Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՐՍԻԿՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ



Փորձարարական հոգեբանության հիմնադիր Վիլհելմ Վունդտը ազգերի հոգեբանությունը հասկանալու համար մեծապես կարևորում է նրանց լեզվի, առասպելների և սովորույթների ուսումնասիրությունը, իսկ այլ հեղինակներ կարևորում են նաև կրոնն և վերջինիս ձևավորման փուլերը: Պարսիկները պատկանում են այն ժողովուրդների թվին, որոնց ազգային առանձնահատկությունների ձևավորման գործընթացում մեծ է կրոնի դերը:

Դեռ հնագույն ժամանակներից պարսիկների կրոնը դուալիստական էր, որի հիմքում ընկած էր չարի և բարու, խավարի և լույսի հավերժական պայքարը: Ավելի ուշ, հատկապես վաղ միջնադարում, լայն տարածում է ստանում զրադաշտականությունը` Զարատուշտրայի հիմնած կրոնը: Զրադաշտականության դրույթները կրում են հին պարսիկների ազգային հոգեբանության ու ռացիոնալ մտածելակերպի կնիքը: Այդ կրոնի հիմնական դրույթներն են հավատը վերերկրյա և միակ աստծո` Ահուրամազդայի նկատմամբ, երկրի վրա երկու համահավասար սկզբնավորումների` բարու և չարի գոյության ընդունումը, բարեպաշտության գործնական բնույթը, որի հիմնական նպատակը աշխարհում չարի ոչնչացումն է, ծեսերի բարոյական նշանակությունն ու հրաժարումը զոհաբերություններից, պետության հատուկ դերը մարդու կյանքում և վերերկրյա իշխանության սրբազան բնույթը: Այսպիսի բովանդակության շնորհիվ զրադաշտականությունը արագորեն տարածվեց Իրանում` նպաստելով պետության ամրապնդմանը և, ի վերջո, պարսկական կայսրության ստեղծմանը: Հետաքրքրական է այն փաստը, համաձայն որի՝ այլ պետությունների հետ պատերազմները և հակառակորդների տարածքների գրավումը հին պարսիկները համարում էին ոչ թե հակադիր շահերից սկիզբ առած սովորական բախում, այլ չար ուժերի ոչնչացում, արդարացի պայքար բարու հաստատման համար: Զրադաշտականությունը, համենայն դեպս առերեւույթ, մարդկանց մղում էր բարի մտքի, բարի խոսքի և բարի գործի:

Իրանում այժմ զրադաշտականություն դավանում են միայն հեբրերը, որոնք ինքնուրույն էթնիկական խումբ են, ապրում են Քերմանում և կազմում են երկրի բնակչության ընդամենը երկու կամ ավելի քիչ տոկոսը: Այնուամենայնիվ, զրադաշտականությունն էական դերակատարում ունի պարսիկների հոգեկերտվածքի ձևավորման մեջ, շնորհիվ ինչի, ժողովրդի շրջանում հնուց ի վեր ամրապնդվել են բազմաթիվ արժեքներ, որոնք չեն փոխվել նույնիսկ մահմեդականության ընդունումից հետո:

Մահմեդականությունը նույնպես մեծ ազդեցություն է թողել պարսիկների ազգային հոգեբանության վրա: Կրոնականությունը իրանական մշակույթի հիմնական բնութագիրն է, այն ներառում է կյանքի բոլոր կողմերը: Անգամ պետական համակարգն է սերտորեն փոխկապակցված իսլամական հոգևոր կյանքի հետ: Իրանում գոյություն ունի Սահմանադրության պահպանման խորհուրդ, որը խստիվ արգելում է ոչ մահմեդականներին զբաղեցնել բարձրագույն պաշտոններ, իսկ խորհրդարանի ոչ մահմեդական անդամներին` մշակել օրինագծեր, որոնք հակասում են Շարիաթին (իսլամի բարոյական և կրոնական նորմերի համախումբն է, որը հիմնված է Ղուրանի վրա և համարվում է «հավերժական և անփոխարինելի»): Ըստ Սահմանադրության 13-րդ հոդվածի` մահմեդականության կողքին ընդունելի է միայն երեք կրոն` քրիստոնեություն, հուդայականություն և զրադաշտականություն, մյուս բոլոր կրոնների հետևորդները համարվում են «անպաշտպան անհավատներ», որոնք իրավունք չունեն ներկայացվելու խորհրդարանում և գործնականում իրավաբանական անձ չեն:

Իսլամն իր յուրովի ազդեցությունն ունի նաև կին-տղամարդ հարաբերությունների, հասարակության մեջ կնոջ դերի մասին պատկերացման վրա: Տղամարդիկ անհամեմատ մեծ առավելություններ ունեն կանանց նկատմամբ, ինչն իր արտացոլումն է գտել նույնիսկ պարսկական ասացվածքներում. «Մրջյունն անգամ իր տանը պետք է Սուլեյմանը լինի» (Սուլեյմանը լեգենդար արքա է, որն ունեցել է բավականին հզոր իշխանություն), «Կերակրում ես, ուրեմն՝ հրամայիր»: Կանանց իրավունքները որոշակիորեն սահմանափակ են, օրինակ` նրանք պարտադրված են կրելու հագուստի տարր` չադրա, որը չանելու դեպքում նրանց նկատմամբ սահմանվում է կարգապահական պատասխանատվություն: Միևնույն ժամանակ, կինը առանձնակի կարևորվում է իրանական մշակույթի ինքնատիպության և անձի դաստիարակման պատասխանատվության տեսանկյունից: Կնոջ խնդիրն է ճիշտ դաստիարակել երեխաներին` որպես իրանական պետության ապագան կերտողների: Հատկապես նախադպրոցական տարիքում նա պարտավոր է երեխաներին շրջապատել իսլամական մարդասիրական մշակույթի ոգով և նրանցում սերմանել բարեպաշտություն, աստվածավախություն, բարոյական մաքրություն («հոգու մաքրության» կարևորումը գալիս է դեռևս հնագույն զրադաշտականությունից):

Առհասարակ, պարսիկները վերին աստիճանի նախանձախնդիր են իրենց մշակութային, ազգային արժեքների սերմանման և կրոնական աշխարհընկալման պահպանման նկատմամբ և ունեն համապատասխան գրված ու չգրված օրենքներ ու սովորույթներ: Այդպիսի օրենքներից է, օրինակ, մահապատժի գործադրումը. Չինաստանից հետո Իրանը աշխարհում երկրորդն է մահապատիժների թվով: Ըստ վիճակագրական տվյալների` 2006-2007 թթ. մահապատժի է ենթարկվել 415 մարդ, որոնց մեջ եղել են նաև անչափահասներ:

Իրենց ազգային արժեքներին չափից ավելի մեծ կարևորություն տալու հակումը իր կնիքն է թողել նաև ընկերության, բարեկամության մասին նրանց պատկերացումների վրա: «Թշնամին լինում է երեք տեսակ` թշնամի, ընկերոջ թշնամի, թշնամու ընկեր», «Եթե նվիրել ես սիրտդ, չես կարող ետ վերցնել», ասվում է պարսկական ժողովրդական ասացվածքներում, ինչն արտացոլում է հարազատության արժևորման կարևորությունը նրանց ընկալումներում: Սակայն, նման նվիրումին զուգահեռ, պարսիկները բավականին հաշվենկատ են և խորամանկ. դեռևս զրադաշտականությունից նրանց մեջ սերմանված է ռացիոնալ վերաբերմունքը աշխարհի նկատմամբ. պարսիկները կարևորում են և նույնիսկ բացարձակացնում նյութական արժեքները, արագ են կողմնորոշվում բարդ իրավիճակներում և ճկուն են. «Հարստությունը հոգի չէ, որ հեշտությամբ նվիրաբերես», «Եթե ոսկի ունես, բոլորը քո ընկերներն են», «Դատավորի մոտ միայնակ գնացողը գոհ է վերադառնում», «Բանտում թշնամին քո ընկերն է»:

Թերևս պարսիկներն ընդգծված պետականապաշտ են ու միաժամանակ անհատապաշտ, ինչի վկայությունն է հին իրանական ժողովրդական իմաստությունը` «Մեր երկրում բոլորը արքաներ են»: Եվ օրինաչափ է, որ արքային վայել ազատամտությունը իրանցիների մեջ պետք է ընդվզում առաջացնի ազատությունը կաշկանդող պարտադրված կաղապարների դեմ: Վերջին տարիներին հատկապես արտասահմանում բնակվող պարսիկների մեջ որոշակի ընդվզում է ձևավորվել Իրանում գործող տիրազոր համակարգի հանդեպ: Շատերն այն կարծիքին են, որ մինչ արդի քաղաքակրթությունները գերարագ զարգանում են, Իրանում հակաիսլամական կայքերի, միջազգային սոցիալական ցանցերի կամ արևմտյան երաժշտության արգելման պատճառով հասարակությունը կանգնում է լճացման վտանգի առջև: Սակայն բողոքի այս ալիքը ներկայումս այնքան էլ կայուն չէ, որպեսզի ծառանա դարերով ամրապնդված իսլամական հզոր մշակույթի և մտածելակերպի դեմ, որքան էլ վերջինս դոգմատիկ և խիստ լինի: Ի վերջո, պարսիկներն արքա են իրե՛նց երկրում և իրե՛նց երկրի շնորհիվ, որը Եվրոպայի համար որքան անընդունելի, նույնքան էլ անհասանելի է:

ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Խորագիր՝ #39 (955) 4.10.2012 – 10.10.2012, Ռազմական


10/10/2012