Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐՈՐԴԸ ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

Տեղեկատվության ընդունման, մշակման ու համապատասխան գործողություն իրականացնելու համար վարորդին բավական ժամանակ է անհրաժեշտ: Եթե հաշվի առնենք, որ մեր տարածաշրջանում ճանապարհատրանսպորտային իրավիճակի փոփոխություններն ընթանում են շատ արագ` բխելով բնակլիմայական պայմաններից, արտակարգ իրավիճակներից, ապա հաճախ ժամանակը չի բավարարում, և վարորդի սխալվելու հավանականությունը մեծանում է մի շարք պատճառներով:

♦ տեղեկատվության ընկալման և անհրաժեշտ հետևություններ անելու համար ժամանակի պակաս (օրինակ, վտանգը հայտնաբերված է, սակայն ճանապարհատրանսպորտային պատահարից խուսափելն անհնար է, քանի որ գործունեության մյուս փուլերի համար ժամանակը չի բավարարում),

♦ առաջնային, ելակետային տեղեկատվության սխալ մեկնաբանում (օրինակ, առջևից ընթացող տրանսպորտային միջոցի շրջադարձի ցուցիչի ազդանշանը վարորդի կողմից ընկալվում է որպես արգելակման ազդանշան, կամ խաչմերուկում կարմիր լույսի առկայության դեպքում վարորդը կանգնեցրել է տրանսպորտային միջոցը: Իր դիմաց գտնվող լուսացույցը չի աշխատում: Վարորդը նայում է ձախ կողմը և լուսացույցի վրա նկատում է կանաչ լույսի ազդանշանը: Վարորդը մեխանիկորեն տրանսպորտային միջոցը վարում է ոչ թե ձախ ուղղությամբ, այլ՝ ուղիղ),

♦ ճիշտ մեկնաբանման դեպքում իրավիճակի սխալ վերլուծություն (օրինակ, մոտենալով խաչմերուկին, վարորդին թվում է, թե լուսացույցի դեղին ազդանշանին պետք է հետևի կանաչը, մինչդեռ վառվում է կարմիրը),

♦ ոչ ճիշտ որոշման ընդունում (օրինակ, տվյալ պատահարը կանխելու միակ ճիշտ գործողությունը վազանցն է, սակայն վարորդը դիմում է ավտոմոբիլի կտրուկ արգելակման),

♦ սխալ գործողություն (օրինակ, վարորդն ընդունել է ճիշտ որոշում, կատարել կտրուկ արգելակում, սակայն սխալվում է և սեղմում է գազի ոտնակը՝ մեծացնելով արագությունը):

Վերոհիշյալ պատճառները կարող են հետևանքը լինել նաև վարորդի տվյալ պահին հոգեբանական անկայուն վիճակի, փորձի պակասի և այլնի: Մարդկանց հոգեվիճակները միատեսակ չեն: Հոգեբանական հատկանիշների վրա մեծ ազդեցություն են թողնում շրջապատող միջավայրի գործոնները, որոնք ներգործելով նյարդային համակարգի վրա փոփոխում են հոգեբանական գործընթացների տևողությունն ու խորությունը:

Վարորդի աշխատանքային գործունեության վրա, իր անհատական խառնվածքից զատ` մելամաղձոտ, սառնարյուն, տաքարյուն, կենսուրախ, կարևոր ազդեցություն ունեն մի շարք հոգեբանաֆիզիոլոգիական գործառույթներ, որոնցից գլխավորներն են՝ տեսողական, լսողական ազդակները, ինչպես նաև հավասարակշռվածությունը, ինչի մասին բուժծառայության մասնագետը խոսել, հանգամանալից ներկայացրել է 2011թ. ԶԾԱ կոնֆերանսի ժամանակ:

Մարդու աչքի և այլ զգայական օրգանների գործունեության վերաբերյալ շատ չծավալվելով, կանգ առնենք տեսողական զգայության` մեզ հետաքրքրող մի քանի առանձնահատկությունների վրա` ըստ մասնագետի դիտարկումների.

1. Երբ մարդը նայում է երկու աչքով, աջ և ձախ աչքերի տեսողական դաշտերը մասնակիորեն վերածածկվում են: Վերածածկված մասում գտնվող առարկաները երկու աչքի կողմից էլ տեսանելի են: Որպեսզի մարդը կարողանա ինչ-որ առարկա տեսնել, աչքերը դասավորում է այնպես, որ առարկան ընկնի վերածածկված դաշտի մեջ: Աչքերի նման դասավորությունը երբեմն իրականացվում է գլխի շարժումով: Ընդ որում, գլխի շարժումը և աչքերի վերոհիշյալ դասավորումը մարդը կատարում է ինքնաբերաբար: Ավտոմոբիլի վարման ժամանակ վարորդը նայում է և՛ աջ, և՛ ձախ, և՛ հետնամասը ցուցանող հայելուն: Երթևեկության անվտանգության ապահովման նպատակով վարորդը ոչ միայն նայում, այլև հաճախ սևեռում է իր հայացքը, որի համար ծախսվում է 0,3 վ ժամանակ:

2. Ավտոմոբիլի երթևեկության արագության մեծացմանը զուգընթաց վարորդի տեսադաշտը փոքրանում է:

3. Անգլիացի հոգեբանները մանրամասնորեն ուսումնասիրել են մառախուղի պայմաններում կատարված մի քանի հարյուր ճանապարհատրանսպորտային պատահար: Դրանցից 77 %-ը կազմում էին առջևից ընթացող տրանսպորտային միջոցների հետ բախումները: Վերլուծության հետևանքով բացահայտվել է, որ վարորդների մեծամասնությունը ինքնակամ ձգտել է մեքենաների միջև պահպանել անվտանգ հեռավորություն, առանց իմանալու, որ մառախուղի ժամանակ մարդկային աչքի համար բոլոր առարկաները թվում են երկու անգամ ավելի իրական հեռավորությունից հեռավորության վրա:

4. Գիշերային վարման ընթացքում աչքի հարմարվելու ժամանակամիջոցը հաստատուն չէ: Մութ ժամանակ, օրինակ, այն անընդհատ աճում է 20-30 տարեկանում, իսկ 40-ից հետո վատանում է: 16 տարեկանը մթան մեջ 3 անգամ ավելի վատ է տեսնում, քան 20 տարեկանը: Տեսողության սրությունը (մանր առարկաները տարբերելու ունակությունը) լուսառատ կամ անլուսին գիշերով տատանվում է 30-70 %-ի միջեւ, իսկ մութ գիշերին՝ 3-5 %:

Վարորդը՝ որպես անհատականություն

Անհատականության բոլոր հատկանիշները և առանձնահատկությունները պայմանավորված են անձի բնատուր հակումներով, որոնք այնուհետև ձևավորվում ու դրսևորվում են գործնական աշխատանքի և ուսման ընթացքում: Պրակտիկ գործունեությունն իր հերթին նույնպես բխում է անհատականության առանձնահատկություններից ու հատկանիշներից:

Վարորդը՝ որպես անհատականություն, ձևավորվում է ուսման ընթացքում: Յուրաքանչյուր անհատականությանը հատուկ է իրեն բնորոշ հոգեբանական կառուցվածքը: Բոլոր մարդկանց համար ընդհանուր հոգեբանական կառուցվածքը, որը որոշում է անհատականության տեսակը, ունի չորս ենթակառուցվածք .

♦ Ուղղվածություն: Այն պայմանավորված է աշխարհայացքով, հետաքրքրություններով, ձգտումներով, նպատակներով, համոզվածությամբ ,

♦ Անհատականության փորձ: Այն բնութագրվում է գիտելիքների, հմտությունների, սովորությունների պաշարով: Դրանք են որոշում անհատականության պատրաստվածությունն ու զարգացման մակարդակը,

♦ Առանձին հոգեկան գործընթացների կայուն առանձնահատկություններ: Դրանք են` ուշադրությունը, ընկալումը, մտածողությունը, հիշողությունը, հույզերը, կամքը, որոնք ձևավորվում են վարժություններով,

♦ Անհատականության կենսաբանությամբ պայմանավորված առանձնահատկությունները դրսևորվում են տարիքային ու սեռական հատկանիշներով, խառնվածքով:

Շարունակելի

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #44 (960) 8.11.2012 – 14.11.2012, Ռազմական


14/11/2012