբախտ պատահար 2011- ին չենք ունեցել, այս տարի ունենք մեկը, հիվանդության պատճառով անցած տարի պաշտպանության բանակում մահվան երկու դեպք է եղել, այս տարի` մեկ։

Լրագրող- Իսկ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման եւ քաղաքացիական օդանավերը խփելու մասին Ադրբեջանի հայտարարությունները Ձեզ չե՞ն մտահոգում։

Նախարար- Այսօր Արցախի օդանավակայանը տեխնիկապես պատրաստ է շահագործման, եւ որպեսզի ինքնաթիռները կարողանան թռչել օրենքի և միջազգային նորմերի շրջանակներում, հարկավոր է ինչ-ինչ հարցեր համաձայնեցնել որոշ միջազգային կազմակերպությունների հետ։

Այդ հայտարարությունները ես անհեթեթություն եմ համարում։ Իհարկե, հակառակորդը ունի այնպիսի զենք, որը կարողանա խոցել Ստեփանակերտից թռչող քաղաքացիական օդանավերը։ Մենք էլ ունենք հնարավորություն խոցելու Բաքվի օդակայանից բարձրացող և վայրէջք կատարող ցանկացած օդանավ։ Բայց չէ՞ որ մենք մեզ թույլ չենք տալիս նման հայտարարություններ անել։ Մանավանդ որ այս տարի ՊԲ հակաօդային պաշտպանությունը Ադրբեջանի տարածքով անցնող, սակայն մեր խոցելիության տեսադաշտում հայտնված 2226 թռիչք է արձանագրել։

Երկար ու ձիգ ճանապարհով երթեւեկելը ինձ համար որոշակի դժվարություններ է առաջացնում, այնպես որ՝ միշտ օդանավով եմ թռչելու Երեւան։ Եթե անգամ հակառակորդի ինքնաթիռներ լինեն երկնքում, միևնույն է` ես օդանավ եմ նստելու։

Լրագրող- Կխնդրեի ներկայացնեք իրավիճակը առաջնագծում, մասնավորապես՝ թշնամու կողմից հրադադարի խախտումների և մեր պատասխանների հարաբերակցությունը։

Նախարար- Այս պահի դրությամբ հակառակորդը հրադադարը խախտել է 12189 անգամ։ Անցած տարի այս ժամանակահատվածում խախտել էր 9519 անգամ։ ՊԲ կողմից այս տարի պատասխան կրակ է արձակվել 755 անգամ, անցած տարի` 641։ Հիմնականում ավելացել են տարբեր տրամաչափի ծանր և խոշոր զինատեսակներից կրակ վարելու դեպքերը։ Առաջնագծում հակառակորդը անընդհատ փորձում է իրավիճակը լարված պահել, ամեն գնով մեր զինվորին վնաս պատճառել, և այդ կրակոցները առաջին հերթին հենց այդ նպատակն են հետապնդում։ Երկրորդ` հակառակորդը անկանոն կրակոցներով փորձում է բարձրացնել իր զորքի բարոյահոգեբանական վիճակը։ Չգիտեմ` ինչքանով է դա նրանց հաջողվել, բայց մնացած ուղղություններով իրենց կրակոցները որևէ արդյունք չեն տվել և չեն էլ կարող տալ։

Լրագրող- Պարոն գեներալ-լեյտենանտ, Սաֆարովի ազատ արձակումը լուրջ վնաս հասցրեց բանակցային գործընթացին։ Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս է այն անդրադարձել մեր զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի վրա։

Նախարար- Այդ ստահակին ներում շնորհելուց հետո կրակոցների թիվը կտրուկ աճել է, իսկ այդ օրը հասել և անցել էր հազարի սահմանագիծը։ Եթե նախկինում մենք անընդհատ քարոզում էինք զսպվածություն, ապա այսօր մեր զինվորին կարիք չկա բացատրելու, թե ինչպես վարվել հակառակորդի հետ։ Մեր զինվորը քաջ գիտակցում է, որ թշնամուն պետք է հաղթի այստեղ։

Լրագրող- Պարոն նախարար, զորակոչի իրականացման ընթացքում միշտ էլ խնդիրներ ծագում են։ Գո՞հ եք արդյոք այդ գործընթացից։

Նախարար- Զորակոչիկների ֆիզիկական որակները տարեցտարի լավանում են։ Անցած զորակոչին արդյունքները բավականին լավ էին։ Կտրուկ նվազել է ոչ շարային զինծառայողների քանակը։

Լրագրող- Ի՞նչ հաճախականությամբ եք լինում առաջնագծում։

Նախարար- Երբ անհրաժեշտ է։ Նաև՝ երբ զայրացած եմ լինում ինչ-որ բանից…: Սահմանում մարտական հերթապահություն կատարող զինվորի կողքին ես հանգստանում եմ, ամեն ինչ ընկնում է իր տեղը։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #44 (960) 8.11.2012 – 14.11.2012, Ազգային բանակ


14/11/2012