Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՇԼԻ ՄԻՆԱՍ. «ԵՍ ՀԱՅԻ ՏԱՔ ՈՒ ՍԻՐՈՂ ՍԻՐՏ ՈՒՆԵՄ»
ԱՇԼԻ ՄԻՆԱՍ. «ԵՍ ՀԱՅԻ ՏԱՔ ՈՒ ՍԻՐՈՂ ՍԻՐՏ ՈՒՆԵՄ»

-Նախնիներս Հին Ջուլֆայից են։ Հայրս՝ հնդկական բանակի գեներալ Վանիկ Մինասը, ապրել է Կալկաթայում։ Հորական պապիս՝ Տիգրանին չեմ տեսել, փոխարենը երբեք չեմ մոռանա ջուլֆայեցի տատիս՝ Մերիին։ Հզոր կին էր։ Տատս ու հայրս բնավորությամբ շատ էին նման իրար՝ երկուսն էլ անսահման հպարտ էին իրենց հայկական արմատներով, խիստ էին, համառ, կարգապահ, ազնիվ ու իշխող… Երկուսն էլ ծեծում էին ինձ (ծեծվելու առիթ միշտ էլ լինում էր)։ Տատս ասում էր՝ էս փայտն է քեզ հայ տղամարդ դարձնելու։ Ասում էր՝ հենց դպրոցից տուն ես մտնում, գնա ու համբուրիր փայտը, որովհետեւ առանց էս փայտի մարդ չես դառնա։

-Փայտը, որով պատժո՞ւմ էր Ձեզ։

-Հա, հենց էդ փայտը։ Ես բնավորությամբ նման էի տատիս ու հորս. ըմբոստ էի, անհնազանդ էի, անընդհատ ծեծկռտուքների մեջ էի ընկնում։ Հայրս ու տատս այնքան էին գլուխս լցրել, որ ես աշխարհի ամենաուժեղ, ամենախելացի, ամենահին, ամենալավ ազգից եմ, որ դպրոցում առիթը բաց չէի թողնում ընկերներիս հիշեցնելու իմ գերազանցությունը իրենց նկատմամբ։ Դե, նրանցից ոմանք չէին համակերպվում, ու սկսվում էր ծեծկռտուքը։ Ծնողների ու ուսուցիչների պարբերական հանդիպման ժամանակ, որպես կանոն, ուսուցիչները բողոքում էին ինձնից։ Իսկ այ, ավագ եղբայրս՝ Գլենը, իմ հակապատկերն էր։ Նա նման էր անգլուհի մորս՝ գիտեր ինչպես խուսափել պրոբլեմներից։ Հիշում էր բոլոր ուսուցիչների ծննդյան օրերը, ծաղիկներով այցելում էր նրանց։ Իմ մասին խոսելիս ուսուցիչները ասում էին՝ հույս չկա, Աշլիից ոչինչ չի ստացվի, բայց երբ հերթը հասնում էր Գլենին, նրանք երանությամբ ժպտում էին, դեմքի արտահայտությունը կտրուկ փոխվում էր. «Գլենը շատ քաղցր է»։ Սպորտով էի զբաղվում (մինչ օրս զբաղվում եմ), ծանրամարտով, հեծանվավազքով, մարմնակերտությամբ, բոքսով։ Երբ դպրոցն ավարտեցինք, այդ տարվա շրջանավարտների մեջ ես երկրորդն էի առաջադիմությամբ։

-Իսկ «քաղցր» Գլե՞նը։

-Նա լավ սովորողների շարքում չկար։ …Դպրոցում ուսուցիչներս միշտ մատնացույց էին անում կողքի նստարանին նստող երկու համադասարանցիներիս եւ ասում, որ ես պետք է օրինակ վերցնեմ նրանցից։ Նրանք շատ խելոք էին ու լավ էին սովորում։ Բազմիցս ականջի պոչով լսել էի, որ նրանք որոշել են ընդունվել Հնդկաստանի ամենահեղինակավոր բժշկական համալսարանը՝ Վելլորեի «The Christian medical college»։ …Հաճախ ես ու Գլենը այցելում էինք անգլիացի պապիս։ Ես սիրում էի նրան, շատ լավ մարդ էր։ Մի օր էլ պապս հիվանդացավ, ու բժիշկները չկարողացան փրկել նրան։ Շատ էր տանջվում խեղճը։ Հավանաբար հենց այդ ժամանակ էլ ծնվեց վիրաբույժ դառնալու որոշումս։ Եվ ես հիշեցի երկու օրինակելի դասընկերներիս ու նրանց՝ Վելլորեի բժշկական համալսարանն ընդունվելու երազանքը։ Միշտ էլ այդ համալսարանում մրցակցությունը մեծ էր։ Տասնյակ հազարավոր դիմումներ՝ մեկ տեղի համար։ …Ես ընդունվեցի։ Ուսումնառության 6 տարիների ընթացքում երկար ու ապարդյուն փնտրում էի օրինակելի դասընկերներիս, նրանք այդպես էլ չտեսան Հնդկաստանի ամենահեղինակավոր բժշկական համալսարանի շեմքը։ Համալսարանում ես շատ լավ էի սովորում, իսկ մարմնակերտությամբ (բոդիբիլդինգով) առաջինն էի բոլոր բժշկական համալսարանների մեջ։

-Ձեր կենսագրության մեջ գրված է, որ ծառայել եք հնդկական բանակում, եղել եք ռազմական բժիշկ, ստացել եք կապիտանի կոչում։

-Երբ մեծացա, դարձա ավելի խելահաս, հասկացա, թե ինչ հրաշալի մարդ է հայրս, որքան ազնիվ է, խելացի, գործունյա. հարգված։ Նա հնդկական բանակի ինժեներական զորքերի պետն էր։ Ուզում եմ մի փոքրիկ դրվագ պատմել հորս կյանքից։ Պետք է մի շատ կարեւոր ռազմական համաձայնագիր ստորագրվեր։ Հայրս վերադարձավ ծառայությունից եւ տեսավ, որ մեր սեղանին բազմաթիվ նվերներով լի մեծ զամբյուղ է դրված։ Հայրս սարսափելի բարկացավ։ Ասաց. «Էս հնդիկ շուն-շանորդիները կարծում են կարո՞ղ են կաշառել հայ տղամարդուն…»։ Հաջորդ օրը իմացա, որ հայրս չի ստորագրել համաձայնագիրը։ Այս պատմությունը պատահական չպատմեցի։ Ես սիրում էի հորս եւ ցանկանում էի նմանվել նրան։ Վաստակել նրա հարգանքը։ Ու ծառայության անցա բանակում։ Որոշ ժամանակ անց (կարծեմ 1 տարի) ռազմաբժշկական ծառայության պետը մեդ ժողով հրավիրեց։ Ես հավաքված զինվորական բժիշկներից ամենակրտսերն էի։ Հանկարծ պետն ասաց՝ Աշլի Մինաս, ոտքի կանգնիր։ Շատ վախեցա, մտածեցի՝ պիտի դժգոհի իմ ծառայությունից։ Ապշեցի, երբ պետն ասաց, որ օրինակելի ծառայության համար արժանանում եմ խրախուսանքի։ Սակայն, ես չէի կարող համակերպվել հնդկական բանակում կատարվող անօրինականությունների հետ։ Երբ հրամանատարս զանգում էր ու հրամայում դեղերի մի մեծ քանակություն տալ իր ազգականներից մեկին, ես հրաժարվում էի ու վաստակում թշնամիներ։

-Ձեր երեխաների՝ Սիրունի, Վանիկի եւ Տիգրանի մայրը նիգերիացի է, որտե՞ղ եք հանդիպել նրան։

-Ընկերներիցս մեկի բժիշկ ազգականը ինձ հրավիրեց աշխատելու Նիգերիայում։ Աշխատավարձը բարձր էր, եւ ես համաձայնեցի։ Այնտեղ էլ ամուսնացա, Սիրունը եւ Վանիկը (հորս անունն է) ծնվեցին Նիգերիայում, իսկ Տիգրանը (պապիս անունն է) ծնվեց Մեղրիում։

-Ե՞րբ եւ ինչպե՞ս որոշեցիք հայրենիք գալ։

-Իմ արյունը որոշեց, գենս, սիրտս… Հայաստան գալը եղել է վաղեմի երազանքս, երկրաշարժի ժամանակ դիմեցի խորհրդային դեսպանություն՝ Հայաստան գալու խնդրանքով։ Բայց ինձ մերժեցին։ Հայաստան եկա 1994-ին կնոջս եւ երկու երեխաներիս հետ։ Ծանր տարիներն էին։ Ես գնացի սահմանամերձ Մեղրի եւ հիմնեցի իմ սեփական կլինիկան՝ «Մինասյան բժշկական կենտրոնը»։ Այդ ծայրամասային տարածքում հիվանդանոցից կարեւոր բան դժվար էր պատկերացնել։ 600 երեխա է լույս աշխարհ եկել իմ հիվանդանոցում, մեր ծառայությունից օգտվում էին նաեւ զինվորները եւ սպաները։ Այնքան հպարտ ու ուրախ եմ, որ այդ ծանր տարիներին կիսել եմ հայրենակիցներիս բաժին ընկած դժվար կյանքը եւ կարողացել եմ օգտակար լինել մարդկանց։ Ես կլինիկա էի հիմնել նաեւ Ասկերանում։ Հետո մենք բացեցինք «Մինասյան բժշկական կենտրոնը» Երեւանում։

-Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն տեսաք Հայաստանը առաջին անգամ, հայ մարդուն… Ի՞նչ սպասելիքներ ունեիք…

-Ես արդեն հասուն տղամարդ էի, որպեսզի հասկանամ՝ Հայաստանը դրախտ չէ (ինչպես ասում էր հայրս), ու բոլոր հայերն ընտրյալ չեն։ Հայաստանը շատ սիրելի է ինձ, որովհետեւ իմն է, ես զգում եմ իմ արյան կապը այս հողի, օդ ու ջրի հետ։ Մենք՝ հայերս, ծայրահեղությունների ազգ ենք։ Այստեղ են ապրում աշխարհի ամենահրաշալի մարդիկ… Ցավոք՝ նաեւ հայ լինելու պատվին անարժան մարդիկ կան՝ եսակենտրոն, շահամոլ, խարդախ…

-Ամեն դեպքում՝ ես չեմ մոռանում Գլենին… Մենք կորցրի՞նք նրան՝ որպես հայ։

-Նա էությամբ անգլիացի է։ Ապրում է Հնդկաստանի Բանգլո քաղաքում, անգլերենի ուսուցիչ է։ Հայկական գենը թույլ է նրա մեջ։ Չգիտեմ, նա էլ այդպիսի հայ է։

-Մի շատ հուզիչ պատմություն կա՝ կապված փոքրիկ Սարայի որդեգրման հետ։

-Հնդկաստանում մեր դպրոցի հարեւանությամբ ապրում էր ամերիկացիների ընտանիք։ Նրանք ունեին երեք երեխա։ Երկուսը շեկ էին, կապուտաչյա, երրորդը՝ սեւամորթ էր։ Երեքն էլ հագնում էին նույնատիպ զգեստներ։ Հետո ես իմացա, որ սեւամորթը որդեգրված է։ Ծնողները նույն ջերմությամբ խնամում էին նաեւ նրան։ Որբ երեխան այնքան երջանիկ էր։ Այդ պատմությունը խորապես հուզել էր ինձ։ Ու սրտիս մի թաքուն անկյունում կար ինչ-որ մեկին՝ մի որբուկի երջանկացնելու երազանք։

Երբ առաջին անգամ տեսա փոքրիկ Սարային, ներսումս ինչ-որ բան թրթռաց։ Երեխան շատ ծանր հիվանդություն ուներ՝ գլխի մեջ ջուր էր հավաքվում։ Նման հիվանդությունից քչերն են փրկվում։ Ծնողները լքել էին նրան, բժիշկները հույս չէին տալիս։ Մենք որդեգրեցինք Սարային։ Որոշ ժամանակ անց երեխայի վիճակը կտրուկ վատացավ. ջուրը գլխից հեռացնող զոնդը փակվեց (օրգանիզմը չէր ընդունում օտար մարմին)։ Մենք բժիշկ հրավիրեցինք Պետերբուրգից։ 7 տարեկան երեխան 16 անգամ վիրահատվեց Հայաստանում։ Սարան կոմայի մեջ էր, երբ մենք կառչեցինք վերջին հույսից, երեխային տեղափոխեցինք Իտալիա։ Մենք մինչեւ վերջ պայքարեցինք երեխայի կյանքի համար։ Ու նա փրկվեց։ Հիմա Սարա Մինասը բոլորովին առողջ է, հրաշալի երեխա է, շատ մտերիմ է կրտսեր եղբոր՝ Տիգրանի հետ։

-Նա ապրում է Ձեր օտարերկրացի կնոջ հե՞տ։

-Այո՛։ Ես ու կինս բաժանվեցինք, եւ Սարան, բնականաբար, մնաց մոր, քրոջ ու եղբայրների հետ։ Նրանք ապրում են Հայաստանում, մենք մշտական կապի մեջ ենք։ Ես ամուսնացել եմ հայ աղջկա հետ։ Արմինեին հանդիպեցի պատահաբար եւ միանգամից սիրահարվեցի։ Ես վաղուց պատանի չեմ, բայց հայի տաք ու սիրող սիրտ ունեմ, զգացմունքային եմ, կյանքով լի, եռանդուն… Հայաստանում 17 տարի ապրելուց հետո, կրկին Նիգերիայում աշխատելու հրավեր ստացա։ Երեք տարի կաշխատեմ Նիգերիայում եւ կվերադառնամ Հայրենիք։ Կվերաբացեմ «Մինասյան բժշկական կենտրոնը» եւ վերջնականապես կհաստատվեմ հայրենիքում։ Աղջիկս՝ Սիրունը, գերազանց գնահատականներով (անվճար) սովորում է բժշկական համալսարանում։ Նա կշարունակի իմ գործը։ Ջուլֆայեցի Տիգրան Մինասի մի շառավիղը աշխարհեաշխարհ դեգերելուց հետո կրկին արմատ կձգի հայրենի հողում՝ Սիրուն, Վանիկ, Տիգրան Մինասները, փոքրիկ Սարա Մինասը եւ Մինաս ազգանունը կրող այն երեխաները, որ անպայման ծնվելու են։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ