Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՐԵՐԻ ՍԽՐԱՆՔԻՆ ԱՐԺԱՆԻ ՈՐԴԻՆԵՐԸ
ՀԱՅՐԵՐԻ ՍԽՐԱՆՔԻՆ ԱՐԺԱՆԻ ՈՐԴԻՆԵՐԸ

«Փառապանծ ազատամարտիկներ» միության նախագահ պահեստազորի գնդապետ Գրիշա Սարգսյանը Արցախյան գոյամարտի ընթացքում մարտնչել է Միլիցիայի հատուկ ջոկատի կազմում` մասնակցելով Նոյեմբերյանի, Ոսկեպարի, Վարդենիսի, Լաչինի, Ֆիզուլիի ազատագրական մարտերին: Շատ ընկերներ է կորցրել, պատերազմի դաժանություններն է տեսել, բայց ասում է, որ եթե Արցախին վտանգ սպառնա, եթե մեր երեխաներին, ծնողներին ու կանանց նորից պաշտպանելու կարիք լինի, ինքը եւ չորս եղբայրները, ովքեր եւս պատերազմի տարիներին գործով ապացուցել են, որ հայրենի հողն իրենց համար բարձրագույն արժեք է, զինվոր դարձած իրենց հինգ որդիներով, կազմ ու պատրաստ են` հակահարված տալու թշնամուն:

Գրիշա Սարգսյանը եւ նրա եղբայրները՝ Ռուբիկը, Գվիդոնը, Սմբատն ու Անդրանիկը, միասին ունեն հինգ տղա: Առաջինը բանակ ճանապարհեցին Ռուբիկի որդի Արտյոմին, հետո՝ Գվիդոնի որդի Նարեկին, ապա հերթը հասավ Սմբատի ու Անդրանիկի որդիներին` Մհերին ու Հովհաննեսին, մի քանի ամիս առաջ էլ զորակոչվեց Գրիշայի որդին` Զեւսը: Ծառայությունն ամրացրել է տղաների եղբայրությունը. չնայած տարբեր վայրերում են ծառայում, բայց սրտով ու հոգով միասին են. յուրաքանչյուրը իր հերթին հետաքրքրվում է, թե ինչպես է մյուսը կատարում ծառայողական պարտականությունները, ինչպես է հարմարվել զորանոցային պայմաններին: Գրիշա Սարգսյանն այսպես է բնութագրում տղաներին. Արտյոմը մտածկոտ է, Նարեկը՝ կատակասեր, Մհերը՝ համարձակ, Հովհաննեսը՝ կենսուրախ, Զեւսը՝ ուշադիր, բայց հինգն էլ պատասխանատու են եւ բարեխիղճ: Ըստ նրա՝ տղաները ծառայության ընթացքում ավելի հանդուրժող եւ համբերատար են դարձել. եթե նախկինում մի անիմաստ պատրվակից բորբոքվում էին, ապա այժմ սովորել են առողջ դատել. «Նրանց համար հերոսները հոլիվուդյան հաստաբազուկ «գերմարդիկ» չեն, այլ` հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր ազատամարտիկներն ու հայոց բանակի սպայակազմը` իրական մարդիկ, որոնք երկիր են պահում: Նրա՛նց են ձգտում նմանվել, նրանց օրինակին են հետեւում, նրանցից են սովորում սիրել եւ գնահատել մարդուն: Եվ այսքանից հետո ինչպե՞ս կարելի է ասել, թե բանակում տղան երկու տարի է կորցնում… Ես տղաների հետ խոսում եմ եւ տեսնում, թե ինչպես է ծառայության ընթացքում հայրենիքն արժևորվել նրանց համար»:

Տղաներից Զեւսը, Նարեկն ու Արտյոմը կիսատ թողեցին ուսումը եւ համալրեցին բանակի շարքերը, մյուսները զորակոչվեցին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո. «Մեր բանակը կազմակերպված եւ կայուն կառույց է: Բանակի հրամկազմից շատերի վաստակը իմանալով, նրանց անձնապես ճանաչելով` վստահ եմ, որ մեր զինված ուժերն ամուր են: Ցավոք, ոմանք իրենց որդիներին փորձում են «փախցնել» ծառայությունից: Ինձ համար դա անընդունելի է` երկրի պաշտպանության մասին մտածելը առաջնահերթ խնդիր պետք է լինի բոլորի համար: Մենք` անպարտելի, իսկ հայրենիքը` բոլորիս համար թանկ կդառնա, եթե բոլորի երեխաները ծառայեն բանակում»,-նշում է ազատամարտիկը:

«Մեր որդիներն իրենք իրենց մասին հոգ տանել են սովորում, վառոդի հոտ են առնում, կոփվում են ֆիզիկապես, գիտեն` ինչ բան է կարոտն ու դրան դիմանալը, զգում են զինվորական կոշիկի ծանրությունը, հոգնած են քնում… սա՛ էլ է բարոյական դաստիարակություն, որը կարելի է ստանալ միայն բանակում: Բանակում ծառայելը հերոսություն չէ, ոչ էլ սխրանք, այլ` երկրիդ ու ժողովրդիդ պիտանի դառնալու առաջին քայլը: Ես տղաներին մինչեւ զորակոչվելն էլ ասում էի` սիրած աղջիկը, ընկերները, ընտանիքը, ուսումը կարեւոր են, բայց եթե, Աստված չանի, պատերազմ սկսվի, ձեր թասիբը պահելու համար էլ լինի` գնալու եք, չէ՞, ուրեմն գնացեք երկու տարի պատվով ծառայեք, զենք բռնել սովորեք, փորձ ձեռք բերեք, դա ձեզ թշնամու դեմ պատերազմելիս պետք կգա»,-ասում է Գրիշա Սարգսյանը:

Նրա և իր եղբայրների համար անիրականանալի թվացող երազանք էր սեփական երկրի սրբություններին ու հզորացմանը ծառայելը. չէ՞ որ իրենք Խորհրդային Միության զինվոր էին` կայսրության, որտեղ ազգայինը մղված էր հետին պլան. «Ազգային գաղափարներին ծառայելու իրավունքը վաստակեցին Արցախյան պատերազմի մեր ազատամարտիկները, որոնց մարմինները պատերազմը քրքրեց, որոնք առողջ ոչ մի տեղ չունեն, եւ այժմ ինչպե՞ս չհպարտանաս, որ որդիդ այդ սրբազան ժառանգության հուսալի պատվարն է»,-նշում է Գրիշա Սարգսյանը` տեղին համարելով պաշտպանության նախարար Ս.Օհանյանի խոսքը. «Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ