Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ



Սուրը, թե գրիչը՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը
Գ. ՆԺԴԵՀ

Փետրվարի 4-ին Արցախյան ազատամարտի լեգենդար հերոս Դավիթ Սարապյանը` Դեւը, կդառնար 45 տարեկան: Սակայն նրա երկրային վեհ ուղին տեւեց ընդամենը 26 կարճ տարի…
Դավիթը իր ծնողների՝ հայտնի ճարտարապետ Էդուարդ Սարապյանի եւ ականավոր գիտնական Էմմա Սարապյանի միակ զավակն էր: Դեռ մանկուց նկատվում էին տղայի արտասովոր ունակությունները: Նա հոյակապ նկարում էր, եւ այդ նկարների մեծ մասը ռազմական թեմայով էր: Հետաքրքրասեր տղան նաեւ շատ եւ կլանված կարդում էր: Դպրոցական տարիներին ի հայտ եկան նրա գրական ունակությունները: Նա գրում էր քնարական բանաստեղծություններ եւ հումորով եւ ինքնահեգնանքով համեմված պատմվածքներ: Այդ տարիներին նա հրապուրվեց նաեւ արեւելյան մարզաձեւերով, հաջողությամբ մասնակցում էր մրցումների: Այդպես նա ձեռք բերեց մարտական այն ոգին, որը հետագայում փայլուն դրսեւորվեց ռազմի դաշտում:
Դավիթն իր էությամբ ասպետ էր:
Ավարտելով Ձերժինսկու անվան դպրոցը` դարձավ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ուսանող: Դավիթը -9 աստիճանի կարճատեսությամբ կարող էր ազատվել ծառայությունից, բայց որոշեց գնալ` համարելով, որ տղամարդը պետք է քաջության դպրոց անցնի: 1984թ. մայիսին զինվորական շինել հագավ: Սակայն ծառայությունը նախ Բայկոնուրի զորամասերում, ապա Խմելնիցկու մարզում, որտեղ տիրում էին ամենաթողությունն ու կամայականությունները, շատ արագ հիասթափեցրեց ռոմանտիկ երիտասարդին: Նա մենակ էր այլադավանների մեջ: Արժանապատվություն ունեցող երիտասարդը ստիպված էր միայնակ պաշտպանել իր ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը: 1985թ. հոկտեմբերին դատապարտվեց այն բանի համար, որ կռվելով (մենակ` 10 հոգու դեմ) պաշտպանել էր պատիվը: Դատավարության ընթացքում առանց թաքցնելու հայտարարեց, որ կոնֆլիկտը ազգամիջյան բնույթ ուներ` ոչ կենցաղային (ինչպես ցանկանում էին ներկայացնել ): Դա չներվեց: Կյանքի հաջորդ 4 տարիները, ազատազրկման մեջ, ներկված էին սեւով: «Ես խաչ քաշեցի կյանքիս վրա ամենահետաքրքիր տեղում»,- գրում էր հուսահատված:
Դավիթը չվերադարձավ ինստիտուտ: Նրա կոչումն այլ էր: Համակվել էր գրելու ցանկությամբ: Տեսածը, զգացածը, վերապրածը ձգտում էր փոխանցել թղթին: Այսպես, վերապրած տառապանքից ծնվեցին պատմվածքներ, որոնցում ներկայացվում են զինվորական կյանքի ծանր առօրյան եւ ազատազրկված մարդկանց չարչարանքները:
Շուտով նրա համար բացվեց կինոյի զարմանալի աշխարհը: Եղբայրը (ոչ հարազատ)՝ հայտնի կինոռեժիսոր Գենադի Մելքոնյանը, հրավիրեց նրան աշխատելու որպես երկրորդ ռեժիսոր Օդեսայում նկարահանվող ֆիլմում, ու սկսվեց նրա կյանքի հետաքրքիր շրջանը: Շատ էր շրջագայում, հանդիպում էր ճանաչված մարդկանց: Գրեց «300 վայրկյան» վեպը, որն էլ ինքը վերածեց սցենարի: Այդ սցենարը, որի հենց վերնագիրը սլացք ու լարվածություն էր պարունակում եւ լի էր իրադարձությունների դրամատիզմով եւ թեժացած կրքերով, արժանացավ ակնառու կինոգործիչների բարձր գնահատականին: Օդեսայի կինոստուդիան հաստատեց ֆիլմի սցենարը: Այսպիսով, 24 տարեկանում բացահայտվեց հասուն եւ տղամարդկային արձակ ստեղծող երիտասարդի տաղանդի եւս մի երանգ: Վերջապես հաջողությունը ժպտաց Դավիթին, եւ այժմ կարող էր վայելել կյանքը, ստեղծել, սիրել եւ սիրված լինել, կարող էր հանգիստ կյանք վարել իր երեւանյան հարմարավետ բնակարանում: Շատերը հենց այդպես էլ կվարվեին: Շատերը, բայց ոչ երբեք Դավիթը:
Պատմական Հայաստանի մեծ քարտեզը, որը փակցված էր նրա սենյակի պատին, Դավիթը անգիր գիտեր: Հիմա սպառնում էր Արցախը կորցնելու վտանգը, կորցնելու այն հողը, որտեղ դարերով ապրում էր նրա մայրական կողմի հին իշխանական տոհմը: Այդ տոհմը փայլում էր զորավարներ Պողոս եւ Դանիել Բեկ-Փիրումովների, Մելիք Եղիյանի անուններով: Նա պետք է պաշտպաներ այդ սրբազան հողը:
1990 թվականի գարնանը նա տնից իրեր վաճառեց, զենք գնեց եւ մեկնեց ռազմաճակատ՝ իր պայքարը սկսելով լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի բանակի շարքերում: Դավիթը դեռ մանկուց ճանաչում եւ պաշտում էր իր կուռք Լյոնիային` ընտանիքի մտերիմ բարեկամին: Իր պատմվածքներից մեկում նա հումորով նկարագրել է, թե ինչպես իր ավագ ընկերը սովորեցնում էր իրեն կրակել, լողալ, կռվել եւ նույնիսկ տղամարդու պես լացել: Հետագայում դա արդեն կամային երկու տղամարդու, երկու ինտելեկտուալների ընկերություն էր: Նրանք ասպետ էին, ազնվական ոչ միայն ծագումով, այլ նաեւ մտածելակերպով, վարքով, էությամբ… Կատարյալ էին եւ՛ հոգեպես, եւ՛ արտաքնապես: Նրանց առնական ազնվազարմ գեղեցկությունը արտացոլում էր ոգու զորությունը, ուժեղ կամքը, վճռականությունը: Նրանք այն եզակի մտավորականներից էին, որոնք խորապես գիտակցելով մտավորականության պատասխանատվությունը ժողովրդի առջեւ, առաջիններից նետվեցին ռազմի դաշտ եւ պատվով կատարեցին իրենց առաքելությունը:
Պատերազմում շատ արագ բացահայտվեց Դավիթի ռազմական տաղանդը: Նա անձնուրաց կռվեց եւ՛ Անկախության բանակի շարքերում, եւ՛ հետագայում «Տիգրան Մեծ» կամավորական ջոկատում: Նա միշտ ամենադժվար դիրքերում էր, միշտ խուճապ էր առաջացնում թշնամու շարքերում, եւ պատահական չէ, որ ադրբեջանցիները նրան «Ահեղ Դեւ» էին անվանում:
1991թ. սեպտեմբերին տեղի ունեցավ Դավիթի եւ լեգենդար Կոմանդոսի՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի ծանոթությունը: «Դավիթն անմիջապես գրավեց իմ ուշադրությունը, – պատմում է Կոմանդոսը: – Իսկական մտավորական, ներկայանալի: Նա զարմացնում էր իր խորագիտությամբ, բայց երբեք իր առավելությունը չէր ընդգծում: Բոլորին հիացնում էր նրա յուրօրինակ հումորի զգացումը: Եվ իհարկե ինձ զարմացնում էր նրա զինվորական բնածին տաղանդը: Նա ընդունակ էր մասնագիտական ամենաբարձր մակարդակով ռազմավարական գործողություններ մշակելու եւ նույն հաջողությամբ իրագործելու: Դավիթն ամենալավ հրամանատարներից էր, ես նրան անչափ վստահում էի: Նա օժտված էր մարտական եւ մարդկային եզակի հատկանիշներով: Դավիթը միշտ ստանձնում էր ամենաբարդ եւ վտանգավոր առաջադրանքները: Նրա այդ հատկանիշներն արտահայտվեցին հատկապես Տող գյուղի ազատագրման ժամանակ: Դա հիանալի գործողություն էր, որն ինքն էր մշակել եւ իրականացրել»:
Ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող այդ գյուղը (Հադրութի շրջան) Դավիթին լավ ծանոթ էր՝ մոր հարազատ գյուղն էր: Այնտեղ՝ իր պապի տանը, հակառակորդը շտաբ էր տեղադրել: Մութն ընկնելուն պես Դավիթը մտնում է գյուղ, վերացնում է ժամապահներին եւ մոտենում գյուղի միակ լուսավորված՝ պապի տանը: Այնտեղ աղմուկ-աղաղակով խրախճանք էին անում ադրբեջանական օմօնականները: Դավիթը բարձր ձայնով կանչում է նրանց ղեկավարին: Նա հենց մոտենում է պատուհանին, Դավիթը բղավելով «բռնի՛ր»՝ ներս է շպրտում նռնակների խուրձը: Տունը փլվում է: Օմօնականները մնում են փլատակների տակ: Շուտով թշնամին գյուղից դուրս է շպրտվում: ՀՀ ԳԱԱ-ի «Հայաստանի պատմություն» հիմնարար աշխատության մեջ, Դավթի մեծադիր լուսանկարի տակ գրված է.«1991թ. հոկտեմբերի 30-ին ազատագրվեց ռազմական մեծ նշանակություն ունեցող Տող գյուղը: Առանձնակի արիությամբ աչքի ընկավ Դավիթ Սարապյանը` «Դեւը»:
1991թ. հուլիսին պատերազմի ճանապարհներում Էրքեջ գյուղում հատվել են նաեւ Դեւի եւ լրագրող Վարդան Դեւրիկյանի ուղիները: Այդ գյուղը պաշտպանում էին Հատուկ գնդի մարտիկները եւ «Տիգրան Մեծ» ջոկատի կամավորականները: Նկարագրելով այնտեղ կայացած մարտը` լրագրողը գրում է.«Կեսօրին, մի քանի զրահամեքենաներից բացված համաժամանակյա կրակի աջակցությամբ, դեպի դիրքերի վերածված գյուղավերջի տները սկսեցին շարժվել օմօնականները: Տանկային մեծ տրամաչափի գնդացիրների այրող, բեկորային փամփուշտների կրակին շուտով գումարվեցին նաեւ արկերի պայթյունները: Դավիթը, Ջիվան Աբրահամյանը եւ Աֆղանական պատերազմի դպրոցն անցած մի քանի մարտիկներ իսկույն կրակային շղթա կազմեցին, ու ձեւավորվեց պաշտպանական գիծը: Սկսված կռիվը կրկնակի դժվարին էր եւ բարդ ոչ միայն ուժերի անհավասարության, այլեւ այն պատճառով, որ Ջիվանը, Դավիթը եւ մյուս տղաները կռիվը այնպիսի նրբությամբ ու դիվանագիտական շեշտադրմամբ էին վարում, որ կրակն ուղղվեր ադրբեջանական ՕՄՕՆ-ի դեմ, իսկ խորհրդային բանակի զինվորների համար այն ծառայեր որպես նախազգուշացնող առաջ չթողնող կրակ: Տեղացող այս կրակի ներքո նույն այս դիրքորոշմամբ տղաները կարողացան վարպետորեն այնպես հարվածել առաջ շարժվող խորհրդային զրահատեխնիկային, որ նրանցից երկուսը այդ հարվածներից ցնցված՝ չկարողացան առաջ շարժվել, իսկ ադրբեջանական ՕՄՕՆ-ն էլ, բնականաբար, առանց նրանց չհամարձակվեց առաջ շարժվել»:
Տպավորված Դավիթի անձի եւ՛ մարտական, եւ՛ մարդկային հատկանիշներով` նա գրում է. «Նա միշտ առաջինն էր վտանգի մահվան ճանապարհում եւ վերջինը դեպի կյանք եւ ապահովություն տանող ճանապարհին»: Մահվան ճանապարհ…
Թոդան գյուղի կրակակետերը վերացնելուց հետո Դավթի վեհ եւ գեղեցիկ կյանքը ընդհատվեց: Տներից մեկում թաքնված գնդացրորդի կրակահերթը տապալեց անձնուրաց քաջին եւ եւս չորս մարտիկների…
Դավիթ Սարապյանի գրական ժառանգությունը հրատարակվեց տարիներ անց՝ «Դեւ. կյանք, ստեղծագործություն, պայքար» վերնագրով: Նշվում էր, որ Սարապյանի գրականությունը հարստացրել է արդի հայ արձակը: Այս գրքի լույս ընծայումը մեկ անգամ եւս գալիս է փաստելու եւ հաստատելու հերոսի վերադարձը: Գրքի ծնունդը պարզապես հարգանքի եւ մեծարանքի տուրք չէ ընկած մարտիկի հիշատակին: Այլ ապացույց, պատգամ ապրողներիս, քանի որ նրանց վառած կրակը երբեք չի մարի:

ԷՎԵԼԻՆԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #05 (870) 09.02.2011 – 16.02.2011, Ճակատագրեր


17/02/2011