Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔ. ՔԱՅՔԱՅԵԼ՝ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔ. ՔԱՅՔԱՅԵԼ՝ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Անցյալ շաբաթ տեղեկություն ստացվեց, որ Սիրիայի հակակառավարական ուժերի ցաքուցրիվ խմբավորումները Թուրքիայի և Կատարի եռանդուն ջանքերի արդյունքում որոշել են միավորվել ու ստեղծել միացյալ հրամանատարություն: Միայն այդ դեպքում է, որ ԱՄՆ-ը և Արևմուտքի մյուս երկրները պատրաստ են նրանց տրամադրել հակատանկային և ՀՕՊ միջոցներ, քանի որ վախենում են ահաբեկիչների ձեռքում դրանց հայտնվելուց:

Այսօր Սիրիայի տարածքում կառավարական զորքերի դեմ կռվում են զինված կազմավորումներ, որոնց շարքերում եղած զինյալների ընդհանուր թիվը ավելի քան 8 հազար է: Դրանք հիմնականում Սիրիայի զինված ուժերից դասալքածներ և մահմեդական ծայրահեղականներ են: Զինյալների առնվազն մեկ հինգերորդը պրոֆեսիոնալ վարձկաններ են, որոնք պարտիզանական կռիվների փորձ ունեն՝ ձեռք բերված նաև Աֆղանստանում: Շատ են նաև քրեական հանցագործները, որոնք զբաղվում են կողոպուտով, դրամաշորթությամբ, փրկագին ստանալու համար մարդկանց առևանգումով: Լուրջ հիմքեր կան կասկածելու, որ ապստամբների շարքերում նաև ահաբեկչական խմբավորումներ են գործում:

Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և այլ պետությունների հատուկ ծառայությունները գործուն աջակցություն են ցուցաբերում հակակառավարական ուժերին: Բրիտանական հետախուզությունը Կիպրոսի իր ռազմակայաններից հետևում է Սիրիայի կառավարական զորքերի տեղաշարժին և ստացված տեղեկությունները թուրքական հատուկ ծառայությունների միջոցով փոխանցում ընդդիմությանը: ԱՄՆ-ը ակտիվորեն փոխգործակցում է Սաուդյան Արաբիայի և Կատարի հետ, որոնք Սիրիայի կառավարության հակառակորդներին զենք մատակարարող հիմնական երկրներից են: Ռազմական օգնությունը ցուցաբերվում է Թուրքիայի համաձայնությամբ և հավանությամբ: Բացի հետախուզական տեղեկություններից, զինյալներին հատկացվում են նաև կապի միջոցներ և փող: Սեպտեմբերի սկզբի դրությամբ՝ խռովարարներին աջակցելու հատուկ գործողության համար ծախսվել էր մոտ 25 մլն դոլար:

Ըստ ռուս որոշ դիվանագետների անձնական դիտարկումների՝ Սիրիայի բնակչության 15-17%-ը միանշանակ աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, խռովարարները վայելում են սիրիացիների միայն 10-12%-ի աջակցությունը, իսկ բնակչության երկու երրորդը վերջնականապես դեռ չի կողմնորոշվել: Նրանց մեջ գերիշխող է այն տեսակետը, որ եթե ներկայիս նախագահն իշխանությունից հեռանա, ավելի վատ է լինելու, ավելի ստույգ՝ քաոս, քանի որ խռովարարները ի վիճակի չեն համախմբվելու և վերածվելու քաղաքական ուժի:

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար գեներալ-մայոր Ավիվը երեք ամիս առաջ հայտարարում էր, որ, իր տվյալներով, Բ.Ասադի վարչակարգը կարող է դիմանալ երկու ամսից մինչև երկու տարի: Ինչպես տեսնում ենք, Սիրիայի իշխանությունը դրսևորում է արևմտյան ռազմավարների համար անսպասելի դիմացկունություն: Պատճառներից մեկն այն է, որ Սիրիան տարածաշրջանի չափանիշներով բավականին մեծ ռազմական ներուժ ունի: 20 մլն բնակչությամբ այդ երկրի ԶՈՒ թվաքանակը 300 հազար է: Համեմատության համար նշենք, որ 70 մլն բնակչություն ունեցող Թուրքիայի բանակի թվաքանակը 500 հազար է: Սիրիայի ռազմական տեխնիկան թեպետ հին է, բայցեւ մարտունակ: Սիրիան ունի ռուսական արտադրության ՀՕՊ միջոցներ: Զինվորների մարտական պատրաստականությունը ցածր չէ: Ի տարբերություն լիբիականի՝ սիրիական բանակը «հեղափոխական» իրադարձություններից հետո չպառակտվեց, դասալիքները քիչ են: Արտասահմանյան փորձագետների գնահատականներով, սիրիացի զինվորականների մեծ մասը հավատարիմ է նախագահ Ասադին:

Սիրիայի իշխանության դիմացկունությունը, բացի վերոնշյալից, պայմանավորված է Իրանի գործուն աջակցությամբ: Ահա ինչու որոշ փորձագետներ կարծում են, որ ԱՄՆ քաղաքական վերնախավը Իրանի դեմ պատերազմելու սկզբունքային որոշումն արդեն ընդունել է՝ երկու երկրների «հարցը» միաժամանակ լուծելու նպատակով:

ԱՄՆ քաղաքականությունը փորձագետների համար հանելուկ է: Նրանք չեն հասկանում, օրինակ, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ը ծայրահեղ մահմեդականության դեմ պայքարում Աֆղանստանում և Եմենում, իսկ Լիբիայում և Սիրիայում, ընդհակառակը, աջակցում: Քաղաքագետ Պավել Սվյատենկովն ասում է. «Լիովին հասկանալի չէ, թե ինչ նպատակներ է հետապնդում Արևմուտքը՝ արաբական աշխարհում հետևողականորեն տապալելով աշխարհիկ ազգայնական վարչակարգերը: Վարկած կա, ըստ որի՝ սուննիների միջոցով նրանք ուզում են դիմակայել շիաների ազդեցությանը: Ամեն դեպքում, կյանքը ցույց է տալիս, որ արաբական երկրներում աշխարհիկ վարչակարգերի փոխարեն իշխանության են գալիս իսլամիստները: Արդյունքում՝ ձևավորվում է «սուննիական գոտի», այսինքն՝ գոտի, որը բաղկացած է համեմատաբար աղքատ արաբական երկրներից, որոնցում կառավարում են սուննի իշխանությունները: Չի բացառվում, որ «սուննիական գոտին» ձևավորվում է Իրանի դեմ»: Քաղաքագետը կարծում է՝ եթե Սիրիայում իշխանության գան իսլամիստները, իսկ Լիբիայում իրավիճակը կայունանա, ապա կարելի կլինի խոսել արաբական միացյալ հանրապետության (ինչպես Սիրիայի և Եգիպտոսի պարագայում՝ 1958-61թթ.) և նույնիսկ խալիֆայության մասին:

Սիրիայի իշխանության դեմ կռվող խռովարարներից ոմանք չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը արաբական միացյալ կրոնապետություն ստեղծելն է: Մահմեդականության ուղղություններից մեկի՝ «Եղբայր-մահմեդականների» սիրիական բաժանմունքի գործիչներից մեկը՝ Զույխայր Սալիմը, ասել է. «Գրողի ծոցը թող գնա Սիրիան և սիրիական պետականությունը: Սիրիան ժամանակավոր երևույթ է: Մեր նպատակը մահմեդական ամբողջ ումմայի (համայնքի) համար միասնական պետություն ստեղծելն է»:

Չի բացառվում, որ մահմեդական ծայրահեղականների այս նպատակը համապատասխանում է մոլեռանդ հրեադավան ուժերի հեռահար ծրագրերի որոշակի փուլին: Իսկապես. եթե հրեական որոշակի շրջանակներ ուզում են վերաստեղծել Իսրայել պետությունը Սողոմոն թագավորի օրոք գծված սահմաններում (մ.թ.ա. 965-928թթ.), ապա դրա իրականացման ճանապարհին առաջին քայլը պետք է լինի եղած պետությունների քայքայումը և հետո միայն նշված տարածքների միավորումը: Մերձավոր Արևելքում (արաբական աշխարհում) դա հնարավոր է իրականացնել միայն կրոնական գաղափարախոսության քողի տակ:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ