Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԱՅԱՑԱՎ ԳԼԽԱՎՈՐ ՓՈՐՁԸ
ԿԱՅԱՑԱՎ ԳԼԽԱՎՈՐ ՓՈՐՁԸ

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» զորավարժության գլխավոր փորձը` մասնակից ստորաբաժանումների ամբողջական ներգրավմամբ: Մարտական հրաձգությամբ անցկացված գլխավոր փորձին հետևել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, մասնակից պետությունների, ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչներ և այլն:

Սկզբում ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը ներկայացրեց զորավարժության սցենարով ստեղծված պայմանական աշխարհաքաղաքական իրավիճակը, մարտական գործողությունների վարման նախադրյալներն ու յուրաքանչյուր կողմի մասնակցության աստիճանը: Պայմանականորեն ստեղծվում են մի քանի պետություններ, որոնցից «Կարմիրները» հանդիսանում են ՀԱՊԿ անդամ: Քիչ անց սկսվեց ակտիվ փուլը: «Կարմիրների» պետության տարածք են ներխուժում «Կապույտների» զինված խմբավորումները:

Կազմակերպության ղեկավարությունը որոշում է կայացնում փոխօգնության հասնել իր անդամ պետություններից մեկին և կիրառել հավաքական ուժերը: Սկզբում հակառակորդին հաջողվում է ճնշել «Կարմիրների» սահմանապահների դիմադրությունը, ստիպել վերջիններիս նահանջել: «Կապույտների» շարասյուները փորձում են շարունակել առաջխաղացումը և խորանալ երկրի տարածքում: Այստեղ արդեն սկսում է գործել նրանց ոչնչացնելու համար մշակված պլանը: Հավաքական ուժերի ստորաբաժանումները հրետանային հուժկու կրակով կանգնեցնում են «Կապույտների» առաջխաղացումը, ոչնչացնում մեծ թվով զրահատեխնիկա: Մոտոհրաձգային ստորաբաժանումները անմիջական մարտի են բռնվում հակառակորդի հետ` վերջինիս պատճառելով զգալի կորուստներ: Հարվածներ է հասցնում «Կարմիրների» ավիացիան Սու-25 ինքնաթիռներով և Մի-24 ուղղաթիռներով: Առաջխաղացումը կանգնեցնելուց հետո սկսվում է զինված խմբավորումների շրջափակման, ոչնչացման և պետական սահմանի վերականգնման գործողությունը: Մարտի մեջ են մտնում լրացուցիչ ստորաբաժանումներ, նախանշված վայրում ուղղաթիռներից դեսանտ է իջեցվում: Հատուկ նշանակության ուժերը շրջափակում և ոչնչացնում են հակառակորդի փոքր խմբերը, որոնց հաջողվել էր բնակավայր գրավել: Սակայն ահաբեկիչների մի խմբի հաջողվում է դուրս պրծնել օղակից և խաղաղ բնակիչներ պատանդ վերցնել: Այստեղ արդեն գործի մեջ են մտնում ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատները, որոնց արագ և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ պատանդներից և ոչ մեկը չի տուժում, իսկ ահաբեկիչները ոչնչացվում են:

Օպերացիան շարունակվում է մինչև ահաբեկչական զինված խմբավորումների վերջնական ոչնչացումն ու պետական սահմանի վերականգնումը: Սակայն մարտական գործողությունները «Արևիկ» պայմանական բնակավայրում լուրջ ավերածությունների պատճառ են հադիսանում: Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ խմբերը հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքներ են իրականացնում ազատագրված բնակավայրում, առաջին օգնություն ցույց տալիս տուժած քաղաքացիներին: Նրանց հաջողվում է նաև վերացնել քիմիական արտադրությունում պայթյունի հետևանքով առաջացած արտահոսքի վտանգը:

Այսպես անցավ զորավարժության գլխավոր փորձը, որին մասնակցեցին տարբեր պետությունների տարբեր ստորաբաժանումներ` օդադեսանտային և աէրոմոբիլային խմբեր, մոտոհրաձիգներ, հրետանի, ավիացիա` նաև անօդաչու սարքեր, հատուկ նշանակության ուժեր և այլն: Առաջին հայացքից ամեն ինչ անցավ սահուն և ըստ պլանի: Իհարկե, այդ սահունության հետևում ահռելի աշխատանք կա: Միայն այս վերջին օրերի ընթացքում անցկացված համատեղ պարապմունքները բավական էին, որ ամեն ինչ բարձր մակարդակով անցներ: Ամեն օր զորավարժությանը մասնակցող ազգային ստորաբաժանումները ձգտում էին մի քանի պարապմունք լրացուցիչ անցկացնել խմբերի ներդաշնակման և փոխգործակցության մակարդակն ավելացնելու նպատակով: Գլխավոր փորձի արդյունքներից վստահաբար կարելի է ասել, որ դա նրանց հաջողվել է: Նախորդ օրերի համեմատ զինամթերքի ավելի մեծ պաշար սպառելով` անձնակազմն արդեն նպատակ էր հետապնդում համագործակցության շրջանակներում կրակային խոցման ավելի մեծ արդյունավետություն ապահովել: Իհարկե, կան որոշակի շեղումներ, որոնք նկատում են համապատասխան ծառայությունների ղեկավարներն ու հրամանատարները, տեղում դրանք վերացնելու ցուցումներ տալիս: Հենց այդ նպատակով փորձի ավարտին գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ խորհրդակցություն անցկացվեց, որի ընթացքում մի քանի ուղղությամբ համագործակցությունը խորացնելու, նաև կոնկրետ ստորաբաժանումների գործողությունների հետ կապված հանձնարարականներ տրվեցին, քննարկվեցին սեպտեմբերի 19-ին կայանալիք հիմնական փուլի հետ կապված այլ հարցեր:

Խորհրդակցության ավարտին զորավարժության ղեկավարությունը նշել է, որ բոլոր ուժերը ներդաշնակման բարձր մակարդակ ունեն և ամբողջովին պատրաստ են հիմնական փուլի անցկացմանը:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ