Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵՍ ՀՈԳԻ ԵՄ ԿՐԹՈՒՄ»



Սիրում եմ զրուցել մարդկանց հետ։ Երբ ինձ հարցնում են՝ ի՞նչ գործ ես անում (ի՞նչ մասնագիտություն ունես), երբեմն կատակով պատասխանում եմ՝ զրուցում եմ։ Ամեն մարդ մի չգրված վեպ է, մարդկային կյանքի մի պատմություն։ Ու ես սիրում եմ լսել մարդկանց, նրանց խոհերն ու մտորումները, կարդալ նրանց կյանքի չգրված վեպը։ Օրեր առաջ ծանոթներից մեկը ինձ հանձնեց Ազատ Հարությունյանի բանաստեղծությունների ձեռագիր տետրը, ասաց՝ հայրենիքի, բանակի ու անկախության մասին է գրում։ Եվ ահա Ազատ Հարությունյանն իմ աշխատասենյակում է։ 70-ին մոտ տղամարդ է, եկել է թոռնիկի հետ։ Ես նրա հետ հարցազրույց անելու, առավել ևս՝ այդ զրույցը թերթում հրապարակելու մտադրություն չունեի։ Բայց նաև չէի կարող 45 տարվա մանկավարժի հետ զրուցելու առիթը բաց թողնել։ Ու մեր միջև ծայր է առնում այսպիսի զրույց։

-Ո՞նց եք ապրում, ի՞նչ կա Ձեր կողմերում։

-Բուժականո՞ւմ։

-Բուժականի՞ց եք։ Էն օրը մի կին լոբի էր վաճառում։ Տասը անգամ կրկնեց՝ Բուժականի լոբի է, Բուժականի լոբի է… Գնեցի։ Բանի նման չէր։

-Հաստատ Բուժականի չի եղել։ Բուժականի լոբու պես լոբի չկա աշխարհում։ Ընդհանրապես, մեր բանջարեղենն ամենալավն է՝ մեր կաղամբը, լոբին, կարտոֆիլը, վարունգը։ Տես, սուտ չեմ ասի, Արագյուղի խնձորը մերինից համով է։ Բայց բանջարեղենի հարցում մեզ հետ մրցող չի լինի։

-Էդ ինչի՞ որ։

-Որովհետև մեր բնությունը հրաշք է։ Մեր բանջարեղենը մաքուր, սառնորակ աղբյուրների ջրով է ջրվում։ Չե՞ս եղել Բուժականում։

-Չէ։

-Այ քեզ բան։ Մեր անտառները հրաշք են՝ խիտ, բուսառատ, կանաչ… լիքը պտղատու ծառերով։ Մեր սարերը ծաղկում են՝ դրախտ, ինչ ծաղիկ ասես չկա՝ վարդ, մանուշակ, կակաչ… Մեր օդը անուշաբույր է ու մաքուր, մեր վանքերը հին են ու խնկաբույր… Երբ փոքր էի, հիշում եմ, Համբարձման տոնին ամբողջ գյուղը հավաքվում էր եկեղեցու բակում…

-Դո՞ւք ինչ մասնագիտություն ունեք։

-Հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ եմ, արդեն 45 տարի։

-Պարզ է։ Սիրուն եք պատմում։

-Արի «սիրուն»-ը քո աչքով տես։ Արի ու տես ինչ ասել է գյուղ, ադաթ, մտերմություն. հող, հայրենիք։ Բազմաբնակարան շենքում ես ապրում, չէ՞… երևի դիմացի հարևանին չես ճանաչում։ Մի օր էլ, երբ փող ունենաս, բնակարանդ կվաճառես, մի ավելի լավ թաղամասում բնակարան կգնես… Մերը բնակարան չի, օջախ է, իմ պապի պապը այդ հողի վրա է ապրել, իմ թոռները այդ հողի վրա են ապրելու, նաև նրանց թոռները, թոռան թոռները… Այդ հողը իմ տարածքն է այս մեծ աշխարհում, իմ հենման կետը, որը ոչ մի բանի հետ չեմ փոխի։ Դու չգիտես՝ ինչ է նշանակում հարևանը գյուղացու համար։ Մեր պապերի պապերը իրար հետ են մեծացել, մեր պապերն ամեն օր բարի լույս են ասել իրար, մեր թոռները միասին են խաղում բակում, ու իմ ու քո չկա… Հարևանը հարազատ է, հարևանը քո կյանքի ու քո սրտի մի մասն է… Ու գյուղը քո աշխարհն է… Ոնց ասեմ, որ հասկանաս, ոնց որ մի մեծ, շատ մեծ ընտանիք… Վշտիդ պահին՝ թիկունքիդ է, ուրախության ժամանակ՝ կողքիդ։ Միասին ենք ապրում… Միասին… Հասկանո՞ւմ ես…

-Ես գյուղում եմ մեծացել։

-Հա… Ուրեմն կհասկանաս։

Միասին ուժեղ ենք։ Վախ չունենք վաղվա օրվա համար, որովհետև գիտենք՝ կարիքի պահին մենակ չենք մնա։ Մարդը վախից է կուտակում, անօգնական մնալու վախից։ Արի քեզ տանեմ Բուժական, թակիր առաջին պատահած դուռը, տես՝ ինչ հյուրասիրության կարժանանաս։ Գյուղացին գիտի պատվել հյուրին։ Բուժականցիները աշխատող ժողովուրդ են։ Քարից հաց են քամում։ Մեր գյուղում չվարած արտ չես տեսնի, ամուլ հող չես տեսնի։ Բա կարելի՞ է հողը անպտուղ թողնել… հանցանք է, հանցանք։ Մենք շատ ենք աշխատում ու շռայլաբար էլ ծախսում ենք։ Սիրում ենք ինքներս մեզ հաճույք պատճառել՝ հյուրին, հարևանին, բարեկամին պատիվ տալով։ Չաշխատող, ծույլ մարդուց վատ բան չկա։ Երբ հերս մահացավ, ես 3 տարեկան էի։ Մայրս անգրագետ կին էր, տառերը չգիտեր, գիշերը ցերեկ արած աշխատում էր, որ պահի իր 5 զավակներին։ Ինչ գործ ասես չէր անում՝ կավից աման էր սարքում, որ փոխի կարտոֆիլի հետ, բանջար էր քաղում վաճառում։ Ես՝ փոքր երեխա, օգնում էի մորս, աշխատում էի կոլտնտեսությունում։ Հետո, երբ ուզում էի դաս կարդալ, մամաս ասում էր, լույսով կարդա, ճրագը մի վառի։ Երբ ավագ եղբայրս իր ընտանիքով առանձնացավ, ես դարձա մեր տան տղամարդը (10-12 տարեկան էի)։ Մտածում էի՝ ինչպես անեմ, որ եղբորս բացակայությունը չզգացվի։ Աշխատում էի ուժերիս գերլարումով։ Մի օր, չեմ մոռանում, խոտ էի հավաքել ու տուն էի բերում։ Կես ճանապարհին անձրև սկսեց, խոտը թացացավ, դարձավ իր երկու քաշին՝ ուժս չպատեց, մնացի խոտի տակ։

-Ժամանակները փոխվել են։ Այսօրվա սերունդը հնարավորություն ունի ավելի անհոգ մեծանալու։ Երեխան պիտի երեխա լինի։

-Սխալ ես խոսում։ Երեխան պիտի օգնի ծնողին, երեխան պիտի հասկանա՝ երկնքից մանանա չի թափվում. ծնողն աշխատում, տքնում է իրեն պահելու համար։ Երեխան պիտի հասկանա աշխատանքի գինը, պիտի գնահատի իր ունեցածը… Որ հետո երախտամոռ չլինի… Տղաս ու հարսս էլ էին քեզ նման մտածում։ Թոռանս փափուկ մեծացրին։ Ամեն ինչ պատրաստի տվեցին ձեռքը։ Հիմա զինվոր է, սահման է պահում։

-Դժվարությա՞մբ հարմարվեց։

-Չգիտեմ։ Ինչ էլ լինի, գյուղի տղա է, թասիբով տղա է, հո չի՞ կանգնելու ու ասի՝ դժվար է։ Երբեք չի բողոքել, չի տրտնջացել։ Բայց պարզ բան է, որ աշխատանքի, ֆիզիկական ծանրաբեռնվածության սովոր լիներ, ավելի հեշտ կտաներ ռեժիմը… Երդման արարողության ժամանակ եմ տեսել թոռանս։ Լավ էր, տրամադրությունը բարձր էր, ինքնավստահ էր։ Նամակ գրելու սովորությունը վերացավ։ Հիմա հեռախոսով են խոսում՝ էնպես վայրկյանական, հպանցիկ։ Նամակն ուրիշ էր. սպիտակ թուղթը խորհել էր տալիս։ Սպիտակ թուղթը պարտավորեցնում էր։ Ես ու աշակերտներս նամակ էինք գրում իրար։ Մինչև հիմա պահել եմ, բացում-կարդում եմ։ Էնքան սեր ու մտերմություն, անկեղծություն կա էդ նամակներում։ Վստահ եմ, բանակում աշակերտներս մեկ անգամ չէ, որ կարդացել են իմ գրած նամակները, վստահ եմ, որ խորհուրդներս օգնել են նրանց։

-Սերունդը շա՞տ է փոխվել։

-Շատ չէ, բայց փոխվել է։ Հիմա մասնագիտություն ընտրելիս սրտի կանչը չեն լսում, այլ մտածում են՝ ոնց անեն, որ փող աշխատեն։ Փող, փող, փող… Երեխաները մեղավոր չեն։ Երբ ես դպրոցական էի, մեր մաթեմատիկայի խնդիրները էսպիսին էին՝ դու ունես էսքան պարկ ցորեն, որ էսքանը տաս հարևանիդ, ինչքա՞ն կունենաս… Հիմա գրում են՝ էսքան ապրանք ունես, ի՞նչ գնով վաճառես, որ էսքան եկամուտ մնա… Թող մյուս առարկաների ուսուցիչները չնեղանան, ես ինձ մի քիչ զատում եմ սովորական ուսուցիչներից, որովհետև ես հայոց լեզու և գրականություն եմ դասավանդում։ Այսինքն՝ ես ավելի շատ բարոյականության ուսուցիչ եմ։ Ես հոգի եմ կրթում, հոգի եմ հղկում։

-Բարոյականության ուսուցի՞չ՝ ասում եք… աշխարհի ամենակարևոր մասնագիտությունն է։

-Իմ պատանության տարիներին ուսուցիչը շատ հարգված էր։ Երբ ուսուցիչը փողոցով անցնում էր, մեծ ու փոքր ոտքի էին կանգնում։

-Իսկ հիմա՞…

-Հիմա էլ… Տարիքով կանայք ոտքի են կանգնում իմ առաջ։ Այսպես են դիմում՝ Ուսուցիչ։ Լավ ուսուցչին հարգում են։ Կյանքի օրենքն է. սեր տվիր՝ սեր կստանաս…

Մենակ թե պատերազմ չլինի… Ես մի մանկության ընկեր ունեի՝ Սալահը, եղբոր պես էինք իրար հետ։

-Ազերի՞…

-Հա, ազերի։ Հարազատ եղբայր էր, էնքան լավ օրեր ենք անցկացրել իրար հետ, էնքան քաղցր հիշողություններ ունենք։ Էնքան եմ կարոտել… Մի պատառ հացը կիսում էինք, ամբողջ օրը միասին էինք։

-Աստված չտա՝ պատերազմի դաշտում հանդիպեք իրար։

-Սալահը իմ վրա զենք չի հանի… Ես որ հաստատ չեմ կրակի նրա վրա։

…Ի՞նչ որոշեցիր, գալո՞ւ ես Բուժական…

-Կգամ… անպայման…

-…Շատ եմ ցավում, երբ հայը գողանում է իր պետությունից, իր հայրենակցից։ Շատ եմ ցավում…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Ավարայրից եկար դու, Ձիրավից եկար,

Սարդարապատի ոգին էր տրոփում քո երակներում,

Քաջ Վարդանի սուրն էր քո ջլապինդ բազուկներում,

Դավթի Քուռկիկ Ջալալին էր քեզ մարտադաշտ տանում։

Եկար… ու վրեժ էր վառվում քո աչքերում,

Քո հոգում ցավ կար մեծ ու մորմոքուն,

Քո սիրտը խոցված էր, ու հիշողությունից քո

Արյուն էր կաթում դառն ու մակարդուն։

Եկար… Հազար տարվա երազ ու տենչ

Պահած քո աչքերում հրաբորբոք,

Հազար չզարկած զարկ, չերգված երգ հաղթանակի…

Ու պարտության լեղին էր թանձրացել քո կոկորդում,

Ու անարև էր երկինքը քո հայրենիքի,

Ու երազներ էին մեռնում այդ երկնքում։

Եկար ու զարկեցիր՝ վերջին զարկի ուժով,

Վերջին՝ միակ զարկին ապավինած հույսով,

Ազատության տենչով, կամքով անդիմադիր,

Աղոթքներով հազարաբառ ու անձանձիր,

Ու հաղթեցիր այնպես շքեղորեն ու քաջաբար,

Այնքան հերոսական ու քաջազուն։

Հայոց բանակ՝ մեր երազից, սիրուց, ցավից ծնված արև,

Մեր կարոտի, հույսի, սիրո լուրթ երկնքում։

ԶԻՆՎՈՐ ԹՈՌՆԻԿԻՍ` ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

Փակում եմ աչքերս ու հոգուս մեջ ահա

Բացվում է մի պատկեր՝ չքնաղ ու թանկ.

Հայրենի սահմանն է լեռներում ծաղկալանջ,

Ու դու ես՝ ամրակուռ, թիկնեղ ու զինավառ։

Դու արքա ես, զորավար՝ զինվոր ես դու,

Ու տերն ես երկնամերձ, անխորտակ լեռների,

Քո ձեռքին Վարդանի սուրն է անպարտ,

Ու Հայկի նետ ու աղեղն է անվրեպ…

Կանգնած ես՝ նման վիթխարի կաղնու,

Արմատդ հողիդ ընդերքում է խոր,

Կանգնած ես իբրև լեռ՝ հզոր ու անառիկ,

Ու գագաթիդ երկնի ամպերն են հովանի,

Քո հոգում արև է վառվում անմար,

Ու սրտիդ մեջ սիրո օվկիան է անչափելի,

Դու հզոր ես, հաղթող ես, զինվոր ես դու,

Դու ուժն ու հպարտությունն ես իմ հայրենիքի։

ՀԶՈՐ ԲԱՆԱԿ

Քսանամյա մեր նոր բանակ, հզոր բանակ,

Հազարամյա մեր պատմության սյուն ու խոյակ,

Մեծ Վազգենի ու Մոնթեի,

Մեր նահատակ հայ քաջերի ձեռքով կերտված,

Մնաս անհաղթ, մնաս անպարտ ու միշտ արի,

Արթուն պահակ, բերդ ու պարիսպ մեր աշխարհի։

ԱԶԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #44 (960) 8.11.2012 – 14.11.2012, Բանակ և հասարակություն


14/11/2012