Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՔ



ՀԱՅՈՑ ՀԻՆ ՄԱՐԶԱԴԱՇՏԵՐԸ

Առաջին մարզադաշտերը (ստադիոնները) ստեղծվել են Հին Հունաստանում (մ.թ.ա. 7-րդ դար), Աթենքում (մ.թ.ա. 4-րդ դար)։

Մարզադաշտեր գործել են նաեւ հին եւ միջնադարյան Հայաստանում՝ Բագավանում, Վանում, Դվինում, Հերում, Անիում, Զարեհավանում եւ այլուր։ Հայերը դրանք կոչել են նաեւ ասպարեզ (մրցասպարեզ)։

Հին հայկական մարզադաշտերը, ըստ մատենագրական տեղեկությունների, կառուցվել են առանձին՝ բաց հրապարակների ձեւով եւ օգտագործվել ինչպես մարզական մրցումներ, այնպես էլ զորավարժություններ անցկացնելու նպատակով։

ՀԱՃՈ ԵՂԱՎ ԶՈՐԱՎԱՐԻ ՔԻՄՔԻՆ

Եթե եվրոպացիներն այսօր վայելում են «սեփական արտադրության» ծիրան, ապա դրա համար պետք է պարտական լինեն Ալեքսանդր Մակեդոնացուն։ Այդ նա է եղել, որ մ.թ.ա. 1-ին դարում ծիրանենին Հայաստանից տեղափոխել է Հունաստան եւ կոչել արմենիկա, այդտեղից էլ այն տարածվել է Եվրոպա։

Հայոց համեղ ծիրանը, երեւում է, հաճո է եղել Մակեդոնացու քիմքին։ Իսկ ընդհանրապես՝ ծիրանենին Հայաստանում մշակել են շատ ավելի հին ժամանակներում, Մակեդոնացուց հարյուրամյակներ առաջ։

ԱՄԵՆԱՀՆԻՑ ԷԼ ՀԻՆ

Կալկաթայի համալսարանը Հնդկաստանի ամենահին եւ ամենախոշոր համալսարանն է, ստեղծվել է 1857 թվականին։

Հետաքրքիր է, որ դրանից ավելի վաղ՝ 1821-ին, հնդկահայ համայնքի ուժերով, ավելի ստույգ՝ մեծահարուստ Աստվածատուր Մուրադխանյանի կտակով, որն իրականացրել է Մնացական Վարդանյանցը, նույն Կալկաթայում հիմնվել է «հայկական համալսարանը»՝ Հայոց Մարդասիրական ճեմարանը։ Հետագա տարիներին այն մտել է Կալկաթայի համալսարանի կազմի մեջ։

ՊԱՐԳԵՎ ԻՐԱՆԱԿԱՆ ՇԱՀԻՑ

Մելիք-Աղամալյանների նշանավոր տոհմը տվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչներ, հասարակական-քաղաքական դեմքեր, երեւելի մտավորականներ, զինվորականներ։ Տվել է նաեւ մեծահռչակ թառահար՝ Աղամալ Մելիք-Աղամալյանին (1830-1906)։ Նա ավելին էր, քան պարզապես թառահարը՝ արեւելյան երաժշտարվեստի հմուտ գիտակ էր, անմրցակից նվագածու, որ գիտեր իր գործիքի բոլոր նրբությունները։ Աղամալն արեւելյան ժողովուրդների կուռքն էր, որի համբավը հասավ նաեւ իրանական շահին։ Եվ շահը նրան թառ նվիրեց, բայց դա սովորական թառ չէր՝ վերցված էր պալատական մեծարժեք հավաքածուից։

ՀԻԱՑԱԾ ՄՆԱՑ ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐՈՎ

Ջուղայի հայոց գերեզմանատան խաչքարերի բարբարոսական ջարդը, որ տեղի ունեցավ վերջերս ադրբեջանական հրոսակի կողմից, ոտնձգություն էր ոչ միայն հայ մշակույթի, այլեւ քաղաքակրթության դեմ ընդհանրապես։ Այդ խաչքարերը նյութական արվեստի գլուխգործոցներ էին։

Քաղաքակիրթ Եվրոպան հայոց ձեռքի այդ նրբահյուս արարումները տեսել է իր բազմաթիվ ճանապարհորդների, հնագետ ուսումնասիրողների աչքերով։ Նրանցից մեկն է եղել ֆրանսիացի ճանապարհորդ□միսիոներ, ուղեգրող Ալեքսանդր դը Ռոդեսը (1591-1660)։ Հռոմում աստվածաբանական կրթություն ստանալուց հետո նա քարոզչական գործունեություն է ծավալել Հարավային Չինաստանում, Ֆիլիպիններում, ապա Իրանում։ 1646 թվականին, Ճավայից Հռոմ վերադառնալիս, Ռոդեսն անցել է Հայաստանով եւ ուղեգրություններ թողել Երեւանի, Էջմիածնի, այլ վայրերի մասին, բայց առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում հատկապես Ջուղայի հայոց գերեզմանատան տապանաքարերի նրա նկարագրությունը։ Ֆրանսիացի ճանապարհորդն այնտեղ հաշվել է 10 հազար տապանաքար□խաչքար եւ հիացմունքով գրել դրանց մեծ, ինքնատիպ արվեստի մասին։

Ալեքսանդր դը Ռոդեսի ուղեգրությունների գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1653 թվականին, երկրորդը՝ 1884-ին, ֆրանսերեն։ Այնտեղ Ջուղայի խաչքարերի մասին հիացմունքի շատ խոսքեր կան։

Եվրոպացի ճանապարհորդը գնահատել է հայոց խաչքարերը, մնում է, որ Եվրոպան գնահատի ադրբեջանական հրոսակի բարբարոսությունը։

ՄԻ «ՆԿԱՐՉԱԿԱՆ» ԿԵՆՍԱԾԱՌ

Հայոց ազգային բնավորության հատկանշական գծերից է այս կամ այն ընտանիքում նույն արհեստի, արվեստի, մասնագիտության հաջորդականությունը, ժառանգումը մեկը մյուսին։ Այսպես` հայերս ունենք, ասենք, ոսկերիչների, նկարիչների, բժիշկների նշանավոր գերդաստաններ։

Ասվածի ամենաբնորոշ օրինակներից մեկը Մանաս նկարիչների ընտանիքն է։

Մանասներն ապրել եւ ստեղծագործել են Կ. Պոլսում, 17-րդ դարի վերջից մինչեւ 1920-ական թվականները։ Նրանք առաջինն են թուրքական արվեստ ներմուծել դիմանկարի ժանրը, երփնագրել կտավի վրա, սկզբնավորել հաստոցային նկարչությունը։ Անշուշտ, մեծ է եղել նրանց ներդրումը հայ նոր կերպարվեստի ձեւավորման գործում։

Փորձենք ստեղծել Մանասների «նկարչական» կենսածառը։

Ընտանիքի ավագը՝ Բարսեղը, ստեղծագործել է 17-րդ դարի վերջում-18-րդ դարի սկզբում, ստեղծել մանրանկարչական դիմանկարներ։

Բարսեղի որդին՝ Ռաֆայելը (18-րդ դարի 1-ին կես), որը գեղարվեստական կրթություն էր ստացել Իտալիայում, հայտնի է եղել որպես խոշոր գեղանկարիչ, միաժամանակ՝ ճարտարապետ։ Սրբապատկերներ է արել Կ. Պոլսի հայկական եկեղեցիների համար։

Ռաֆայելն ունեցել է երկու որդի՝ Մանասը եւ Զենոբը (18-րդ դարի 2-րդ կես), որոնք նույնպես եղել են հայտնի գեղանկարիչներ։

Զենոբի որդին՝ նույնպես Զենոբ (18-րդ դարի վերջ-19-րդ դարի սկիզբ), հետեւել է ընտանեկան ավանդույթին եւ դարձել հայտնի գեղանկարիչ, միաժամանակ զբաղվել դիվանագիտական եւ թարգմանական աշխատանքով։

Վերջինիս որդին՝ Ալեքսանդրը, ավարտել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիան, հռչակվել իր գեղանկարչական աշխատանքներով։

Երկրորդ որդին՝ Գասպարը, շուրջ 30 տարի կարեւոր դիվանագիտական աշխատանք է կատարել Վիեննայում, բայց վրձինը ձեռքից չի գցել՝ ստեղծել է հիանալի գործեր։

Երրորդ որդին՝ Մաքսուդը, որը գեղարվեստական կրթություն էր ստացել Իտալիայում, եւ չորրորդ որդին՝ Ռուբենը, որը դիվանագիտական բարձր պաշտոններ է վարել Փարիզում, ապա Միլանում, նույնպես հիանալի նկարիչներ են եղել։

Մանասների նկարչական գերդաստանի վերջին շառավիղներն են Սեպուհը (1816-1889) եւ Ժոզեֆը (1835-1916), որոնք նույնպես դիվանագիտական բարձր պաշտոններ են վարել Շվեդիայում, Ֆրանսիայում, բայց չեն դավաճանել ընտանեկան ավանդույթին՝ եղել են շնորհալի նկարիչներ։

Ահա այսպես՝ ավելի քան երկու դար գոյատեւել եւ ստեղծագործել է Մանաս նկարիչների հայ գերդաստանը, եւ նրա պատմությունը, անշուշտ, մեր ազգային պատմության մի մասնիկն է։

ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

Խորհրդարանը, որպես համապետական կառույց, հայ իրականության մեջ ունեցել է իր նախատիպերը։ Այդպիսին է եղել Ականց անապատը (Ակներ վանքը), որտեղ պարբերաբար իր ժողովներն է գումարել Կիլիկյան Հայաստանի (12-14 դդ.) պետական□դիվանագիտական եւ հոգեւոր գործերի խորհրդարանը՝ կազմված երկրի նշանավոր մարդկանցից։ Այն քննարկել է պետության ներքին եւ արտաքին կյանքին վերաբերող կարեւորագույն հարցեր, ընդունել որոշումներ։

Հայոց պատմության մեջ Ականց անապատն առավել հայտնի է որպես գրչության, մանրանկարչության եւ գիտության խոշոր կենտրոն, բայց, ուսումնասիրողների վկայությամբ, այն ոչ պակաս կարեւոր դեր է խաղացել պետական կյանքում։ Պատահական չի կարելի համարել, որ այստեղ է թաղվել Կիլիկյան Հայաստանի Լեւոն Բ թագավորի սիրտը, այստեղ են իրենց վերջին հանգրվանը գտել Պաղտին Մարաջախտը (մարշալը), պետական պաշտոնյաներ, իշխաններ։

Ենթադրվում է, որ Ականց անապատն ավերել են եգիպտական զորքերը՝ 1375թ. մայրաքաղաք Սիսը գրավելու ժամանակ, եւ Կիլիկիայի հայկական պետության խորհրդարանը դադարել է գոյություն ունենալ։

«ԱՆՀԱՅՏ» ՀՈՎՍԵՓ ԲԴԵՇԽՅԱՆԸ

20-րդ դարի սկզբին եվրոպական, մասնավորապես` գերմանական մամուլում Հովսեփ Բդեշխյանի ստորագրությամբ լույս էին տեսնում հոդվածներ, որոնց հեղինակը մերկացնում էր աբդուլհամիդյան հայաջինջ քաղաքականությունը, պաշտպանում Հայ դատը, պայքարում հայոց պատմության չարամիտ աղավաղումների դեմ։

Ո՞վ էր Հովսեփ Բդեշխյանը։

Գերմանացի նշանավոր արեւելագետ, հայագետ, բանասեր եւ լեզվաբան Յոզեֆ Մարկվարտն էր՝ հայ ժողովրդի մեծ բարեկամը։ Ցանկանալով ընդգծել հայոց հինավուրց մշակույթի նկատմամբ իր անսահման սերն ու հարգանքը՝ գերմանական ժողովրդի ազնիվ զավակն իր անուն-ազգանունը գերմաներենից բառացիորեն թարգմանել էր հայերեն եւ երբեմն հենց այդպես էր ստորագրում էլ՝ Հովսեփ Բդեշխյան։

«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ» ՀԱՅ ԱՍՏՂԵՐԸ

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնը, որը հիմնադրվել է 1883-ին, նշանավոր շատ երգիչներ է ունեցել իր բեմում, նրա ներկայացումները ղեկավարել են մեծահռչակ դիրիժորներ։

Աշխարհի համբավավոր օպերային թատրոններից մեկի բեմում հանդես գալը մեծ պատիվ է համարվել բոլոր ժամանակներում, եւ մենք կարող ենք հպարտ լինել, որ այդ պատիվը վայելել են նաեւ հայ երգիչ-երգչուհիներ՝ Պաոլո Անանյանը, Սյուզան Սիմոնեն, Շաքե Վարթենիսյանը, Կարպիս Բոյաջյանը, նշանակալից է այդ թատրոնում Արման Թոքաթյանի (երգել է 25 տարի՝ 1922-47թթ.), Լիլի Չուքասզյանի, Լուսին Ամարայի, Արա Բերբերյանի ներդրումը։

Ուշագրավ է այն փաստը, որ խորհրդային երգիչներից առաջինը Պավել Լիսիցյանն է եղել, որ հրավեր է ստացել հանդես գալու «Մետրոպոլիտենի» բեմում։ Նա երգել է Վերդիի «Աիդա» օպերայում (1960թ.)։

ԱԿՆ ՔԱՂԱՔԻ ԱԿԸ

Հայոց պատմության մեջ դժվար է գտնել քաղաք, քիչ թե շատ խոշոր բնակավայր, որ տված չլինի գեթ մեկ նշանավոր դեմք, բայց այս առումով առանձնահատուկ է Ակնը։ Արեւմտահայաստանի այս գեղեցիկ քաղաքը, որ հիմնադրել են Արծրունիները դեռեւս 1022-ին, գրչի եւ մտքի այնքան ականավոր մշակներ՝ բժիշկներ, մանկավարժներ, արվեստագետներ, իրավաբաններ, ազգային եւ հոգեւոր գործիչներ է տվել, որ բոլորին թվարկել պարզապես հնարավոր չէ։ Հիշենք ամենաերեւելիներին՝ Ակնից են սերում Արփիար Արփիարյանը, Միսաք Մեծարենցը, Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Արշակ Չոպանյանը, Մինաս Չերազը, Նիկոլ Գալանտերյանը□

Ակնը հայրենիքն է եղել հայոց նշանավոր գերդաստաններ Տատյանների, Ճեզայիրլյանների եւ ուրիշների, որոնք երկու դար ամիրայություն են արել Կ. Պոլսում եւ Զմյուռնիայում։ Ու ինչքան համբավավոր արհեստագործներ, ժողովրդական ստեղծագործության վարպետներ…

Այսքան ահա հորդառատ է եղել Ակն քաղաքի ակը, որը, ցավոք, ցամաքեցվեց Մեծ եղեռնի արյունոտ ժամանակներում, բայց այն հետքը, որ պատմության մեջ թողեց նշանավոր մարդկանց այս բնօրրանը, մնաց անջնջելի։

Պատրաստեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Խորագիր՝ #37 (953) 20.09.2012 – 26.09.2012, Պատմության էջերից


26/09/2012