Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿՀԶՈՐԱՑՎԵՆ ՀԱՊԿ ՄԱՐՏԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

2012թ. օգոստոսի 28-ին Մոսկվայում ՀԱՊԿ միացյալ շտաբում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությունից հետո ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը տեղեկացրել է, որ քննարկված հարցերը կապված են ՀԱՊԿ անդամ պետությունների ինչպես մարտական, այնպես էլ խաղաղապահ հավաքական ուժերի հզորացման հետ: Գեներալի խոսքով՝ «աշխարհում այսօր տիրող շատ բարդ ու լարված իրավիճակը պահանջում է նշանակալիորեն ավելացնել զուտ մարտական բաղադրիչները»:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ում դրանք վեցն են. Արևելաեվրոպական տարածաշրջանում Բելառուսի և Ռուսաստանի զորքերի տարածաշրջանային խմբավորումը, Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորումը, Կենտրոնասիական տարածաշրջանում արագ ծավալման հավաքական ուժերը, արագ արձագանքման հավաքական ուժերը, հավաքական խաղաղապահ ուժերը և հավաքական անվտանգության տարածաշրջանների միացյալ համակարգերը, որոնք ներառում են կառավարման, կապի, ՀՕՊ, հետախուզության և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր: