Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի տոնական տրամադրությունն անսահման է ու ոգևորող։ Նա յուրաքանչյուր հայի սրտում է, յուրաքանչյուր հայի հարկի տակ։

Տոնական տրամադրությունն ալիքվեց նաև կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում՝ ապաքինվող ու հայրենի եզերքը պահող զինվորի մարտական ոգին խանդավառելու համար։ Համերգային ծրագրի բացման խոսքով հանդես եկավ «Զինվորի պաշտպանության կոմիտեի» նախագահ Գոհար Արմենակյանը։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Վահե Ավետյանի հիշատակը։ Ասմունքող Հերմինե Պետրոսյանի հայրենասիրական բանաստեղծությունները համեմվեցին ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթի մեներգիչներ Արամ Հովեյանի, Սեդրակ Պապյանի և Խորեն Գալստյանի խրոխտ երգերով։ Բարեմաղթանքի խոսքով հանդես եկավ «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։

Բուժանձնակազմի և զինվորների հոգին լցվեց ջերմությամբ, երբ ելույթ ունեցան «Նազանի» համույթի մեներգիչներ Ասատուր Ասլանյանը, Քնարիկ Քամալյանը։ Իսկ համույթի գեղ. ղեկավար ՀՀ վաստակավոր արտիստուհի Արուս Գուլանյանի կատարումները ուղեկցվում էին զինվորների ծափերով ու պարով։

Գեղեցիկ ու սրտառուչ կատարումներով ելույթ ունեցավ վիրաբուժական բաժանմունքի հերթապահ բուժքույր Կարինե Մկրտչյանը։ Ներկաները դեռ երկար կհիշեն նրա «Ազգ իմ փառապանծ» երգի կատարումը և «Խոսք իմ որդուն» բանաստեղծության ասմունքը։

Հանդես եկան նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերանների» միության և ԵԿՄ վարչության ներկայացուցիչները։

Համերգային ծրագրի մասնակիցները արժանացան խրախուսական պատվոգրերի և շնորհակալագրերի, իսկ ԿԿԶՀ-ի պետ, բ/ծ գծով փոխգնդապետ Արամ Ասատուրյանը ԵԿՄ վարչության կողմից պարգևատրվեց հուշամեդալով։