Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԼՐՏԵՍՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
ԼՐՏԵՍՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Ուզո՞ւմ եք լսել լրտեսական իրական պատմություններ, տեսնել իրական լրտեսելու միջոցներ, նստել Ջեյմս Բոնդի մեքենան, մի խոսքով՝ ուզո՞ւմ եք տեղեկացված լինել լրտեսության պատմությանը՝ ակունքներից սկսած մինչև մեր ժամանակները, պարզապես այցելեք Վաշինգտոնի Միջազգային լրտեսության թանգարան։ Այստեղ ձեզ սպասում է լրտեսական իրերի մի ամբողջ շքեղ հավաքածու։ Ամեն առարկա իր ուրույն ու հետաքրքիր պատմությունն ունի։ Ահա փայտե փորագրազարդ արծիվ-ԱՄՆ գերբը։ Սա, պարզվում է, միայն արվեստի գեղեցիկ գործ չէ։ Այս իրը 1946թ. Մոսկվայում պիոներները նվիրել են ԱՄՆ դեսպանին։ Սակայն ՊԱԿ-ը մինչ այդ հասցրել էր գաղտնալսող սարք տեղադրել քանդակի մեջ։ Դեսպանն էլ, բանից անտեղյակ, իր համար հանգիստ այն կախել էր աշխատասենյակում։ Գաղտնալսող սարքի առկայությունը բացահայտվեց միայն վեց տարի անց։

Լրտեսական աշխարհը բոլորովին կտրված չէ մեր աշխարհից, քանզի լրտեսներն ապրում և գործում են մեր կողքին, ու բնականաբար նրանց «զինանոցում» գտնվում են առաջին հայացքից սովորական թվացող իրերը։ Ստորև կներկայացնենք թանգարանում գտնվող իրերից մի քանիսը, որոնք առավելապես գործածվել են 20-րդ դարում։

Շրթներկ-ատրճանակ. 1960-ական թվականներին ՊԱԿ-ի գործակալուհիները 4,5 մմ այս շրթներկը, բնականաբար, օգտագործում էին ո՛չ իրենց շրթունքները ներկելու համար։ Այս միափամփուշտ ատրճանակ-շրթներկով նրանք վերացնում էին անցանկալի անձանց։

Բաճկոնի լուսանկարչական ապարատ. Սա իրականում տեղադրվում էր ՊԱԿ-ի գործակալի բաճկոնի գրպանում, իսկ բաճկոնի կոճակը ծառայում էր որպես նկարահանող սարք։ Սրանք ավելի հաճախ օգտագործվում էին մասսայական հավաքների ժամանակ։

Միկրոֆոտոապարատ. օգտագործում էին Արևելյան Գերմանիայի լրտեսները 1960-ականներին։ Այն ստեղծված էր փաստաթղթերը և տեքստերը լուսանկարելու համար։

Հաղորդիչ կրունկով կոշիկ. Հաճախ հատուկ գործակալները որևէ երկիր գնալիս իրենց հագուկապը պատվիրում էին հենց իրենց երկրում։ Պարզվում է՝ սա էլ իր պատճառներն ուներ։ Օրինակ՝ Ռումինիայի գաղտնի գործակալների կոշիկների կրունկների մեջ հատուկ հաղորդիչներ էին տեղադրված։

«Էնիգմա» կոդավորման մեքենա. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիներն օգտվում էին այս ռազմական գաղտնագրման էլեկտրամեխանիկական մեքենայից, որն արտաքինից նման է սովորական գրամեքենայի։ Ստեղնաշարը բաղկացած է 26 տառից՝ անգլերեն այբուբենին համապատասխան։ Յուրաքանչյուր տառ կոդավորվում է յուրովի (նորովի), այսինքն՝ նույն տեքստում, ասենք, «U» տառը կարող է կոդավորվել տարբեր կերպ, որն էլ «Էնիգմայի» գլխավոր արժանիքն է։

Բուլղարական հովանոց. 1978թ. բուլղարացի գաղտնի գործակալը օգտվեց այս հովանոցից այլախոհ Գեորգի Մարկովին սպանելու համար։ Ձգանը սեղմելուց հովանոցից թույն էր դուրս ժայթքում։ Սակայն գործակալը թույնի փոխարեն փամփուշտ էր տեղադրել։ 1991թ. Բուլղարիայում հայտնաբերվեց մի շինություն, որը լեփ-լեցուն էր մահացու այս հովանոցներով։

Աղավնի-արբանյակ. լրտեսական թռչող աղավնին, որի վրա տեղադրված էր լուսանկարչական ապարատ՝ լուսանկարահանման ավտոմատ ռեժիմում։ Աղավնին թափանցում էր հակառակորդի տարածք և անընդմեջ լուսանկարում։ Սա օգտագործվել է 1950թ. և աչքի ընկել 95 տոկոսանոց արդյունավետությամբ։
Փայտե կոճղ. օգտագործվել է Մոսկվայի մերձակա անտառներում։ Տվիչները որսում էին խորհրդային ավիաբազաներից եկող ազդանշանները և հաղորդում ԱՄՆ։ Սրանք սնվում էին արևի էներգիայով։

Հաղորդիչ Dog Doo Transmitter. տեսքով նման է շան արտաթորանքի։ Նման բաներին սովորաբար ոչ ոք ձեռք չի տալիս և չի էլ կասկածում։ Այս լրտեսական իրն օգտագործվել է Վիետնամի պատերազմի ժամանակ։

Լրտեսական իրերն աչքի են ընկնում իրենց բազմազանությամբ, ժամանակի ընթացքում է՛լ ավելի են կատարելագործվում։ Տեսանկարահանող, գաղտնալսող սարքեր են դրվում ծխախոտի տուփում, ակնոցի, գլխարկի, ներքնաշորի, փողկապի, ժամացույցի, գրիչի, մատանու, ատամի պրոթեզի մեջ։ Մի խոսքով՝ մարդկային երևակայությունն անսպառ է։ Ի դեպ, այս թանգարանում կարող եք ոչ միայն տեսնել և լսել այն ամենը, ինչ վերաբերում է լրտեսությանը, այլ ինքներդ ձեզ փորձել լրտեսի դերում։ Այստեղ գործում է «լրտեսական դպրոց», որտեղ դուք կծանոթանաք լրտեսության հիմունքներին` կրիպտոգրաֆիային (գիտություն գաղտնագրության մասին), գաղտնագրության տվյալների կոդավորման մեթոդներին, կսովորեք կոդեր բացահայտել, մեքենայի մեջ թաքցնել հինգ մարդու և առանց կասկածի տեղիք տալու հատել սահմանը և այլն, և այլն… Այստեղ կարող եք գնել գաղտնալսող սարքեր, անհետացող թանաքով գրիչներ, գրքեր, ֆիլմեր, հագուստ, «հույժ գաղտնի» թղթապանակներ, լրտեսների և լրտեսելու հետ կապված ի՜նչ ուզեք։ Այս թանգարանից դուրս եկող ամեն այցելու իրեն ամենաքիչը նոր, գերժամանակակից Ջեյմս Բոնդ է համարում։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ