Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ. «ՉԼՈՒԾՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ»
ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ. «ՉԼՈՒԾՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ»

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հարցազրույցը «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը

– Պարոն Տոնոյան, ռազմական կրթությունը պաշտպանական բարեփոխումների ուղղություններից է: Որո՞նք են այդ ոլորտում կատարվող բարեփոխումները:

– Իսկապես, ռազմական կրթության խնդիրը պաշտպանական բարեփոխումների շրջանակներում ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է: ՀՀ զինված ուժերը չեն կարող անմասն մնալ ռազմական կրթության ոլորտի միջազգային զարգացումներից: Այս ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները միտված են ապահովելու մեր ռազմակրթական ոլորտի համապատասխանությունը արդի պահանջներին եւ ինտեգրմանը միջազգային կրթական համակարգին:

21-րդ դարի հայ սպայի որակական վարկանիշն արտացոլվում է ռազմակրթական հայեցակարգի հիմնադրույթներում` մտավոր, կրթական, մասնագիտական, ռազմավարական ինքնուսուցման, բարոյահոգեբանական պատրաստության ցուցանիշների ձեռքբերումն ու զարգացումը: Ուստի, ՀՀ զինված ուժերը բանիմաց եւ պատրաստված սպայական կադրերով համալրելու համար անհրաժեշտ էր մշակել եւ ներդնել սպայական կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման հայեցակարգային մոտեցումներ, որոնց արդյունքում ակնկալում ենք ունենալ ժամանակակից համազորային մարտ եւ խաղաղարար գործողություններ վարելու համար տեսական եւ գործնական գիտելիքներով ու ունակություններով օժտված, միջազգային չափանիշներին համապատասխանող սպայական կադրեր:

Մենք ուսանելի ենք համարում արտասահմանյան զինված ուժերի բարեփոխումների առաջավոր փորձը` ռազմական մասնագիտությանը կատարելապես տիրապետող սպաների պաշտոնեական առաջխաղացման ուղեգիծը սահմանելու համար:

Դեռեւս 2005թ. Հայաստանը պաշտոնապես միացել է Բոլոնիայի գործընթացին` վեջնանպատակ ունենալով ինտեգրվել կազմավորվող Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին (ԵԲԿՏ): Այն ենթադրում է ՀՀ միջին, բարձրագույն եւ շարունակական կրթական համակարգում խորքային փոփոխությունների իրականացում, որին արձագանքում է նաեւ ՀՀ ԶՈՒ ռազմական կրթության համակարգը: Այս արձագանքով ակնկալում ենք, որ ռազմակրթական հաստատությունների շրջանավարտների դիպլոմները կունենան լիարժեք միջազգային հավաստագրում, կներդրվի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքների գնահատման բազմագործոնային վարկանիշային համակարգ, կապահովվի կրթական ծրագրերի թափանցիկությունը, կխթանվի այլ երկրների ռազմաուսումնական հաստատությունների հետ կուրսանտների եւ դասախոսների ազատ շարժողականությունը:

Ամփոփելով ասածս` ավելացնեմ, որ զինծառայողները պետք է լինեն արի եւ հաստատակամ, բայց, ինչպես ասում են իմաստունները, կրթության բացակայությունը կարող է անկարգության, խռովության կամ մոլեգնության պատճառ դառնալ:

– Վերջին շրջանում շատ է խոսվում պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրման մասին: Ի՞նչ փուլում է գործընթացը, եւ ե՞րբ է նախատեսվում ավարտել այն:

– Պայմանագրային զինվորական ծառայության անցման կարեւորագույն հիմնահարց է զինված ուժերում պայմանագրային սերժանտական համակարգի կայացումը: Այս հարցի երկու առանցքային նպատակներն են սպաների գիտելիքների եւ սերժանտների փորձի ու հմտությունների միաձուլման շնորհիվ զինված ուժերի մարտունակության բարձրացումը եւ բանակում կարգապահության ամրապնդումը: Ուստի, պաշտպանական բարեփոխումների ծրագրի համաձայն, դեռեւս 2008թ. փետրվարին սկիզբ դրվեց պայմանագրային սերժանտների պատրաստման գործընթացին:

Պայմանագրային սերժանտների պատրաստման դասընթացները տարվա ընթացքում անցկացվում են 2 փուլով` հունվար-մայիս եւ հուլիս-նոյեմբեր ամիսներին, որոնց ընթացքում պատրաստվում են հրաձգային դասակի հրամանատարի տեղակալներ եւ հրաձգային ջոկի հրամանատարներ:

Գործող օրենսդրության մեջ պայմանագրային սերժանտների վերաբերյալ կատարվել են մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ պայմանագրային սերժանտներն առանձնացվել են «շարքային» կազմից` դառնալով «ենթասպայական» կազմ:

Ներկայումս աշխատանքներ են տարվում պայմանագրային սերժանտական կազմի ավելի բարձր մակարդակների (վաշտի սերժանտ, շտաբային սերժանտ եւ գումարտակի սերժանտ) նոր ուսումնական ծրագրերի մշակման եւ գործող ծրագրերի լրամշակման ուղղությամբ:

Պայմանագրային սերժանտական համակարգի ներդրումը երկարատեւ եւ շարունակական գործընթաց է: Նույնիսկ այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան (սերժանտական համակարգի ներդրման ավելի քան 300-ամյա պատմություն) եւ ԱՄՆ-ն (պայմանագրային սերժանտական համակարգի ներդրման շուրջ կեսդարյա փորձ), այսօրվա ձեռքբերումներին հասնելու համար պահանջվել են տասնամյակներ, այնպես որ՝ այսօր միանշանակ խոսել գործընթացի ավարտի ժամկետների վերաբերյալ, կարծում եմ, դեռ վաղ է:

– 2011թ. Երեւանում էր Հայաստանի ռազմակրթական բարեփոխումներին օժանդակելու նպատակով ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձեւավորված միջազգային փորձագիտական խումբը: Այցի արդյունքում հայտարարվեց, որ նախատեսվում է ավարտուն տեսքի բերել ավագ սպաների համար նախատեսված հրամանատարաշտաբային դասընթացի ծրագիրը, որը հետագայում կդառնա ՊՆ հրամանատարաշտաբային ակադեմիա, ինչպես նաեւ կստեղծվի Պաշտպանական ազգային համալսարան: Ո՞ր փուլում է այդ գործընթացը, եւ ե՞րբ է նախատեսվում ստեղծել այլ կրթական կառույցները:

– Նախատեսվում է 2013թ. կազմակերպել հրամանատարաշտաբային առաջին դասընթացը, որը 2015թ. ստեղծվելիք հրամանատարաշտաբային ռազմական կրթական հաստատության համար նախատիպ կհանդիսանա: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը համակարգում է հրամանատարաշտաբային դասընթացների կազմակերպման աշխատանքները:

Աշխատանքային խմբի ուժերով մշակվել է դասընթացների համար բարձրագույն ռազմական կրթության «ռազմական կառավարման» մագիստրոսի որակավորման պետական կրթական չափորոշիչի նախագիծը, որը կներկայացվի ՀՀ ՊՆ եւ ՀՀ ԿԳ նախարարների հաստատմանը: Մշակման ընթացքում են հրամանատարաշտաբային դասընթացների ուսումնական ծրագրերը, որոնց հիմքում ընկած են տարբեր երկրների փորձը, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ եւ ԶՈւ ԳՇ համապատասխան ստորաբաժանումների առաջարկությունները:

Ինչ վերաբերում է պաշտպանական ազգային համալսարանին, ապա վերջինիս ստեղծմամբ կապահովվի ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայական եւ հրամանատարական կազմի, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանական-անվտանգային խնդիրների լուծմանը կոչված ներգրավված ՀՀ այլ գերատեսչությունների ավագ եւ բարձրագույն պաշտոնյաների վերապատրաստումն ու որակավորման բարձրացումը, որն իրականացվելու է բուհական 2-րդ աստիճանի, հետբուհական եւ լրացուցիչ կրթության ձեւերով: Սա հեռահար նպատակ է, այն նախատեսում է գիտական լուրջ ներուժի կուտակում: Կարծում եմ, առաջիկա 3 տարիների ընթացքում կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ` Պաշտպանական ազգային համալսարանի ստեղծման համար:

– Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաեւ ՆԱՏՕ-ի հետ Գործընկերության շրջանակներում մշակվող սերժանտական կազմի համընդհանուր եվրաատլանտյան ուսումնական ծրագրի (Partnership for Peace Generic NCO Reference Curriculum) մշակման միջազգային գործընթացում ՀՀ պաշտպանության նախարարության մասնակցության վերաբերյալ: Ի՞նչ կասեք այդ մասին:

– ՀՀ պաշտպանության նախարարության մասնակցությանը ՆԱՏՕ-ի հետ ուսումնական ծրագրերի մշակման միջազգային գործընթացին սկիզբ է դրվել դեռեւս 2009թ. ՆԱՏՕ-ի գործընկերության շրջանակներում սպայակազմի համընդհանուր եվրաատլանտյան ուսումնական ծրագրի (Partnership for Peace Generic Officer`s Reference Curriculum) մշակման միջազգային գործընթացի մեկնարկի ժամանակ, որն ավարտվեց 2011թ.: Մեր փորձագետների բավական ակտիվ եւ արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ապահովել Հայաստանի պաշտպանական գերատեսչության մասնակցությունը սերժանտական կազմի համընդհանուր եվրաատլանտյան ուսումնական ծրագրի մշակման միջազգային գործընթացին:

2011թ. աշնանը եւ մինչ օրս կայացած 3 աշխատանքային հանդիպումներում ՀՀ պաշտպանության նախարարության փորձագետները շարունակել են իրենց ակտիվ մասնակցությունը այս գործընթացին: Մշակվող` սերժանտական կազմի համընդհանուր եվրաատլանտյան ուսումնական ծրագիրը մեզ համար չափազանց կարեւոր է նաեւ այն տեսանկյունից, որ մեզ մասնակից է դարձնում ժամանակակից բոլոր զարգացումներին` նպաստելով այս ոլորտում ընթացող մեր բարեփոխումներին:

– Արդյոք ունե՞նք բավարար չափով մասնագետներ, որոնք կդասավանդեն այդ նոր կառույցներում:

– Իհարկե, ունենք բանիմաց եւ բարձրորակ դասախոսական կազմ, որը կարող է ապահովել պիլոտային դասընթացների իրականացումը, սակայն, ինչ խոսք, հետագայում կլինի վերապատրաստման անհրաժեշտություն ոչ միայն դասավանդման, այլ նաեւ հետազոտական եւ գիտական ներուժն ընդլայնելու նպատակով:

Դրա համար նախատեսում ենք ընտրություն կատարել առկա պրոֆեսորադասախոսական կազմից եւ առանձին ծրագրով իրականացնել ընտրված դասախոսների վերապատրաստման գործընթացը արտերկրի եւ ՀՀ-ի մի շարք ուսումնական հաստատություններում: Այս ուղղությամբ օգտագործելու ենք նաեւ քաղաքացիական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ՀՀ ԶՈւ ակադեմիական կրթությամբ պաշտոնաթող սպաների ներուժը: Չի բացառվում, որ սկզբնական փուլում որոշ նոր առարկաների դասավանդման գործում ընդգրկվեն նաեւ մեր դաշնակից ու գործընկեր երկրների ռազմական բարձրագույն ակադեմիաների հյուր-դասախոսները:

– Վերջերս «Հայ Զինվոր» թերթին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ ռազմական կրթությունը հայ-ամերիկյան ռազմական համագործակցության առաջնային ուղղություններից է լինելու: Եթե կարելի է, մանրամասնեք:

– Ռազմական կրթությունը մեզ համար կարեւորագույն առաջնայնություններից է բոլոր մակարդակներում: Բազմիցս նշվել է, որ մենք շարժվելու ենք կրթված սպա-բանիմաց սպա սկզբունքով: Ռազմական համագործակցության զարգացումը տարբեր երկրների հետ համապատասխանաբար հետապնդում է մեկ հիմնական եւ մի քանի այլ ուղղություն: Հայ-ամերիկյան համագործակցության դեպքում կարեւորագույն ուղղություններից է հենց ռազմական կրթությունը:

Յուրաքանչյուր տարի հայ սպաների մի մեծ խումբ վերապատրաստվում եւ կրթություն է ստանում ԱՄՆ-ի տարբեր ռազմական ուսումնական հաստատություններում: Բացի այդ, ԱՄՆ ԶՈւ տարատեսակ ստորաբաժանումների մի շարք փորձագետներ մասնագիտական եւ մեթոդաբանական խորհրդատվություն են տրամադրում Հայաստանում ռազմական կրթական ոլորտի բարեփոխման շրջանակներում:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ համագործակցության ոլորտում ռազմական կրթության առանձնահատուկ դերին, ապա այն պայմանավորված է ինչպես ոլորտում ԱՄՆ-ի առաջատար լինելու հանգամանքով, այնպես էլ գործընկեր երկրներին, այդ թվում` Հայաստանին օժանդակելու պատրաստակամությամբ եւ համապատասխան ռեսուրսների առկայությամբ:

– Կարո՞ղ եք ներկայացնել որոշակի վիճակագրություն` յուրաքանչյուր տարի քանի՞ երկրներում են պատրաստվում եւ վերապատրաստվում հայ սպաները: Երկար տարիներ ռուսական ռազմական բուհերը համարվում էին մեր սպայական կազմի գլխավոր «դարբնոցը»: Ինչպիսի՞ն է վիճակն այսօր:

– 1994 թվականից սկսած՝ ՀՀ ԶՈւ սպայակազմի գլխավոր դարբնոց են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմակրթական հաստատությունները:

ՀՀ պաշտպանության նախարարության ամենամյա երկկողմ ռազմական համագործակցության ծրագրերի շրջանակներում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները հիմնական կրթություն են ստանում եւ մասնագիտական վերապատրաստում են անցնում ՌԴ, ԱՄՆ, ԳԴՀ, Չինաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լիտվայի, Հունաստանի, Լեհաստանի եւ մի շարք այլ երկրների ռազմաուսումնական հաստատություններում: 2013թ. նախատեսվում է սպայական կադրերի պատրաստում նաեւ Ղազախստանի ռուհերում:

Անկախացումից ի վեր մենք Ռուսաստանից անգնահատելի օժանդակություն ենք ստանում հայ սպաների ռազմական կրթության ապահովման գործում: ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները բարձրագույն ռազմամասնագիտական կրթություն են ստանում մեր դաշնակից երկրի տարբեր զորատեսակների ռազմական ուսումնական հաստատություններում: Պետք է նշեմ, որ ՌԴ զինված ուժերի ռազմակրթական համակարգը նույնպես գտնվում է բարեփոխումների փուլում:

Մեր հիմնական խնդիրն է` բարեփոխումների վերջնարդյունքում հասնել նրան, որ ՀՀ-ն դառնա շատ ավելի ինքնաբավ ռազմական կրթության ոլորտում, եւ հենց այս խնդրի լուծմանն է միտված ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային ուսումնական հաստատության լիարժեք գործարկումը:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ բարեփոխումների ծրագրի ավարտից հետո Հայաստանը կարող է աստիճանաբար անցում կատարել դեպի պրոֆեսիոնալ բանակ, թե՞ չկարգավորված հակամարտության առկայության դեպքում դա անհնարին է:

– Պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար պետք է ունենալ համապատասխան աշխարհաքաղաքական պայմաններ, հենց այդ պայմաններին հասնելու դեպքում էլ կարելի է քննարկել` հնարավո՞ր է արդյոք անցումը պրոֆեսիոնալ բանակին: Ինչպես իրավացիորեն նշեցիք, ունենք չկարգավորված հակամարտություն, որի պայմաններում ամբողջական պայմանագրային զինծառայության համակարգին անցնելն իրեն չի կարող թույլ տալ ոչ մի պետություն, թերեւս բացառությամբ մի քանի գերտերությունների:

Հետեւապես, կշարունակենք մեր ԶՈւ-ն համալրել խառը սկզբունքով` պարտադիր եւ պայմանագրային, բանակի արհեստավարժությունը բարձրացնելու նպատակով աստիճանաբար մեծացնելով երկրորդի ծավալները: Այդուհանդերձ, ԼՂ հակամարտությունը ոչ մի կերպ չի խոչընդոտել կամ դանդաղեցրել պաշտպանական բարեփոխումների ընթացքը եւ ծավալները, քանզի այս ձեռնարկում ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջնորդությամբ մեր գլխավոր նպատակը եղել եւ շարունակում է մնալ մեր զինված ուժերի մարտունակության բարձրացումը: Եվ ռազմակրթական ոլորտի բարեփոխումը այս ձեռնարկի հաջողության կարեւորագույն գրավականներից մեկն է: