Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2012»-Ի ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ
«ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2012»-Ի ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը Հայաստանում անցկացվելու է ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի որոշման համաձայն:

2012թ. պլանի համաձայն` սեպտեմբերին զորավարժությունն անցկացվելու է ՀՀ ՊՆ համազորային փորձադաշտում: Զորավարժության թեման է` «Հավաքական անվտանգության ուժերի ու միջոցների կիրառումը հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում` ՀԱՊԿ ԱԱՀՈՒ մասնակցությամբ»: Զորավարժությունն անցկացվելու է երկու փուլով` համատեղ օպերացիայի նախապատրաստություն և վարում:

Այս տարվա ապրիլի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ զորավարժության ղեկավար է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, և ստեղծվել է զորավարժության նախապատրաստման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով` ՀՀ ԱԱ քարտուղար Արթուր Բաղդասարյանի ղեկավարությամբ:

ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ղեկավարման մարմինների ու կազմավորումների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2012թ. պլանի համաձայն` փետրվարի 28-ից մարտի 1-ը Երևանում անցկացվեցին ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարությունների, շահագրգիռ նախարարությունների, ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչների առաջին շտաբային բանակցությունները: Դրանց արդյունքում հստակեցվեցին զորավարժության մտահղացումն ու անցկացման կարգը, զորավարժության ղեկավարության աշխատակազմը, ԱԱՀՈՒ հրամանատարության կազմը, զորավարժությանը ներգրավված ուժերն ու միջոցները, դրանց նյութական, բժշկական ու ֆինանսական ապահովման կարգը, քննարկվեցին տարանցման և ՀՀ պետական սահմանը հատելու հարցերը:

2012թ. մայիսի 22-25-ը անցկացվեցին շտաբային երկրորդ բանակցությունները, որոնց մասնակցեցին նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչը և ՀԱՊԿ մշտական խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչը: Բանակցությունների ընթացքում քննարկվեց և համաձայնեցվեց համատեղ զորավարժության մտահղացման նախագիծը, որի հիմունքները հաստատվել էին ՀԱՊԿ պաշտպանության նախարարների 2012թ. մայիսի 3-ի որոշմամբ: Քննարկվեցին զորավարժության բազմակողմ (իրավական, տեխնիկական, թիկունքային, առևտրա-կենցաղային, բաղնիքա-լվացքային, բնակարանային, բժշկական, բարոյա-հոգեբանական, մշակութա-ժամանցային, տեղագրական) ապահովման, ԿԽՄԿ հետ համագործակցության հարցեր:

Հունիսի 26-27-ին Երևանում անցկացվեց ՀՀ պետական կառավարման մարմինների, Ազգային անվտանգության խորհրդի, կառավարության պաշտոնատար անձանց, շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների, Հայաստանի մարզերի ու շրջանների ներկայացուցիչներից կազմված օպերատիվ խմբերի համատեղ վարժանք: Այդ միջոցառումը «Փոխգործակցություն-2012» զորավարժության նախապատրաստման ռազմաքաղաքական փուլն էր:

Պլանի համաձայն` նախապատրաստական աշխատանքներ կատարվեցին նաև ՀՀ ՊՆ համազորային զորավարժարանում: Անհրաժեշտ կահավորում ստացան փորձադաշտի օբյեկտները, նախապատրաստվեցին աշխատանքային տեղերը, ուսումնական կենտրոնի ղեկավարման կետերը, շինությունները, ԱԱՀՈՒ ղեկավարման կետի շարժական տարրերը, տեղեկատվական կենտրոնը և այլն:

ՀՀ պաշտպանության նախարարը հաստատեց զորավարժության կազմակերպչական ու պլանավորող փաստաթղթերը: Մշակվեցին ՀԱՊԿ անդամ-պետությունների օդանավերի` Հայաստանին սահմանակից պետությունների օդային տարածքներով անցնելու հետ կապված հարցերը` զորավարժության վայր անձնակազմ, սպառազինություն, ռազմական և հատուկ տեխնիկա տեղափոխելու նպատակով:

Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` «Փոխգործակցություն-2012» զորավարժության անցկացման նպատակով հայկական կողմը զորավարժության անցկացման վայրն ապահովել է անհրաժեշտ բոլոր նյութատեխնիկական միջոցներով, տեղագրական քարտեզներով, սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, զինամթերքով և նմանակման միջոցներով: Լուծվել են զորավարժության մասնակիցներին դիմավորելու և զորավարժության վայր տեղափոխելու, դաշտային պայմաններում տեղաբաշխելու, զինվորների և սերժանտների սնունդը կազմակերպելու, ՀՀ ՊՆ «Էրեբունի» օդանավակայանում զորավարժությանը մասնակցող երկրների օդանավերն ընդունելու, պահպանելու և տեխնիկապես ապահովելու հետ կապված հարցերը:

«Փոխգործակցություն-2012» զորավարժության գլխավոր առանձնահատկությունն այն է, որ Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցելու օրվանից ի վեր առաջին անգամ զորավարժություններում ներգրավվում են ՀԱՊԿ անդամ-պետությունների ԶՈՒ ինչպես զորային կազմավորումներ (վաշտեր, գումարտակներ), այնպես էլ արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, հատուկ նշանակության ուժեր և միջոցներ:

Զորավարժությունների ակտիվ փուլին, որը լինելու է սեպտեմբերի 7-ին, հետևելու համար պաշտոնական հրավերներ են ուղարկվել ինչպես ՀԱՊԿ անդամ-պետությունների, այնպես էլ միջազգային այլ կազմակերպությունների` ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի բարձրաստիճան անձանց: