Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՔ



Հռոմեացի նշանավոր բանաստեղծ Վերգիլիոսը (մ.թ.ա. 74-19թթ.) Արաքս գետն անվանել է «կամուրջներ չհանդուրժող»։ Սերունդների կողմից այդ արտահայտությունն ընկալվել է որպես հայ ժողովրդի ազատաբաղձության ու ըմբոստության խորհրդանիշ, սակայն այն միանգամայն իրական հիմք ունի՝ գարնանային հորդացումների ժամանակ, որոնք արտակարգ չափեր են ընդունել, կատաղած գետն իր ճանապարհին քշել-տարել է ամեն ինչ, այդ թվում՝ կամուրջներ։

Եվ, այնուամենայնիվ, Արաքսն ունեցել է իր կամուրջները, որոնցից ամենանշանավորները հինգն են՝ Բասենի, Երվանդակերտի, Արտաշատի, Նախիջեւանի եւ Ջուղայի։ Դրանք մտել են հայոց պատմության մեջ, դարձել նրա բաղկացուցիչ մասերից մեկը։

Այսպես, Արտաշատի կամրջից է սկսվել դեպի Տիգրանակերտ տանող ճանապարհը, որը հայ մատենագրության մեջ հայտնի է «արքունի պողոտա» անունով։ Բացվել է Տիգրան Մեծի օրոք, մ.թ.ա. 80-ական թվականներին, անցել Արտաշատ-Զարեհավան-Մանազկերտ-Տիգրանակերտ երթուղով, իր տարբեր հատվածներում ունեցել իջեւան-կայաններ եւ ռազմական ու տնտեսական մեծ նշանակություն է ձեռք բերել։ Գոյատեւել է մինչեւ վաղ միջնադար։

Արտաշատի կամուրջը պատմության մեջ առավել հայտնի է Տափերական անունով։

Արտակարգ գեղեցկություն է ունեցել Ջուղայի կամուրջը։ Ըստ ավանդության՝ այն կառուցել է Ալեքսանդր Մակեդոնացին։ Այս կամուրջը եւս ունեցել է ռազմական ու տնտեսական մեծ նշանակություն եւ կարեւոր դեր է խաղացել Հայաստանի կյանքում։ Ավերվել է 1605-ին, պարսից արքա Աբբաս 1□ի հրամանով, որպեսզի ե՛ւ հայերը մոռանան տունդարձի ճանապարհը, ե՛ւ թուրքերը չկարողանան այդ կամրջով ներխուժել Պարսկաստան։

Հռոմեացի մեկ այլ բանաստեղծ՝ Ալբիոս Տիբուլլոսը (մ.թ.ա. 54-19թթ.), իր «Եղերերգություններ» երկի մեջ օգտագործում է «աղվորիկ Արաքս» արտահայտությունը։ «Աղվորիկ» են եղել նաեւ Արաքսի հնագույն կամուրջները, որոնք այսօր, ցավոք, չկան, ավերված են։

ԱՄԵՆԱՇՔԵՂ ԱՐՔՈՒՆԻՔԸ

Բոլոր դարերում արքունիքները միշտ էլ կարեւոր դեր են խաղացել տվյալ երկրի կյանքում, դարձել պետական կառավարման յուրօրինակ օջախներ։ Եվ բնական է, որ արքունիքի ճոխության եւ շքեղության աստիճանը համարվել է տվյալ երկրի եւ միապետի հզորության ու հարստության չափանիշ։

Հայոց արքաները նույնպես անհրաժեշտ ուշադրություն են հատկացրել իրենց արքունիքների կահավորմանը, արտաքին եւ ներքին տեսքին։ Պատմագիտության մեջ հիշատակվում է, որ հայոց արքաներից ամենաշքեղ արքունիքն ունեցել է Տիգրան Մեծը։ Հենց նա էլ եղել է ամենահզոր հայոց արքան։

«ՆԵՐՈՆԵԱ» ԱՆՈՒՆԸ ՉԿՊԱՎ…

Մովսես Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ խոսում է այն մասին, թե ինչպես է Արտաշես թագավորն ընտրել հին Հայաստանի մայրաքաղաք Արտաշատի կառուցման տեղը եւ անուն տվել նրան. «Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը եւ Մեծամորը խառնվում են, եւ այնտեղ բլուրը հավանելով՝ քաղաք է շինում եւ իր անունով կոչում Արտաշատ»։

Խոսքը Երասխ (Արաքս) եւ Մեծամոր գետերի հին հուների միախառնման տեղի եւ Խոր վիրապի բլուրների մասին է։ Այդ վայրը գտնվել է Արտաշատ քաղաքից 10 կմ հարավ-արեւմուտք ընկած գեղատեսիլ տեղանքում, Խոր վիրապի մոտ։ Հին Արտաշատը, որ Հայաստանի մայրաքաղաք եղավ մ.թ.ա. 2-րդ դարից սկսած մինչեւ մեր թվարկության 4□րդ դարը, երեք կողմից շրջապատված է եղել գետի ջրերով, չորրորդ կողմից՝ ջրով լցվող արհեստական խրամով։ Հետագայում Արաքսը եւ Մեծամորը փոխել են իրենց հունը, հեռացել, եւ հիմա այդ տեղանքում միայն պարիսպների ու շինությունների հետքեր են։

Արեւելքի խոշոր, բազմամարդ, վաճառաշահ ու հարուստ քաղաքներից մեկն է եղել Արտաշատը եւ մանավանդ՝ շատ գեղեցիկ։ Հույն նշանավոր աշխարհագիր Ստրաբոնը, անձամբ տեսնելով Արտաշատը, այն հենց այդպես էլ անվանել է՝ «գեղեցիկ քաղաք»։

Իր «Թագավորների եւ զորավարների ասույթներ» երկում հույն պատմագիր, բարոյախոս եւ փիլիսոփա Պլուտարքոսը մանրամասն նկարագրել է Արտաշատի կառուցումը, հիացական տողեր թողել նրա մասին։ Նա Արտաշատն անվանել է «Հայաստանի Կարթագեն»։

Նման գեղեցիկ եւ հարուստ քաղաքը, բնականաբար, չէր կարող չշարժել օտարների նախանձը, եւ նրա հիմնադրման թվականն ու հիմնադրի անունը դարձել են վիճարկման առարկա։ Ըստ հույն պատմագիրների՝ Արտաշատը կառուցվել է կարթագենցի զորավար Հաննիբալի խորհրդով ու ցուցումով, եւ, ուրեմն, քաղաքի իսկական հիմնադիրը նա է։ Իբր՝ դա եղել է այն ժամանակ, երբ հին աշխարհի խոշորագույն զորավարներից մեկը, ի վերջո, փախել է Անտիոքոս 3-րդ կայսեր մոտից եւ ապաստան գտել Հայաստանում, Արտաշես Ա□ի մոտ։ Սակայն այն փաստը, որ Հաննիբալը եղել է Հայաստանում՝ խիստ կասկածելի է։ Պատմականորեն հավաստի տեղեկությունն այն է, որ Արտաշատը, իրոք, կառուցվել է հայոց թագավոր Արտաշես Ա-ի օրոք, մ.թ.ա. 180-ական թվականներին, ուրարտական հին բնակավայրի տեղում։ Հիշյալ ժամանակաշրջանում Հայաստանում քաղաքային կյանքը հզոր վերելք է ապրել։

Այնուամենայնիվ, կան փաստեր, որոնք հերքել չի կարելի։ Դրանցից մեկն այն է, որ հռչակավոր կայսր Ներոնը, լսելով Արտաշատի գեղեցկության մասին եւ ցանկանալով հագուրդ տալ իր փառասիրությանը, միջոցներ է տրամադրել քաղաքի վերակառուցման համար եւ պահանջել այսուհետ այն անվանել Ներոնեա։

Այդ միջոցները տրամադրվել են 66 թվականին, Տրդատ Ա-ի օրոք։ Քաղաքը, իրոք, վերակառուցվել է եւ արդեն հաջորդ տարի՝ 67-ին, անվանվել Ներոնիա։ Բայց այդ անվանը վիճակված չէր երկար գոյատեւել։ Պատմագրական մի շարք հիշատակումներից հետո այն պարզապես մոռացվեց։ Հայերը չկարողացան տանել, որ իրենց մայր ոստանը կոչվի օտար անունով, եւ Արտաշատը՝ հայոց գեղեցիկ մայրաքաղաքը, մնաց եւ պատմության մեջ մտավ որպես Արտաշատ։

ՀԱՅՈՑ ԳԱՂԹԱՎԱՅՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ

Ռուսաց կայսրուհի Եկատերինա 2-րդի 1779թ. նոյեմբերի 14□ի հրովարտակով Դոնի աջ ափին, Ս. Դմիտրի Ռոստովսկի ամրոցի մոտ, որն այժմյան Դոնի Ռոստով քաղաքն է, հիմնադրվեց հայկական գաղթավայր եւ կոչվեց Նոր Նախիջեւան։ Դրանից մեկ տարի առաջ՝ 1778-ի ամռանն այստեղ բնակեցվել էին 12.600 ղրիմահայեր, որոնց գաղթը կազմակերպել էր զորավար Ա. Սուվորովը։

Ի՞նչ էր հետապնդում կայսրուհին։

Նախ՝ բնակեցնել, բարգավաճ դարձնել Նովոռուսիան (Ռուսաստանի հարավային տափաստանները) աշխատասեր, ընդունակ եւ գործարար մեծ հատկանիշներով օժտված ղրիմահայերով, եւ ապա այդ ճանապարհով թուլացնել Ղրիմի խանությունը եւ դյուրացնել նրա վերջնական միացումը Ռուսաստանին։

Հայերը, ուրեմն, ուժ էին Ղրիմում, ուժ պետք է լինեին նաեւ Նովոռուսիայում։

Եվ դարձան։ Նոր Նախիջեւանի եւ շրջակա հայկական գյուղերի (Չալթր, Մեծ Սալա, Թոփթի եւ այլն) գաղթականությունն սկսեց զբաղվել գյուղատնտեսությամբ (հացահատիկի մշակում, խաղողագործություն, ոչխարաբուծություն, շերամապահություն), արհեստագործությամբ (կաշեգործություն, ոսկերչություն, դարբնություն, պայտարություն, դերձակություն), արդյունաբերությամբ (ճարպի, բրդի, մետաքսի, աղյուսի, ծխախոտի արտադրություն), առեւտրով։ Նոր Նախիջեւանի ճարպ հալող գործարանները կարճ ժամանակ անց տարեկան տալիս էին 200 հազար փութ ճարպ, բուրդ լվացող ձեռնարկությունները՝ նույնքան բուրդ։ Հայ վաճառականներն սկսեցին առեւտուր անել Նովոչերկասկ, Տագանրոգ, Նիժնի Նովգորոդ, Ստավրոպոլ եւ այլ քաղաքների հետ, ավելին՝ ապրանքներ արտահանել նաեւ Ասիայի եւ Եվրոպայի մի շարք երկրներ։

Պատմական շատ կարճ ժամանակամիջոցում Ռուսաստանի խուլ անկյուններից մեկն աշխուժացավ, դարձավ արդյունաբերական, գյուղատնտեսական, արհեստագործական կենտրոն՝ մեծապես հայ գաղթականության աշխատասիրության, գործարար ընդունակությունների շնորհիվ։ Եվ պատահական չէր, որ ռուսական իշխանությունները 1811թ. Նոր Նախիջեւանի զինանշանը հաստատեցին հայերի աշխատասիրությունը խորհրդանշող մեղուների ու փեթակների պատկերով։

Եկատերինա կայսրուհին չէր սխալվել…

ՍԻՍԱԿՅԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՇՔԱՆՇԱՆԸ

Մեծահռչակ կենսաքիմիկոս էր ակադեմիկոս Նորայր Սիսակյանը՝ ծնված Աշտարակում, 1907-ին։ Բարձր պաշտոններ է վարել ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայում, Մոսկվայի պետհամալսարանում, եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 13-րդ նստաշրջանի նախագահ, Աստղագիտության միջազգային ակադեմիայի փոխնախագահ։

Բայց մեկ այլ փաստի մասին։ Նորայր Սիսակյանը Հայրենական մեծ պատերազմը դիմավորեց Մոսկվայում, ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչի պաշտոնում։ Բնական է՝ այդ հաստատությունը նույնպես իր գիտական աշխատանքներով ռազմաճակատին ծառայելու խնդիր ուներ, եւ ահա պրոֆեսոր Նորայր Սիսակյանը ձեռնամուխ եղավ իր մարտական առաջադրանքի կատարմանը։ Առաջին հայացքից այն պարզունակ էր թվում, բայց շատ կարեւոր էր կենսաբանական առումով՝ ինչպես պահպանել վիտամինները չոր բանջարեղենում եւ կարտոֆիլում, որոնք, ինչպես դժվար չէ ենթադրել, հիմնական սնունդն էին պատերազմական շրջանում։ Հայ կենսաքիմիկոսի աշխատանքի արդյունքներն ու առաջարկները ոչ միայն լայն կիրառություն գտան, այլեւ գնահատվեցին ըստ արժանվույն՝ Նորայր Սիսակյանն արժանացավ «Պատվո նշան» շքանշանի։ Հրամանագիրն ստորագրվեց 1944 թվականին։ Ուրեմն՝ շքանշանը մարտական պարգեւ էր։

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶԸ՝ «ԱՐՏՈՆԱԳԻՐ»

Հետաքրքիր վկայություն ունի մեծանուն հայագետ Ղեւոնդ Ալիշանն իր «Սիսական» գրքում։ Նրա հավաստմամբ՝ 17-րդ դարի սկզբներին եվրոպացիներն ապահովության համար հագնում էին հայկական տարազ, որպեսզի կարողանան մուտք գործել Չինաստան։ Ավելին՝ ներկայանում էին հայկական անուններով։

Ալիշանի այս հավաստիացումները պատմական խոր հիմքեր ունեն։ Իրոք, հայկական փոքրակազմ համայնքները 16-18-րդ դարերում մեծ հարգանք ու հեղինակություն են վայելել Չինաստանում եւ ունեցել մի շարք արտոնություններ, որոնցից զարտուղի ճանապարհներով օգտվել են նաեւ օտարերկրյա վաճառականներ։

Հայերի բարձր դիրքի եւ հեղինակության մասին վկայող մեկ փաստ՝ հիշյալ ժամանակաշրջանում նրանք ձեռք են բերել սեփական շոգենավերով Չինաստանից ապրանքներ փոխադրելու իրավունք։ Այս առումով հայերն այնքան են շարժել անգլիացիների նախանձը, որ վերջիններս հայկական նավերը հայտարարել են «թշնամու սեփականություն» եւ սկսել բռնագրավել դրանք բաց ծովում։

Հետաքրքիր է, որ, ըստ 1722թ. գրված մի վավերագրի, Կանտոնից, ինչպես նաեւ Շանհայից եւ Մակաոյից դուրս եկող հայապատկան շատ նավեր ունեցել են հայկական տարբերանշան։

Պատրաստեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Խորագիր՝ #34 (950) 30.08.2012 – 05.09.2012, Պատմության էջերից


05/09/2012