Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾՎԵՑ SOS ԱԶԴԱՆՇԱՆԸ

20-րդ դարի սկզբում ռադիոտեխնիկական սարքեր թողարկող ընկերությունները կատաղի պայքար էին մղում առևտրական նավատորմում գերիշխելու համար։ «Մարկոնի» անգլո-իտալական բաժնետիրական ընկերությունը երկու երկրների կառավարություններին էլ պարտադրել էր իր կողմից թողարկվող ընդունիչ-հաղորդիչ սարքավորումները։ Ընդ որում՝ ընկերությունը խստորեն արգելել էր իր ռադիոհեռագրիչներին կապի մեջ մտնել այն նավերի հետ, որոնց վրա տեղադրված էին ուրիշ ընկերությունների նմանատիպ սարքավորումներ։ Նույնիսկ այն դեպքում, եթե աղետի ենթարկված նավերը շտապ օգնություն կխնդրեին։

1902թ. Բեռլինում հրավիրված միջազգային ռադիոհեռագրության առաջին կոնֆերանսում հարց դրվեց աղետի ռադիոհեռագրական միասնական ազդանշանի հարցը կանոնակարգելու մասին, սակայն ներկաներն այդպես էլ ընդհանուր համաձայնության չհանգեցին։ Այնուամենայնիվ, «Մարկոնի» ընկերությունը իր ռադիոսարքավորումներով զինված նավերի համար սահմանեց CQD աղետի ազդանշանը։

Չորս տարի անց՝ 1906թ., Բեռլինում կայացավ ռադիոհեռագրության երկրորդ կոնֆերանսը, և այստեղ էլ «Մարկոնին» առաջարկեց որպես աղետի միասնական միջազգային ազդանշան հաստատել իր իսկ ընդունած CQD հապավումը։ Սակայն նրան առարկեցին, քանի որ այդ համակցության առաջին երկու տառերը համընկնում էին երկաթուղայինների համար ընդհանուր ռադիոհեռագրական կանչ-ազդանշանի հետ։ Այդ ժամանակ «Արկօ» գերմանական ընկերությունը առաջարկեց SOE ազդանշանը, բայց դա էլ հաջող չհամարվեց. վերջին տառը՝ E-ն, ըստ Մորզեի այբուբենի, հաղորդվում է մեկ կետով, որը դժվար ընկալելի կլիներ խանգարումների դեպքում։ Եվ ահա այս պահին մեկն առաջարկեց E-ն փոխարինել S-ով, առաջարկն ընդհանուր հավանության արժանացավ։ Դա 1906թ. հոկտեմբերի 3-ն էր։

Այսպես ծնունդ առավ աղետագույժ SOS-ը՝ ռադիոհեռագրական միջազգային ազդանշանը, որը, ըստ Մորզեի այբուբենի, երեք կետի, երեք գծիկի և նորից երեք կետի համակցություն է։ Այն հապավված բարդ անուն չէ ու ռիթմիկ է, այդ կանչը հնարավոր չէ շփոթել ուրիշ որևէ ազդանշանի հետ։

«Մարկոնի» ընկերությունը իսկույն չընդունեց այդ ազդանշանը և շարունակեց գործածել իրը` CQD-ն։ Այսպես շարունակվեց ամբողջ 6 տարի, և միայն «Տիտանիկ» նավի ողբերգությունն ընկճեց ընկերության համառությունը։

1912թ. ապրիլի 15-ին «Տիտանիկ» նավի ավագ հեռագրիչ Ջեք Ֆիլիպը հոգնեց «Մարկոնիի» այդ CQD ազդանշանը եթեր հաղորդելուց, բայց ապարդյուն՝ ոչ մի արձագանք։ Ճակատագրական վերջին պահին Ջեկը իր օգնական Բրայթի խորհրդով եթեր հաղորդեց արդեն SOS ազդանշանը, և իսկույն արձագանքեցին տարածաշրջանում գտնվող նավերը, բայց արդեն ուշ էր. «Տիտանիկը» խորտակվեց՝ տանելով իր հետ ավելի քան 1500 մարդու կյանք։

«Տիտանիկի» ողբերգությունը հարկադրեց բոլոր երկրներին այդուհետ առաջնորդվելու SOS կանչով։ 93 տարի շարունակ այն օգտագործվեց որպես աղետի միջազգային ազդանշան, փրկեց հազարավոր մարդկային կյանքեր։ Գիտության, տեխնիկայի, կապի և հաղորդագրության միջոցների զարգացումը հրամայական դարձրեց ազդանշանային համակարգերի վերանայումը։ 1999թ. միջազգային ծովային կազմակերպության որոշմամբ՝ չեղյալ համարվեց SOS ազդանշանը և հաստատվեց ազդանշանային նոր, ավելի կատարելագործված համակարգ՝ GMDSS։

Սակայն Անգլիայի, Կանադայի, Ավստրալիայի և էլի մի շարք երկրների նավագնացության ընկերությունները այսօր էլ աղետի նոր ազդանշանային համակարգին զուգահեռ օգտագործում են «վաստակաշատ» SOS ազդանշանը։ Այնպես որ՝ SOS-ը SOS-ի կարիք չունի։

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ