Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՍՈՂ ԱՎԱԶԸ



Լեզուն կտրած տղայի պատմությունը գրի է առել օտարերկրացի մի պաշտոնյա…

Հակոբ պապն արդեն իննսունն անցել, իսկ հարյուրն էլ ծալելով թևատակի`Նարեկացու ողբերգության մեջ, ամեն առավոտ ճանապարհելով ծոռներին`Գևորգին ու Անդրանիկին, պատվիրում էր.

-Տեսե՛ք, բալե՛քս, ֆրանս ու բան չգիտեմ… մեռնիմ ձզի, էն տետրի միջի գրածս լավ սովորած կգաք…

Իսկ գրածը հայոց այբուբենն էր`ամեն տառի կողքը նշված պապի` Արևմտյան Հայաստանի ավեր գյուղի ու թափված երակների անուններով: Այս արյունաուժ այբուբենը Ա-ից էր սկսվում, որն իր մանկության` սարերի հովին վազող ընկերոջ անվան առաջին տառն էր: Թե ինչպես Ահարոնի գլուխը սարում հանդիպած ասկյարները ցրիվ տվեցին ձիերի սմբակներով: Պապը, լուրն առնելով, վազքից մկանված երբ տեղ հասավ, ընկերն ընկած էր` դեռ տաք զարմանքը դեմքին, իսկ կողքին իր պահած ոչխարները անխռով արածում էին արյունոտված խոտերը …Պապը, կատաղությունից զարզանդած, հարձակվեց ոչխարների վրա ու մեկի հետ փաթաթվելով ու ճզմելով ծով խռովքը`գլոր-գլոր աչքերից թափվող արտասուքի հետ իջավ լանջն ի վար…Այն ժամանակ պապը չգիտեր, որ ոչխարը միակ կենդանին է, որ կարող է լիզել անգամ հարազատ մոր արյունը…

Ու այսպես տառից տառ շարունակվում էին հնությունից եռացող հիշողությունները…

…Տարիներ անց, երբ ամբողջ գերդաստանից ողջ մնացած հորեղբոր և կույր քրոջ հետ մի կերպ հասել էին Ֆրանսիայի ափերը, պապը հաստատուն մրմուռով, արցունքն աչքերին՝ չէր մոռացել գաղթականների կտրտված ընտանիքների տոհմածառերը փրկած` լեզուն կտրած այն տղային…

…Մհերն ապրում էր գյուղում, և կարծես հեռավոր ձոր ու քարափից հովը բերեց նրան նախնիների ազատակամք խելառությունն… ու մի օր էլ տեսնելով իրենց գյուղի փնթփնթացող Մանուկ պապին, ում գցել էին ցեխերի մեջ`թուրքերի ու նրանց նախրի վրա բարձունքից քարեր գլորելով`յոթ տարեկանում ստացավ Ծուռ մականունը…

Հորից հիշում էր ճակատին մեռոն վերջին համբույրը, որովհետև հայրը, դեռ վաղուց թողնելով ընտանիքը, նրանց պատիվը Աստծո բարեգթությանը հասցնելով`միացել էր քարափից դղրդացող ֆիդայիներին…

Մհերը մոր արգանդից խոստումնալից լռությամբ էր դուրս թռել`թաց, բայց արդեն խրոխտ աչքերով հետևել Մանուշ տատմոր` դարի պորտը կտրած ձեռքերին…

Բոլոր բարեկամները, լեզու չգտնելով այս խենթի հետ, փորձում էին չզարմանալ նրա հերթական գժությունների վրա…Միայն Կարապետ վարժապետն էր գլուխ հանում փոթորկվող հոգուց: Եվ ամեն անգամ հայոց տառերը սովորեցնելիս տղայի մեջ հետաքրքրություն առաջացնելու համար ջանք չէր խնայում` փորելով ու բոլոր ազգային հերոսների անուններն ու նրանց արարքները միացնելով սկսվող տառի հետ՝ Մհերի միջի կրակին ցանում էր լեզվի անմար խնկաբույրը…

Մի օր խենթը եկեղեցում անհանգիստ ետ ու առաջ էր գնում` տարված ֆիդայիներին միանալու սուր ու կոտրող մանկապարզ մտքերով: Վարժապետի` տառերը սերտելու մեղմ հորդորներին ի պատասխան, բացականչեց.«Եթե ուժի մեջ չէ միայն, ապա ինչո՞ւ է Կարապետ վարժապետի ցուցամատը կտրված»:

Մհերը դեռ չէր ավարտել զայրակաղ ասելիքը, երբ արդեն զղջացող հայոց որդանը պատեց երեսը, որովհետև ամբողջ գյուղը գիտեր, որ դա ուսուցչի հայասիրության ակոսներում` Մահմուդ փաշայի կտրած մատն էր: Իսկ վարժապետը, մնալով անկոտրում, նույն «ցուցամատով» սովորեցնում էր հայրենիքի գոյատևման միակ երկնային աղբյուրը, որով մարդկանց աղոթքներում ազգի ու հայրենիքի փափագը բարձրանալու էր մինչ անվախճան գոյություն…Ու հիմա լսելով տղային՝ մոտենալով գլուխը բռնեց ու խառնելով կռվացրիվ մազերը`ասաց.

-Մհեր ջան, ուժն առանց լեզվի ցամաք լույս է…հայրենիքի պայքարն ու փրկության ձայնը գոչում են հարազատ լեզվով…մի օր կհասկանաս…

Ամպերի կապույտը իջել էր ցած, ծաղիկների բույրը նստել էր գյուղի տանիքներին…Այդ առավոտ մի տեսակ հրճվալից թմրություն էր իջել ամբողջ գյուղի վրա, միայն լսվում էր խոխոջացող աղբյուրի կլթկլթոցն ու միմյանց իրենց երազները պատմող կենդանիների քաղցր խոսքը…

Ամեն ինչ կատարվեց մի կանչով, մի զարկով ու մի հևքով. ամպը մոխրի վերածվեց, ծաղկի բույրը`վառվող մսի, իսկ վաղորդյան թմբիրը խախտեց վայնասունն ու կենդանիների կապված բառաչը: Աղբյուրը լռեց, փշրվող գանգերից կարմրեց ու մթնեց…

Բաշիբոզուկները, Մհերի դեռ քնատ, երազագիլ աչքերի մեջ բռնաբարելով, սրով կտրեցին մորն ու երկու քույրերին: Տղան, վայրի գազանի պես շրջանի մեջ վերցված, գոռում, կիսվում ու ոռնում էր…Թուրքերից մեկի հռհռոցից թռած սատանասուրը կտրեց տղայի` տառապանքից խոսքը կորցրած ու ատամներից ճզմված լեզուն. ամեն ինչ լռեց, աստվածային բոլոր կերտվածքները շուռ եկան ու կախվեցին անդունդի վրա…

Ամիսներ անց, երբ մարդկային ստվերները քայլում էին Դեր Զորի սարսափազդու, արևահար անապատում` հասնելով մի ճամփաբաժանի, ուր նստած էին լինում լեշակեր թռչունները, հանկարծ ավազների միջից դուրս էր ելնում անմարդակերպ մաշկով մի երեխա ու քաշելով բովվածների թևերից, մեկից մյուսն անցնելով, ճանկռելով նրանց աներևույթ դարձած մարմինը` ինչ-որ բան էր ուզում ասել, մեկ ընկնում ու մեկ ելնում խռխռալով…

Իսկ ստվերները չհասկանալով, քարացած նայում էին խենթին, ով արդեն փռված`գլխով, ձեռքով ու մարմնով լուծվող ավազին գրում էր.

-Դեպի աջ կոտորում են`սպանդ է, դեպի ձախ արաբների վրաններն են. փախե՜ք…

Եվ այսպես մահաթմբիրի մեջ արթնացնելով կյանքի փոխանցվող շշունջը՝ Մհերը հայացքով ուղեկցում էր նրանց ու նորից խրվելով անտես ու անհաշիվ, ցավ ավազների մեջ՝ սպասում մյուս քարավանին…

Ու մանկաբույր գիշերվա աղոթքը իմաստուն ադամամութի մեջ՝ ձեռքերը բռունցք՝ բարձրանում էր վեր ու վեր…

-Վարժապետ, դու ճիշտ էիր, թեկուզ անխոս, սակայն լեզուն, գիրը կփրկեն մի ամբողջ` արյունից վերածնված հայրենիք…

…Պապը օտարության կռող դարբնածեծի մեջ երբեք չմոռացավ լեզուն կտրած տղայի անբառ պատգամը…

ԼԵՎՈՆ ՇԱՀՆՈՒՐ

Խորագիր՝ #44 (960) 8.11.2012 – 14.11.2012, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


14/11/2012