Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿՐԱԿԱՅԻՆ ՎԱՀԱՆԸ



ՀՀ զինված ուժերը նշեցին մեր բանակի ամենահզոր կրակային ուժի և զորատեսակի՝ հրթիռահրետանային զորքերի տոնը՝ հոկտեմբերի 19-ը, և այսօր մենք արդեն նշում ենք նրա 20-ամյակը։

Հայոց բանակի հրետանին ստեղծվեց և ձևավորվեց ծանր և դժվարին պայմաններում։ Արցախյան պատերազմը արդեն սկսվել էր, և անհրաժեշտ էր շտապ ձևավորել ու մարտի դաշտ դուրս բերել առաջին հրետանային մարտկոցները։

Հայ հրետանավորները մարտի դաշտում ցուցաբերեցին արիություն, խիզախություն և տոկունություն, նրանց դիպուկ կրակից թշնամին կրեց մարդկային ուժի և զրահատեխնիկայի զգալի կորուստներ։

Արցախյան պատերազմի սկզբնական շրջանում իրենց անձնական սխրանքով աչքի ընկան շնորհալի հրետանավորներ մայորներ Ռաֆայել Պետրոսյանը և Արկադի Սեմերջյանը, կապիտաններ Գուրգեն Արշակյանը և Վահագն Հակոբյանը, որոնք հերոսաբար զոհվեցին մարտի դաշտում՝ հանուն այսօրվա ազատ և անկախ Հայաստանի և Արցախի, նրանք իրենց արյունով գրեցին մեր հրետանու պատմության առաջին փառավոր էջերը՝ փառք ու պատիվ մեր զոհված հայրենակիցներին։ Մեր բանակի հրետանային զորքերի կայացման և Արցախյան պատերազմը հաղթական ավարտին հասցնելու գործում մեծ ավանդ ունեն գնդապետներ Առնո Տատինցյանը, Վազգեն Ղավալյանը, Ալբերտ Դավթյանը, Բաբկեն Աբրահամյանը, Լևոն Միքայելյանը, Ներսես Մուրադյանը, Մարատ Ղարիբյանը, Ալբերտ Մկրտչյանը, Ռազմիկ Գարեգինյանը, Երվանդ Հասրաթյանը, Ռայմոնդ Մագաուզյանը, Կամո Մանուկյանը, Վալերա Կարապետյանը, Գարուն Աբգարյանը, Զավեն Հարությունյանը, Միքայել Նազարեթյանը, Արամայիս Բաղդասարյանը, Արտավազդ Յաղմությանը, Արմեն Հարությունյանը։

Գեներալներ Ժորա Գասպարյանը (Գրադ՝ Ժորա), Միքայել Գրիգորյանը, Էնրիկո Ապրիամովը, Մարտին Կարապետյանը, Ալբերտ Մարդոյանը, Լևոն Մնացականյանը, Քրիստափոր Իվանյանը, Նորատ Տեր-Գրիգորյանը, Հրաչ Անդրեասյանը, Յուրի Խաչատուրովը։

Իհարկե, անսահման մեծ էր Սպարապետ Վազգեն Սարգսյանի դերն ու նշանակությունը ոչ միայն հրետանու ձևավորման, այլև հայոց բանակի կազմավորման կարևոր գործում։

Վազգեն Սպարապետը առաջիններից էր, որ կարևորեց հրետանու դերն ու նշանակությունը մարտի դաշտում։

Մեր հրետանին այսօր էլ չի կորցնում իր դերն ու նշանակությունը, այն եղել և մնում է ճակատամարտերի ամենավճռորոշ կրակային ուժը ու դեռ երկար տարիներ զսպիչ ուժ կհանդիսանա թշնամու համար։

Շնորհավորում եմ մեր վետերաններին, բոլոր զինծառայողներին, մեր հայ ժողովրդին՝ Հայոց բանակի հրթիռահրետանային զորքերի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ նորանոր հաջողություններ մեր բանակի հրետանու զարգացման, հզորացման և միշտ մարտունակ պահելու կարևոր գործում։

Փառք ու պատիվ մեր զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի ամբողջ անձնակազմին։

Փառք ու պատիվ մեր Հայոց բանակին։

Գեներալ-մայոր Վ. Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Խմբ. կողմից – Գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը եղել է ՀՀ ԶՈՒ հրթիռահրետանային զորքերի վարչության առաջին պետը և ղեկավարել է կադրերը 12 տարի։

Խորագիր՝ #43 (959) 1.11.2012 – 7.11.2012, Ազգային բանակ


07/11/2012