Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՊԱՐՏ ԵՆՔ ՁԵԶՆՈՎ
ՀՊԱՐՏ ԵՆՔ ՁԵԶՆՈՎ

ՀՕՊ զորամասում է ծառայում Երևանի N 156 դպրոցի շրջանավարտ, Հայաստանի ագրարային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող, պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Մարտին Նարեկի Շահինյանը։

Ներկայացնում ենք Մարտինի տատիկի՝ Երևանի N 156 դպրոցի երկարամյա մանկավարժ, այժմ կենսաթոշակառու Վեներա Հարությունյանի նամակ-շնորհավորանքը թոռան ծննդյան օրվա կապակցությամբ։

-Մարտին ջան, բարի լույս։ Այսօր հոկտեմբերի 3-ն է, քո ծննդյան օրը։ Դու դառնում ես 20 տարեկան։ Մարտին, իմ սիրասուն, առաջնեկ թոռնիկ, այժմ դու հայրենիքի զինվոր ես, հայրենյաց նորօրյա պաշտպան։ Պապիկդ, որի պատվարժան անվանակիցն ես դու, հայրդ, մայրդ, քույրիկդ, ես, քեզ ճանաչողները հպարտ ենք քեզնով։

Դու սիրով, հպարտությամբ մեկնեցիր զինվորական ծառայության, իսկ մենք վստահ և համոզված էինք, որ բարձր կպահես ընտանիքիդ, դպրոցիդ, բուհիդ պատիվը։ Դու լիովին արդարացրիր մեր վստահությունը։ Ապրես, Մարտին ջան։

Ամեն օր, յուրաքանչյուր բացվող այգաբացի հետ ես աղոթք եմ հղում առ Աստված, որ խաղաղ լինեն արշալույսները, ամուր՝ մեր երկրի սահմանները։ Սա նաև լուռ աղոթք է բոլոր հայ մայրերի ու տատիկների անունից։ Թող այն պաշտպանի մեր երկրի սահմանի անդորրը հսկող հայրենապաշտ զինվորին։

Հպարտ ենք ձեզնով։

Մարտին ջան, ստացանք զորամասի ամսաթերթի հուլիսյան համարը և կրկնակի հպարտությամբ համակվեցինք. չէ՞ որ դու նաև կարողանում ես քո բազմակողմանի գիտելիքներն ու հետաքրքրությունները նպատակին ծառայեցնել։ Դրա վկայությունն են ձեր զորամասի ուրախների ու հնարամիտների թիմի հաջողությունները։ Թիմը, որի ավագն ես դու, աչքի է ընկել զինված ուժերի համաբանակային մրցույթներում, զբաղեցրել պատվավոր մրցանակային տեղեր, արժանացել խրախուսանքների։ Այս ամենը վկայում է քո նախասիրությունների, կոլեկտիվը համախմբելու, դեռևս մանկուց նկատելի՝ ընդգծված կազմակերպչական քո ունակությունների մասին։

Սիրելի Մարտին, կանցնի ևս 2 ամիս, ու դու պատվով տուն կդառնաս, կշարունակես ուսումդ։ Դու, որ հայոց բանակի ու նորանկախ հայրենիքի տարեկից զինվորն ես, հասակ կառնես նրա հետ, կարոտով ու հպարտությամբ կհիշես ծառայությանդ տարիները, կհիշես, որ հոբելյանական՝ 20-ամյակդ բանակում ես նշել, տոնել որպես հայրենիքի զինվոր, համակվել անսահման, անանց հպարտությամբ։

Թանկագին Մարտին, երախտագիտությունս եմ հայտնում ձեր զորամասի հրամանատարությանը, որ անում է հնարավորինը, որպեսզի հայոց բանակի պաշտպան զինվորը, դու, քո ծառայակից ընկերները, քո հասակակիցները դառնան երկրի վաղվա արժանապատիվ քաղաքացիները, բարձր պահեն հայրենիքի համար կյանքը նվիրաբերած հայորդիների անունը և հիշատակը։

Շնորհավոր ծնունդդ։ Ամուր գրկում եմ:

Քո տատիկ՝ ՎԵՆԵՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ