Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Ազգային գաղափարախոսությունը տեղեկատվական անվտանգության համատեքստում» խորագրով գիտաժողով, որը նվիրված էր ՀՀ անկախության 21-ամյակին: Գիտաժողովը կազմակերպել էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը եւ ««ArmSEC» գիտակրթական կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Գիտաժողովի կազմակերպման ու անցկացման աշխատանքներին ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունեց ներկաներին ու կարեւորեց նմանաբնույթ հանդիպումները:

Զեկույցով հանդես եկավ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը եւ անդրադարձավ գաղափարախոսության եւ տեղեկատվական անվտանգության հարցերին: «Գաղափարախոսություն եզրը շրջանառության մեջ է մտցրել ֆրանսիացի Դեստյուտ դե Տրասին 18-րդ դարում: Կան երկու ունիվերսալ գաղափարախոսություններ` սոցիալիստական, որը ենթադրում է սոցիալական հավասարության գերակայություն, եւ ազատական, որի հիմնարար դրույթը անձի ազատության գերակայությունն է: Ցանկացած հանրությունում սրանք կարելի է կիրառել: Ոչ ունիվերսալ է ազգային պահպանողական գաղափարախոսությունը, որը հենվում է տվյալ հանրությանը բնորոշ ազգային քաղաքակրթական արժեքների եւ պատկերացումների վրա: Հաճախ ազգային գաղափարախոսություն եւ ազգային գաղափար եզրույթները շփոթում են: Ես այսպես եմ սահմանել ազգային գաղափար հասկացությունը. այն ազգի ռազմավարական նպատակն է կամ գերխնդիրը: Եթե հանրությունում որեւէ գաղափարախոսություն երկարատեւ ժամանակ մենաշնորհ ու բացարձակ գերակայություն է ձեռք բերում, ապա դա ծանր հետեւանքների է հանգեցնում: Հանրությունները, որոնք համատեղում են ունիվերսալ եւ ազգային-պահպանողական գաղափարախոսությունները, զարգացում եւ առաջընթաց են ապրում: Ես տեղեկատվական անվտանգության մակարդակը առաջարկում եմ չափել տվյալ հանրության գիտելիքների կոնցենտրացիայով` խտությամբ: Մենք լուրջ կորուստներ ենք կրել, ուստի ունենք խնդիրներ, մենք այսօր տեղեկատվական հասարակություն չենք: Մենք ունենք ոչ թե հետինդուստրիալ, այլ դեինդուստրիալիզացված հասարակություն: Ելքը մեկն է` պետք է կիրառելի դարձնենք պետության հզորությունը որոշող ամենահայտնի մեթոդաբանությունը` P=(C+E+M+D)(S+V), որտեղ P=պետության հզորությունը, C=բնակչությունը եւ տարածքը, E=տնտեսական հնարավորությունները, M=ռազմական հզորությունը, D=սփյուռքի ռեսուրսները, S=ազգային ռազմավարության գործակիցը, V=ազգային ռազմավարության նպատակներին հասնելու կամքը»:

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալբերտ Նալչաջյանն իր` «Էթնոհոգեբանությունը և ազգային գաղափարախոսությունը» թեմայով զեկույցում կարևորեց այն հանգամանքը, որ ազգային գաղափարախոսությունը պետք է ստեղծեն տվյալ երկրի մտավորականները, և ոչ թե վերցվի այլ երկրների օրինակը. «Յուրաքանչյուր ազգ հմտորեն կառավարվելու համար պետք է ունենա սեփական ազգային գաղափարախոսությունը: Այն պետք է հենվի տվյալ ազգի առանձնահատկությունների իմացության վրա: Առաջին մասում պետք է տեղ գտնի էթնիկական արժեքների մասին տեսությունը, այսինքն` արժեքաբանական տեսակետից ինչի ենք ձգտում, ինչն ենք արժեւորում, ինչի համար ենք պայքարել, պայքարում եւ պատրաստվում պայքարել: Մեր գաղափարախոսության հիմքում պետք է լինի արդարության սկզբունքը, այնուհետեւ` հավասարության սկզբունքը, որը պետք է համադրված լինի արդարության սկզբունքի հետ, որովհետեւ հավասարությունը կարող է լինել արդար կամ անարդար: Մյուս արժեքը ճշմարտությունն է կամ ազնվությունը: Այսօր մարդկանց մեծ մասը ղեկավարվում է խորամանկության սկզբունքով` կարծելով, թե խելացի է: Նման պայմաններում ազգային գաղափարախոսության ընդունման հույս չի կարող լինել: 2-րդ բաժինը «էթնիկական տնտեսություն» եմ անվանում: Այն պետք է ամբողջացնի հայի կարողությունները` ոլորտներին համապատասխան, պետք է ներկայացնի, թե որ բնագավառներում մենք կարող ենք հաջողության հասնել, թե հայ ժողովրդի իմացական ընդունակությունները տնտեսական որ բնագավառներին են հարմար: Մամուլում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ ամբողջ աշխարհում մոտ տասը հազար հայ ոսկերիչ կա. ոսկերչական աշխատանքը շատ նուրբ կոորդինացիաներ է պահանջում տեսողական ընկալման, շոշափելիքի եւ շարժումների միջեւ: Եթե հայերը հատուկ հակումներ ունեն արհեստավորական այդ նուրբ բնագավառի նկատմամբ, ուրեմն զգայաշարժողական կոորդինացիան զարգացած է, ինչը հատուկ է հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդներին: Այսինքն` սա հեռանկարային ուղղություն է, պետք է այդպիսի ուղղությունները շեշտադրվեն, քանի որ այսպիսով կարող ենք համաշխարհային մրցունակություն ապահովել: Ազգային գաղափարախոսության ստեղծման մյուս կարեւոր հիմքը ազգային սիմվոլների հարցն է, որը պետք է ընկած լինի էթնիկական սոցիալականացման հիմքում: Սիմվոլիկայի հանդեպ պաշտամունքային վերաբերմունքը ազգի հոգեկերտվածքի փոխանցման կարեւորագույն միջոցներից է: Պետք է գիտականորեն բացատրվի ես-ի եւ մենք-ի ընկալումը ժողովրդի կողմից: Սա կարեւոր է, քանի որ թե՛ անհատի, թե՛ էթնոսի մակարդակում վարքը մոտիվացվում է` ելնելով իր մասին ունեցած պատկերացումներից: Մենք պետք է զբաղվենք նաեւ ազգային-էթնիկական ինքնապաշտպանության խնդիրներով: Բացի նյութական պաշտպանության միջոցներից, կա հոգեբանական մեթոդների մի ամբողջ համակարգ, որը թույլ կտա ժողովրդին հոգեբանորեն պաշտպանվել եւ պաշտպանել ազգային շահերը: 25-ից ավելի պաշտպանական մեխանիզմներ կան, օրինակ` ինքնաարդարացման, ագրեսիայի, պրոյեկցիայի եւ այլն: Սա կոմպլեքսային ձեւով պետք է օգտագործենք էթնիկական պաշտպանության պրոցեսներում»:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը «Ադրբեջանի «ազգային» գաղափարախոսությունը կամ «Ազերի» նախագիծը» թեմայով զեկույցում նշեց, որ միշտ էլ Ադրբեջանի քաղաքական վերնախավը ձգտել է ստեղծել սեփական պատմություն, հզոր անցյալ` թեկուզ այլոց հաշվին. «Ներկայիս «օրեցօր հզորացող» Ադրբեջանն ինքնության փնտրտուքների մեջ է: Ադրբեջանական քաղաքական վերնախավի համար առաջնայինը ադրբեջանական ազգի` «ազերի»-ների ձևավորման խնդիրն է: Նրանք, ինչպես բոլոր ցեղային նախամիությունները, ևս երազում են ազգային պետություն դառնալ: Ազգային պետության ձևավորումը մենք անցել ենք շատ վաղուց, եվրոպական երկրները՝ միջնադարի ավարտին և այլն: Թուրքիան սկսեց դեռ Առաջին համաշխարհային պատերազմին, թեեւ չի կարողանում վերջնական ավարտել, սակայն ևս համառորեն առաջ է ընթանում: Հիմա այդ նույն հրամայականը կանգնած է Ադրբեջանի առաջ: Ի տարբերություն մեզ` նրանք, նախ, զբաղված են ուրիշներինը գողանալով, յուրացնելով ու անգամ ոչնչացնելով: Սովորաբար նման փուլերում շատ կարևոր է այն գաղափարախոսությունը, որը կարող է դառնալ ազգային և ստեղծել այդ ազգը:

Ազգագոյացման, ազգային պետության ստեղծման այս բարդ պատմական ժամանակահատվածում ադրբեջանցի թուրք-թաթարների համար ցանկացած հաջողություն կամ պարտություն կարող է վճռորոշ նշանակություն ունենալ: Գաղափարախոսությունները, կատարելով միավորիչ դեր, զգայուն են բոլոր տեսակի հաջողությունների և անհաջողությունների հանդեպ: Այդ է պատճառը, որ ադրբեջանական պետությունը պատերազմում պարտվելուց հետո ավելի շատ հերոսներ ունի, քան հաղթանակած Հայաստանը: Այդ է պատճառը, որ Ադրբեջանում այդքան մեծ նշանակություն են տալիս ամեն մի փոքր հաղթանակի, անգամ ամենաաննշան ոլորտներում: Անցյալ չունենալու բարդույթներով ապրող երկիրը կարող է միայն այդքան ստորաբար յուրացնել իր տարածքում եղած ամեն տեսակ մշակութային հետք, որոնք փաստում են այլոց գոյությունը: Միայն նման մտածելակերպ դաստիարակող հասարակության մեջ կարող են հերոսներ համարվել գիշերային կացնահարողները: Ադրբեջանցի թուրքերի ինքնահաստատման, կայացման համար թշնամու նկատմամբ հաղթանակը կարող է լինել ազգային նպատակի իրականացման սկիզբը, պարտությունը` վերջնական ավարտ, նպատակի փշրում»:

Զեկուցումներից հետո բանախոսների ու ներկաների միջեւ քննարկում ծավալվեց ազգային գաղափարախոսության եւ տեղեկատվական անվտանգության արդի հիմնախնդիրների ու դրանց արդյունավետ լուծման հետ կապված մի շարք հարցերի շուրջ:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ավագ լեյտենանտ