Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՐՏԵՍԱԿԱՆ ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ



ԱՄՆ իշխանությունները 11 մարդու մեղադրում են Ռուսաստանի օգտին լրտեսությամբ զբաղվելու համար: Նրանցից յոթին ձերբակալել են հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը՝ Հյուստոնի մերձակայքում, հաջորդ առավոտյան օդանավակայանում՝ Սինգապուր-Մոսկվա չվերթ կատարելու մտադրություն ունեցող ևս մեկին, իսկ մնացած երեքին որոնում են (ենթադրաբար նրանք արդեն Ռուսաստանում են):

Գլխավոր կասկածյալը ծագումով ղազախստանցի Ալեքսանդր Ֆիշենկոն է, որը ղեկավարում է «Arc Electronics» և «Apex System» ընկերությունները. առաջինը գրանցված է ԱՄՆ-ում, երկրորդը՝ Ռուսաստանում: Ֆիշենկոն ԱՄՆ քաղաքացիություն է ստացել 2003թ.՝ ամերիկյան իշխանությունների հարցմանն ի պատասխան ասելով, որ ռուսական բանակում երբեք չի ծառայել: Սակայն հետաքննությունն ապացուցել է, որ 1980-ականներին Բեռլինում նա ծառայել է խորհրդային ռազմական հետախուզությունում:

Նրա մերձավոր հանցակիցներ են հայտարարվել 58-ամյա Ալեքսանդր Պոսոբիլովը և 37-ամյա Վիկտորյա Կլեբանովան: Բրուկլինի դատախազությունը պնդում է, որ կասկածյալներից առնվազն երկուսը՝ Ֆիշենկոն և Կլեբանովան, բացի ամերիկյանից, ունեն նաև Ռուսաստանի քաղաքացիություն: Ֆիշենկոյի ընկերությունում գնումների գծով տնօրենի պաշտոնը զբաղեցնող Պոսոբիլովը Ռուսաստանից ԱՄՆ է եկել 2001թ., քաղաքացիություն ստացել 2008թ., իսկ մինչ այդ եղել է Ադրբեջանի քաղաքացի, որտեղ մինչ օրս բնակվում են նրա կինն ու աղջիկը:

Մյուս մեղադրյալներն են Ֆիշենկոյի ընկերության աշխատակիցներ՝ 34-ամյա Շավքաթ Աբդուլաևը, 58-ամյա Լյուդմիլա Բաղդիկյանը, 38-ամյա Անաստասիա Դյատլովան, 30-ամյա Սևինժ Տագիևան և 31-ամյա Սվետլանա Զագոնը: Հյուստոնում ձերբակալված ութ մարդկանցից չորսը Ռուսաստանի քաղաքացիներ են, մյուսները՝ Ադրբեջանի, Ուկրաինայի և Ղազախստանի: Ադրբեջանական «Էխո» թերթի ենթադրությամբ, Ադրբեջանի քաղաքացիներ են Շ.Աբդուլաևը և Ս.Տագիևան:

Դատախազ Լորետա Լինչը պնդում է, որ մեղադրյալները, օգտվելով ամերիկյան ազատ շուկայի առավելություններից, գաղտնի տեխնոլոգիաներ են գողացել Ռուսաստանի կառավարության համար: Դա իրականացվել է ինչպես վերոնշյալ, այնպես էլ ռուսական հատուկ ծառայությունների հետ կապված ևս մի շարք ընկերությունների միջոցով (մեղադրական եզրակացության մեջ նշվում է 165 (!) միջնորդի անուն): Դատախազը, հիմնվելով ամերիկացի փորձագետների եզրակացության վրա, պնդում է, որ մեղադրյալների գողացած միկրոսխեմաները (չիպերը) և միկրոպրոցեսորները կամ դրանց նմանակները օգտագործվել են ռուսական հականավային հրթիռներում և «ՄիԳ-35» կործանիչներում:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին 10 տարում Ֆիշենկոյի ընկերությունը Ռուսաստան է ուղարկել 50 մլն դոլարի միկրոէլեկտրոնիկա և բարձրտեխնոլոգիական արտադրանք՝ դիոդներ, լարեր, կոնդենսատորներ, կիսահաղորդչային ինտեգրալ միկրոսխեմաներ, ռադիոէլեկտրոնային բաղադրիչներ: ՀԴԲ-ի տվյալներով, դրանք նախատեսված են եղել ռադարների, դիտման և նշանառության համակարգերի, պայթուցիչների համար: Ամերիկյան օրենքների համաձայն՝ այդպիսի արտադրանք արտահանելու համար պետք է արտոնագիր ստանալ: Ֆիշենկոն արտոնագիր չի ունեցել և նշված արտադրանքը գնել է, իբր, հենց ԱՄՆ-ում օգտագործելու նպատակով, մասնավորապես՝ փողոցային լուսակիրների արտադրությունում: Իրականում, սակայն, Ֆիշենկոյի ընկերությունը ոչինչ չէր արտադրում: Մեղադրող կողմը պնդում է, որ Ֆիշենկոյի՝ Ռուսաստան արտահանած էլեկտրոնիկան անմիջապես հայտնվում էր ռազմաարդյունաբերական համալիրի և հետախուզության մասնագետների ձեռքում: Հետաքննությունը, որպես ապացույց, ներկայացնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) գաղտնի լաբորատորիայից Ֆիշենկոյի ընկերություններից մեկին հասցեագրված նամակը, որում պահանջում են գտնել և իրենց ուղարկել նոր միկրոսխեմաներ՝ շարքից դուրս եկածների փոխարեն:

ՀԴԲ-ն սենսացիոն հայտարարություն է արել՝ պնդելով, որ «Apex» ընկերությունը ռուսական «Արսենալ» և «ՄիԳ» ընկերությունների դուստր-ձեռնարկությունն է: Դա ապացուցվում է կասկածյալ Կլեբանովայի և «Արսենալի» հեռախոսային խոսակցության ձայնագրությամբ, որում Կլեբանովան պահանջում է նամակագրությունից և բաց փաստաթղթաշրջանառությունից հանել ու ոչնչացնել այն ամենը, ինչը վկայում է երկու ընկերությունների միջև գոյություն ունեցող կապը: Ձայնագրությունն արվել է 2011թ. օգոստոսին, ինչը նշանակում է, որ Ֆիշենկոյի ընկերության գործունեությունը առնվազն մեկ տարուց ավելի գտնվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների հսկողության ներքո:

Կասկածյալներին մեղադրանք է ներկայացվել միանգամից երեք հոդվածներով, որոնց համար նախատեսվող պատժաչափերի գումարը 55 տարվա ազատազրկումն է:

Ձերբակալությունների հենց հաջորդ օրը վաղ առավոտյան ԱՄՆ առևտրի նախարարությունը կասկածյալների հետ առնչություն ունեցած 165 միջնորդներին՝ արտասահմանյան ընկերությունների և անհատների արգելեց զբաղվել մի շարք տեխնոլոգիաների և արտադրանքի արտահանմամբ:

Ռուսական պաշտպանական ձեռնարկությունների ներկայացուցիչները շտապեցին հավաստիացնել, որ «Apex»-ի հետ որևէ առնչություն չեն ունեցել, իսկ գործում հիշատակված արտադրատեսակները՝ էլեկտրոնիկան, կարելի է գնել ցանկացած երկրի մասնագիտացված խանութներում: Մեկնաբանության մեջ նշվեց, որ էլեկտրոնիկայի 60-70%-ը, իսկ առանձին դեպքերում՝ 90-95%-ը, ձեռք է բերվում արտասահմանում: Սրան հակառակ, Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը «Իզվեստիային» տված հարցազրույցում ասաց, որ սպառազինության համակարգերի բոլոր միկրոտարրերը արտադրվում են Ռուսաստանում՝ նախևառաջ անվտանգության նկատառումներով՝ բացառելու համար սարքերում օտարերկրյա «բզեզիկների» առկայությունը, որոնք կարող են ռազմական գործողությունների ժամանակ շարքից հանել դրանք:

Ռուսական կողմի մեկնաբանություններում շեշտվում է, որ այս դեպքը ոչ թե «լրտեսություն» է, այլ ԱՄՆ-ում գոյություն ունեցող արտահանման կանոնների խախտում, այսինքն՝ սովորական քրեական գործ: Սակայն ՌԴ հատուկ ծառայությունները մտահոգվելու լուրջ առիթ ունեն. ընդամենը երկու տարի առաջ՝ 2010թ. հունիսին, ԱՄՆ-ում ձերբակալվեց 10 մարդ, որ մեղադրվում էին Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու համար: Կասկած կար, որ նրանք ԱՄՆ միջուկային ներուժի, կենտրոնական հետախուզական վարչության, ինչպես նաև ամերիկացի կոնգրեսականների մասին տեղեկություններ են հավաքել: Ի վերջո, ամերիկացիներն այդ տասնյակը փոխանակեցին Ռուսաստանի բանտերում իրենց պատիժը կրող՝ Ռուսաստանի դեմ լրտեսություն արած չորս մարդու հետ:

Եթե ՀԴԲ մեղադրանքներն ապացուցված են, ապա Ռուսաստանը երկու տարվա ընթացքում կորցրել է 21 (!) գործակալ: Ընդ որում, Ֆիշենկոյի դեպքում կարելի է խոսել ԱՄՆ-ում Ռուսաստանի արդյունաբերական հետախուզության ամբողջ համակարգի (165 միջնորդի) ոչնչացման մասին: Այդ համակարգի վերականգնումը տասնյակ տարիների տաժանակիր աշխատանք է պահանջում, և արդյունքն էլ երաշխավորված չէ:

Երկու տարի առաջվա խմբակային բացահայտումը կապված էր Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության գնդապետի դավաճանության հետ: Ոմանք մխիթարվում են՝ ասելով, որ բացահայտումը գործակալների սխալի պատճառով չէր: Սակայն հետախուզության բարձրաստիճան սպայի դավաճանությունը ստվեր է նետում ամբողջ ծառայության վրա: Բնականաբար, հարց է ծագում՝ ի՞նչն է այս անգամվա խոշոր ձախողման պատճառը: Սովորաբար գործակալները տասնյակներով բացահայտվում են դավաճանության պատճառով: Մի՞թե նորից դավաճանություն: Դա հավասարազոր կլիներ աղետի, և պատահական չէ, որ ռուսական «Իզվեստիան» իր վարկածով փորձում է հեռու վանել այդ ենթադրությունը: Ըստ թերթի՝ Ֆիշենկոյի ընկերությունը ամերիկյան հակահետախուզության ուշադրությունը կարող էր գրավել անհաջող գովազդի պատճառով. «Apex»-ի ինտերնետային կայքում տեղադրված հայտարարության մեջ եղել է «սպառազինություն» բառը: Բացի դրանից, կայքի ձևավորումը ներառում էր ռուսական ռազմական ինքնաթիռների, հրթիռային համալիրների և կապի համակարգերի պատկերներ: Սակայն համաձայնեք, որ սա այնքան էլ լուրջ վարկած չէ:

Ռուսական փորձագետները պատահական չեն համարում լրտեսական սկանդալի ի հայտ գալը ԱՄՆ նախագահական ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ: Ըստ որոշ մեկնաբանների՝ լրտեսական սկանդալը ձեռնտու է նախագահ Օբամային, քանի որ դա, ի հակադրություն նրա մրցակից Միթ Ռոմնիի հակառուսական հայտարարությունների, գործնական քայլ է «ռուսական վտանգի» չեզոքացման ուղղությամբ («Եթե Ռոմնին միայն ասում է, ապա Օբաման անում է»): Մինչդեռ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ոչ մի կապ չի տեսնում լրտեսական սկանդալի և ԱՄՆ նախընտրական քարոզարշավի միջև:

Անկախ այն բանից՝ այդ կապը կա՞, թե ոչ, ակնհայտ է, որ Ռուսաստանի արտաքին հետախուզությունում հասունացել են համակարգային փոփոխությունները: Մեկուկես ամիս առաջ՝ օգոստոսի կեսին, Ռուսաստանի հատուկ ծառայությունների բարձրաստիճան սպան «Արգումենտի նեդելի» պարբերականին հայտնեց, որ պետության ամենաբարձր մակարդակում քննարկվում է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) և անվտանգության դաշնային ծառայության վերամիավորման հնարավորությունը: Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ը, Գերմանիան և ՆԱՏՕ-ի մյուս երկրները դրան դեմ են, քանի որ հենց նրանց պնդելով էր, որ Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինը տարանջատեց այդ կառույցները՝ երկուսն էլ թուլացնելով: Վերջին տասը տարում ԱՀԾ հայթայթած հետախուզական տեղեկությունների որակը այլևս չի բավարարում Ռուսաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությանը: Եթե նկատի ունենանք, որ պաշտպանության նախարարությունում կատարվող վերափոխումների արդյունքում կազմալուծման եզրին է հայտնվել նաև գլխավոր հետախուզական վարչությունը, ապա արմատական փոփոխությունների պահը հասունացել է: Ենթադրվում է, որ ԱՀԾ ու ԱԴԾ միավորումը տեղի կունենա մի քանի փուլով և կավարտվի 2013թ. վերջին:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #40 (956) 11.10.2012 – 17.10.2012, Ռազմաքաղաքական


17/10/2012