Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ



Լույս է տեսել գրող, հրապարակախոս Մարի Բարսեղյան-Խանջյանի առաջին գիրքը՝ «Խորհուրդն արքայի», որը հեղինակը նվիրում է հայոց բոլոր մեծերին, ովքեր իրենց տաղանդն ու հանճարը նվիրել են մեր ժողովրդի պատմության կերտմանը, գիտության և մշակույթի զարգացմանը, ռազմական մտքի թռիչքին և հայ մարդու ձևավորմանը։

Գրքում տեղ գտած երկու բանաստեղծություններն էլ՝ «Կորցրել ենք ամենաթանկը», «Խորհուրդն արքայի» ընթերցողին ևս մեկ անգամ մեր անցյալը քննելու, վերլուծելու, սթափ հայացքով ներկային նայելու առիթ են տալիս։

«Կորցրել ենք ամենաթանկը» բանաստեղծությունում հեղինակը սրտի ցավով, դառնությամբ թվարկում է այն ամենը, ինչը կորցրել ենք, վատնել դարերի խոտոր, գոռ հոլովույթում։

Մենք կորցրել ենք

Կորուստն զգալու զգոնությունը մեր։

Սակայն գիրքը թերի կլիներ, եթե սահմանափակվեր զուտ մեր կորուստներն արձանագրելով։ Հեղինակի հաջորդ բանաստեղծությունը՝ «Խորհուրդն արքայի», արդեն զգաստանալու սթափեցնող կոչ է, հորդոր, հրաման։ Արքայից արքայի՝ Մեծն Տիգրանի շուրթերով մեր ժողովրդի դարավոր իմաստնությունն է խոսում՝ պատգամելով լինել միակամ, միաբան, չհավատալ դաշնակից կոչվող թշնամիներին…

Իմացիր նաև

Ուժեղ, ինքնիշխան լինելու ճամփին

Քո ժողովուրդն է քո բարեկամը։

Դու սիրիր նրան,

Եվ նա բանակը կդարձնի անպարտ։

«Խորհուրդն արքայի» գիրքն այն ոգեղենության մասին է, որ արքան հաղորդում է մեզ։ Անցյալի դասերը սերտած, փորձն ու իմաստությունը ուսած, մեր նախնիների հերոսական ոգին ժառանգած, բացճակատ ու շիտակ առաջ գնալու, երկիրը շենացնելու, ստեղծելու և արարելու և է՛լ ավելի հզորանալու հորդոր ու հավատ է։

Մենք դեռ կարող ենք գծել նորովի

Եռաթև նետի սլացքով անկանգ

սահմաններն Հայքի…

Մարի Բարսեղյան-Խանջյանն իր «Խորհուրդն արքայի» գրքի 200 օրինակ անհատույց տրամադրել է պաշտպանության նախարարությանը. «Գիրքս որպես մատաղ եմ ուզում հասնի հայ զինվորին և լինի հոգևոր այն հացը, առանց որի զինվորը դառնում է սոսկ համազգեստ կրող, այլ ոչ թե հայրենիքի սահմանը պաշտպանող ասպար-վահան»։

Հեղինակը համոզված է նաև, որ Մեծն Տիգրանի ոգին փոխանցվել է բոլորիս և առավել ևս՝ հայ զինվորին.

Ոգի եմ տվել խենթ հերոսներին,

Որ հզորները այս բիրտ աշխարհի

Հիշեն ու սարսեն՝

կան աստվածազարմ՝

Հայկա զավակներ

Ու չեն պարտվելու…

Քանզի զինվորն հայ մարտի է գնում

Հայրենի սահմանն ամուր պահելու

Այլ ոչ զավթելու ու թալանելու…

♦♦♦

«Խորհուրդն արքայի» գիրքը գրված է անկեղծ շնչով, պարզ և անպաճույճ, սակայն կեղծ, պաթետիկ հայրենասիրության և ոչ մի տող։ Այստեղ նաև հայ կնոջ սրտի խոսքն է, սրտի ցավը և մտահոգությունը, հույսն ու հավատը, որ դարձել է տող, սթափեցնող հորդոր բոլորիս ուղղված։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #41 (957) 18.10.2012 – 24.10.2012, Հոգևոր-մշակութային


24/10/2012