Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԶՈՐ Ե՛Վ ԲԱՆԱԿՈՎ, Ե՛Վ ԳԻՏԵԼԻՔՈՎ
ՀԶՈՐ Ե՛Վ ԲԱՆԱԿՈՎ, Ե՛Վ ԳԻՏԵԼԻՔՈՎ

Գիտելիքի եւ դպրության օրը տոնական շունչ էր ստացել Ռ. Միրոյանի անվան N 77 դպրոցը։ Հուզմունք, ժպիտ, ուրախություն միախառնվել էին, եւ հատկապես հուզված էին այն 107 փոքրիկները, որոնք առաջին դասարան էին հաճախելու, դպրոցում ուսուցիչները նրանց առջեւ բացելու էին գիտելիքի խորհրդավոր աշխարհի դռները։

«Ամեն ասպարեզում էլ հաջողության եւ հաղթանակի հասնելու համար գիտելիք է պետք, մտավոր ներուժ, մենք նաեւ գիտելիքով պետք է հաղթենք»,- շնորհավորելով դպրոցականներին եւ բոլոր ներկաներին՝ ասում է դպրոցի տնօրեն Նարա Պետրոսյանը։

Սեպտեմբերյան այս գեղեցիկ տոնի առթիվ դպրոցականներին շնորհավորելու են եկել նաեւ ազատամարտիկներ եւ զինվորականներ։

«Սիրելի՛ դպրոցականներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ, լավ սովորեք, կիրթ եւ զարգացած եղեք, պահեք ու ամրապնդեք, շենացրեք ու զորացրեք մեր հայրենիքը։ Մեր պապերի, մեր հայրերի հերոսական ոգու կրողները եղեք, ապրեք քրիստոնեավայել եւ առաջնորդվեք աստվածաշնչյան պատգամներով»։

Սամվել Սաֆարյան
պահեստազորի գեներալ-մայոր
Արցախյան պատերազմի վետերան

«Մեր երկիրն է՛լ ավելի ամուր եւ ուժեղ դառնալու համար ունի ձեր գիտելիքների, նվիրումի, կամքի եւ հայրենասիրության կարիքը։ Մենք հավատում ենք, որ դուք ոչ միայն հայրենիքի արժանավոր քաղաքացիներ կդառնաք, այլ, հարկ եղած դեպքում, հավատարիմ պաշտպանները մեր հող ու ջրի»։

Էդուարդ Պողոսյան
«Խաչակիրներ» ջոկատի անդամ

«Ցանկանում եմ, որ Գիտելիքի տոնը երբեւիցե ձեւական բնույթ չկրի, այլ այն միշտ վերածվի ազգային համընդհանուր տոնի։ Սիրելի՛ դպրոցականներ, դուք եք մեր մշակույթի, մեր ազգային արժեքների կրողն ու ժառանգորդը եւ ձեր գիտելիքներով, ձեր նվաճումներով է՛լ ավելի հարստացրեք։ Շարունակեք մեր տեսակն ու գույնը»։

Աղաբեկ Խաչատրյան
ազատամարտիկ

«Գիտելիքը միշտ պետք է կարեւորվի։ Շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ, եւ ես, որպես նախկին օդաչու, առաջին հերթին խաղաղ երկինք եմ մաղթում բոլորիդ»։

Կարեն Առաքելյան
«Սասունցի Դավիթ» ջոկատ

«Դուք պետք է խորապես իմանաք ձեր ազգի պատմությունը, ճանաչեք ձեր արմատները։ Այնժամ է՛լ ավելի կկարեւորեք ձեր հողն ու ջուրը, է՛լ ավելի գիտակցաբար կծառայեք հայրենիքին։ Հայրենասիրությունը միայն կռվի դաշտում չէ դրսեւորվում։ Լավ սովորելը, լավ մասնագետ դառնալը ու գիտելիքը հայրենիքին ծառայեցնելը նույնպես հայրենասիրություն է։ Արցախյան պատերազմում մենք նաեւ գիտելիքով հաղթեցինք թվաքանակով եւ զինուժով մեզ գերազանցող հակառակորդին»։

Մայոր Միքայել Բայաթյան
Երեւանի կայազորային հոսպիտալի
պետի տեղակալ

«Դպրոցը գիտելիք տալու հետ միաժամանակ կրթում, դաստիարակում է հայրենասեր քաղաքացիներ։ Այս երեխաները վաղվա մեր երկրի զինվորն ու տերն են ու տիրոջ իրավունքով եւ տիրոջ սրտացավությամբ կշենացնեն, կծաղկեցնեն, կհզորացնեն Հայաստանը։ Հզոր ենք լինելու ե՛ւ գիտելիքների պաշարով, ե՛ւ բանակով։ Սա է հաղթանակի հասնելու բանաձեւը»։

Փոխգնդապետ Գրիգոր Մկրտչյան
թիվ 77 դպրոցի զինղեկ

…Ջերմ շնորհավորանքների անվերջ շղթան դեռ շարունակվում է։ Հնչում է դպրոցի զանգը։ Զինվորական նվագախմբի խրոխտ հնչյունների ներքո աշակերտները աշխույժ մտնում են դպրոց։ Սկսվում է դասը։ Այբ, բեն, գիմ… թեւածում է հայերենը՝ աղոթքի պես մեղմ, զենքի պես հատու։ Հայոց հողում, հայկական դպրոցում կրթվում, գիտելիք են ստանում վաղվա մեր երկրի տերերը։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Մայոր