Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԵՐԴՈՒՄ



Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շարահրապարակը օգոստոսի 31-ի վաղ առավոտյան օղակել էին Հայաստանի տարբեր մարզերից ժամանած նորակոչիկների ծնողներն ու հարազատները` հետեւելու իրենց կուրսանտ-որդիների կյանքի ամենասպասված ու պատասխանատու միջոցառմանը` զինվորական երդման արարողությանը: Դրոշի ներքո զգաստ կանգնած կուրսանտներին եւ հպարտությամբ լցված նրանց հարազատներին ողջունեց ռազմական ինստիտուտի պետի տեղակալ գնդապետ Պ. Աբրահամյանը եւ նշեց, որ յուրաքանչյուրը պետք է խորությամբ ըմբռնի զինվորական երդման խորհուրդը եւ հետագա ծառայությունը անցկացնի իր տված երդմանը համապատասխան. «Տղամարդը կյանքում երդվում է մեկ անգամ, և դա տեղի է ունենում բանակում: Հենց այս պահից է սկսվում կուրսանտի զինվորական ծառայությունը: Յուրաքանչյուրիդ անձնվեր ծառայությունից եւ մասնագիտությանը լիարժեք տիրապետելուց է կախված հայրենիքի պաշտպանության հուսալիությունը: Ավարտելով զինվորական ուսումնառությունը եւ համալրելով Հայոց բանակի սպայակազմի շարքերը, դուք ամեն օր կկանգնեք Հայաստանի սահմանների պաշտպանության պատասխանատու գծում, ուստի ուսումնառության ընթացքում պետք է հաստատեք մարտական արհեստավարժությունը եւ բարոյակամային բարձր որակները: Երդվելով՝ դուք պատասխանատու եք դառնում մեր պետության սահմանների անձեռնմխելիության, ժողովրդի անվտանգության, խաղաղ գոյության համար»։

Գնդապետ Պ. Աբրահամյանի խոսքից հետո սկսվեց բուն արարողությունը: Սեղաններին զինվորական երդման տեքստն էր ու երդվողների ցուցակները: Նորակոչիկները հերթով մոտենում էին, ապա հարյուրավոր ականատեսների, զինակից ընկերների, հրամանատարների, հարազատների առաջ կամովին ստանձնում իրենց պարտքը անմնացորդ կատարելու պարտավորություն: «Անձնվիրաբար ծառայել Հայրենիքին` Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայել կյանքը»,-այս տողերը կուրսանտները արտաբերում էին հաղթական ոգեւորությամբ եւ հայրենի հողի յուրաքանչյուր թիզը թշնամուց զերծ պահելու հաստատակամությամբ:

Իսկ նորակոչիկների ծնողները արարողությանը հետեւում էին ուրախության արցունքներն աչքերին եւ փորձում էին արագորեն լուսանկարել հանդիսավոր պահը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայրը` Մուշեղ Օհանյանը, եկել էր թոռան` Ալբերտ Սիմոնյանի զինվորական երդմանը ներկա լինելու. «Անչափ հպարտ եմ, որ դստերս զավակը հայոց անկախ պետության բանակի զինվորականը դարձավ, որ արդեն երրորդ թոռս է երդվում ծառայել անձնվիրաբար, պաշտպանել հայրենիքը քաջաբար եւ հմտորեն: Համոզված եմ, որ Ալբերտս հավատարիմ կմնա զինվորական երդմանը, քանի որ կարգապահ է, առաքինի եւ ազնիվ: Խոստացել է` իր քեռու նման հայրենիքին նվիրված զինվորական կդառնա»: Ալբերտն էլ ավելացնում է` երդման մեջ ասված ամեն մի բառը կկատարի լիարժեք եւ բարեխղճորեն. «Ինձ միշտ դուր էին գալիս զինվորական համազգեստով մարդիկ, փոքր ժամանակ հենց նրանց տեսնում էի, պատվի էի առնում: Այսօր վերջապես, ինչպես եւ եղբայրներս, համազգեստ հագա ու երդվեցի իմ գործով բարձր պահել զինվորականի պատիվը, ամեն գնով պաշտպանել հայրենի հողը: Երդվելիս ես զգացի զինվորական կոչվելու ողջ պատասխանատվությունը»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս. ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #35 (951) 6.09.2012 – 12.09.2012, Բանակ և հասարակություն


12/09/2012