Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵՆԱԿԵՏՈՒՄ
ՀԵՆԱԿԵՏՈՒՄ

Հանրապետության հյուսիսարեւելյան տարածաշրջանը, որին շատերը «Հայկական Շվեյցարիա» են անվանում, առանձնանում է ոչ միայն տպավորիչ բնությամբ, այլ նաեւ աշխատասեր մարդկանցով։ Պատերազմի տարիներին տան հացի վերջին կտորը նրանք երկրապահի ու դեռ չձեւավորված բանակի զինվորի հետ էին կիսում։ Այստեղի հողերը, որոնք հիմնականում թեքությունների վրա են, ամբողջովին մշակված են։ Ասում եմ՝ հողի բերքը աշխատավարձի հետ վատ չի։

Լավ կլիներ, եթե կարկուտը չլիներ, բայց կարկուտից պաշտպանված չենք, ամեն տարի գալիս, փչացնում է ամեն ինչ,- առարկում է ինձ ուղեկցող պայմանագրային զինվորը։

Ինչ էլ լինի՝ պայմանագրային ծառայությունն օգտակար է ինչպես պետության, բանակի, այնպես էլ ժողովրդի համար։ Մարդը բանակ է մտնում իր կամքով։ Նրա հետ են եղբայրը, հայրը, իր աշխարհի մարդիկ։

Այս հարցում պայմանագրայիններն ինձ հետ լիովին համաձայն են։ Այստեղ պահպանությունն իրականացվում է դիրքերով։ Լեռնային, կտրտված տեղանքով գծային պահպանություն կազմակերպելն անհնար է։ Հերթական դիրքում փոխգնդապետ Հ. Մկրտումյանի գումարտակի զինվորներն են։ Ավագը սերժանտ Խաչատուր Ծատուրյանն է։ Նա մեզ դիմավորեց եւ իրավիճակի, մարտական հերթապահության մասին զեկուցեց անթերի։ Երբ հարցրի, թե որ համալսարանում է սովորում, ամաչելով ասաց, որ կրթությունն ութամյա է։ Բայց նա այնքան լավ էր ամեն ինչ ներկայացնում ու պարզաբանում, որ նրա ութամյա կրթության փաստը համոզիչ չէր թվում։ Հետո պարզվեց, որ ժամկետային ծառայության ժամանակ մի քանի անգամ խրախուսվել է լավ ծառայության եւ հատկապես կրակայինից բարձր արդյունքներ ապահովելու համար։

Սերժանտի հետ առաջանալով ծանոթացանք հենակետի զինվորներին՝ շարքայիններ Արման Անիկյանին, Արմեն Գրիգորյանին, Արմեն Սազբանդյանին, Հայկ Մելքումյանին, Անդրանիկ Վանեսյանին, Հովսեփ Իսրայելյանին։ Մյուսները հերթապահում էին լեռան բարձունքին։

Դիրքը բարձր է, իշխող։ Երբ հարցրի՝ չե՞ք «միջամտում» նրանց գործերին, սերժանտը պարզաբանեց.

-Մենք նման առաջադրանքներ չենք ստանում, ինքնագլուխ քայլերի էլ չենք դիմում։ Անցած տարի ինժեներական աշխատանքներ էինք կատարում, ու նրանք սկսեցին կրակել, խանգարել։ Մեկ-երկու կրակոց արձակեցինք հակառակորդի դիրքերի ուղղությամբ։ Շատ չանցած՝ ամբողջ գյուղը լցվեց իրենց զորամասի շտաբը։ Նրանց ժողովուրդն էլ չի ուզում, որ փոխհրաձգություն լինի։ Կարծում եմ՝ նրանց կրակելու հատուկ առաջադրանք է տրվում, ինչպես եղավ այս վերջերս ԱՄՆ-ի պետքարտուղար տիկին Քլինթոնի՝ տարածաշրջան այցի նախօրեին։ Նրանք հատուկ նպատակով են իրավիճակը սրում։

Խրամուղում հանդիպեցինք դիտորդ շարքային Արմեն Սազբանդյանին. նրա զեկույցից հետո սերժանտ Խ. Ծատուրյանն ասաց.

-Արմենը երկար ժամանակ Մոսկվայում էր, եկավ պարտքը կատարեց եւ որոշեց մնալ, անցավ պայմանագրային ծառայության։

Հաջորդ դիտորդը շարքային Արմեն Գրիգորյանն էր։

Հայրը՝ Սուրիկ Գրիգորյանը պայմանագրային վարորդ է գումարտակում, եղբայրը՝ Արթուրը, ջոկի հրամանատար է, դարձյալ տանկայինում։ Ընտանիքով ծառայում են։

Երբ հասանք դիտորդ շարքային Արման Անիկյանին, Ծատուրյանը շարունակեց.

Անիկյաններն էլ են ընտանիքով ծառայում։ Արմենը սովորում էր ավիացիայի ուսումնարանում, բայց չսովորեց, դուրս եկավ ու գնաց բանակ, զորացրվելուց հետո անցավ պայմանագրային ծառայության։ Եղբայրն էլ ականանետային դասակում է, իսկ հայրը՝ ավագ լեյտենանտ Արշակ Անիկյանը, դասակի հրամանատար է։

Հենակետի ավագը ցույց տվեց հակառակորդի հենակետերը, վերջին օրերին իրենց կատարած ինժեներական աշխատանքները եւ պարզաբանեց դրանց նշանակությունը։ Երբ խոսեցինք ուժերի հարաբերակցության, հնարավոր հարձակումների եւ հոգեբանական պատրաստության մասին, սերժանտ Խ. Ծատուրյանն ասաց.

-Մենք խաղաղության կողմնակից ենք, ուզում ենք, որ գյուղերում մարդիկ հանգիստ դաշտ դուրս գան, իրենց գործն անեն։ Փոխհրաձգությունը կողմերից որեւէ մեկին առավելություն կամ օգուտ չի տալիս։ Մենք ամեն օր ենք պատրաստվում եւ այժմ էլ պատրաստ ենք պաշտպանելու մեր երկիրը…

Այդ պահին ադրբեջանական կողմից հերթական կրակոցներն են լսվում։

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ