Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ «ՍԱՀՄԱՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՄՏՆԻ ՄԵՐ ՏՆԵՐԸ



Արձագանք պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ «Մեր ժամանակի հերոսը զինվորն է» խորագրով հարցազրույցին

«Մեր ժամանակի հերոսը զինվորն է» հարցազրույցը կարդալիս շատ տպավորվեցի անձնական բնույթի հարցերին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պատասխաններից։ Բանակի մասին նախարարը շատ է խոսել և դեռ կխոսի։ Ինձ համար հայտնություն է Սեյրան Օհանյան մարդու, հայի կերպարը, մտածելակերպը։ Նրա յուրաքանչյուր միտքը խորհելու տեղիք էր տալիս։

«Ինձ միշտ պարտավորեցրել է ծնողներիս հեղինակությունը»,- ասում է նախարարը… Իմ ընտանիքում ապագա զինվոր է մեծանում, ապագա տղամարդ…, ու ես առաջին անգամ մտածեցի՝ երբևէ տղայիս սովորեցրե՞լ եմ պատասխանատու զգալ իրեն ծնողների համբավի ու հեղինակության առաջ։ Առաջին անգամ մտածեցի, որ մարդը ուղղորդում է իր զավակի վարքը, դաստիարակում է դեռևս նրա ծնվելուց շատ տարիներ առաջ՝ իր ապրած կյանքով, իր հեղինակությամբ, իր կենսագրությամբ։

«Ինչ-որ մեկին ինչ-որ բանով օգնելը իմ կյանքի թերևս ամենակարևոր գաղափարն է»,- ասում է նախարարը։ Եթե ես լինեի հարցազրույցի հեղինակը, այս տողերը կօգտագործեի որպես հոդվածի վերնագիր։ «Կարեկցանքից դրդվա՞ծ»,- հարցնում է լրագրողը։ «Ե՛վ կարեկցանքից, և՛ կողքինի ճակատագրի համար պատասխանատվություն կրելու պարտականությունից»,- պատասխանում է նախարարը։ Ահա թե ինչն է պակասում մեզ այսօր՝ կողքինի ճակատագրի համար պատասխանատվություն կրելու պարտավորությունը։ Մեր պատասխանատվության շրջանակը այնքան է նեղացել, որ ներփակվում է մեր ընտանիքի տիրույթում, մենք պատասխանատվություն չենք կրում երկրի ճակատագրի, մեր քաղաքի, մեր հարևանի, նույնիսկ մեր մերձավոր ազգականների համար։ Արցախյան պատերազմի ժամանակ մենք ուժեղ էինք, որովհետև և՛ ճակատում, և՛ թիկունքում մեկս մյուսի հոգսով էինք ապրում։ Երկրի քաղաքացու առաջին բնութագրիչը կողքինի համար պատասխանատվություն կրելու գիտակցությունն է։ Ամենամեծ ու կարևոր խրատը, որ տալիս եմ որդուս, կողքինին օգնելու խրատն է։

«Բարձրագույն զինվորական հաստատությունում սովորելու տարիներին ես հասկացա, որ մասնագիտական ճիշտ ընտրություն եմ արել, ու դա իմ աշխարհն է՝ կարգապահության, պարտաճանաչության, հայրենասիրության, խիզախության, նվիրվածության, պատասխանատվության աշխարհը։ Դա իմ տարածքն էր, ու այդտեղ ես լիդեր էի»…Ես ուզում եմ, որ իմ տղան նույնպես գտնի իր տարածքը, որտեղ լիդեր կլինի, որտեղ ինքը կլինի ամենալավը։ Ես ուզում եմ, որ նա բժիշկ դառնա կամ դիվանագետ, բայց արդյոք նա կգտնի՞ իր տարածքը այդտեղ։ Մարդը հոգեպես խեղվում է, երբ իր տարածքում չէ, աշխատում է առանց խանդավառության ու ներշնչանքի, միջակցությունից վերև չի բարձրանում… Նախարարի այս խոսքերը անուղղակի հորդոր էին երիտասարդ սերնդին՝ գտնելու սեփական տարածքը և առաջնորդ լինելու այդտեղ։

«Իշխելն ու առաջնորդելը տարբեր բաներ են։ Իշխել կարող են նաև բռնությամբ, հարկադրաբար, օգտագործելով տվյալ պահի շահեկան դիրքդ։ Իսկ առաջնորդելու համար մտավոր բարձր ունակություններ են պետք, հարուստ ներաշխարհ, առաքինություններ, հոգեբանական հատկանիշներ, արդար, վստահելի, արժանավոր, հուսալի լինելու կարողություն… Առաջնորդը գնում է առջևից և պատրաստ է իր վրա վերցնելու առաջին հարվածը»…

Ահա թե ինչ կազմություն ունի առաջնորդ բառը։ Առաջինը լինելու և առաջին հարվածը իր վրա վերցնելու կարևորությունն է առաջնորդ բառի հիմքում։ Այսինքն՝ առաջնորդը պաշտպան է, հերոս է, ինքնազոհ է, ամենանվիրյալն է, ամենախիզախն է։ Նախարարը չի ասում, որ առաջնորդը պիտի անբավ հարստություն ունենա ու թիկնապահներ, ինքը առաջնորդ է եղել պատերազմի դաշտում ու թշնամու դեմ առանց թիկնապահի է գնացել։ Մեզ այդպիսի առաջնորդներ են պետք։ Ովքեր ոչ թե իշխան են մեր գլխին, այլ առջևից գնալու խիզախություն ու բարոյականություն ունեցող նվիրյալներ են։

«Անշունչ ու գետնամած ժամանակները հերոսներ չեն ծնում, հերոսները բարձրանում են, երբ կա համապատասխան մթնոլորտ, պաթոս, բարոյականություն, մղում։ Երբ ժամանակները, բարքերը, արժեքներն ու գաղափարները հերոսական են»։

Ես նայում եմ շուրջս ու փորձում գտնել այն պաթոսը, բարոյական մթնոլորտը, արժեքներն ու գաղափարները, որոնք հերոսներ են ծնելու։ Ու ցավով նկատում եմ, որ նախարարի «անշունչ ու գետնամած» ժամանակներ բնորոշումը հենց մեր ժամանակին է վերաբերում, իսկ գետնամած ու անշունչ ժամանակների «հերոսները» ոչ թե քաջությամբ ու առաքինությամբ, այլ կուտակած հարստությամբ են չափվում։ Ու մեզ նոր համազգային զարթոնք է պետք, մեզ սպառնացող թշնամու ճանապարհը փակելու, մեր երկիրը արդար ու հզոր հայրենիք դարձնելու նոր լիցք ու խանդավառություն։ Գետնամած ժամանակները կարելի է վեհացնել ընդամենը սեփական հայրենիքում ավուր հաց գտնելու և արժանապատիվ ապրելու հնարավորություն տալով յուրաքանչյուր հայի, հաստատելով սոցիալական արդարություն, մեղմելով կենսամակարդակի բևեռացում և զսպելով կուտակելու մոլուցքով բռնված մի խումբ մարդկանց օր օրի ահագնացող ախորժակը։

Արցախյան կռվի հերոս նախարարը փորձում է շատ մեծ առաքելություն վերապահել բանակին։ «Այն զինվորը, որ երկու տարի պահել է սահմանը, հետո վերադարձել է հասարակություն, իր հետ տանելու է սահմանի ուժը, ոգեղենությունը, սերը, հայրենիքի զգացողությունը… Սահմանի «բարոյականությունը»… Ու հետզհետե մաքրելու է հասարակությունը խորթ գաղափարներից ու բարքերից»…

Ես չեմ հասցրել մասնակցել Արցախյան պատերազմին, բայց ազգային բանակի առաջին զինվորներից եմ եղել… Եվ ուզում եմ վստահել մեր նախարարի կանխատեսությանը։ Ուզում եմ հավատալ սահմանի ուժին ու բարոյականությանը, այսինքն՝ հայրենասիրության ուժին։ Եթե բանակով անցնող տղամարդկային հասարակությունը, իրոք, տոգորվի սահմանի բարոյականությամբ, թերևս կկարողանա մաքրել հասարակությունը անձնապաշտությունից ու նյութապաշտությունից, և նորից կգան, հետ կգան հերոսներ ծնող վեհ ու ոգեղեն ժամանակները… Երբ սահմանի բարոյականությունը իջնի սարերից ու մտնի յուրաքանչյուրի տուն…

ԵՐՎԱՆԴ ՀՈՎՍԵՓՅԱՆ
տնտեսագետ

Խորագիր՝ #43 (959) 1.11.2012 – 7.11.2012, Բանակ և հասարակություն


07/11/2012