Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԳՅՈՒՂԸ



Վահան գյուղից դուրս է գալիս ճանապարհը ու գնում դեպի դիրքեր։ Ասֆալտապատ ճանապարհը տեղ-տեղ արդեն նման է կարկատած շորի։ Այն հիշեցնում է անցած-գնացած օրերի մասին։ Այս ճանապարհն է Վահան գյուղը կապել Արծվաշենին։ Հասնելով դիրքեր՝ ճանապարհը ճյուղավորվում է աջ և ձախ ձգված դիրքերի ուղղությամբ, իսկ մայր ճանապարհը ոլոր-մոլոր մեկ ձորն է իջնում, մեկ թեքվում-բարձրանում սարալանջերով ու թելի նման գնում-փաթաթվում իր կծիկին։ Մտնում է Արծվաշեն ու մոլորվում երբեմնի ճոխ ու ծաղկուն գյուղի փողոցներում, ամայի, ավերակ տներում։ Ավերակ, սակայն իշխող, վեհ ու հպարտ կանգնած է ադրբեջանական այն 20-ից ավելի բնակավայրերի մեջ։ Գումարտակի հրամանատար մայոր Պետրոս Ապրեսյանի ուղեկցությամբ հետաքրքիր է անցնել այդ ճանապարհը, լսել նրա բացատրությունները, նրա պատմությունները հայրենի գյուղի, հայրենի բնության մասին։ Չնայած երիտասարդ տարիքին՝ այնքան շատ են հիշողությունները, պատմությունները, որ երիտասարդ հրամանատարի ամեն մի խոսքը, միտքը լսելը հպարտությամբ է լցնում հոգիդ, հայրենասիրական ընկալումները դառնում են այնքան պարզ ու սիրելի, ինչպես, ասենք, ահա այս աղբյուրի ջուրը, կամ էլ դիրքերի կողքին գտնվող հնագույն շրջանաձև ամրոցի ավերակները, որտեղ դեռ պատերազմից առաջ սկսվել էին հնագիտական պեղումները և այդպես էլ մնացել անավարտ։

Վահան գյուղը գումարտակի հրամանատարի ծննդավայրն է։ Այս ծաղկավառ բնության գրկում է անցել նրա մանկությունը։ Միջնակարգ դպրոց, հետո տեխնիկում, իսկ 92-94թթ. որպես ժամկետային զինծառայող ծառայել է հենց այս դիրքերում։ Չնայած մինչ զինվորական ծառայությունն էլ նա զինվոր է եղել, կռվել է գյուղի տղաների հետ նույն ջոկատում։ Ծառայության ժամանակ գործուղվել է սպայական վերապատրաստման դասընթացների, ստացել լեյտենանտի կոչում ու 1994թ. հոկտեմբերից նշանակվել է նույն զորամասում՝ որպես դասակի հրամանատար։ 2003-ին անցել է պայմանագրային հիմունքներով ծառայության եւ այժմ հրամանատարությունը նրան ներկայացրել է գումարտակի հրամանատարի պաշտոնի։ Պարգևատրվել է «Անբասիր ծառայության» I, II, III աստիճանի, «Մարշալ Հովհաննես Բաղրամյան», Պատերազմի մասնակից, Բանակի 20-ամյակի մեդալներով, ԵԿՄ հուշամեդալներով։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Խրամատներով անցնելիս հրամանատարը ներկայացնում է շարքային հրաձիգ-նռնականետորդ Զոհրապ Նազարյանին։ Արմավիրի Ջանֆիդա գյուղից է։ 1994-ից զինվորական ժամկետային ծառայությունից հետո անցել է պայմանագրայինի։ Բայց պատերազմին մասնակցել է դեռ 14-15 տարեկանից։ Մի մայր են ու մի որդի։ Մայրը դեմ էր, որ մինուճարը կռիվ գնա, սակայն փախչում, Արմավիրի ջոկատի տղաների հետ հասնում էր մարտադաշտ։

-Կռվի տարիներին հանդիպեցի Զոհրապին, 14 տարեկան էր, կորցրել-մոլորել էր ճանապարհը, և ես օգնեցի, դուրս բերեցի։ Դե, մեր տեղանքն է, մեզ ծանոթ է, էլ չհաշված տարիքը,- պատմում է գումարտակի հրամանատարը։

-Պատերազմն ավարտվեց, սակայն Զոհրապի անունը չմոռացվեց, մնաց Ճուտ,- ասում է վաշտի հրամանատար, առաջնագծի պատասխանատու կապիտան Սասուն Խաչատրյանը, որը նույնպես ծնունդով Արմավիրից է, Մրգաշատ գյուղից։ 1991-ից մասնակցել է ազատագրական պայքարին։ Մարտնչել է «Արծիվ-9» (հրամանատար՝ Կ. Ղումաշյան) և «Սև հովազ» (հրամանատար՝ Ռ. Գալստյան) ջոկատներում։ Պարգևատրվել է «Անբասիր ծառայության» III աստիճանի, «Գարեգին Նժդեհ», «Արցախի մայրերի երախտագիտություն» մեդալներով և ԵԿՄ հուշամեդալներով։ Ամուսնացած է, ունի 4 երեխա և 5 թոռ։

-Լավ կլիներ, որ ամուսնանար. Գոհար մայրիկի միակ երազանքը թոռներ ունենալն է, իսկ Զոհրապը ուշացնում է,- ասում է նա։

Շարքային Համլետ Խաչատրյանը Սևան քաղաքից է, բայց այժմ ապրում է Գեղամավան գյուղում։ 2010-ից անցել է պայմանագրային ծառայության։

-Ամեն ինչ լավ է, գոհ ենք Համլետի ծառայությունից, սակայն էլի մի «թերություն» ունի,- ասում է հրամանատարը,- էլի չի ամուսնանում։ Հուսով ենք, որ ձեր մյուս այցին աչքալուսանք կտանք։ Աչքալուսանքն էլ կլինի հայոց բանակի նոր զինվորի ծնունդով,- ասում է հրամանատարը։

Հենակետի ավագ սերժանտ Վաչիկ Հովհաննիսյանը ժամկետային զինծառայության ժամանակ պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Վաչիկը նույնպես Արմավիրից է, Սարդարապատ գյուղից։ Պայմանագրային ծառայության է անցել 2002 թվականից։

Շարքային Արմեն Ղազարյանը արդեն մեկ տարի է, ինչ անցել է պայմանագրային ծառայության։ Ամուսնացած է, ունի մեկ տղա։ Արմենը դիտորդի իր պարտականություններն է կատարում ու հետն էլ որոշ տեղեկություններ տալիս։

-Այ, էն սպիտակ մշուշը հիմա կցրվի, ու կերևա մեր Արծվաշենը, իսկ էս երևացող բնակավայրը ադրբեջանական Մութադարան է, իսկ հեռվում երևացող էն սպիտակ տներով գյուղերից մեկը Սարատովկան է, մյուսը Իվանովկան։ Այդ գյուղերում էլ մոլոկաններ էին ապրում։ Հիմա ոչ մեկը չկա, միայն տներն են մնացել ու անունները,- ասում է դիտորդ Արմեն Ղազարյանը։

-Իսկ կրակոցներ լինո՞ւմ են,- հարցնում եմ շարքային Սամվել Արսենյանին։

Մեկ-մեկ լինում են, սակայն մենք իշխող դիրքերում են։ Այ, տեսնո՞ւմ ես, բարձունքի մեր էն դիրքին: Թշնամին խորամանկ է, զգուշավոր, թե որ մի բան փորձի՝ արժանին կստանա, ինչպես դա եղել է 1992-ին, երբ հետ գրավվեցին այս դիրքերը։

Երբ ուզում էինք հրաժեշտ տալ տղաներին, սերժանտ Կարինե Մարգարյանը մեզ հյուրասիրեց սուրճով։

Սերժանտ, սանհրահանգիչ Կարինե Մարգարյանը նույնպես Արմավիրից է։ «Սև հովազ» ջոկատի կազմում մասնակցել է Մարտակերտի, Մատաղիսի, Մաղավուզի, Հորադիսի կռիվներին։ Պայմանագրային զինծառայության է անցել 1996-ից։ Պարգևատրվել է Բանակի 20-ամյակի մեդալով, ինչպես նաև ԵԿՄ 4 հուշամեդալներով։

-Աստված չանի, եթե հարկ լինի, ես կմնամ ու կկռվեմ տղաների հետ։ Ե՛վ կկռվեմ, և՛ բժշկական առաջին օգնությունը կցուցաբերեմ։ Արդեն սովորել եմ։ Ասում են՝ ամեն ինչի սկիզբն է դժվար, բայց դե պատերազմի սկիզբը ուրիշ է և այն էլ կնոջ համար։ Հորադիսում էինք։ Առաջին անգամ էի դուրս եկել սահման։ Ես վախից դռան ճեղքից նայում էի։ Հաղորդել էին, որ վիրավոր կա, սակայն վախից դուրս չէի գալիս։ Ով եղել է այնտեղ, գիտի այնտեղի մութը՝ ոնց որ կուպր լինի, ձյութ։ Այսպես դռան ճեղքից նայում էի, մեկ էլ՝ վիրավորը իր ոտքով եկավ։ Հիշում եմ՝ Մաղավուզի մոտ վազում էի մեր վիրավոր տղաներին օգնության։ Ամենուր թշնամու դիակներ էին։ Վազում էի աչքերս փակ՝ սարսափելի էր, դժվար… Անցել են օրեր, տարիներ, արդեն ընտելացել եմ։ 1997 թվականի աշունն էր, էս նույն դիրքերում էինք։ Ես կացարանի ճաշարանում խոհարարին էի օգնում։ Մեկ էլ ականի պայթյուն լսեցի։ Չհասցրի հողաթափերս փոխել, զենք վերցնել, վազում եմ պայթյունի ուղղությամբ. «Աստված իմ, էս ինչ եղավ, Աստված ջան, տղաներին մի բան չպատահի»,- մտքումս աղոթում ու վազում եմ։ Հետո դուրս եկա խրամատից ու վազում եմ փուշ ու տատասկի միջով։ Ոտքերս արյունոտվել էին, սակայն ոչինչ չէի զգում։ Վազում եմ՝ մեկ-մեկ տեսնում տղաներին, ուրախանում, ու այդպես մինչև վերջ՝ բոլորը տեղում են, ողջ են, փառք Աստծո, ու դանդաղ հետ եմ վերադառնում կացարան։ Տղաները ինձ դիմավորում են ծիծաղով։ Պարզվեց՝ սարից քար էր գլորվել ու դիպչելով ականին՝ տրաքել։ Ես էլ լսելով այդ պայթյունը՝ այնքան էի շտապել, որ անգամ դեղի պայուսակը չէի վերցրել։ Դա անբացատրել պահ էր… Ամեն մի պայթյուն-կրակոց լսելիս իմ մարտական ընկերների պատկերները մեկ առ մեկ անցնում էին իմ հայացքի առջևով… Եվ երբ տեսնում ես նրանց ողջ՝ գնահատում ես, թե ինչ ասել է երջանկություն…

-Հրաժեշտը մի նոր հանդիպման սկիզբ է,- ասացին տղաները։

Չխոսեցինք կացարանների, խրամատների, ընդհանրապես՝ դիրքերում կատարված ինժեներական մեծ աշխատանքների մասին։ Հավատացնում եմ, որ այն, ինչ տեսանք օրինակելի էր և խրախուսման արժանի։ Արժե շնորհակալական խոսքեր ասել ինչպես զորամասի, այնպես էլ գումարտակի հրամանատարության հասցեին։ Եվ առհասարակ չափազանց կարևոր է զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, որը նույնպես հրաշալի էր։

-Արծվաշենի ջոկատի հրամանատար Սամվել Ղալեչյանի որդին է,- ներկայացնում է գումարտակի դասակի հրամանատար լեյտենանտ Նվեր Ղալեչյանին։

Ճանաչված հրամանատարի որդին ներկայանում է իսկական զինվորականին վայել։ Զգացվում է՝ կիրթ է, սիրում է իր գործը։ Հեռակա ավարտել է «Գալիք» համալսարանը։ 3 եղբայրներն էլ բռնել են հոր ճանապարհը՝ Սարենցն էլ, Սևակն էլ զինվորականներ են։ Ինքը 9 տարեկան է եղել, երբ դուրս են եկել Արծվաշենից։

-Ապրում ենք Ճամբարակում։ Չնայած պատերազմում ստացած իր վերքերին, ցնցակաթվածին՝ հայրս երեք եղբայրներիս ուղարկել է ծառայության և ինքն էլ հարկ եղած դեպքում միշտ պատրաստ է, կանգուն,- ասում է որդին։

Մարտական հենակետերից իջնելիս հանդիպեցինք 13-ամյա Արամայիս Շուշանյանին, 14 և 15-ամյա Արծրուն Արամյանին և Յուրա Ապրեսյանին։ Մեկը գերանդին, մյուսը փոցխը, երրորդը եղանը այնպես վարպետորեն էին աշխատեցնում, որ զգում ես, թե ինչ բան է հողի ուժը, սերը ծննդավայրի հանդեպ։ Բոլորն էլ հարազատներ ունեն սահմանային գումարտակում։

-Իրենք դիրքերն են պահում, մենք էլ տնտեսության գործերում օգնում ենք իրենց,- ասացին այս ամաչկոտ, սակայն հպարտ ու սիրելի տղաները։

Հետո գումարտակի հրամանատար մայոր Պետրոս Ապրեսյանը կարճ տեղեկություններ է տալիս իրենց գյուղից՝ ունի 260 տնտեսություն, 1230 բնակիչ։ Դպրոցում սովորում են 172 աշակերտ։

-Գյուղը կա, գյուղն ապրում է։ Անգամ էն դժվարին օրերին ոչ մեկը չթողեց ծննդավայրը՝ փակ տներ չկան։ 16 զոհ տվեցինք։ Առաջին զոհը Ճաղարյան Գրիգորն էր։ Հուշաղբյուր կա կառուցված։

Հետո գումարտակի հրամանատարը թվարկում է գյուղի աղբյուրների անունները՝ Նորիկ և Մարտիկ Ղուկասյանների աղբյուր, Աղասու աղբյուր, Գուրգեն Շուշանյանի աղբյուր (որը կառուցել են քրոջ որդիները՝ Արայիկ և Ալիկ Սուքիասյանները), Սարիբեկյանների աղբյուր, Օհանյան Կամոյի աղբյուր, Վոլոդյա Ապրեսյանի աղբյուր, Արազի աղբյուր (Արազը գումարտակի հրամանատարի հայրն է)։

Զարմանալի և հետաքրքիր մարդիկ են ապրում Վահան գյուղում, հայրենասեր մարդիկ։ Վահանը հայոց Բինգյոլն է՝ Բյուրակնը, ու ամեն մի աղբյուրի ակունքին մի հուշաքար է, մի անուն, մի պատգամ…

Գումարտակի հրամանատարը մեզ առաջնորդում է Վահան գյուղի զոհվածների հուշաղբյուր։ Վարորդ Կարեն Նադարյանը դեռ հուշաղբյուրին չհասած՝ նախապես ասում է.

-Հնարավոր չէ աղբյուրի մոտ մարդ չլինի։

Եվ իրոք, ոլորանը թեքվելիս երևում են հուշաղբյուրի կողքին կանգնած մեքենաներ։ Տաղավարում կողք կողքի նստած են տղաները՝ Մարտիկը, Սերգեյը, Հուսիկը, Արմենը, Մկրտիչը, Բորիկը, Համլետը…

Մեզ հրավիրում են մի-մի բաժակ բարձրացնելու և հարգելու տղաների հիշատակը։

Քչքչալեն թափվում է ջուրը և ասես կարդում է հուշաքարին գրված անունները՝ Արաբո, Գրիգոր, Ռամիս, Կարո, Գարուշ, Գուրգեն, Մանուչար, Հարություն, Նորիկ, Մամիկոն, Սասուն, Դավիթ, Սասուն, Համլետ, Սամվել, Սաշիկ, Անդրանիկ, Արմեն.

Փա՛ռք տղաներին, հավերժ փառք…

Գյուղի տներից մեկի դռանը նստած զրուցում են տարեց մայրերը։ Խնդրում եմ վարորդ Կարենին, որ մի պահ կանգնի։ Գումարտակի հրամանատարը ժպտում է.

-Վարսենիկ տատս է ու Շուշանյան Սվետան։

Վարսենիկ տատը 84 տարեկան է, Սվետա մայրիկը 61։ Վարսենիկ տատի գրկին իր ծոռներն են՝ Սերոբն ու Սոսեն։ Իմանալով, որ դիրքերից ենք գալիս, զոհվածների հուշաղբյուրից, Վարսենիկ մայրը ծնկին ամուր սեղմած իր Սոսե և Սերոբ ծոռներին (ի դեպ, Սերոբը, տեսնելով Պետրոս հորեղբորը, սկսեց բողոքել. -Ինչո՞ւ ինձ հետդ չես տանում դիրքեր) ձեռք մեկնեց դեպի կապուտակ Սևանի կողմն ու մենախոսության նման ասաց.

-Էս Գեղամա լեռներն են մեզ բաժանում Սևանից։ Թե Սևանի ջրերից սնվում են Հայաստանի աղբյուրների 70 տոկոսից ավելին։ Էս մեր գյուղի աղբյուրների ջրերն էլ գնում-լցվում, սնում են Սևանը։ Իմ երեք թոռները՝ Պետրոսը, Բալաբեկը, Գուրգենը, զինվորագրվել, ծառայում են մեր բանակում, մեր սահմաններն են պահում։ Իմ Սերոբն ու Սոսեն էլ, հարկ եղավ, կդառնան հայրենիքի զինվորներ։ Բա անուններն ինչի՞ ենք դրել։ Լավ գյուղ է մեր գյուղը, լավ տեղեր ունենք, լավ պաշտպաններ, լավ տղաներ, լավ թոռներ, լավ ծոռներ։

Մեր Վահան գյուղը վահան է Սևանի, Երևանի, Հայաստանի համար։ Թե Սևանը սնում է Հայաստանի աղբյուրներին՝ մեր աղբյուրների ջրերն էլ հոսում-սնում են Սևանը… Լավ նայեք մեր գյուղին, շուտ-շուտ այցելեք մեր գյուղ…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #44 (960) 8.11.2012 – 14.11.2012, Ազգային բանակ


14/11/2012