Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՔ



ՄԱՐՇԱԼԸ ՀԻԱՑԱՎ ՀԱՅ ԳՈՒՍԱՆՆԵՐՈՎ

1248թ. ֆրանսիացի թագավոր Լյուդովիկոս 9□րդը ձեռնարկեց 7□րդ խաչակրաց արշավանքը, հասավ Եգիպտոս։ Այդ ամբողջ ճանապարհին նրա հետ էր մարշալ Սիր Ժուանվիլը, որն իր «Հուշերում» նկարագրում է հիշյալ ռազմական գործողությունը, ներկայացնում բազմաթիվ արժեքավոր տեղեկություններ ու դրվագներ։

Անդրադառնանք մեզ հետաքրքրող դրվագին։

Մարշալը պատմում է, որ երբ թագավորն ու ինքը զորքի հետ հասել էին Տրիպոլիս, այնտեղ է ժամանում Անտիոքի իշխանը Մեծ Հայքից եկող եւ Երուսաղեմ ուխտագնացության գնացող երեք հայ գուսաններով։ Բնականաբար, գուսանները երգում են, նվագում, եւ մարշալն իր «Հուշերում» հիացմունքով խոսում է նրանց մեծ արվեստի մասին։ Գրող Կոստան Զարյանն իր «Լինել մի□» հոդվածում (1960թ.) մարշալի գրքից թարգմանաբար ներկայացնում է մի հատված նրա նկարագրությունից, եւ մեզ անհետաքրքիր չի լինի իմանալ, թե օտարազգի բարձրաստիճան զինվորականն ինչպես է տեսել միջնադարյան հայ գուսանների երգն ու նվագը։ «□Եվ նրանք ունեին երեք սրինգներ,□պատմում է մարշալը,□եւ այդ սրինգներն այնպես էին հորինված, որ ձայնը գալիս էր նրանց դեմքերի կողմից։ Երբ նրանք սկսեցին նվագել իրենց սրինգները, մարդ այն տպավորությունն էր ստանում, որ դրանք լճի վրայից եկող կարապների ձայներ էին, որովհետեւ նրանք նվագում էին ամենաքաղցր եւ ամենաներդաշնակ մի երաժշտություն, այնպես որ՝ հրաշալի էր նրանց լսել։ Նրանք երեքն էլ նաեւ հրաշալիորեն ցատկում էին։ Մի կտոր գորգ էր գցված նրանց ոտքերի տակ, եւ նրանք, գլուխները ետ գցած, վտանգավոր կերպով շրջան էին կատարում օդում եւ նորից ոտքերի վրա ընկնում գորգին□»։

Ցավոք, Կ. Զարյանը մարշալի գրքից այլ տողեր չի ներկայացնում, բայց հետաքրքիր է նրա մեկնաբանությունը. «Ուխտագնաց գուսաններն անցնում էին արյան եւ կրակի շրջաններով՝ իրենց հավատքի ներքին ճրագը վառ պահելու համար։ Արտաքին աշխարհի անկայունությանը նրանք հակադրում էին իրենց կատարյալ երգն ու նվագը□»։

Մեզ հայտնի չէ իր՝ մարշալի մեկնաբանությունը, բայց մի բան ակնհայտ է՝ միջնադարի հայ գուսանների արվեստը քնքշացրել է անգամ արշավանքի ելած ռազմատենչ զորականի սիրտը□

ԿՐՈՄՎԵԼԸ ԵՒ… ՀԱՅՈՑ ԱՂԲՅՈՒՐԸ

Օլիվեր Կրոմվելը (1599-1658) պատմական նշանավոր դեմք է։ Գլխավորելով 17□րդ դարի Անգլիական բուրժուական հեղափոխությունը եւ 1653□ին իր ձեռքը վերցնելով երկրի իշխանությունը, նա խորը հետք թողեց Անգլիայի եւ համաշխարհային պատմության ողջ ընթացքի վրա։

Կրոմվելն իր հետքն ունի նաեւ հայ- անգլիական առնչություններում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այն տեղեկությանը, որ վաղուց ի վեր շրջանառվում է պատմական գրականության մեջ՝ տեղի տալով ամենատարբեր մեկնաբանությունների։

Այդ տեղեկությունը հետեւյալն է. 17-րդ դարի սկզբներին Հոլանդիայի Ամստերդամ քաղաքից հայերի մի ստվար խումբ գաղթում է Անգլիա եւ բնակություն հաստատում Ստիրթ քաղաքում։ Հայ գաղթականներն այստեղ ունեցել են իրենց թաղամասը եւ ազգային հինավուրց սովորույթով կառուցել աղբյուր՝ հայկական արձանագրությամբ։ Սակայն նրանց, այնուամենայնիվ, վիճակված չէր երկար ապրել իրենց իսկ անունով կոչվող թաղամասում։ Պատմում են, որ մի օր Կրոմվելը, անցնելով այդ թաղամասով, հետաքրքրվել է, թե քաղաքական ինչ հայացքներ ունեն գաղթական հայերը։ «Ո՞ր կուսակցությանն եք դուք հարում»,□հարցրել է նա հայերին։ Նրան պատասխանել են աստվածաշնչյան նշանավոր խոսքով. «Տուր զկայսերն կայսեր եւ զաստծոյն՝ աստծոյ»։

Կրոմվելին այս պատասխանը դուր չի եկել եւ տիրակալի ամբարտավանությամբ հայերին հանձնարարել է մինչեւ իր վերադարձը պարզ կողմնորոշվել ու հստակ պատասխան տալ իր հարցին, այլապես խիստ կվարվի նրանց հետ։

Գաղթական հայերը, աչքի առաջ ունենալով անցյալի դառը փորձը, թողնում են ամեն ինչ եւ վերադառնում Ամստերդամ։ Թողնում են նաեւ իրենց իսկ կառուցած աղբյուրը՝ հայկական արձանագրությամբ, որը դեռ երկար ժամանակ յուրովի խորհրդանշել է հայերի աստանդական կյանքն ու նրանց մշտական կախվածությունն իշխանավորի բիրտ ուժից։

Անշուշտ, հայ□ անգլիական առնչություններն ունեն լուսավոր շատ էջեր, բայց պատմությունը նաեւ այսպիսի փաստեր ունի։

ԼՈՆԴՈՆՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՍԱՆԸ

Զինվորական կրթություն ստանալու նպատակով Եվրոպա մեկնած առաջին հայերից է եղել Հովսեփ Էմինը։ Ազգային□ ազատագրական շարժման այս նշանավոր գործիչը, տարված հայրենիքի ազատության գաղափարով, մեկնում է Լոնդոն եւ ազդեցիկ մարդկանց հովանավորությամբ 1754 թվականին ընդունվում Վուլվիչի հռչակավոր ռազմական ակադեմիան՝ իր ժողովրդի զինված պայքարին մասնակցելու որպես բարձրագույն կրթություն ստացած քաջահմուտ զինվորական։ Ռազմական գիտելիքները հարստացնում է նաեւ գործնականում՝ 1757□1758 թվականներին մասնակցելով Յոթնամյա պատերազմին։

Պետք է ենթադրել, որ Լոնդոնյան ակադեմիայի սանը մեծ հարգանք ու հեղինակություն է վայելել Անգլիայի ազդեցիկ շրջաններում։ Նա եղել է ժամանակի նշանավոր գործիչներ լորդ Նորտենբերլենի, Բյորքի մտերիմ բարեկամը, Հայաստանի անկախության հարցով 1758թ. վերջին նրան ընդունել է Անգլիայի վարչապետ Ու. Պիտտին։

Իհարկե, Էմինը շուտով համոզվեց, որ Անգլիան, հետո նաեւ Ռուսաստանը շահագրգռված չեն իրականացնելու իր մշակած քաղաքական ծրագիրը, եւ հույսը պետք է դնել սեփական ուժերի վրա։ Մեզ հետաքրքրողն այստեղ այն է, որ Էմինն ազգային□ ազատագրական պայքարը չի դիտել որպես ինչ□որ տարերային շարժում, այլ զինված ընդվզում՝ պատերազմի բոլոր կանոններով։ Հատկանշական մեկ փաստ. 1763թ. գարնանն իր ազգական Մովսես Բաղրամյանի հետ Աստրախանում հավաքած հայ կամավորական ջոկատը նա վարժեցրել է եվրոպական մարտականոններով, նույն ձեւով զորավարժություններ է անցկացրել վրաց թագավոր Հերակլ 2□րդի զորքի հետ։ Հովսեփ Էմինի մեջ խոսում էր արհեստավարժ զինվորականը, Վուլվիչի ռազմական ակադեմիայի սանը, պատերազմ տեսած սպան։

ՓՈՔՐ ԳՅՈՒՂԻ ՄԵԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Իզուր ենք Արամուս գյուղը մեր օրերում միշտ կապում հրաշալի սննդամթերքի՝ գազարի հետ, որն այստեղ, իրոք, լավ է աճում։ Իրականում՝ գյուղը շատ մեծ պատմություն ունի եւ կապված է պատմական նշանավոր անձանց ու իրադարձությունների հետ։

Հնագույն այդ գյուղը հայ մատենագրության մեջ հիշատակվում է 5□րդ դարից սկսած՝ Արամոնք, Երամոնս, Արախույզ կամ Արախուս անուններով։ Այստեղից էլ՝ գյուղի ներկայիս անունը։ Ըստ ավանդության՝ Շամիրամն այստեղ է փնտրել հայոց արքա Արա Գեղեցիկի դիակը։ Իսկ ինչո՞ւ հենց այստեղ՝ այսօր, իհարկե, դժվար է ասել։

Պատմական կարեւոր փաստ է՝ 4□րդ դարում գյուղը պատկանել է Էջմիածնի կաթողիկոսական աթոռին։ Այստեղից էլ կարելի է ենթադրել, թե ինչ դեր է խաղացել Արամուսը քրիստոնեական դավանանքի քարոզչության գործում։ Հայոց Հովհան կաթողիկոսին է վերագրվում 6□րդ դարի վերջում այստեղ կառուցված եկեղեցին, որից այսօր մնացել են միայն ավերակները։ Այդ եկեղեցին համարվում է հատակագծային հորինվածքով հայկական ճարտարապետության հնագույն նմուշներից մեկը։ Վերականգնվել է մասամբ։

Գանք 8-րդ դար։ Այստեղ է ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս Դավիթ Ա. Արամոնեցին (728□741)։ Հենց նա էլ իր հայրենի գյուղում կառուցել է եկեղեցի եւ դարձրել կաթողիկոսանիստ։ Արամուսի եկեղեցին, բնականաբար, եղել է եկեղեցական կարեւոր կենտրոն։ Հետագա դարերում էլ Արամուսն իր նշանակությունը չի կորցրել։ Այդ են վկայում գյուղի շրջակայքում պեղված միջնադարյան շինությունների մնացորդները եւ խաչքարերը, որոնք վերաբերում են 13-14-րդ դարերին։

Համեմատաբար նոր ժամանակներում Արամուսը նույնպես կիսել է հայ ժողովրդի ճակատագիրը։ Գյուղի ներկայիս բնակիչների նախնիներն այստեղ են եկել Պարսկաստանի Խոյի գավառի Կըռս եւ Շաբանլու գյուղերից, 1829 թվականին։

Ահա այսպես՝ հայկական փոքր մի գյուղ, բայց ինչպիսի մեծ պատմություն…

ԱՂԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Հայաստանի տարածքով անցնող մետաքսի ճանապարհի մասին մենք գիտենք, իսկ ահա նվազ հայտնի է այն փաստը, որ գոյություն է ունեցել նաեւ աղի ճանապարհ։ Այն Արաքսի աջ ափին գտնվող Կողբի աղահանքերից սկիզբ առնելով՝ ձգվել է դեպի Թիֆլիս, այնուհետեւ տարբեր ճյուղավորումներով հասել Հյուսիսային Կովկաս, այստեղից էլ՝ Ռուսաստան։ Մեկ այլ ճյուղավորում էլ ձգվել է հարավ՝ Հայկական պարի Աղտոձոր կոչվող լեռնանցքով հասնելով Միջագետք եւ այլ երկրներ։

Հայկական աղի ճանապարհը հայտնի է եղել դեռեւս վաղ միջնադարում։ Թե որքան բանուկ է այն եղել՝ վկայում է հետեւյալ փաստը. 19□րդ դարի երկրորդ կեսին այս ճանապարհով դեպի Անդրկովկասի տարբեր շրջաններ սայլերով ու գրաստներով տարեկան տեղափոխվել է ավելի քան 80 հազար տոննա քարաղ։

1902 թվականից, երբ բացվեց Թիֆլիս□Երեւան երկաթուղին, այս ճանապարհի նշանակությունը նվազեց, այնուհետեւ մարեց ընդհանրապես, բայց փաստը մնում է փաստ՝ վաղ միջնադարից սկսած մինչեւ 20□րդ դարի սկիզբը Հայաստանից դեպի հյուսիս եւ հարավ է ձգվել աղի բանուկ ճանապարհ, եւ դա եւս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանը հնուց անտի եղել է ոչ միայն մեծ ճանապարհների խաչմերուկ, այլեւ սկիզբ։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ՝ ՉԻՆԱՑԻՆԵՐԻՆ

18-րդ դարում Չինաստանի հայ համայնքի ամենալուսավորյալ մարդը եղել է Հովհաննես Ղազարյանը։ Ծնվել, կրթություն է ստացել Կանտոն քաղաքում եւ հիանալի տիրապետել է չինարենին, եվրոպական մի շարք լեզուների։ Մասնագիտությամբ եղել է ուսուցիչ, թարգմանություններ կատարել չինարենից անգլերեն եւ հակառակը։ Հենց նա էլ անգլերենից չինարեն է թարգմանել Աստվածաշունչը։

Ըստ չինագետ գիտնականների վկայության՝ Հովհաննես Ղազարյանի այդ թարգմանությունն Աստվածաշնչի առաջին եւ լավագույն թարգմանությունն է չինական իրականության մեջ։

Պատրաստեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Խորագիր՝ #33 (949) 23.08.2012 – 29.08.2012, Պատմության էջերից


29/08/2012