Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ
ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ համազորային զորավարժարանում տեղի ունեցավ «Փոխգործակցություն-2012» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։

Ժամը 9:00-ին զորավարժությանը մասնակցող զորքերը կանգնած էին հանդիսավոր տողանի։ Զորավարժության հրամանատար գեներալ-մայոր Կամո Քոչունցը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին զեկուցեց «Փոխգործակցություն-2012»-ին զորքերի շարված լինելու մասին։ Ընդունելով զեկույցը՝ նախարար Ս. Օհանյանը ողջունեց հանդիսության մասնակիցներին և հանդես եկավ կարճատև ելույթով.

-Հարգարժան պարոնայք գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, սիրելի գործընկերներ, բարեկամներ,- դիմելով ներկաներին՝ ասաց Ս. Օհանյանը,- պատասխանատվության բարձր զգացումով և խորը գոհունակությամբ այսօր ես հայտարարում եմ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների օպերատիվ արձագանքման համատեղ զորավարժությունների սկիզբը «Փոխգործակցություն-2012» անվանումով։ Այն անցկացվում է համաձայն հավաքական անվտանգության անդամ երկրների ղեկավար մարմինների կողմից մշակված օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների, 2012թ. հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պլանին համապատասխան։ Ամբողջ հոգով ողջունում եմ Ձեզ՝ Հայաստանում գտնվելու և այս նշանակալից միջոցառմանը մասնակցելու համար։ Հանդիսանալով ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի ընթացիկ տարվա կարևորագույն միջոցառումը, այս զորավարժությունը կոչված է մշակելու համագործակցությունը տարբեր օղակների միջև, ինչպես նաև դառնալու այն փորձադաշտը, որը պատվար կհանդիսանա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավար մարմինների, ուժերի ու միջոցների միջև փոխգործակցության համար։

Օպերատիվ արձագանքման ուժերի ստեղծումը, իսկ դրանց թվաքանակն այսօր կազմում է մոտ 20000 մարդ, նշանակալից իրողություն է, և նախկինում անցկացված «Փոխգործակցություն» անվանումով համատեղ միջոցառումներն ընդգծված կերպով ցույց են տալիս, որ ԱԱՀՈՒ-ն ունի բավականաչափ ներուժ՝ տարածաշրջանում ծագող սպառնալիքները համատեղ միջոցներով չեզոքացնելու համար։

Համոզված եմ, որ բացառություն չի կազմի նաև համատեղ այս զորավարժությունը, որն անցկացվում է ՀԱՊԿ անդամ երկրների կազմավորման 20 և ԱԱՀՈՒ-ի ստեղծման 10-րդ տարում։ Այսօր ՀՀ ԶՈՒ-ի զորավարժարանում բարձրացվել են ՀԱՊԿ անդամ վեց երկրների պետական դրոշները, իսկ շարքում կանգնած են այն զինվորները, որոնք պատրաստ են համատեղ ուժերով դիմակայելու ցանկացած սպառնալիք։

Սա դժվարին, միևնույն ժամանակ կարևորագույն խնդիր է, որ ծառացած է մեր պետությունների առջև։ Մեզ անհրաժեշտ է միասին, ուս ուսի տված անցկացնել այս զորավարժությունը։ Մեր համագործակցությունը, որը վերջին ժամանակներս ձեռք է բերել նոր որակ, ունի հարուստ ու փառահեղ ավանդույթներ, ինչը թույլ է տալիս համոզված լինել, որ այս զորավարժությունը ևս կանցնի բարձր մակարդակով։

Զորավարժության նախապատրաստական փուլում ես քանիցս այցելել եմ զորավարժարան։ Վրանային ավանում դիտել եմ դաշտային ճամբարներում տարվող կազմակերպչական աշխատանքները, հետաքրքրվել զորավարժությանը մասնակից անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններով և գտնում եմ, որ այստեղ գտնվող ողջ անձնակազմը սկզբունքորեն պատրաստ է զորավարժությանը։

Մենք անցկացրել ենք համատեղ պարապմունքներ ղեկավար մարմինների գործողությունները մշակելու, զորքերը առաջնային գիծ դուրս բերելու, նրանց միջև փոխհամագործակցությունն ապահովելու ուղղությամբ։ Ուզում եմ համոզված լինել, որ զորավարժության առջև դրված խնդիրները կկատարվեն, իսկ դրա բոլոր մասնակիցները կկատարելագործեն իրենց պրոֆեսիոնալ ունակություններն ու մարտական պատրաստականության աստիճանը։

Խոսքի վերջում նախարար Սեյրան Օհանյանը մեկ անգամ ևս շնորհավորեց զորավարժության բոլոր մասնակիցներին և հույս հայտնեց, որ «Փոխգործակցություն-2012»-ը կանցնի հաջողությամբ, կիրականացվեն զորքերի առջև դրված բոլոր խնդիրները, որից հետո ՀԱՊԿ-ի կազմակերպության անդամ երկրների օրհներգերի հնչյունների ներքո բարձրացվեցին պետական դրոշները։

Ելույթ ունենալով՝ զորավարժության մասնակիցներին ողջունեց ՀԱՊԿ ռազմական անվտանգության խնդիրների վարչության խորհրդական Անատոլի Տիմոշենկովը։

Դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, զորավարժության մասնակիցներին, նա ասաց.

-Հայաստանի Հանրապետության և ՀԱՊԿ-ի համար հոբելյանական տարում Հայաստանն ընդունել է ԱԱՀՈՒ-ի համատեղ զորավարժության անցկացման էստաֆետը։ Այնպիսի մասշտաբային զորավարժությունը, ինչպիսին «Փոխգործակցություն-2012»-ն է, հանդիսանալու է առանցքային ինչպես համակարգի ղեկավար մարմինների, այնպես էլ ԱԱՀՈՒ մաս կազմող ստորաբաժանումների համար։

Նա ընդգծեց, որ եղբայրական զգացումներով կապված տարբեր երկրների միավորված ուժերը ի վիճակի են լուծելու ցանկացած առաջադրանք։

Պարոն Ա. Տիմոշենկովը նաև կարևորեց ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության կատարած նախապատրաստական ծավալուն աշխատանքը։

Խոսքի վերջում նա զորավարժության մասնակիցներին շնորհավորեց և հաջողություններ մաղթեց կազմակերպության գլխավոր քարտուղարի անունից։

ՀԱՊԿ միավորված շտաբի վարչության պետ գեներալ-մայոր Վլադիմիր Յակովլևն իր և շտաբի անունից ողջունելով զորավարժության մասնակիցներին, կարևորեց այն ջերմ, սրտաբաց ընդունելությունը, որ Հայաստան ժամանած բազմազգ ուժերին ցույց են տվել հանրապետության ղեկավարությունն ու պաշտպանության նախարարությունը։

-Սկսած 2009թ.-ից՝ ԱԱՀՈՒ զորավարժություններն անցկացվում են չորրորդ անգամ, Հայաստանում՝ առաջին անգամ, որը համընկնում է ՀԱՊԿ կազմավորման 20-ամյակի հետ։ «Փոխգործակցություն-2012»-ը իր մեջ որևէ ագրեսիա չի պարունակում, և առաջին անգամ զորավարժությանը մասնակցում է Միջազգային Կարմիր խաչի կոմիտեն։

Գեներալ-մայոր Վ. Յակովլևը ներկաներին վստահեցրեց, որ մասնակից ստորաբաժանումները կցուցաբերեն համագործակցության բարձր մակարդակ և վերջիններիս կոչ արեց խնդիրների կատարմանը մոտենալ ստեղծագործաբար, ցուցաբերել մասնագիտական լավագույն որակներ։

Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի բաժնի պետ գնդապետ Գրիշկոն ողջունելով և շնորհավորելով ԱԱՀՈՒ-ի հերթական զորավարժության մասնակիցներին, նշեց, որ իրենք ներկայացրել են դեսանտագրոհային բրիգադի ստորաբաժանումներից մեկը, որը լավագույններից է Բելառուսի ԶՈՒ-ում։ Կարևորելով հայկական կողմի կատարած նախապատրաստական մեծ աշխատանքը, նա հույս հայտնեց, որ միջոցառումը կնպաստի փոխգործակցության զարգացմանը, գիտելիքների հարստացմանը ու վարպետության մակարդակի բարձրացմանը։

Ղազախստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ գեներալ-մայոր Դայիրովը շնորհավորելով «Փոխգործակցություն-2012»-ի մասնակիցներին՝ նշեց, որ իրենք հպարտանում են այն փաստով, որ ԱԱՀՈՒ-ի առաջին զորավարժությունը 2009թ. տեղի է ունեցել հենց Ղազախստանում։ Նա ասաց, որ նմանատիպ միջոցառումները ոչ միայն նպաստում են ստորաբաժանումների մասնագիտական՝ զինվորական գիտելիքների հարստացմանն ու հմտությունների զարգացմանը, այլ նաև ամրապնդում են մարտական ընկերակցությունը։

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օդադեսանտային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Ալեքսանդր Լենցովն իր խոսքում ասաց.

-Հարգելի պարոն նախարար, հարգարժան գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ։ Մենք այժմ սկսում ենք ԱԱՀՈՒ-ի չորրորդ զորավարժությունը։ Առաջինը եղել է Ղազախստանում, հաջորդը՝ ՌԴ-ում, որի ժամանակ ես էի հրամանատարը, երրորդը՝ Տաջիկստանում, ուր դարձյալ ես էի հրամանատարը, այժմ անցկացնում ենք չորրորդը, այստեղ՝ ՀՀ ՊՆ համազորային զորավարժարանում։ Զորավարժությունից զորավարժություն համագործակցությունը կատարելագործվում է, կատարելագործվում է շտաբային աշխատանքը, բարձրանում է սպաների պատրաստության մակարդակը, զինվորական ստորաբաժանումների վարպետությունը։

Գեներալ-մայոր Ա. Լենցովը նաև նշեց, որ դեռևս շարքում են բազմաթիվ սպաներ, որոնք իրենց ծառայությունն սկսել են նախկին միության՝ ԽՍՀՄ-ի ժամանակներից, միմյանց ճանաչում են, միմյանց հետ կապված են ընկերական, մարդկային ջերմ հարաբերություններով։

-Մենք թույլ չենք տա որևէ ագրեսիա մեր երկրների տարածքում։ Աշխարհին ցույց կտանք, թե ինչպիսին է լինում ամենաիսկական բարեկամությունը, տղամարդկային ընկերությունը, բարեկամությունն ու փոխգործակցությունը պետական մակարդակով։

Սիրված գեներալի խոսքին զինվորական ստորաբաժանումներն արձագանքեցին ջերմ ծափահարություններով։

Տաջիկստանի ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ գեներալ-մայոր Բուբուկումովը շնորհավորելով զորավարժության մասնակիցներին՝ նշեց, որ իրենց համար շատ կարևոր է այսօր գտնվել այստեղ՝ հայոց հինավուրց սուրբ հողի վրա։ Նա նշեց, որ ուս ուսի աշխատելով՝ հնարավոր է դիմակայել և չեզոքացնել բոլոր արտաքին վտանգները։

♦♦♦

Այնուհետև տեղի ունեցավ տոնական համերգ։ Ելույթ ունեցավ ազգային բանակի զորամասերից մեկի երգի-պարի համույթը, իսկ ռուսական դեսանտագրոհային 98-րդ դիվիզիայի մարտիկներն իրենց վարպետությունը ցուցաբերեցին երկնքում՝ պարաշյուտային թռիչքներ իրականացնելով ՀԱՊԿ անդամ երկրների պետական դրոշներով։

Արարողությունն ավարտվեց զորավարժության մասնակից ստորաբաժանումների հանդիսավոր երթով։

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ