Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՆԹԱԿԱ ԵՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ

«Բայց նրանք լսել չուզեցին, այլ հիմարաբար իրենց թիկունքը շրջեցին եւ ծանրացրին իրենց ականջները՝ չլսելու համար։ …ուստի մեծ բարկություն եղավ Ամենակալ Տիրոջ կողմից»։
(Աստվածաշունչ մատյանից)

Հերթական անգամ ապացուցվեց, որ զինված ուժերում տեղի ունեցող ոչ մի հանցագործություն անհետեւանք չի մնում, եւ որ իրավապահ մարմինները խստագույնս պահպանում են հավատարմությունը օրենքի տառին ու սկզբունքներին։ Մեկ անգամ եւս հաստատվեց, որ յուրաքանչյուր զինծառայող, անկախ ուսադիրներին ունեցած աստղերի քանակությունից, զբաղեցրած պաշտոնից ու դիրքից, պարտավոր է գիտենալ, որ հանցագործությանը հետեւելու է անխուսափելի պատիժը ու այն լինելու է անզիջում, արդարացի՝ համահունչ կատարված հանցագործության բնույթին եւ հասարակական վտանգավորության աստիճանին։
Այս անգամ խոսքը վերաբերում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռին, որի համաձայն՝ ծանր հանցագործության մեջ մեղադրվող մի շարք նախկին զինծառայողներ ստացան իրենց արժանի պատիժը՝ դատապարտվելով օրենքի ամբողջ խստությամբ։
Քրեական գործի բոլոր մանրամասները եւ հանգամանքները պարզելուց, ամբաստանյալների վերջին խոսքը լսելուց եւ ձեռքբերված բոլոր ապացույցները համադրելուց հետո, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357-րդ եւ 360-րդ հոդվածներով, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց՝
Զաքար Ալբերտի Զոհրաբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 10-րդ կետերով, 375-րդ հոդվածի 1-ին մասով, 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով։
ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով դատապարտել ազատազրկման 6 տարի ժամկետով, նույն օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 10-րդ կետերով դատապարտել ցմահ ազատազրկման։
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նշանակված պատիժներից նվազ խիստ պատիժներն առավել խիստ պատժով կլանելու միջոցով Զաքար Ալբերտի Զոհրաբյանի վերջնական պատիժը սահմանել ցմահ ազատազրկումը։
Դատարանը միաժամանակ մեղավոր ճանաչեց ամբաստանյալ Էդգար Խաչատուրի Սիմոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, 359-րդ հոդվածի 1-ին մասով եւ 187-րդ հոդվածի 1-ին մասով՝ նրան դատապարտելով ազատազրկման 7 տարի ժամանակով։ Տարբեր ժամկետներով ազատազրկման դատապարտվեցին նաեւ հանցագործությանը մեղսակից վեց այլ զինծառայողներ։
Քրեական այս գործի դասերը պետք է խորապես յուրացվեն, ուսումնասիրվեն ոչ միայն զինծառայողների, այլեւ՝ ողջ հանրության կողմից։ Ի վերջո, Զաքար Զոհրաբյանը եւ նրա նման պոտենցիալ հանցագործները բանակ են զորակոչվում սոցիալական տարբեր շերտերից, եւ հարկ է, որ հասարակությունը նույնպես խիստ հսկողություն սահմանի այդ քրեածին անձանց նկատմամբ՝ նմանօրինակ հանցագործություններից ոչ միայն զինված ուժերում, այլեւ քաղաքացիական կյանքում խուսափելու համար։
Ինչ վերաբերում է զինված ուժերին, ապա այնտեղ տարվել ու այսօր էլ զգալի աշխատանք է տարվում հանցագործությունների կանխարգելման եւ նվազեցման ուղղությամբ՝ «շեշտը դնելով դաստիարակության լավագույն մեթոդների կիրառման, զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման եւ զինվորական բարեկրթության պահպանման վրա»։
Նշելով, որ կարգապահության հարցերը 2011 թվականի առաջին կիսամյակում լինելու են պաշտպանության նախարարության ղեկավարության հատուկ ուշադրության ներքո, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինվորական իրավապահ մարմինների 2010 թվականի աշխատանքների ամփոփիչ խորհրդակցությունում առանձնահատուկ շեշտել է. «…Այսուհետ եւս անհանդուրժող կերպով ենք արձագանքելու ցանկացած օրինախախտման, որպեսզի մեր նահատակված ընկերների կյանքի գնով ձեռք բերված հաջողությունները լինեն շարունակական, իսկ այն ապահովող բանակը՝ կարգապահ։ Զինված ուժերում գործող կանոնակարգերը բոլորի համար են եւ ենթակա են պարտադիր կատարման»։

ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչություն