ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Զինծառայողների իրավական դաստիարակությունը զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ տարվող իրավական միջոցառումների կարևոր տեսակներից է: Հանդիսանալով զինծառայողների հետ տարվող դաստիարակչական աշխատանքների տարատեսակ, այն միաժամանակ ունի իր առանձնահատկությունները: Իրավական դաստիարակությունը նպատակաուղղված է զինծառայողների մոտ ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքների ու պարտականությունների իմացության աստիճանի բարձրացմանը, իրավագիտակցության խորացմանը, իրավական մշակույթի ձևավորմանը և հնարավոր իրավախախտումների կանխարգելմանը:

Իրավական դաստիարակության հիմնական մեթոդներն են՝ իրավական ուսուցումը, անձնական օրինակը, խրախուսանքների ու տույժերի ճիշտ և կանոնագրքային պահանջներին համապատասխան կիրառումը:

Իրավական ուսուցումը իրավական դաստիարակության կարևորագույն մեթոդն է: Այն արտահայտվում է զինծառայողներին իրավական ակտերի պահանջների ուսուցանմամբ և դրանց էության պարզաբանմամբ:

Իրավական ուսուցման ընթացքում ոչ միայն պետք է ներկայացվի իրավական ակտը և պարզաբանվի դրա էությունը, այլև ըստ հնարավորինս օրինակների հիման վրա ներկայացվի դրա կիրառման կարգը:

Իրավական ուսուցման մեթոդը սերտորեն փոխկապակցված է անձնական օրինակով դաստիարակման մեթոդի հետ: Հրամանատարությունը պետք է անձնական օրինակով ենթակա զինծառայողներին ցույց տա, որ ինքը առաջնորդվում է միայն իրավական ակտերի պահանջներով, չի կիրառում օրենսդրությամբ չնախատեսված և հակաիրավական միջոցներ: Այս մեթոդի չպահպանման դեպքում իրավական ուսուցումը կորցնում է իր նշանակությունը. որքան էլ մանրամասն ներկայացվեն իրավական ակտերի պահանջները, դրանք չեն գործի, եթե զորամասի հրամանատարությունից թեկուզ մեկ զինծառայող չպահպանի օրենքը և մնա անպատիժ: Ենթական օրենքի ոգով պետք է դաստիարակվի առաջնահերթ հրամանատարի անձնական օրինակով:

Իրավական դաստիարակության հաջորդ մեթոդի` խրախուսանքների ու տույժերի ճիշտ և կանոնագրքային պահանջներին համապատասխան կիրառման էությունը կայանում է նրանում, որ ծառայության և ուսման բարձր ցուցանիշներ ունեցող զինծառայողը պետք է խրախուսվի, իսկ յուրաքանչյուր կարգապահական խախտում չպետք է անպատիժ մնա: Խրախուսանքի ճիշտ կիրառումը նպատակ է հետապնդում զինծառայողների շրջանում ընդգծել ծառայողական ցուցանիշներով առավել աչքի ընկած զինծառայողներին, պարզաբանել նրանց խրախուսելու համար հիմք հանդիսացած հանգամանքները և ցույց տալ, որ յուրաքանչյուր զինծառայող` անկախ նախկինում իր ունեցած խրախուսանքներից կամ տույժերից, ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման, մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, օրինակելի կարգապահության և նմանատիպ այլ դեպքերում կխրախուսվի:

Կարգապահական տույժի ճիշտ կիրառումը նպատակ է հետապնդում զինծառայողների մոտ ամրապնդել այն գիտակցումը, որ յուրաքանչյուր կարգապահական իրավախախտում անպատիժ չի մնալու: Տույժը պետք է տրվի արդարացի և հիմնավորված, այն զինծառայողի մոտ չպետք է առաջացնի նեղացածություն և ընկճվածություն, այլ ընդամենը նրան ցույց տա իր կատարած արարքի անթույլատրելիությունը և վտանգավորությունը: Կարգապահական տույժ կիրառելիս պետք է այն հասցվի նաև մյուս զինծառայողներին` սահմանված կարգով, որպեսզի նաև նրանց համար պարզ լինեն տույժ տալու հիմքերը, ինչպես նաև հնարավոր այլ իրավախախտումները կանխարգելելու նպատակով:

Զինծառայողների իրավունքների պաշտպանությունը նույնպես կարևոր դեր է խաղում զինվորական կարգապահության ամրապնդման գործում: Եթե զինծառայողը չզգա, որ վերադաս հրամանատարության կողմից արվում է հնարավոր ամեն ինչ իր իրավունքների պաշտպանության համար, ապա նա չի կարող լինել կարգապահ և կատարել տրված առաջադրանքները: Այս ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների առավել պարզ պատկերը ցույց տալու համար նախ պետք է տարանջատել զինծառայողների իրավունքները ըստ տեսակների և որոշել դրանց պաշտպանության ուղղությամբ իրականացվելիք քայլերը:

Զինծառայողների իրավունքները իրավաբանական գիտության մեջ ընդունված է տարանջատել որպես զինվորական-ծառայողական և ընդհանուր-քաղաքացիական: Զինվորական-ծառայողական իրավունքները բաժանվում են ընդհանուր զինվորական և զինվորական-մասնագիտական իրավունքների:

Ընդհանուր-քաղաքացիական իրավունքները բաժանվում են անձնական և քաղաքացիական իրավունքների: Անձնական իրավունքները այն իրավունքներն են, որոնք պատկանում են յուրաքանչյուր մարդու` անկախ սեռից, քաղաքացիությունից, ռասսայական կամ ազգային պատկանելությունից, մասնագիտությունից և այլ հանգամանքներից: Այդ իրավունքներից են՝ կյանքի իրավունքը, պատվի և արժանապատվության իրավունքը, սեփականության իրավունքը, աշխատանքի իրավունքը և այլն: Անձնական իրավունքները այլ կերպ անվանվում են մարդու իրավունքներ, դրանք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ և բազմաթիվ այլ միջազգային պայմանագրերով:

Քաղաքացիական իրավունքները յուրաքանչյուր պետություն սահմանում է բացառապես իր քաղաքացիների համար: Այդպիսի իրավունք է ընտրական իրավունքը, պետության տարածքից դուրս գալու և ցանկացած ժամանակ անարգել վերադառնալու իրավունքը, այլ պետություններում հայրենի պետության պաշտպանությունից օգտվելու իրավունքը և այլն:

Եթե զինվորական-ծառայողական իրավունքների պաշտպանությունը ամրագրված է զինվորական ծառայության բնագավառը կարգավորող իրավական ակտերով, ապա զինծառայողների ընդհանուր-քաղաքացիական իրավունքների պաշտպանության գործում կան բավական անելիքներ, որոնք պահանջում են իրենց լուծումը: Գաղտնիք չէ, որ զինծառայողի ժամանակի մեծ մասը կանոնակարգված է և անցնում է ծառայության անցկացման վայրում: Զգալի են դեպքերը, երբ զինծառայողը, լինելով ծառայողական պարտականությունների կատարման մեջ, չի կարողանում ներկայացնել իր իրավունքները և շահերը, ինչի արդյունքում տուժում է թե՛ ինքը, թե՛ ծառայության շահը:

Զինծառայողի ընդհանուր-քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը չի կարող լինել նույն հարթության վրա, ինչ որ մնացած քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: Ելնելով զինվորական ծառայության բնույթից և կարևորելով դրա բացառիկ նշանակությունը պետության պաշտպանության գործում, առաջարկվում է օրենսդրական մի շարք փոփոխություններով զինծառայողի իրավունքների պաշտպանության պարտականությունը դնել պետական մարմինների, մասնավորապես՝ պաշտպանության նախարարության վրա: Հնարավորություն չունենալով փաստաբան վարձելու իր իրավունքների պաշտպանության համար, զինծառայողը պետք է կարողանա վերադաս հրամանատարությունից խնդրելու և պահանջելու պաշտպանել իր իրավունքները: Եվ այդ հարցը չպետք է լուծվի զինծառայողին դրամական օգնություն տալով: Այսօր, կարևորելով իրավական աշխատանքների դերը զինված ուժերում, գրեթե բոլոր զորամասերում և զորամիավորումներում կան իրավաբան-սպաներ: Կարելի է օգտագործել նրանց ներուժը և գիտելիքները: Եվ այդ ամենը չպետք է սկսվի և ավարտվի իրավական խորհրդատվությամբ. զինծառայողը պետք է կարողանա վերադաս հրամանատարության աջակցությամբ և իրավաբան-սպայի օգնությամբ լուծել իր բոլոր իրավական խնդիրները: Խորհրդային ժամանակներում զինծառայողների դատական պաշտպանությունը իրականացվում էր նաև զորամասերի ներկայացուցիչների կողմից: Մինչև նախորդ տարի հնարավոր էր զինծառայողների մասնակցությամբ քաղաքացիական գործերով նրանց իրավունքների պաշտպանությունը ներկայացուցչության միջոցով, սակայն ներկայումս գործող կարգով դա կարող են անել միայն փաստաբանները: Օրենսդրական համապատասխան փոփոխությունների միջոցով զինծառայողների իրավունքների պաշտպանությունը զինվորական կառավարման մարմինների վրա դնելով, պետությունը ցույց կտա իր հոգածությունը հատկապես կարևոր առաքելություն կատարող իր քաղաքացիների այս դասի հանդեպ, ինչը միանշանակ կանդրադառնա զինվորական կարգապահության մակարդակի բարձրացման վրա:

Հաջորդ կարևոր ուղղությունը, որը իր ազդեցությունը կարող է ունենալ զինվորական կարգապահության վրա, զինծառայողների պարտականությունների հստակ սահմանումն է: Զինվորական ծառայության բնագավառը կարգավորող իրավական դաշտում զգալի թիվ են կազմում այն իրավական ակտերը, որոնցում առկա են թե՛ իրավական առումով անճշտություններ, թե՛ այնպիսի գեղարվեստական տերմիններ, որոնք չունեն հստակ բացատրություն. ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 2-րդ հոդվածում կարդում ենք. «Ներքին ծառայությունը պահանջում է խստորեն կազմակերպված գործողություններ` անկախ յուրաքանչյուր զինծառայողի անձնական ցանկություններից»: Հետաքրքիր է՝ կարող են արդյոք լինել մեղմորեն կազմակերպված գործողություններ, կամ կարող է զինծառայողը ունենալ նաև ոչ անձնական ցանկություններ: Եվ նման մտքի զեղումներ շատ են պարտականություններ սահմանող դրույթներում: Նույնը կրկնվում է նաև ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքում և մյուս իրավական ակտերում:

Որոշ դեպքերում սահմանվում են այնպիսի պարտականություններ, որոնք գործնականում կատարելը հնարավոր չէ. այսպես, ՀՀ ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագրքի 73-րդ հոդվածի համաձայն, հրամանատարը խաղախ և պատերազմական ժամանակ պատասխանատու է… անձնակազմի սոցիալ-իրավական և կենցաղային ապահովման համար: Հետաքրքիր է, եթե կենցաղային ապահովման բոլոր հարցերը լուծվում են կենտրոնացված կարգով, հրամանատարը ինչպես կարող է պատասխանատու լինել դրա համար:

Թե՛ ՀՀ ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագիրքը, թե՛ մյուս կանոնագրքերը (բացառությամբ կարգապահական կանոնագրքի), ընդունված լինելով շուրջ մեկուկես տասնամյակ առաջ, ժամանակի հետ ձեռք են բերել բազմաթիվ անհամապատասխանություններ թե՛ ՀՀ Սահմանադրության, թե՛ զինվորական ծառայության բնագավառը կարգավորող այլ օրենքների հետ, և այս ուղղությամբ անհրաժեշտ են լուրջ աշխատանքներ:

ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
փոխգնդապետ
ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի
անվան ռազմական
ավիացիոն ինստիտուտի
ավագ սպա-իրավաբան