Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾԵՐԻ ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Ֆրանսիացի հայտնի սրախոս Լարոշֆուկոն մի առիթով ասել է. «Մեծ մարդկանց թերություններն էլ մեծ են լինում»։ Անվանիներից շատերի մասին ողջ աշխարհն է խոսում, իսկ նրանց թերությունների, տարօրինակությունների, «գժությունների» և երբեմն զարմանալի արարքների վրա պարզապես աչք են փակում` համարելով այդ մարդկանց հանճարեղության հակադարձ կողմը:

♦♦♦

Չինաստանի առաջնորդ Մաո Ցզեդունը (1893-1976) երբեք չէր մաքրում ատամները։ Իսկ երբ նրան ասում էին, որ դա հակահիգիենիկ է, պատասխանում էր. «Բայց դուք երբևէ տեսե՞լ եք, որ վագրը ատամները մաքրի»։

♦♦♦

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլը (1874-1965) ուներ զինվորիկների մեծ հավաքածու։ Հայտնի է, որ նրա տանը դրանցից կազմված մի քանի բանակ կար, որոնցով Չերչիլը հաճույքով խաղում էր։

♦♦♦

Պարզվում է՝ նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը (1889 -1945) շատ էր սիրում ուսումնասիրել մարդկանց ձեռքի ափերը։ Նա շքեղ կազմով մի հսկայական գիրք ուներ, որում պատկերված էին անցյալի մեծերից շատերի ձեռքի ափերի նկարները։ Հիտլերը սիրում էր ցույց տալ այդ գիրքն իր հյուրերին և հատկապես հպարտանում էր, որ իր ափի նկարը շատ նման էր Ֆրիդրիխ Մեծի ափի պատկերին։

♦♦♦

Մեծանուն զորավար Ալեքսանդր Սուվորովը (1730-1800) ևս հայտնի էր արտասովոր արարքներով։

Գեներալիսիմուսն ուներ անսովոր օրակարգ. նա պառկում էր քնելու երեկոյան 6-ին և արթնանում էր գիշերվա 2-ին, այն էլ՝ տարօրինակ ձևով. նա իր վրա լցնում էր սառը ջուր ու բարձր կանչում «ծուղրուղո՜ւ»։

Անտեսելով իր բոլոր բարձր տիտղոսները՝ սիրում էր քնել չոր խոտի վրա։

Նա գերադասում էր հին ճտքակոշիկները և կարող էր բարձրաստիճան հյուրերին դիմավորելու դուրս գալ գիշերային թասակով ու ներքնաշորերով։

Նա շատ էր սիրում ամուսնացնել իր ենթակայության տակ գտնվող գյուղացիներին՝ ղեկավարվելով չափազանց ինքնատիպ սկզբունքներով. նրանց շարք էր կանգնեցնում, ընտրում հասակով իրար համապատասխաններին, հետո պսակում էր միանգամից քսան զույգի։

♦♦♦

Ռուս ցար Իվան Ահեղը (1530-1584) առավոտյան և երեկոյան անձամբ էր հնչեցնում Ալեքսանդրովյան ավանի գլխավոր զանգակատան զանգերը։

♦♦♦

Ռուս կայսր Ալեքսանդր Երրորդը (1845-1894) գինովցած պառկում էր հատակին ու բռնում կողքով անցնողների ոտքերից։ Պահակազորի պետ և իր բաժակակից Չերևինի հետ նա ստեղծել էր ճտքակոշիկի հատուկ ծալքեր, որոնցում տեղավորվում էր խմիչքի 700-գրամանոց տափաշիշը: Կայսրուհին միշտ զարմանում էր, թե ինչպես է հարբում ամուսինը. չէ՞ որ նա հանգիստ թուղթ է խաղում, և սեղանին խմիչք չկա: Կայսրը մահացավ հարբեցողությունից առաջացած երիկամային հիվանդությունից:

♦♦♦

Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետը (1755-1793) սիրում էր հասարակության առջև հայտնվել հովվուհու հագուստով:

♦♦♦

Եթովպիայի կայսր Մենելիք II-ի (1844-1913) գահը ԱՄՆ-ից բերված էլեկտրական աթոռն էր:

Պատրաստեց ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ #39 (955) 4.10.2012 – 10.10.2012, Պատմության էջերից


10/10/2012