Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՇԽԱՆԱՍԱՐԻ ԹԱԳՆ ՈՒ ՈՐՈՏԱՆԻ ՀԱՌԱՉԸ

Սկիզբը՝ նախորդ համարներում

Լծեն գյուղի վերին հանգստարանից հայացքս բանաստեղծի տապանաքարից բարձրանում և գնում-կախվում է գյուղի վրա, իջնում է Որոտանի կիրճ։ Լռություն է լցվել կիրճում, գյուղի վրա։ Ճանապարհները դատարկ են, չկան անցորդներ, չկան ուղևորներ, չկան ուխտավորներ… Ճանապարհներ, ճանապարհներ… Ուզում եմ հրաժեշտ տալ բանաստեղծին, բայց արդյոք լինո՞ւմ են հրաժեշտներ՝ ճանապարհները քեզ տանելո՞ւ են, թե՞ քայլելու ես փոշոտ ճանապարհներով՝ լռության միջից անընդհատ հետ նայելով։ Լռություն է… Բանաստեղծ Աղվան Մինասյանի «Գերեզմանների սպասավորը» բանաստեղծության տողերը է՛լ ավելի են խտացնում այդ լռությունը.

Չորացած խշշոց էր ու լաց էր,

Աղոթք էր, հառաչ էր ու խոց,

Քամու հետ քարերին փլվեց,

Մի շատ հին բայաթի, մի բուռ կոծ։

Քամին էր՝ լալիս էր ու երգում,

Խնդում էր խելագար ծիծաղով,

Անցնում էր մուրացկան այդ քամին՝

Արցունքը քարերին քսելով։

Լռություն է… Ամալյա մայրն իր հայացքը հառել է որդուն, իսկ բանաստեղծ որդու հայացքը ընդգրկուն է՝ ծննդավայր, Որոտանի կիրճ, Մայր Հայաստան…

Ճանապարհներ, հայրենի ճանապարհներ, որոնք, թվում է, բաբախում են բանաստեղծի զարկերակի պես, ձգվում ողջ աշխարհով մեկ… Եվ այդ ճանապարհներով քայլում են Դուրյանը, Մեծարենցը, մեր մեծերը, քայլում են նրանք, ովքեր հավատի գրչով ու սրի զորությամբ, արորով ու արդար վաստակով մեզ ավանդեցին Հայաստան աշխարհը…

♦♦♦

…Զանգեզուր տանող ճանապարհին հանդիպեցինք Յուրա Հովհաննիսյանին ու Սոս Մկրտչյանին։ Երկրաբաններ են, գնում են Արցախ։ Գոռհայքում նրանց էր սպասում մեքենան։

-Բնակարաններ պետք է կառուցվեն Արցախում, գնում ենք հողի ընդերքը, ապարները ուսումնասիրելու,- ասացին պատվարժան երկրաբանները։

-Իսկ դուք ի՞նչ գործով եք գնում Զանգեզուր,- հարցրին երկրաբանները։

-Լծենում մի երիտասարդ բանաստեղծ է ապրում։ Զոհվել է 23 տարեկան հասակում, գնում ենք բանաստեղծի շիրիմին այցի։

-Ափսոս, շատ էր երիտասարդ…

Այդ պահին անցնում էինք այն վայրով, որտեղ ժամանակին եղել է պատմական Մոզ քաղաքը ու ավերվել երկրաշարժից, հրաբխից։

-15-ից մինչև 30 մ հաստության լավայի շերտի տակ է մնացել քաղաքը,- ասացին երկրաբանները,- որքան ճիչ, աղաղակ, մարդկային որքան երազներ են թաղված այս հողի տակ՝ անանուն ու անհիշատակ։ Պատկերացնո՞ւմ եք՝ մի ամբողջ քաղաք է եղել այս քարերի, այս ժայռերի տակ, որքան ժամանակներ են անցել,- ասացին նրանք։

Բազմավաստակ, տարեց երկրաբաններին ծանոթ էր հայրենի բնաշխարհը։

Ամբողջ ճանապարհին նրանք այնպիսի կարոտով, թախիծով, այնպիսի գուրգուրանքով, ջերմ սիրով էին խոսում հայրենի սարերի, քարերի, ժայռ ու քարափների մասին, որ չես կասկածում, թե նրանք շնչավոր են, զգայուն։ Հետո նորից հիշում են Լծենի բանաստեղծին.

-Եթե բանաստեղծ է՝ գիր է թողել, ուրեմն՝ անմահ է,- ասացին։

…Երևանից Ախլաթյան էր գնում պապն իր Սերոբ թոռան հետ։ Այսպես է մեկնում իր ծննդավայրի (պապը ծնվել էր Ախլաթյանում) անվան ծագումնաբանությունը.

-Մեր գյուղի անունը Ախլաթ է եղել։ Հիշո՞ւմ եք Սերոբ Աղբյուրի ծննդավայրն էլ է կոչվել Ախլաթ՝ այ էդտեղից է առել իր անունը: Թոռանս էլ կոչել եմ Սերոբ՝ Աղբյուր Սերոբի հիշատակին։ Տանում եմ հետս, որ ճանաչի իր նախնիների ծննդավայրը…

♦♦♦

…75-ն անց Հովսեփ պապը Սիսիանի անվտոկայանից ուզում է մեկնել Ջերմուկ հուղարկավորության.

-Ուրախություններին չենք կարողանում մասնակցել, գոնե թաղումներին գնանք, պառավիս հետ վերջին գնաս բարովը, ողորմին տանք։

Հետո Հովսեփ պապն աչքը սարերին, ասում է.

-Էս տարի ջուրը լավ է, առատ ձյուն եկավ ու դանդաղ հալվեց-իջավ լեռների ընդերքը, և սարերը հղիացան, աղբյուրները սնվեցին այդ ջրերով… Ու հիմա առատ ջուր եղավ, ամռանն էլ քիչ ժամանակ է մնացել ու շատ չեն իջել Սպանդարյանի, Շամբի, Տոլորսի ջրամբարները։

Լսում եմ Հովսեփ պապին և, անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում՝ «սարերը հղիացան» արտահայտությունը։ Գեղեցիկ է ասված, նման հրաշքի… Ու մտովի տեղափոխվում եմ Արմաղան-Աղվանի, Կարենի աղբյուրները, որոնք սնվում են այդ ջրերով, սնվում են հայոց Լուսաղբյուրներով, Կաթնաղբյուրներով (նորից հիշում եմ մեր էպոսի Ծովինարին, մեր նախատատին), ու ծնվում են Բանաստեղծներ, Ծաղկողներ, Վարդապետներ, Զորավարներ ու Զորավորներ…

Աղվան որդու կողքին Ամալյա մայրն է. քիչ այն կողմ Պարգև պապն ու Վարդեր տատը։ Եվ նորից նոր հիշում եմ Հրանտ հայրիկի սիրո պատմությունը, թե ինչպես է Վարդեր մայրիկին խնդրում իր նամակը հանձնել Ամալյային։ Լռություն է՝ ու քաղցր ու թախիծով լեցուն լռության մեջ լսվում է Կոմիտասի «Կուժն առա ելա սարը» երգի տողերը։ Հրանտ հայրիկը աչքերն է սրբում։

-Բլբուլը դարի վերա,

Խընձորը ծառի վերա,

Սիրած սիրածին տային,

Չոր գետնին՝ քարի վերա։

Հետո նորից նոր հայացքս ուղղում եմ բանաստեղծին, հիշում եմ Պարույր Սևակին.

-Ասա, վարդապետ, ո՞վ էր քո սերը

Վարդի պես քնքուշ քո սիրո տերը.

Սոնա՞ էր, Շողե՞ր՝

Ականջին ուներ ոսկեթել օղե՞ր…

Եւ Լծենի հանգստարանից լսվում է հոգևոր այրերի Աղոթքը Որոտնավանքի, Տաթևի վանքի կամարների տակից։

Հետո Զորական այրերը Որոտնաբերդի, Աղոթարանի ու ուստուփի գագաթներից որոտում են՝ ի զեե՜ե՜ն։

Հետո մի լույս է իջնում Իշխանասարի գագաթին, որը կամաց-կամաց նմանվում է թագի, և թագավորական խոսքեր են տարածվում Սյունյաց աշխարհում, հայոց աշխարհում…

Եվ Որոտանը իր հառաչի հետ դարերին է տանում այդ խոսքերը, տանում է իր ջրերի հետ խառնելով հառաչ ու որոտ։

Կարմիր դագաղով անիծյալ կյանքն են տանում թաղելու

Երբ վերջալույսի կրակվող աչքը ելնում է սեղան,

Եվ որտեղ որ է՝ երկինքը հիմա թատրոն է տալու,

Մարդիկ ոռնում են մենակ մնացած գայլերի նման.-

Կարմիր դագաղով երազ ու սեր են տանում թաղելու։

Հորիզոնները վառվեցին կրքից՝ վայրենի ու խենթ,

Մութը ցրվում է՝ քարանձավներում իր վիշտը լալու,

Մարդիկ մենակ են ցավի ու թախծի թաց տրտմության հետ.-

Կարմիր դագաղով թախիծ ու սև են տանում թաղելու։

Արյունոտ կեսօր, հրդեհվեց կյանքի ամայության մեջ,

Շուրջը ալիքվեց՝ Թանատոսի սև ստվերին հլու,

Գեղեցկությունը մեռավ մահացող թաց աչքերի մեջ.-

Կարմիր դագաղով կյանք ու իղձեր են տանում թաղելու։

Արշալույսները լուռ խարխափում են մայրամուտի մեջ,

Այսօրվա օրը ո՞ւմ թարթիչներն է արցունքոտելու,

Մարդիկ վշտի մեջ կանգնել են մենակ.-

Կարմիր դագաղով սիրտ ու կրակ են տանում թաղելու։

Օրը էլ չունի ժամ ու ժամանակ՝ հաշված է ժամը,

Երկինքը տարավ արևին ուրիշ հողում վառելու,

Մարդկանց թողել են վախից դողալու մահվան սև վարակ.-

Կարմիր դագաղով հառաչ ու լաց են տանում թաղելու։

…Միշտ բանաստեղծն էր իր ոտքով գնում Ամալյա մոր գերեզմանին։ Այս անգամ իրեն տանում էին՝ տանում էին ինչպես մայրն է գրկին իր բարուրած զավակը՝ գնում…

Երազ ու սեր են տանում հողին հանձնելու։ Բայց դա ցանքս է, ինչպես սերմնացաններն են սերմը շաղ տալիս հայրենի ցելերում։ Ցանում են, որ հնձվորները հունձ անեն, հայոց հարսները ջուր բերեն Արմաղան-Աղվանի աղբյուրից, Կաթնաղբյուրներից, Լուսաղբյուրներից, և հունձը առատ լինի՝ հնձվորը խոտի հետ այն խրձի։ Բնության, հայրենիքի սիրահարն ու սիրահարված պատանին այդ ցանքսը՝ սիրտ ու կրակ, հառաչ ու լաց, թախիծ ու սև, կյանք ու իղձեր, երազ ու սեր փնջի մեկ կակաչի, մեկ ջանգյուլումի, մեկ գներբուքի, մեկ բրաբիոն ծաղկի տեսքով և փորձի գտնել Հավերժության, Անմահության ճանապարհը…

Եվ երբ գտնի ու մի քայլ անի այդ ճանապարհով, նա կտեսնի աշխարհին սիրահար մի Պոետի՝ Լծենում ծնված Բանաստեղծ Աղվան Մինասյանին…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ