Հայերեն | На русском | In English
Զինվորական ծառայության անվտանգության ապահովման հայեցակարգում զինվորական ծառայության անվտանգության կազմակերպատեխնիկական ապահովման ուղղությամբ առաջնահերթությունների շարքում նշված է.
1) զինծառայողների նախապատրաստումը զինվորական ծառայության անվտանգության ապահովմանը,
2) ռազմական տեխնիկայով իրականացվող թռիչքային, ճանապարհատրանսպորտային և այլ պատահարների կանխարգելումը, սպառազինության և ռազմական տեխնիկայի անվտանգ շահագործումը:
Տեխնիկական անվտանգության մեջ իր ուրույն տեղն ունի ավտովթարների կանխարգելումը` սկսած վարորդների պատրաստությունից, վերջացրած տեխնիկայի սարքին վիճակի ապահովմամբ ու վարորդի հոգեֆիզիկական պատրաստվածությամբ:
Զինված ուժերում լրջագույն հետևողականություն է դրսևորվում վթարների կանխարգելման ուղղությամբ, ցանկացած դեպքի առնչությամբ անցկացվում է ծառայողական քննություն, արվում հետևություններ ու ձեռնարկվում կանխարգելիչ միջոցառումներ:
Կանխարգելում իրականացնելու նպատակով նաև զորամիավորումներում և զորատեսակներում ստեղծվում են ավտոմոբիլային տեխնիկայի դեպքերի նախազգուշացման և անվտանգ երթևեկության հանձնաժողովներ` հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի /երբեմն սպառազինության պետի/ գլխավորությամբ:
Կարևոր պայման է, որ ծառայողական քննության ընթացքում չանտեսվեն մարդու ֆիզիոլոգիական կարողությունը, մարդկային գործոնը, հոգեֆիզիկական, առողջական վիճակը:
Այդ իսկ նպատակով հարկ է խոսել վարորդի հոգեբանաֆիզիոլոգիական գործունեության հիմունքների մասին:
Մինչ այդ, ներկայացնենք զինված ուժերում վարորդի սահմանված պարտականություններն ու վթարների կանխարգելման միջոցառումների ցանկը:
Վարորդը պատասխանատու է իրեն ամրակցված ավտոմեքենայի պահպանման, սարքինության և շահագործման համար:
Վարորդը պարտավոր է.
♦ հստակ իմանալ իրեն ամրակցված ավտոմեքենայի կառուցվածքը, տեխնիկական հնարավորություններն ու շահագործման կանոնները,
♦ կարողանալ ավտոմեքենան վարել ցերեկը, գիշերը, տարբեր ճանապարհային և ցանկացած եղանակային պայմաններում,
♦ մշտական պահել սարքին վիճակում,
♦ հստակ կատարել ճանապարհային երթևեկության կանոնները, հրահանգները, ղեկավարման և կառավարման ազդանշանները, վարորդին կտրականապես արգելվում է ավտոմեքենայի վարումը վստահել որևէ մեկին, ավտոմեքենան վարելու ժամանակ ծխել և խոսել բջջային հեռախոսով,
♦ իմանալ տեխնիկական սպասարկման հաճախականությունը և աշխատանքների ծավալը, մինչև նորոգումը (վազքը մինչև նորոգումը) և ամրակցված ավտոմեքենայի աշխատատևողության ժամկետը, անվադողերի և ուժակուտակիչ մարտկոցների ծառայության ժամկետները,
♦ կատարել ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման աշխատանքները, նաև անցկացնել հատուկ մշակում,
♦ իմանալ օգտագործվող վառելիքաքսուքային և այլ շահագործվող նյութերի տեսակները և ծախսի նորմերը, չթույլատրել գերածախս և օգտագործել խնայողաբար,
♦ իմանալ շահագործման հիմնական անսարքությունների պատճառները, կարողանալ հայտնաբերել և վերացնել դրանք: Թույլ չտալ ավտոմեքենայի խափանում, եթե խափանվել է, այդ մասին անմիջապես զեկուցել հրամանատարին,
♦ ավտոմեքենան հավաքակայանից դուրս բերելուց առաջ ստուգել տեխնիկական վիճակը և երթի ժամանակ առանձնակի ուշադրություն դարձնել արգելակման համակարգին, ղեկային մեխանիզմին, անվադողերի վիճակին, կցորդաքարշակային սարքավորումներին, արտաքին լուսավորման սարքերին, ապակեմաքրիչին, հետին տեսանելիության հայելու ճիշտ դիրքին, համարանիշերի և տարբերանշանների մաքրությանը,
♦ ավտոմեքենան վարելիս ունենալ վարորդական իրավունքի վկայական, անձը հաստատող փաստաթուղթ և ուղեգիր: Բացի այդ, տրանսպորտային ավտոմեքենայի վարորդը պետք է ունենա շահագործման իրավունքի կտրոն,
♦ իմանալ և պահպանել ավտոմեքենայի բեռնման չափաքանակը, անձնակազմի տեղափոխման և նստեցման, մեքենայի թափքում բեռի դասավորման և ամրացման կանոնները,
♦ բեռը ժամանակին և ամբողջովին անվնաս վիճակում հասցնել համապատասխան վայր,
♦ կարողանալ օգտվել երթուղու քարտեզից և կողմնորոշվել տեղում,
♦ ժամանակին ձևակերպել ուղեգրերը և հանձնել տեխնիկական մաս կամ ստորաբաժանում,
♦ դաշտային պայմաններում մշտապես գտնվել ավտոմեքենայի մոտ, ինչպես նաև` առանց հրամանատարի (պետի, մեքենայի ավագի) թույլտվության չհեռանալ տեղակայման վայրից, օգտագործել ցանկացած հնարավորություն` ավտոմեքենայի ստուգիչ զննում (ՍԶ), տեխնիկական սպասարկում անցկացնելու և հայտնաբերված անսարքությունների վերացման համար: ՈՒշադիր հետևել տրվող հրամաններին ու ազդանշաններին, դրանք կատարել արագ և հստակ,
♦ մարտական պայմաններում ավտոմեքենան քողարկել,
♦ ավտոմեքենայի շահագործման, նորոգման և տարատեղման ժամանակ պահպանել անվտանգության կանոնները:
Սրանք են այն պարտականությունները, որոնք պետք է կատարի զինված ուժերում ավտոտրանսպորտ շահագործող ցանկացած ոք:
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ