Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊԱՀՈՎ ԹԻԿՈՒՆՔ ԵՎ ԱՄՈՒՐ ՍԱՀՄԱՆ



Զինվորը թուխ մազերով էր, արեւահար դեմքով, հողագործի մկանուտ կազմվածքով։ «Պետք է, որ Հայաստանի լեռնային որեւէ գյուղի ծնունդ լինի,- մտքումս փորձեցի «գուշակել»։

-Եթե գաղտնիք չէ, քո ծննդավայրի անունը,- կատակով դիմեցի նրան։

-Գաղտնիք չէ, սակայն ես էլ ձեզ փորձեմ մեր գյուղը ներկայացնել «գաղտնագրով», տեսնեմ՝ կարո՞ղ եք գուշակել,- նույն ծիծաղով ինձ պատասխանեց ժպտերես զինվորը, ապա ասաց. «Հիշու՞մ եք՝ Վ. Սարգսյա՞նը այսպիսի մի միտք է արտահայտել, որ փոքրիկ, աննշան մի գյուղի ադրբեջանցի ելուզակ-թալանչիները ահուսարսափի մեջ էին պահում մի ամբողջ հարթավայր։ Հիմա այդ աննշան գյուղի ավերակ տներն են մեր զինվորների դիրքերը։ Այդ գյուղի անունը Գյունութ էր, որը մեր գյուղից դեպի Նախիջեւան տանող ճանապարհին էր, իսկ մեր գյուղը մի մեծ բանաստեղծ է տվել հայ ժողովրդին եւ ոչ միայն հայ ժողովրդին։

-Ուրեմն՝ դու ծնվել ես Պարույր Սեւակի ծննդավայրում, Զանգակատուն գյուղում։

-Այո՛,- ժպտաց զինվորը, շարքային Վիգեն Մայիլյանը, որը կացարանի դիտորդի իր պարտականությունները հանձնել եւ նոր ներս էր մտել կացարան։

-Պատմի՛ր մի քիչ ձեր ընտանիքի մասին, Վիգե՛ն,- դիմում եմ զինվորին։

-Ծնվել եմ 1993թ., ավարտել եմ գյուղի միջնակարգը։ Ունեմ Սուսաննա անունով քույր եւ եղբայր՝ Վահե, որն այս աշնանը կզորակոչվի։ Վարդան հայրս աշխատում է դպրոցում, մայրս՝ Ռոմելան, տնային տնտեսուհի է։ Աշխեն տատս մեր գյուղի դպրոցի գրադարանավարուհին է։ Մեր ընտանիքի հիմնական զբաղմունքը հողագործությունն է։

-Մինչ ծառայությունը ինչո՞վ էիր զբաղվում։

-Օգնում էի ծնողներիս։

-Կարոտու՞մ ես ձերոնց։

-Կարոտում եմ։

-Ինչպե՞ս է լուսանում գիշերը զինվորի համար։

-Զգույշ ենք, զգոն, գիշերային լռության մեջ, երբ փչում է քամին, քարերը դառնում են ասկյարներ։

-Սեւակ սիրու՞մ ես։

-Այո՛, շատ եմ սիրում, ուզու՞մ եք արտասանեմ։

-Սիրով կլսենք քեզ։

-Մեզ են միանում Վիգենի ծառայակից ընկերները՝ Ավետիքը, Արգիշտին, Երեմը, Տիգրանը, Հովսեփը, եւ համակ ուշադրություն դարձած պատրաստվում են լսել Վիգենին։

-Երբ այս բարձունքներից դիտում ես՝ Պ. Սեւակի «Հայաստան» բանաստեղծությունը կախվում է շուրթերիցդ.

Իմ քաղցրանուն, իմ բարձրանուն

Իմ տառապած, իմ փառապանծ,

Հների մեջ դու ալեհեր,

Նորերի մեջ նոր ու ջահել,

Դու խաղողի խչմարված վազ,

Վշտերդ ջուր՝ ինքդ ավազ,

Դու Զվարթնոց – ավեր տաճար,

Կոմիտասյան ծիրանի ծառ,

Դու հայրենի ծխանի ծուխ,

Դու՝ անգիր վեպ,

Դու՝ Սասնա ծուռ…

-Հաճա՞խ ես լինում բանաստեղծին «հյուր»։

-Ինձ 3-րդ, 4-րդ դասարաններում երգեցողություն է դասավանդել Դարիկո Խաչատրյանը, էլի մեր գյուղից է՝ բանաստեղծ, մի քանի գրքերի հեղինակ։ Պարույր Սեւակի բանաստեղծությունների լավագույն արտասանության համար նա ինձ է նվիրել իր գրքերից մեկը՝ «Թեւերս թող, աշուն» վերնագրով։

-Իսկ կարո՞ղ ես Դարիկո Խաչատրյանից մի որեւէ բանաստեղծություն արտասանել։

Երկիր իմ,

Աշխարհի սրտին ծանրացած քարը

Փորձեցին վերցնել քո տղերքը,

Տիեզերքի չափ սիրտ ունեցող տղերքը,

Բայց… խփվեցին…

Դու հասկացա՞ր նրանց…

Կարեւորը քո հասկանալն է,

Որ նրանց վիրավոր սիրտը

Շարունակի ապրել քո սրտի մեջ…

Հենակետի տղաները ոգեւորված ծափահարում են Վիգենին։

-Վիգե՛ն, սիրած աղջիկ ունե՞ս։

-Չէ՛, չունեմ, լավ է, որ չունեմ, թե չէ ծառայությունս կանցներ մարտ ամսվա նման՝ «մի օր ուրախ օր կանի, վաղն էլ անձրեւ ու քամի»,- ասում է ու ծիծաղում։

-Վիգե՛ն, ո՞րն է հայրենիքի զգացողությունը։

-Ապահով թիկունք ու ամուր սահման ունենալն է։ Հայրենիքի սերը ծնվում է այն ժամանակ, երբ ծառայում ես, ու խիղճդ հանգիստ է։

-Երբ ավարտես ծառայությունդ, ինչո՞վ ես զբաղվելու։

-Կուզեի գյուղատնտեսի մասնագիտությամբ աշխատել։ Ես, որ գյուղում ծնվել-մեծացել եմ, ամռան այս գիշերներին հանկարծ զգացի, թե ինչպես է քաղցրանում միրգը, խաղողը։ Ամբողջ օրը շրջակա լեռներն ու քարերը ամբարում են արեւի ջերմությունը, իսկ գիշերները այն պտղունց-պտղունց տալիս են խաղողին, խնձորին, տանձին։ Դրանք հրաշալի պահեր են, որոնք ես էլ եմ զգացել գիշերը մարտական հերթապահության ժամանակ։

-Իսկ ի՞նչն է խանգարում քո գիշերային երազներին, ե՞րբ են նրանք ընդհատվում։

-Երբ երկնքում լիալուսին չկա, իսկ կիսալուսնի լույսը թույլ է, աղոտ՝ խառնված մառախուղին ու ցրտին,,,

Գործուղումից հետ գալուց, երբ անցնում էի Վիգենի ծննդավայր Զանգակատուն գյուղի կողքով, հիշեցի Վիգենին, այդ հպարտ, նուրբ հումորով օժտված զինվորին, որը կանգնած էր բարձր-բարձր լեռներին եւ հսկում էր իր գյուղը, որտեղ ծնողներն զբաղված էին հողի մշակությամբ՝ իրենց ծառ ու այգու հետ էին։ Եվ խնձորով ծանրաբեռ ծառի ճյուղերին բանաստեղծի ասած խչմար էր տվել հայրը…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս. ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #36 (952) 13.09.2012 – 19.09.2012, Ազգային բանակ


19/09/2012