Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՈԳՈՒ ԵՐԿԻՐ ԿԱՄ ԵՐԴՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀՈԳՈՒ ԵՐԿԻՐ ԿԱՄ ԵՐԴՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

«Իշխանասարի գագաթից լողում, հեռանում են ամպի ծվենները։ Շարժվում են դեպի Աղոթարան, որտեղ մի պահ կանգնում են, Մատաղ աղբյուրի պաղպաջուն ու զուլալ ջրով հագեցնում իրենց ծարավն ու էլի շարժվում՝ զուր փորձելով հետագիծ թողնել երկնի կապույտին։ Իջնում են Շարուրի դաշտավայր, որտեղ բազմաթիվ լճակներ փայլ են տալիս արեւի շողերից։ Իջնում են Գողթն գավառ….»։

1997-ի աշունն էր։ Հայոց բանակի մասին հերթական ակնարկը սկսել եմ այս խոսքերով։ Դիրքեր բարձրացող հսկա մեքենան խափանվել էր, եւ զորամասի այն օրերի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, այժմ փոխգնդապետ Մարատ Բաղդասարյանի ուղեկցությամբ անցնում ենք հենակետից հենակետ։ Մարատը մասնագիտությամբ ինժեներ է, լրագրող, հոգեբան, փիլիսոփա։ Շատերի նման զինվորագրվել է, գրիչը փոխարինել զենքով ու հրադադարից հետո անցել է ծառայության։ Հայրենի բնաշխարհը գիտի մանրամասնորեն, սիրում է բանաստեղծ Համո Սահյանին ու բանաստեղծի սիրով էլ կապված է իր հող ու ջրին։ Տարիների հեռվից անմոռաց են Մարատի հետաքրքիր պատմությունները։ Այդ հիշողություններից մեկը ուզում եմ պատմել, որովհետեւ, երբ Մարատը զանգահարեց եւ ասաց, որ կիրակի օրը որդու՝ Արթուրի երդման արարողությունն է, իմ զարմանքին, թե՝ էս ոնց թռավ ժամանակը, պատասխանեց.

-Դպրոցն ավարտել է, ընդունվել ճարտարագիտական համալսարան եւ … բանակ է զորակոչվել։

Եվ ես հիշեցի, երբ Աղոթարանից ոտքով ուշ գիշերով իջանք, ու Մարատը հրավիրեց իրենց տուն։ Երբ տուն մտանք՝ 2-րդ դասարանցի Արթուրը վազեց-փաթաթվեց հոր վզով.

-Կարոտել էի, հայրի՛կ, դիրքերի՞ց ես գալիս։ Ամեն անգամ խոստանում ու հետդ չես տանում։

Եվ հայր ու որդի սկսեցին մեկմեկու «հաշվետվություն» տալ։ «Այդպես է, որովհետեւ շատ ժամանակ, երբ ես զորամաս եմ գնում, որդիս դեռ քնած է լինում, երբ վերադառնում եմ, նորից քնած է լինում»,- բացատրում է հայրը։

-Մի քիչ էլ մեծանաս, անպայման կտանեմ,- ժպտում է հայրը,- զինվորը պետք է շատ կարդա, լավ սովորի։ Հիմա էլ դու պատմիր քո դասերից, դպրոցից։

-Հայրի՛կ, այսօր երգեցողության ժամին շատ տխրեցի։

-Ինչու՞,- որդուն գրկում է հայրը։

Ընկեր Խուդավերդյանը պատմեց Կոմիտասի մասին։ Պատմեց, թե ոնց է աշխարհի բեմերը կախարդել իր գրպանի փոքրիկ երաժշտական գործիքով՝ շվիով։ Պատմեց, թե ոնց է խելագարվել, երկար տարիներ ապրել հոգեբուժարանում։ Հայրիկ, շատ տխուր էր… իսկ դու գիտե՞ս, թե ինչու է խելագարվել Կոմիտասը…

-Գիտեմ, Արթուր ջան, գիտեմ։ Ուրեմն, արի այսպես պայմանավորվենք՝ գարունը բացվի, եղանակը տաքանա, ես քեզ հետս կտանեմ դիրքեր։ Դու Կոմիտասի մասին կպատմես զինվորներին, նրանք էլ քեզ ցույց կտան Կոմիտասի հայրենիքը՝ Գողթան գավառը…

Արթուրն ուրախացած փաթաթվում է հորը, ձայն տալիս քույրիկին, մայրիկին.

-Գնալու եմ դիրքեր, լսեցի՞ք։

… Ու հիմա Արթուրն արդեն զինվոր է, հայոց բանակի զինվոր։ Վաղ առավոտից աշխուժություն է ու եռուզեռ զորանոցում, նորակոչիկներն անհանգիստ լարվածության մեջ են։ Հանդիսավոր տողանից առաջ վերջին անգամ փորձում են բացահայտել թերացումներն ու արագորեն շտկել դրանք, կարգի բերել իրենց։

Եվ ահա առավոտյան ժամը 10-ին փոխգնդապետ Ա. Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամասի շարահրապարակում հանդիսավոր տողանի է կանգնում ողջ անձնակազմը, այդ թվում՝ նորակոչիկները։ Այստեղ են նաեւ նորակոչիկների ծնողներ, ժամկետային զինծառայողների հարազատներ, զինվորականներ, հյուրեր, որոնք եկել են մասնակցելու նորակոչիկների զինվորական երդման արարողությանը։ Ընդունելով անձնակազմի միջոցառմանը շարված լինելու մասին զեկույցը, զորամասի հրամանատար փոխգնդապետ Ա. Մելքումյանը, ողջունելով ստորաբաժանումներին, շնորհավորեց օրվա հերոսներին՝ հարենիքի պաշտպանության սուրբ գործին նվիրված նորակոչիկներին առաջին պատվավոր քայլի՝ զինվորական երդման ընդունման կապակցությամբ։

Իր ծառայակից ընկերների անունից սրտի խոսք ասաց շարքային Մհեր Դավթյանը. «Այսօր իմ կյանքի ամենակարեւոր, ամենագլխավոր օրերից մեկն է։ Ես դա խորապես գիտակցում եմ, գիտեմ եւ լիովին հասկացել եմ զինվորական երդման նշանակությունը։ Այս հանդիսավոր արարողությունն է՛լ ավելի ամրապնդեց իմ հավատը հայոց բանակի զորության նկատմամբ։ Շնորհավորում եմ բոլոր ներկա գտնվողներին մեր զինվորական ուխտի ընդունման օրվա կապակցությամբ։ Հավատացեք, որ մենք չենք արատավորի մեր պապերի, հայրերի, ավագ եղբայրների, մեր զորամասի նահատակների սուրբ անունները։ Կլինենք նրանց սրբազան հայրենանվեր գործի արժանի ժառանգորդները»։

Նորակոչիկների ծնողների եւ հարազատների անունից հանդես գալով՝ փոխգնդապետ Մարատ Բաղդասարյանն իր շնորհակալական խոսքում անդրադառնալով երդման խորհրդին, մասնավորապես նշեց. «Վստահ եմ, որ կդառնաք հայոց Անկախությունն ու Ազատությունը իրենց ամենամեծ արժեքի՝ կյանքի գնով կերտած արժանապատիվ սերնդի արժանի ժառանգորդները։ Հավատացած եմ, որ հրամանատարության անդուլ աշխատանքով ու ձեր անբասիր ծառայությամբ փառքով կիմաստավորեք հայրենիքի պաշտպանի ձեր գործունեությունը»։

Հանդիսավոր արարողակարգից հետո զորամասի ստորաբաժանումները շարային քայլով ու խրոխտ կեցվածքով, յուրաքանչյուրն իր երգի կատարմամբ, անցան շարային հրապարակով՝ հպարտության զգացումներ առաջ բերելով ծնողների, հարազատների հոգիներում։

Այդպես անցան նորակոչիկները։ Այդպես անցավ Արթուր Մարատի Բաղդասարյանը, ում երդումը ես լսել էի տարիներ առաջ Աղոթարան սարի բարձունքին։ Անցավ խրոխտ, հպարտ ու ժպիտը դեմքին՝ հավատագրելով իր տարիների երդումը։ Այդ ժպիտը կար Մարատ եւ Վարդուշ ծնողների, Անի քրոջ դեմքին։ Այս ընտանիքի ամեն մի անդամ հրաշալի գիտակցում է երդման իմաստն ու խորհուրդը…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի