Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՆՉՊԵՍ ԷՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԲԱՆԱԿԸ. ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐՔԵՐ
ԻՆՉՊԵՍ ԷՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԲԱՆԱԿԸ. ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐՔԵՐ

Հունգարիայում՝ զորքերի հարավային խմբավորումում, իմ ղեկավարած մարտկոցը լավագույնն էր ողջ դիվիզիայում, բայց… «Վերակառուցումից հետո աստված գիտի, թե զորքերում ինչ սկսվեց: Երեսպաշտություն էր, նախկինից ավելի վատ: Անհնար էր այլեւս դիմանալ, ու զորացրվելու դիմում գրեցի, որն էլ իսկույն հարգվեց. զորքերի կրճատում էր սկսվել:
…92-ի ամռանը նշանակվեցի դիվիզիոնի շտաբի պետ: Հրամանատարը վաղամեռիկ Անատոլի Ղավալյանն էր, տեղակալը՝ այսօր գնդապետ Արտակ Գալստյանը: Ականանետներ ունեինք, ապա ստացանք Դ-30-ներ, որոնք տեղակայվեցին Վերին Կարմիրաղբյուրի մոտ:
Աշնանը եկան հայկական բանակ զորակոչված առաջին զինվորները՝ Վանաձորից ու շրջակա գյուղերից: Սկզբում զավեշտական իրավիճակներն անպակաս էին. մի օր հրամանատարի մոտ խորհրդակցություն էր, տեսնեմ զինվորներս շարքով բռնել են «Տարոն» թաղամասի ճանապարհը: Թազագուլյանի ապշած հայացքի ներքո դուրս նետվելով՝ հասա հետեւներից, ու պարզվեց… «Հացը սեւ է ու խմոր, գնանք տանը հաց ուտենք ու գանք»: Իսկ հետո, երբ մեկնեցինք Տավուշ, Քարվաճառ, նրանք արդեն բոլորովին ուրիշ զինվորներ էին եւ պատվով կրեցին պատերազմի բոլոր զրկանքները:
Ուսումնանյութական միջոցներ չունեինք, զինվորները պարապում էին հրանոթի մոտ, շատ բան էլ մարտական կրակ վարելիս սովորեցին: Դիրքային կռիվներ էին, երբ շատ էին խփում մեր գյուղերին, հրետանիով լռեցնում էինք: Ադրբեջանցիները հրետանի շատ ունեին: Ոչնչացնում կամ ճնշում էինք կայանքը, բայց իսկույն սկսում էր մեկ ուրիշը խփել:
Տավուշում գտնվելու ամիսներին հրետանի, անվավոր տեխնիկա ու կենդանի ուժ շատ ենք ոչնչացրել: Նոյեմբերին վերադարձանք զորամաս՝ հրանոթները թողնելով Տավուշում, որտեղ մոտոհրաձգային զորամաս էր կազմավորվում»:
ՀՀ ԶՈՒ ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ԳՆԴԱՊԵՏ ԱԼԲԵՐՏ ՄԱՐԴՈՅԱՆ
♦♦♦
92-ի ամռանը, թողնելով ՌԴ զինված ուժերի մոտոհրաձգային կորպուսի հրթիռահրետանային զորքերի շտաբի պետի պաշտոնը, եկա Հայաստան, թեպետ նոր ծառայության բնույթն ու ստեղծվող բանակի յուրահատկություններն ինձ անծանոթ էին: Միայն գիտեի, որ պատերազմ է, եւ որ Շահումյանն ու Մարտակերտն ընկել են…
Ճամբարակում հանդիպեցի համակուրսեցուս՝ սահմանապահ զորքերի հրամանատար, այսօր ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, միասին էլ մեկնեցինք Վահան, որտեղ Արծվաշենի անկումից հետո շատ բան էր վճռվում: Գյուղի մերձակայքում չորս Դ-30 էր տեղակայված: Կրակողները հրետանավորներ չէին, եւ Խաչատուրովը, հրանոթները ցույց տալով, միայն մի բառ ասաց՝ «Разберись»… Թշնամին անպատիժ երթեւեկում էր խաչմերուկով, ինչն արգելակելը հրետանավորի համար բարդ գործ չէ… Թշնամու մեքենաների հինգերորդ խոցումից հետո երթեւեկությունը դադարեց: Կամավորները ցնծալով գլխարկները նետում էին օդ եւ փաթաթվում միմյանց…
Ապա նշանակվեցի հրետանային բրիգադի հրամանատար: Զորամաս մենակ գնացի՝ հասկանալու, թե ինչն ինչոց է: Տեսածս գերազանցեց վատագույն սպասումներս: Պարսպի շուրջ պտտվելով՝ անցքից մտա ներս եւ շուտով նկատեցի, որ նույն անցքից ներս են մտնում դատարկ պայուսակներով մարդիկ եւ դուրս են գալիս ծանրաբեռնված: Շուրջ մեկ ժամ շտաբի դիմացի պուրակում նստած ծխում ու լուռ ծանոթանում էի զորամասի «առօրյային»: Զորամասը հանձնում էին հայկական բանակին, բոլորը, ով ինչ կարող էր, ում ինչ պետք էր, դյուրակիր ամեն ինչ՝ մեքենայի յուղ, հեռադիտակներ, հրետանային սարքեր (որոնց մեջ իբրեւ թե ոսկի կար), կրում-տանում էին իրենց տները, դեռ բան է` անձնակազմի մի մասն էլ զբաղված էր… մարտական պատրաստության պարապմունքներով: Եվ ոչ ոք չէր հարցնում, թե ով եմ…
Երբ պահանջեցի շարել անձնակազմը, արգելել ելումուտը եւ ճեղքի մոտ ժամապահ կանգնեցնել, ռուս հրամանատարը զարմացավ. «Դա դեռ հնարավո՞ր է»: Ստիպեցի, եւ կատարեց: Բրիգադում հայ սպաներ կային ՝ Էնրիկո Ապրիամովը, Արամայիս Բաղդասարյանը, Կամո Սիմոնյանը եւ 13 հայ զինվոր: Ռուս հրամանատարին պարտադրեցի վերջիններին հանել շարքից եւ հայտնել, որ նրանք այսուհետ հայկական բանակի զինվորներ են: Երեխեքը տարակուսած նայեցին իրար, ապա մեզ, իսկ երկուսի դեմքերն ուրախությունից փայլեցին: Այդ հայացքները երբեք չեմ մոռանա: Նրանք հայկական բանակի ի՛մ առաջին զինվորներն էին… Կանգնեցրի անցագրային կետերում ու պարսպի ճեղքի մոտ՝ խստորեն հրամայելով պայուսակով դուրս եկողներին, անկախ անձից ու զինվորական կոչումից, բռնել, ձեռքերը կապել եւ բերել ինձ մոտ: Աչքաբաց ու վճռական զինվորներ էին, հրամանը կատարեցին «լրիվ ծավալով»:
Սկսեցինք պահեստի սպաներ ու պայմանագրայիններ ընդունել, որոնք ծառայել էին հրետանիում, պարբերաբար մեկնել հավաքների եւ սովորածը լավ հիշում էին: Շատ էին ինժեներական կրթություն ունեցողները: Հրաման կար մասնագիտական հավաքներ կազմակերպելու եւ երկու շաբաթից մարտկոց առ մարտկոց ճակատ ուղարկելու: Մարտկոցը կազմավորելուն պես մի քանի օր հետները մնում, պարապում էինք, ապա տանում տեղաբաշխում ու ետ էինք գալիս: Զորամասում մնում էր շտաբի պետը՝ Մարտին Կարապետյանը: Շուրջ երկու ամիս գրեթե ամեն շաբաթ մի մարտկոց էինք ուղարկում ճակատ, հիմնականում՝ Զանգեզուր:
ՄԻԱՑՅԱԼ ԶՈՐԱԽՄԲԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ՄԻՔԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ
♦♦♦
«92-ի փետրվարին, արձակուրդ վերցնելով, եկա Հայաստան՝ ճշտելու, թե կարո՞ղ եմ տեղափոխվել նոր ստեղծվող հայկական բանակ: Վազգեն Սարգսյանը փորձում էր ճանաչել ինձ, ես՝ հասկանալ նրան: Այդ մարդն իր նվիրվածությամբ, սահմանի ամեն մի հատվածում վիճակին տիրապետելու ունակությամբ, հայրենասիրությամբ ու լայն մտահորիզոնով գերեց ինձ: Դուրը եկավ, որ ուսումնարանն ավարտել եմ գերազանց, ակադեմիան՝ բարձր գնահատականներով, ունեմ մեծ փորձ: Խոսակցության ավարտին ասաց. «Պարոն Հայրապետյան, Ձեզ հենց հիմա նշանակում ենք բանակի հրթիռահրետանային զորքերի վարչության պետ»: Ծանր բեռ կար ուսերին, բայց մեկ ժամ զրուցեց հետս՝ հասկանալու, թե ում է վստահում դեռ գոյություն չունեցող հրետանին: Ասացի, որ գործերս առայժմ չեմ հանձնել, եւ տեղափոխվելու դիմում գրեցի ու վերադարձա Կեմերովո, ուր ռուսական 28-րդ կորպուսի հրթիռահրետանային զորքերի պետն էի: Մայիսին եկավ մարշալ Շապոշնիկովի հրամանը՝ «Գնդապետ Վլադիմիր Հայրապետյանին տեղափոխել ՀՀ պաշտպանության նախարարի տրամադրության ներքո»:
Վազգեն Սարգսյանը հունիսի 13-ին ստորագրեց հրամանս` նշանակելով ՀՀ ԶՈՒ հրթիռահրետանային զորքերի եւ նույն վարչության պետ: 7-րդ գվարդիական բանակի սպառազինությունը դեռ չէր հանձնվել Հայաստանին, վարչությունում միայն ես էի ու շտաբի պետ, գնդապետ Առնո Տատինցյանը: Ունեինք ռազմավար վերցված կայանքներ, ինքնաշեն ականանետներ եւ ԿՍ-19 հրանոթներ: Զինկոմիսարիատների ցուցակներով գտնում էինք հրետանավորների եւ զորակոչում: Մի քանի հոգու գործ էինք անում, քնում էինք օրական չորս ժամ: Մասնագիտական պատրաստություն դեռ չկար, կամավորները մինչեւ 1000-1200 մետր ուղիղ նշանառությամբ՝ փողի միջով նայելով էին խփում: Նայում էին՝ արկը ուր ընկավ, ապա սկսում փողը բարձրացնել կամ իջեցնել… Մի օր Վազգեն Մանուկյանը կանչեց ինձ եւ ՀՕՊ վարչության պետ գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանին: Վերջինս իրավացիորեն բողոքել էր, որ ՀՕՊ-ում եղած ԿՍ-19-ները հնացած են, նախարարն ինձ առաջարկեց դրանք տեղափոխել հրետանի: Ուրախությամբ համաձայնեցի՝ ասելով, որ անգամ պարսատիկը պիտի վերցնել, միայն թե թուրքերին խփի:
Առնո Տատինցյանի հետ անցանք բոլոր շրջաններով, ընդունեցինք ամբողջ տեխնիկան՝ շուրջ 450 հրանոթ, որոնց կեսն անսարք էր: Մոտ 240-ը գործարաններում նորոգելով՝ մարտական վիճակի բերեցինք: Երբեմն երկուսից մեկն էինք հավաքում: Չկար դաշտային կիրառման գրականություն, անգամ՝ կրակի աղյուսակ: Ի վերջո` գտա եւ ուղարկեցի զորքեր: Ճարեցինք նաեւ մարտական՝ բեկորային արկեր, որոնցով հնարավոր էր խփել հետեւակին ու զրահատեխնիկային: Այդպես սկսվեց հրետանային մարտկոցների ու դիվիզիոնների կազմավորումը»:
1992-2003թթ. ՀՀ ԶՈՒ ՀՐԹԻՌԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԵՎ ՀՐԵՏԱՆՈՒ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՊԱՀԵՍՏԻ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ