Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՇԽԱՆԱՍԱՐԻ ԹԱԳՆ ՈՒ ՈՐՈՏԱՆԻ ՀԱՌԱՉԸ

Սկիզբը՝ թիվ 40-ում

-Աղվանին պետք է կարդալ, հասկանալ։ Փիլիսոփայություն է, գրված է փոխաբերական իմաստով… Առաջին քննադատը ես էի։ Գրածը առաջինն ինձ էր տալիս, որ կարդամ։ Կարդում էի, քննադատում, մեկ-մեկ ծիծաղում, հոգու հետ խաղում։ Բարկանում, վերցնում էր գործերը.

-Չես հասկանում, որ հասկանաս, կտեսնես՝ ինչ ուժեղ գործեր են,- ասում էր ու բարկացած հեռանում։

Հետո իմացա, որ 16 տարեկանում բանաստեղծությունները տարել էր Երևան, ու երբ խմբագրությունում փորձել էին տողերը, բառերը «շտկել-փոխել»՝ չէր համաձայնել, վերցրել, հետ էր եկել։

-Ես գիտեմ ինչ եմ գրում, իմ բառերը պետք չէ փոխել, ասել էր եղբայրս,- վերհիշում է եղբայրը՝ Աշոտն ու շարունակում.

-Աղվանի մյուս բանաստեղծությունը կապված է պատերազմական օրերի հետ։ Քարվաճառի ազատագրական օրերն էին։ Նարեշտար բնակավայրը մի քանի փորձից հետո մնացել էր անառիկ։ Փորձ էր արվել գրավել աջ ու ձախ կողմերից, որովհետև դիմացը բարձրաբերձ ժայռեր էին, դժվարամատչելի։ Ես առաջարկեցի հարձակման իմ մշակած գործողությունը։ Շատերին անհավանական թվաց այն, որովհետև հարձակման հիմնական ուղղությունը ես ընտրել էի կենտրոնով՝ բարձր ժայռերով, հասկանալով դժվարությունը, սակայն գիտակցելով, որ թշնամու մտքով չի անցնի, որ դիմացից կանցնենք հարձակման։ Աջ և ձախ թևերից տղաները պիտի հարձակման պատրանք ստեղծեին, որպեսզի թշնամին կասկած չունենար։ Ամբողջ մի օր հավաքեցինք պարանները, գործեցինք իրար փաթաթելով շորերը և սկսեցինք գրոհը։ Ժայռերը մագլցելով՝ պարաններից օգտվելով՝ բարձրանում էինք։ Մնացել էր մի 10-15 մետր, երբ թշնամին նկատեց մեզ ու սկսեց կրակ տեղալ վերևից։ Մենք պատսպարվել էինք ժայռերի խոռոչներում, և գնդակները մեր առջևով սուրում էին դեպի անդունդ։ Հետո սկսեցին նռնակներ նետել, որոնք պայթում էին էլի մեզնից ներքև։ Այնքան հիմար էին, որ օղակը քաշելուց չէին հաշվարկում, թե որքան պահեն ու գցեն, որպեսզի պայթի մեր ուղղությամբ։ Պահն օրհասական էր։ Ես կապ տվեցի երկու թևից գրոհող տղաներին և կարճ ներկայացրի իրավիճակը։ Այդ պահին, երբ ռացիայից Աղվանը լսում է իմ ձայնը, դեռ հրամանը չեղած, անցնում է հարձակման, տղաները միանում են նրան, երկու կողմից էլ ուժեղ հարձակում է սկսվում։ Նույնիսկ անցնում են ձեռնամարտի։ Այդ ընթացքում մենք արագ բարձրացանք, և «մի պահ մեզ մոռացած թշնամուն» էլ ոչինչ չէր մնում՝ փախուստից բացի։

Բարձունքը մերն էր, դեպի Քարվաճառ ճանապարհը բաց էր։ Ես այդ ընթացքում փնտրում էի եղբորս։ Գտա նրան ադրբեջանցիներից նոր գրաված խրամատին հենված։ Թղթին մատիտով ինչ-որ բան էր գրում. պարզ էր՝ բանաստեղծություն էր։ Մեր հայացքները հանդիպեցին։ Մենք լուռ գրկախառնվեցինք։ Հետո տղաները պատմեցին, թե «ռացիայից» իմ ձայնը լսելով ինչպես է նետվել թշնամին, արհամարհելով մահը։ Վտանգելով կյանքը իմ պուճուր, իմ բանաստեղծ ախպերը։

Հետո երեկոյան նա ինձ տվեց թղթի մի պատառ, որտեղ գրված էր այս բանաստեղծությունը։ Սովորության համաձայն, ինքը միշտ կարդում էր։ Այս անգամ թախծոտ հայացքով նայելով ինձ, ասաց.

-Վերցրո՛ւ, հրամանատա՛ր, կկարդաս…

Թվում է՝ Աշոտ Մինասյանն այս պատմությունը պատմում է «խաղաղ, հանգիստ»։ Ես պատկերացնում եմ օգնության կանչող Աշոտին և եղբորը՝ Աղվանին, որը լսելով եղբոր ձայնը, շտապում է նրան օգնության։ Լսողները հուզվում են, իմ սիրտը քիչ է մնում դուրս թռչի Աշոտի այդ «խաղաղ, հանգիստ» «պահվածքից»։ Եվ հանկարծ հիշում եմ Հրանտ հայրիկի խոսքերը.

-Աշոտս երկու անգամ սրտի վիրահատություն է տարել։ Այս տարի իմ սրտի աշխատանքին էլ բժիշկները «միջամտեցին»։ Ես Աշոտիս չեմ կարողանում մերժել, իմ տղան է՝ ինչեր ասես չտեսավ տղաս…

Հետո տխուր խորհում եմ, որ բանաստեղծի կորուստը դեռ անձնական է… Ու հավատացած եմ՝ գալու է այն օրը, երբ այն դառնալու է ազգային, որովհետև երիտասարդ բանաստեղծի տողերն ու ապրած կյանքը դուրս էին անձնականից՝ գնում էին դեպի ազգային, համազգային տարածք…

Ավարտելով Նարեշտարի կռվի այս պատմությունը, Աշոտ Մինասյանը արտասանում է այդ օրը գրված ահա այս բանաստեղծությունը։ Արտասանում է ասես ինքն իր համար։ Աղվանի երկրային տարիքը խորհրդանշող 23 եղևնիները լույս ու ստվերի խաղից հազար ու մի երանգ են ստանում՝ սպիտակ, կանաչ, կապույտ, նարնջագույն ու ասես խաղաղության մեջ ականջ են դնում բանաստեղծի խոսքերին։

Ահա այդ բանաստեղծությունը։

Մենք կանգնած ենք իրար դեմ ու պիտի մեկս զոհվի,

Տեսնես որի՞ս կտանի ճակատագիրը զորեղ,

Ես կանգնած եմ նրա դեմ՝ թող իմ մեջքը չտեսնի,

Մարդիկ ասում են, իբր, մեջքին հեշտ է կրակել։

Մենք կանգնած ենք իրար դեմ, ու մեր դիմացը՝ անդունդ,

Այնտեղ կրակ են վառել ու ըսպասում են զոհի,

Մեր գլխում եռք է հիմա, երակներում՝ գինի թունդ,

Որը երկար կմխա ուղեղի մեջ հաղթողի։

Եվ ես ելնում եմ անահ, կանգնած եմ ողջ հասակով

Ու կրակում եմ հերթով։ Փամփուշտս է մտածված։

Ես քո թիրախն եմ դարձել ու ըսպասում եմ սրտով

Քո գազազած վրեժին, քո գնդակին արձակած։

Բայց որոշված էր արդեն, և դու խփվում ես կրծքից

Ու ցատկում ես տեղիցդ՝ վերջին ճիգով քո սրտի,

Հետո ընկնում ես հողին,- խաղաղվում է ամեն ինչ,

Ու լռություն է տիրում գեհենի մեջ ամեհի։

Հիմա գնում ենք առաջ, ու ծարավն է տանջում մեզ,

Ու քրտինքն է հեղեղում մեր աչքերը պղտորված,

Հասնում ենք մենք բարձունքին, սիրտս զգում է կարծես,

Որ այս անհուն բարձունքում մի ողջ խորհուրդ է թաղված։

Լռության մեջ թրթռում են բանաստեղծի խոսքերը, ու հանկարծ հիշում եմ մանկության տարիներից իմ հոգում տպավորված մի լուսանկար՝ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը խոնարհաբար համբուրում է Մարտիրոս Սարյանի աջը։ Համարձակ բանաստեղծը և նրա որդիական խոնարհումը, հարգանքը մեր մեծ նկարչին։ Այդ լուսանկարն ինձ հիշեցնում է Աղվան Մինասյանի վարքը, նրա մասին լսած պատառիկ-հուշերը, նրա բանաստեղծական տողերը։ Եվ խորհում ես, փորձում գտնել անհատների ուժը, որը տրվում-սնվում է բնությունից, գալիս է ընտանեկան կրթությունից, դաստիարակությունից…

Ռաֆայել ամիի, Անահիտ զիզիի, Հրանտ հայրիկի, Ամալյա մայրիկի մեջ ինչ-որ կապող մի անտես թել կա, իմ զգացողությունն է այդպես հուշում, իմ բնության ազդակը…

…Երբ Հրանտ հայրիկի հետ տուն վերադարձանք՝ տպավորություններն այնքան շատ էին, այնքան առատ, որ հոգնությունը թափառում էր բանաստեղծի ոտնահետքերով։ Արդեն մութն ընկել էր, և Հրանտ հայրիկն ասաց.

-Գնամ մեղվափեթակները նայեմ։

-Այս ուշ ժամի՞ն,- զարմացա։

-Եթե ցերեկը զբաղված եմ լինում, գիշերվա որ ժամն էլ որ լինի, գնում-նստում եմ մեղվափեթակների կողքին ու լսում փեթակներում իրենց գործն անող մեղուների ձայնը։ Այդ ձայներից արդեն փորձառու մեղվապահը գուշակում է՝ ինչպե՞ս է անցել օրը, խաղաղ է եղել, բերք եղե՞լ է, մեղուները քաղցած չե՞ն, համերա՞շխ են՝ մի խոսքով, այն բոլոր հարցերը՝ ինչը կհետաքրքրի, ինչը կատարվում է մարդկային ընտանիքներում։ Զարմանալի, զարմանալի մի աշխարհ է։ Մեղր են տալիս մարդ արարածին առանց հաշվի առնելու՝ տերը բարի՞ է, չա՞ր է, մարդասպա՞ն է… Այս փոքրիկ արարածը տալիս է իր քաղցր բարիքը, իսկ եզրահանգումները, մտորումները երևի թողնում է մարդ արարածին…

Աղվանս հաճախ էր նստում մի քարի ու դիտում իմ, Պարգև պապի աշխատանքը մեղվանոցում։ Լռում էր, լռում ու մեկ էլ սկսում էր Պարգև պապի հոգու հետ խաղալ.

-Պարգև պապ, մեր տան նահապետն ո՞վ է։

-Տարիքով ես, խելքով՝ դու, Աղվան ջան,- պատասխանում էր պապը ու ծիծաղում էինք, ծիծաղում էին պապ ու թոռ։

Եվ Հրանտ հայրիկն ասես ինքն իր համար արտասանում է։ Գուցե խորհում է վաղանցիկ ժամանակի մասին… Սակայն իրականում խոսում է որդու հետ, որդու՝ բանաստեղծ Աղվան Մինասյանի խոսքերով.

Ժամանակը, ժամանակը…

Ախ, այդ քարե ժամանակը,

Որ ջնջոց է ինքն իր համար։

Ժամանակն է բերում ահեղ մոռացումը,

Ժամանակն է չափավորում

Խենթ դարերի փոխանցումը,

Ժամանակն է իր հետ բերում

Կործանումը, հեռացումը,

Իսկ հետո էլ դատի նստած՝

Փորփրում է հենց ինքն իրեն,

Թե աշխարհում դեռ կան մարդիկ,

Որոնք ինչ-որ հրթիռներով ու բահերով

Ժամանակի փեշն են փորում

Կամ էլ պեղում…

Ժամանակը, ժամանակը…

Ախ, այդ քարե ժամանակը,

Որ ջնջոց է ինքն իր համար։

(շարունակելի)

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս. ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ