Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐՈՎ



«Ձեր որդին՝ Գևորգ Գևորգյանը, հաղթահարելով բոլոր դժվարությունները, դարձավ «Փոքր Մհեր» կրթահամալիրի սան` ՀԱՅԿԱԶՈՒՆ: Հպարտացե՛ք նրանով: Հայտնե՛ք բոլորին, որ նրանք ևս հպարտանան Ձեր որդով, քանի որ նա այն սակավաթիվ անձանցից է, ով դպրոցական հասակից իրեն նվիրաբերել է հայրենիքին ծառայելու սուրբ գործին»:

Այսպես էր սկսվում նամակը, որ Գևորգի մայրը` Լուսինե Աղեկյանը, ստացավ կրթահամալիրից: Նամակն ընթերցելիս նա բազմիցս հուզվել էր, գուցե նաև թաքուն արտասվել, բայց և հպարտության ու հրճվանքի անթաքույց զգացում էր ապրել: Ուրեմն՝ ճիշտ է վարվել, երբ երկար քննարկումներից, ապագայի տարբեր ծրագրեր ծանրութեթև անելուց հետո ընդունել է որդու որոշումը` ընտրել ապագա զինվորականի ուղին: Մինչդեռ Լուսինեի համար ամենևին էլ հեշտ չէր. Գևորգն իր միակ զավակն է, աչքի լույսի պես է պահել, մեծացրել: Երբ իմացավ Գևորգի ցանկության մասին, սկզբում փորձեց հետ պահել նրան: Վերջնականապես «տղայի կողմն անցավ» ՀՀ պաշտպանության նախարարությունում հետախույզի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելուց հետո միայն:

Լուսինեի եղբոր տղան` Վահագն Աղեկյանը, իր պարտադիր ժամկետային ծառայությունն է անցնում հատուկ նշանակության բրիգադում և այդ օրը ստորաբաժանման կազմում ցուցադրական ելույթներ էր ունենում: Թե՛ Վահագնի, թե՛ մնացած զինծառայողների ելույթներից Գևորգը անչափ տպավորվել էր, ընկերների հետ միայն դրանից էր խոսում: Լուսինեն հասկացավ` տղայի սիրտը կոտրել չի կարելի: Սկսեց հետաքրքրվել ռազմաուսումնական հաստատություններով, ընդունվելու համար անհրաժեշտ նախնական պատրաստությամբ: Եվ ահա երկար սպասումներից հետո մայր ու տղա միասին բացում են «Փոքր Մհեր» կրթահամալիրի դուռը: Հիմա էլ նրանք հիշում են կրթահամալիրի պետ գնդապետ Ա.Մուրադյանի բարի խոսքերն ու խրատները՝ կրթահամալիրի սան դառնալու դեպքում լավ սովորել, կուտակել առավելագույն գիտելիքներ, որոնք անպայման պետք կգան հետագա սպայական ծառայության ընթացքում:

Օրեր անց քննությունների արդյունքները արդեն հայտնի էին: Լավ գնահատականներ ստացածները, որոնց թվում էր նաև Գևորգը, հրավիրվեցին փորձաշրջանի: Մի մասը չդիմացավ փորձություններին և դուրս մնաց: Մյուսները նոր ուսումնական տարվանից թևակոխեցին իրենց կյանքի մի նոր՝ ավելի հասուն և պատասխանատու շրջան: Սկզբում շատ դժվար էր մայր ու որդու համար: Գևորգը հարմարվում էր նոր պայմաններին, միջավայրին: Իսկ Լուսինեն անհամբեր սպասում էր շաբաթվա վերջին, երբ որդին տուն կգար, որ կարոտն առնի: Բայց եւ հասկանում էր՝ դժվարությունները հաղթահարելով իր որդին կհասնի հաջողության:

Գիտեր, որ երդման արարողություն պետք է լինի, բայց ստացած նամակն իրոք անակնկալ էր: Հոկտեմբերի 26-ին տեղի էր ունենալու Գևորգի` Հայկազուն օծվելու (երդման) հանդիսավոր արարողությունը: «Ձեր որդին մեր ապագա հաղթանակների կերտողներից է, պետք է համոզված լինեք դրանում: Կրթահամալիրում նա ստանալու է անհրաժեշտ հանրակրթական և ռազմահայրենասիրական կրթություն, ամենօրյա օժանդակություն ողջ անձնակազմի կողմից: Բայց ձեր օգնությունը նույնպես պարտադիր է: Օգնե՛ք նրան, խրախուսե՛ք և ոգևորե՛ք: Թող վստահ լինի, որ միշտ իր հետ եք և հպարտանում եք նրանով: Մենք նույնպես հպարտանում ենք Ձեր որդով:

Այս հանդիսավոր արարողությունը նոր լիցք և եռանդ կհաղորդի Ձեր որդուն, ուստի նրա համար շատ կարևոր են Ձեր հավատն ու օժանդակությունը»:

Որքան մեծ էր Լուսինեի զարմանքն ու ոգևորությունը, երբ իմացավ, որ նմանատիպ մի նամակ էլ ուղարկվել է այն դպրոցի տնօրենին, որտեղ սովորել է Գևորգը: «Հարգելի տնօրեն, Ձեր դպրոցի նախկին սանն այսօր մեծ խիզախություն եւ քաջություն պահանջող ինքնահաստատման ուղի է ընտրել: Հավատանք նրան եւ համոզված լինենք, որ նա իր ապագա հաղթանակներն ու նվաճումները կերտելու ճանապարհին է…»:

♦♦♦

Հոկտեմբերի 26-ն է: Լուսինեն իր հարազատների հետ «Փոքր Մհեր» կրթահամալիրում է: Հեռվից շարահրապարակում կանգնած պատանիների մեջ փնտրում է Գևորգին` կամքից անկախ բարձրաձայն իր հիացմունքը արտահայտելով նրանց տեսքի, ձիգ կեցվածքի մասին: Նա ոչ մի բառ բաց չի թողնում հանդիսավոր երդմանը նախորդող ելույթից, որը նվիրված էր Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650 և հայ գրատպության 500 ամյակներին: Ելույթ, որի ընթացքում սաները վերահաստատեցին մեկ պարզ ճշմարտություն` հայի հարատևման հիմնական գրավականը հավատքը, սուրը և գիրն են, որոնց պահպանման սուրբ առաքելությունը այդ օրվանից դրվում է նաև Հայկազուն օծվող պատանիների ուսերին: Քիչ անց անասելի ցնծություն ապրեց, երբ Գևորգը իր մյուս հասակակիցների հետ միասին ծնկաչոք երդվեց, ապա կրթահամալիրի պետից ստացավ խորհրդանշական խաչը: Այնուհետև հետևեց, թե ինչպես է իր որդին շարային քայլով անցնում շարահրապարակով, ցուցադրում վերջին շաբաթների ընթացքում սովորածը:

Տպավորված էր հատկապես կրթահամալիրի «Կարիճներ» կոչվող ջոկատի ելույթից: Ուժեղ ու մարզված պատանիները հատուկ նշանակության գործողություններ իրականացրին, ցուցադրեցին ձեռնամարտի բարդ հնարքներ: Մի պահ սիրտը ճմլվեց, երբ հիշեց, որ մի անգամ Գևորգը ցանկություն էր հայտնել հետագայում տեղափոխվելու հենց այդ ջոկատ:

♦♦♦

Ցուցադրական ելույթներն ավարտվեցին, հնչեցին շնորհավորական ելույթները:

-Զորավոր է այն ազգը, որ զինվոր ունի, զորավոր է այն մայրը, որ զինվոր է ծնել, զորավոր է այն երկիրը, որ բանակ ունի,- մաղթանքի իր խոսքում ասաց «Փոքր Մհեր» կրթահամալիրի պետ գնդապետ Արայիկ Մուրադյանը:

Քիչ անց բոլոր Հայկազուններին ազատ արձակում տրվեց՝ տոնական օրվա տպավորություններն ու ցնծությունը հարազատների հետ տոնական սեղանի շուրջ կիսելու: Մեծերը բաժակ բարձրացրին` մեր երկրին, մեր ժողովրդին մաղթելով խաղաղություն: Իսկ Լուսինեն գուցե արդեն մտովի ուրվագծում էր իր մինուճարի՝ Գևորգ որդու, ապագա զինվորականի ուղին. «Փոքր Մհեր» կրթահամալիրն ավարտելուց հետո ուսուցում որևէ ռազմական բուհում, ապա նաև սպայական ծառայություն: Այժմ առավել քան երբևէ վստահ էր, որ ճիշտ որոշում է կայացրել: Ով իմանա՝ գուցե նաեւ որդուն տեսնում էր գեներալի ուսադիրներով…

ԳԱԳԻԿ ԱՐՍԵՆՅԱՆ
Լուս.` Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #43 (959) 1.11.2012 – 7.11.2012, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


07/11/2012