Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՐԱՏ ՈՐԴԻՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ



ՈՐԴԻՆԵՐԻՆ

Լսեցե՛ք ինձ՝ ձեր հորը, որդինե՛ր, և արեք այդպես, որպեսզի փրկվեք.

քանզի Տերը փառավորում է հորն իր զավակների նկատմամբ և հաստատում մոր իրավունքները որդիների վրա։

Ով պատվում է հորը, քավում է իր մեղքերը, և ով հարգում է իր մորը, նման է գանձ դիզողի։

Ով պատվում է հորը, ինքն էլ կուրախանա իր որդիներով, և նրա աղոթքը լսելի կլինի։

Ով փառավորում է հորը, երկարակյաց կլինի։

Ով լսում է Տիրոջը, կհանգստացնի իր մորը և իր ծնողներին կծառայի այնպես, ինչպես տերերին։

Գործով և խոսքով պատվիր քո հորը, որպեսզի նրա կողմից օրհնություն գա քեզ վրա։

Հոր օրհնությունը ամրացնում է որդիների տները, իր մոր անեծքը խարխլում է հիմքերը։

Մի՛ փնտրիր փառք քո հոր անարգանքի մեջ, որովհետև քո հոր անարգանքը փառք չէ քեզ համար։

Արդարև, մարդու փառքը իր հոր պատվից է գալիս, որդիների նախատինքը՝ մոր անպատվությունից։

Որդյա՛կ, զորավի՛գ եղիր քո հորը ծերության ժամանակ և նրան մի տրտմեցրու իր կյանքի ընթացքում։

Եվ եթե պակասի նրա խելքը, ների՛ր նրան, մի՛ անարգիր նրան քո ամբողջ ուժով։

Ով հոգատար է հոր հանդեպ, Աստված չի մոռանա նրան։

Դրա փոխարեն չարը կների քեզ, քո նեղության օրը Տերը կհիշի քեզ և, ինչպես սառույցն է հալվում ջերմությունից, այնպես էլ կհալվեն քո մեղքերը։

Ով լքում է հորը, նման է Աստծուն անարգողին, ով բարկացնում է իր մորը, անիծված է Տիրոջից։

ԾՆՈՂՆԵՐԻՆ

Ա. Այն հայրը, ով իր կենդանության օրոք լավ է դաստիարակում իր զավակներին, մահվանից հետո իր հիշատակը հավերժացնում է։ Կենդանի զավակի լավ կենցաղավարությունը փառավորում է մեռած հոր անունը։

Բ. Եթե ծնողները մեռնելով իրենց զավակներին թողնում են աղքատ, բայց իմաստուն, ավելի մեծ ունեցվածքի ժառանգորդ են դարձնում նրանց, քան եթե թողնում են հարուստ, բայց տգետ։

Գ. Եթե չես կամենում զավակներիդ պատճառով տրտմել, հանդիմանությամբ ու սաստով տրտմեցրո՛ւ նրանց, երբ մանուկ են։ Ոչ այնքան վիշտ է զավակին վաղամեռիկ, որքան չարաբարո տեսնելը։

Դ. Հորն անօգուտ է զավակին լավ վարքով կրթելը, եթե մայրը զավակին թույլ է տալիս չարիք սովորել։

Ե. Ով իր որդուն փափկակեցությամբ է մեծացնում, կաթի փոխարեն թույն է խմեցնում, որովհետև մանկական փափկակեցությունը տարիքի աճելու հետ թույնից էլ ավելի է վնասում։ Անգութ է մայրը, եթե իր զավակին չի սնուցում, բայց առավել անգութ է, եթե փափկակեցության է սնուցում։

Զ. Փափկակեցությունը մանուկների մեջ նման է կակուղ փշի, որը մանկան մեծանալու հետ ինքը ևս կարծրանում է, մինչև որ խայթում է նրան, ում մոտենում է։

Է. Եթե ծնողներն իրենց զավակների հանդեպ խիստ գթառատ լինեն, զավակները նրանց հանդեպ բոլորովին անգութ կլինեն։ Հայրական սերը թշնամություն է դառնում, եթե զավակի հանցանքները ներելով՝ նորից մեղանչելու պատճառ է տալիս։

Ը. Իրավամբ խորթ մայր է կոչվում այն ծնողը, ով գիտի զավակներ ծնել, բայց չգիտի լավ դաստիարակությամբ մեծացնել։ Նա է հարազատ մայր, ով գիտի և՛ ծնել, և՛ համեստ վարքով մեծացնել։

Թ. Մանուկներն առավել սովորում են մայրերից, քան հայրերից, որովհետև մայրական դաստիարակությամբ են մինչև չափահասություն մեծանում։ Ուրեմն՝ մայրերը պիտի լավ կրթեն իրենց մանուկներին, որպեսզի հետո լաց չլինեն կենդանի զավակի վրա առավել, քան մեռածի։

Ժ. Ծնողները պարտավոր են իրենց մանուկներին բարի վարքի մեջ կրթել հոգեշահ խրատներով, և իրենց առաքինագործ կենցաղավարության օրինակներով, քանզի թեև մատաղ հասակի մանուկը բնական խառնվածքով բարի է, սակայն չարաբարոների մեջ մեծանալով և իր ծնողների վատ կենցաղավարությունը տեսնելով՝ դառնում է վատ ու մոլի։

ԺԱ. Չարաբարո հոր նախատինքը որդու չարաչար վարքով ծանրանում է, որովհետև որդին հորի՛ց սովորեց չար լինել։

ԺԲ. Ծնողները նախատինքի ու պատիժների են արժանի, եթե իրենց որդիներին թողնում են անգործ թափառել։

ԺԳ. Եթե ծնողներն անփույթ են լինում և իրենց որդիներին չեն տալիս գիտության, ուսման, որպեսզի լավ մարդ դառնան և ոչ՝ կարևոր արհեստների, որպեսզի նրանք իրենց կարիքները հոգան, արժանի են դատաստանի, որովհետև իրենք են նրանց անկարգ ու անգործ լինելու պատճառը։

ԺԴ. Ձվերը փչանում են, երբ թխսամայրը դրանք անխնամ է թողնում ու շրջում, ինչպես կամենում է։ Մանուկներն անպիտան են դառնում, եթե ծնողները նրանց չեն պահում իրենց թևի տակ և հոգ չտանելով նրանց մասին՝ կամենում իրենց անձանձ հանգստավետությունը։

Շարունակելի
Պատրաստեց Կ.ԹԱՆԳՅԱՆԸ

Խորագիր՝ #38 (954) 27.09.2012 – 3.10.2012, Հոգևոր-մշակութային


03/10/2012